Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 6 էջ 53–61
  • Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նենգ դավադրություն
  • Ինչպես կատարվեց դավադրությունը
  • Ինչպես տարածվեցին մեղքն ու մահը
  • Զգուշացե՛ք Սատանայի ծուղակներից
  • Որքանո՞վ է Բանսարկուն իրական ձեզ համար
    2005 Դիտարան
  • Հիսուսը փրկում է. ինչպե՞ս
    2001 Դիտարան
  • Ի՞նչ էր առաջնածին մեղքը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 6 էջ 53–61

Գլուխ 6

Ինչո՞ւ ենք ծերանում և մահանում

1. Մարդու կյանքի վերաբերյալ ի՞նչ չեն կարողանում բացատրել գիտնականները։

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ մինչև օրս չեն կարողանում պարզել, թե ինչու են մարդիկ ծերանում ու մահանում։ Թվում է՝ բջիջների նորոգման պրոցեսը պետք է միշտ շարունակվի, ու մարդը պետք է ապրի հավիտյան։ Ահա թե ինչ է ասվում մի գրքում. «Մեծ առեղծված է այն, թե բջջի ծերանալը ինչպես է կապված մարդու ծերության և մահվան հետ» («Hyojun Soshikigaku»)։ Շատ գիտնականներ այն կարծիքին են, որ կյանքը որոշակի «բնական, ժառանգաբար փոխանցված» սահման ունի։ Ի՞նչ եք կարծում՝ նրանք իրավացի՞ են։

2. Ի՞նչ միջոցների են դիմել ոմանք՝ տեսնելով, թե որքան կարճատև է կյանքը։

2 Մարդիկ միշտ էլ ցանկացել են երկար ապրել, նույնիսկ փորձել են հասնել անմահության։ Դեռևս մ.թ.ա. 4–րդ դարում չինացի ազնվականների ուշադրության առարկան էին դարձել որոշ դեղամիջոցներ, որոնք ըստ ենթադրությունների՝ կարող էին անմահություն պարգևել։ Ավելի ուշ Չինաստանի կայսրերը խմում էին սնդիկից պատրաստված «անմահական ջրեր»։ Սակայն նրանք մահանում էին։ Բացի այդ, շատ մարդիկ, անկախ այն բանից, թե աշխարհի որ մասում են ապրում, հավատում են, թե մահից հետո իրենց գոյությունը պիտի շարունակվի։ Բուդդայականները, հնդուականները, մահմեդականները և շատ ուրիշներ ետմահու կյանքի պայծառ հույսեր են տածում։ Իսկ քրիստոնյաներից շատերը ակնկալում են, որ մահից հետո երկինք են գնալու և ապրելու են երանության մեջ։

3. ա) Ինչո՞ւ են մարդիկ փափագում ապրել հավիտյան։ բ) Մահվան վերաբերյալ ո՞ր հարցերն ունեն պատասխանի կարիք։

3 Մահից հետո երջանիկ կյանք ստանալու գաղափարները վկայությունն են այն բանի, որ մարդը հավիտյան ապրելու մեծ փափագ ունի։ «Նա.... յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը»,— ասում է Աստվածաշունչը՝ ցույց տալով, որ Աստված մեր մեջ հավիտյան ապրելու գաղափար է դրել (Ժողովող 3։11)։ Առաջին մարդկանց նա ստեղծել էր երկրի վրա հավիտյան ապրելու հեռանկարով (Ծննդոց 2։16, 17)։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են մարդիկ մահանում։ Ինչպե՞ս է մահը աշխարհ մտել։ Աստծո գիտությունը լույս է սփռում այս հարցերի վրա (Սաղմոս 119։105)։

Նենգ դավադրություն

4. Հիսուսի խոսքերով՝ ո՞վ էր այն հանցագործը, որը պատասխանատու էր մարդկանց մահվան համար։

4 Հանցագործը սովորաբար ջանում է հետք չթողնել։ Նման ձևով վարվեց նաև այն հանցագործը, որը պատասխանատու է միլիարդավոր մարդկանց մահվան համար։ Նա միջոցներ ձեռնարկեց՝ մարդու մահը խորհրդավոր լույսի տակ ներկայացնելու։ Իրեն սպանել ցանկացողների հետ խոսելիս Հիսուս Քրիստոսը հայտնեց, թե ով է այդ հանցագործը։ Նա ասաց. «Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւններն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում» (Յովհաննէս 8։31, 40, 44)։

5. ա) Ի՞նչ ծագում ունի Բանսարկու Սատանա դարձած էակը։ բ) Ի՞նչ են նշանակում «Սատանա» և «Բանսարկու» բառերը։

5 Այո՛, Սատանան նենգ մարդասպան է։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ նա իրական անձնավորություն է և ոչ թե ինչ–​որ չարություն, որ գոյություն ունի մարդու սրտում (Մատթէոս 4։1–11)։ Նա «ճշմարտութեան մէջ չ’կեցաւ», չնայած որ սկզբում ստեղծվել էր որպես արդար հրեշտակ։ Որքա՜ն տեղին է, որ նա կոչվում է Բանսարկու և Սատանա (Յայտնութիւն 12։9)։ Նա կոչվում է Սատանա, կամ՝ հակառակորդ այն պատճառով, որ հակառակվել և ընդդիմացել է Եհովային։ Այդ հանցագործը հայտնի է նաև որպես Բանսարկու, որ նշանակում է զրպարտիչ. նա վարկաբեկեց Աստծուն՝ սխալ լույսի տակ ներկայացնելով նրան։

6. Ինչո՞ւ Սատանան ապստամբեց Աստծո դեմ։

6 Ի՞նչը դրդեց Սատանային ըմբոստանալ Աստծո դեմ։ Ագահությունը։ Նա ագահաբար ցանկացավ, որ իրեն տրվի այն երկրպագությունը, որը մարդիկ Եհովային էին մատուցում։ Բանսարկուն չհրաժարվեց այդ մտքից, չնայած որ այդպիսի երկրպագության իրավամբ արժանի էր միայն Արարիչը (համեմատի՛ր Եզեկիէլ 28։12–19)։ Փոխարենը՝ Սատանա դարձած հրեշտակը իր մեջ ավելի զարգացրեց այդ ագահ ցանկությունը, և դա ի վերջո առաջնորդեց մեղքի (Յակոբոս 1։14, 15)։

7. ա) Ինչի՞ հետևանքով առաջ եկավ մահը։ բ) Ի՞նչ է մեղքը։

7 Եվ այսպես՝ մենք իմացանք, թե ով էր այն հանցագործը, որի արարքի հետևանքով մարդիկ սկսեցին մահանալ։ Իսկ կոնկրետ ի՞նչը առաջ բերեց մահը։ Աստվածաշունչն ասում է. «Մահի խայթոցը մեղքն է» (Ա Կորնթացիս 15։56)։ Իսկ ի՞նչ է մեղքը։ Դա հասկանալու համար տեսնենք, թե ինչ իմաստ է կրել տվյալ բառը այն լեզուներում, որոնցով գրվել է Աստվածաշունչը։ «Մեղք գործել» թարգմանված եբրայերեն և հունարեն բայերը հիմնականում նշանակում են «վրիպել» և փոխանցում են նշանակետից վրիպելու կամ նպատակին չհասնելու իմաստ։ Ո՞ր նշանակետից ենք բոլորս վրիպում։ Աստծուն կատարելապես հնազանդվելու նշանակետից։ Բայց ինչպե՞ս է մեղքը մտել աշխարհ։

Ինչպես կատարվեց դավադրությունը

8. Ինչպե՞ս Սատանան փորձեց հասնել մարդկանց երկրպագությանը արժանանալուն։

8 Սատանան հանգամանալից կերպով մի ծրագիր մշակեց, որն իր կարծիքով՝ կնպաստեր բոլոր մարդկանց վրա իշխանություն ձեռք բերելուն և նրանց երկրպագությանը արժանանալուն։ Նա որոշեց դրդել առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, Աստծո դեմ մեղք գործելու։ Մեր նախածնողներին Եհովան տվել էր այնպիսի գիտելիքներ, որոնք կառաջնորդեին հավիտենական կյանքի։ Նրանք գիտեին, որ Արարիչը բարի է. չէ՞ որ իրենց բնակեցրել էր Եդեմի հիասքանչ պարտեզում։ Ադամը առանձնապես զգաց իր երկնային Հոր բարությունը, երբ Աստված նրան մի գեղեցիկ կին տվեց, որը դարձավ նրա օգնականը (Ծննդոց 1։26, 29; 2։7–9, 18–23)։ Թե որքան կապրեին առաջին մարդիկ, կախված էր Աստծո հանդեպ նրանց հնազանդությունից։

9. Ի՞նչ պատվեր էր Աստված տվել առաջին մարդկանց, և ինչո՞ւ էր այն խելամիտ։

9 Աստված Ադամին հետևյալ պատվերն էր տվել. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Որպես Արարիչ՝ Եհովան իրավունք ուներ բարոյական չափանիշներ հաստատելու և որոշելու, թե իր կողմից արարված էակների համար որն է բարին կամ չարը։ Այդ պատվերը խելամիտ էր. Ադամն ու Եվան ազատորեն կարող էին ուտել պարտեզում աճող մյուս բոլոր ծառերի պտուղներից։ Եթե նրանք հնազանդվեին այդ օրենքին և մեծամտաբար չփորձեին բարոյական հարցերում հաստատել իրենց չափանիշները, ապա դրանով ցույց կտային, որ երախտապարտ են Եհովային նրա արդարացի ղեկավարման համար։

10. ա) Ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերեց Սատանան՝ մարդկանց իր կողմը գրավելու համար։ բ) Ի՞նչ մղումներ Սատանան վերագրեց Եհովային։ գ) Ընդդեմ Աստծո՝ Սատանայի կատարած ոտնձգության մասին ի՞նչ եք մտածում անձամբ դուք։

10 Սատանայի մտադրությունն էր առաջին մարդկանց հեռացնել Աստծուց։ Նրանց իր կողմը գրավելու համար Բանսարկուն սուտ խոսեց։ Որովայնախոսի նման՝ օձին խաղատիկնիկի պես օգտագործելով՝ Սատանան Եվային հետևյալ հարցը տվեց. «Իրա՞ւ Աստուած ասեց, որ Պարտէզի ոչ մի ծառիցը չուտէք»։ Երբ ի պատասխան Եվան հայտնեց, թե ինչ է պատվիրել Աստված, Սատանան ասաց. «Բնաւ չէք մեռնիլ։ Այլ Աստուած գիտէ, թէ այն օրը որ նորանից ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող» (Ծննդոց 3։1–5)։ Սատանան այն միտքը հայտնեց, թե Աստված նրանց զրկում էր ինչ–​որ լավ բանից։ Ինչպիսի՜ զրպարտություն ճշմարտախոս ու սիրառատ երկնային Հոր՝ Եհովայի հասցեին։

11. Ինչպե՞ս Ադամն ու Եվան դարձան Սատանայի գործակիցները։

11 Եվան նորից նայեց ծառին։ Նրա պտուղն այժմ ավելի ցանկալի թվաց։ Եվան քաղեց այն ու կերավ։ Ավելի ուշ նրա ամուսինը իր սեփական կամքով նույն մեղավոր քայլին դիմեց՝ ցույց տալով իր անհնազանդությունը Աստծո հանդեպ (Ծննդոց 3։6)։ Թեպետ Եվան խաբվեց, սակայն և՛ նա, և՛ Ադամը աջակցեցին Սատանայի ծրագրին՝ մարդկային ցեղի վրա իշխանություն ձեռք բերելու վերաբերյալ։ Փաստորեն՝ նրանք դարձան Բանսարկուի գործակիցները (Հռովմայեցիս 6։16; Ա Տիմոթէոս 2։14)։

12. Ի՞նչ հետևանքներ ունեցավ մարդկանց ապստամբությունը Աստծո դեմ։

12 Ադամն ու Եվան ստիպված եղան քաղել իրենց արարքի դառը պտուղները։ Նրանք, իհարկե, չնմանվեցին Աստծուն և ինչ–​որ հատուկ գիտելիքներ ձեռք չբերեցին։ Փոխարենը՝ ամոթի զգացում ունեցան ու թաքնվեցին։ Եհովան պատասխանատվության առջև կանգնեցրեց Ադամին ու հայտնեց իր դատավճիռը. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես, մինչեւ որ ետ դառնաս դէպի երկիրը, որովհետեւ նորանից առնուեցար. նորա համար որ հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս» (Ծննդոց 3։19)։ Այն օրը, երբ մեր նախածնողները կերան չարի և բարու գիտության ծառի պտղից, արժանացան Աստծո դատապարտությանը ու նրա աչքին մահացան։ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից և աստիճանաբար սկսեցին ընթանալ դեպի ֆիզիկական մահ։

Ինչպես տարածվեցին մեղքն ու մահը

13. Ինչպե՞ս եղավ, որ բոլոր մարդիկ դարձան մեղավոր։

13 Ինչպես տեսնում ենք, մարդկանց երկրպագությանը արժանանալու վերաբերյալ Սատանայի ծրագիրը հաջողվեց։ Սակայն նա չկարողացավ անել այնպես, որ իր երկրպագուները չմահանային։ Քանի որ առաջին մարդիկ դարձան մեղավոր, նրանք չկարողացան իրենց սերունդներին կատարելություն փոխանցել։ Քարի վրա դաջված փորագրության նման՝ մեղքը դրոշմվեց մեր նախածնողների գեներում։ Նրանք կարող էին լույս աշխարհ բերել միայն անկատար երեխաներ։ Եվ քանի որ վերջիններս ծնվեցին այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան արդեն մեղք էին գործել, ուստի ժառանգեցին մեղքն ու մահը (Սաղմոս 51։5; Հռովմայեցիս 5։12)։

14. ա) Ո՞ւմ կարող ենք նմանեցնել նրանց, ովքեր ժխտում են իրենց մեղավոր լինելը։ բ) Ինչի՞ շնորհիվ իսրայելացիները տեղեկացան իրենց մեղավոր լինելու մասին։

14 Սակայն մեր օրերում շատերը չեն ընդունում, որ մեղավոր են։ Աշխարհի որոշ մասերում ընդհանրապես ոչինչ չգիտեն ժառանգված մեղքի մասին։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, թե մեղքը գոյություն չունի։ Փոքրիկ տղան, օրինակ, գուցե չընդունի, որ իր դեմքը կեղտոտ է, բայց եթե նայի հայելու մեջ, կհամոզվի, որ դա այդպես է։ Նախքան Մովսեսի միջոցով Աստծո Օրենքը ստանալը իսրայելացիները նման էին վերոհիշյալ փոքրիկ տղային։ Օրենքի շնորհիվ, սակայն, պարզ դարձավ, որ գոյություն ունի մեղք։ «Ես մեղքը չէի գիտենալ՝ եթէ ոչ օրէնքով»,— գրում է Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 7։7–12)։ Իրեն հայելու մեջ դիտող տղայի նման՝ իսրայելացիները Օրենքի միջոցով կարող էին տեսնել, որ Եհովայի տեսանկյունից անմաքուր են։

15. Ի՞նչ ենք հայտնաբերում՝ Աստծո Խոսքի «հայելու» մեջ մեզ դիտելով։

15 Աստծո Խոսքի «հայելու» մեջ մեզ դիտելով և այնտեղ գրված չափանիշներին ծանոթանալով՝ կտեսնենք, որ անկատար ենք (Յակոբոս 1։23–25)։ Քննարկենք, թե համաձայն Մատթէոս 22։37–40 խոսքերի՝ ինչ է ասել իր աշակերտներին Հիսուս Քրիստոսը Աստծուն և մերձավորին սիրելու մասին։ Որքա՜ն հաճախ են մարդիկ «վրիպում» այդ բանն անելուց։ Շատերը խղճի խայթ անգամ չեն զգում Աստծո և իրենց դրացու հանդեպ սեր չցուցաբերելու համար (Ղուկաս 10։29–37)։

Զգուշացե՛ք Սատանայի ծուղակներից

16. Ի՞նչ պետք է անենք Սատանայի ծուղակներից խուսափելու համար, և ինչո՞ւ է դա դժվար։

16 Սատանան ջանում է դրդել մեզ գիտակցաբար մեղք գործելու (Ա Յովհաննէս 3։8)։ Գոյություն ունի՞ արդյոք նրա ծուղակներից խուսափելու որևէ ձև։ Այո՛։ Սակայն հարկավոր է պայքարել գիտակցաբար մեղք գործելու հանդեպ մեր հակվածության դեմ։ Դա այնքան էլ հեշտ չէ, քանի որ մեր այդ բնածին հակումը շատ զորեղ է (Եփեսացիս 2։3)։ Պողոսը ստիպված էր պայքար մղել դրա դեմ։ Ինչո՞ւ։ Քանի որ մեղքը «բնակվում էր» նրա մեջ։ Եթե ցանկանում ենք արժանանալ Աստծո հավանությանը, ապա մենք էլ պետք է պայքար մղենք մեր մեղավոր հակումների դեմ (Հռովմայեցիս 7։14–24; Բ Կորնթացիս 5։10)։

17. Ի՞նչն է դժվարացնում պայքարը մեղավոր հակումների դեմ։

17 Մեղքի դեմ մեր պայքարը հեշտ չէ նաև այն պատճառով, որ Սատանան անընդհատ առիթներ է փնտրում՝ դրդելու մեզ խախտել Աստծո օրենքը (Ա Պետրոս 5։8)։ Իր հավատակիցների համար մտահոգվելով՝ Պողոսը գրեց. «Վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11։3)։ Սատանան նույն ձևով է գործում նաև այսօր։ Նա փորձում է կասկածներ սերմանել Եհովայի բարության հանդեպ, ինչպես նաև այն բանի, որ Աստծո օրենքներին հնազանդվելը օգուտներ կբերի։ Օգտվելով այն բանից, որ մեղավոր հակումներ ենք ժառանգել՝ Բանսարկուն փորձում է դրդել մեզ ընթանալու գոռոզամտության, ագահության, ատելության և նախապաշարմունքի ճանապարհով։

18. Ինչպե՞ս է Սատանան դրդում մեղքի՝ օգտագործելով աշխարհը։

18 Սատանայի ծուղակներից մեկն է նաև աշխարհը, որը նրա իշխանության տակ է (Ա Յովհաննէս 5։19)։ Եթե զգույշ չլինենք, ապա աշխարհի անբարո և խաբեբա մարդիկ կստիպեն մեզ բռնել մեղքի ուղին և խախտել Աստծո բարոյական չափանիշները (Ա Պետրոս 4։3–5)։ Շատերն անտեսում են Աստծո օրենքները, անգամ իրենց խղճի դեմ են գնում՝ ի վերջո դարձնելով այն անզգա (Հռովմայեցիս 2։14, 15; Ա Տիմոթէոս 4։1, 2)։ Ոմանք աստիճանաբար սկսում են անել այնպիսի բաներ, որ մի ժամանակ իրենց անկատար խիղճը թույլ չէր տա (Հռովմայեցիս 1։24–32; Եփեսացիս 4։17–19)։

19. Ինչո՞ւ մաքուր կյանք վարելը դեռ բավարար չէ։

19 Այս աշխարհում բարոյապես մաքուր կյանք վարելն արդեն իսկ ձեռքբերում է։ Սակայն Արարչին հաճեցնելու համար ավելին է հարկավոր։ Մենք պետք է նաև հավատ ցուցաբերենք Աստծո հանդեպ և նրա նկատմամբ պատասխանատվության զգացում ունենանք (Եբրայեցիս 11։6)։ «Ով որ բարին գիտենայ եւ չ’անէ, նորա համար մեղք է» (Յակոբոս 4։17)։ Այո՛, Աստծուն ու նրա պատվիրանները գիտակցաբար անտեսելն արդեն իսկ մեղք է։

20. Ինչպե՞ս կարող է Սատանան խոչընդոտել ձեզ ճիշտն անելու հարցում, և ի՞նչը կօգնի դիմադրել նրա ճնշումներին։

20 Հավանաբար Սատանան կփորձի այնպես անել, որ հակառակությունների հանդիպեք Աստվածաշնչի օգնությամբ Աստծո գիտությունը ուսումնասիրելու համար։ Հուսով ենք՝ թույլ չեք տա, որ նման ճնշումները խոչընդոտեն ձեզ անելու այն, ինչ ճիշտ է (Յովհաննէս 16։2)։ Չնայած որ Հիսուսի ծառայության ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցնող շատ անհատներ հավատացին նրան, սակայն չխոստովանեցին դա՝ վախենալով, որ մարդիկ կսկսեն խուսափել իրենցից (Յովհաննէս 12։42, 43)։ Սատանան անգթորեն փորձում է վախեցնել ցանկացած անհատի, եթե վերջինս ձգտում է ստանալ Աստծո գիտությունը։ Սակայն անհրաժեշտ է, որ միշտ հիշեք ու գնահատեք Եհովայի արած բոլոր հրաշալի բաները։ Հնարավոր է, որ ձեր ջանքերի շնորհիվ նույնիսկ կարողանաք օգնել հակառակորդներին իրենց սրտում նույն գնահատանքը զարգացնելու։

21. Ինչպե՞ս կարող ենք հաղթանակ տանել աշխարհի ու մեր մեղավոր հակումների նկատմամբ։

21 Քանի դեռ անկատար ենք, միշտ էլ մեղք կգործենք (Ա Յովհաննէս 1։8)։ Սակայն այս պայքարում մենք անօգնական չենք։ Այո՛, հնարավոր է հաղթանակ տանել չարի՝ Բանսարկու Սատանայի նկատմամբ (Հռովմայեցիս 5։21)։ Իր երկրային ծառայության վերջում Հիսուսն իր աշակերտներին հետևյալ քաջալերական խոսքերն ասաց. «Աշխարհքումը նեղութիւն կ’ունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Յովհաննէս 16։33)։ Աստծո օգնությամբ աշխարհին կկարողանա հաղթել նույնիսկ անկատար մարդը։ Սատանան իշխանություն չունի այն անհատների վրա, ովքեր դիմադրում են նրան ու ‘հնազանդում Աստծուն’ (Յակոբոս 4։7; Ա Յովհաննէս 5։18)։ Ինչպես կտեսնենք, Աստված միջոցներ է ձեռնարկել՝ մեղքի ու մահվան կապանքներից մեզ ազատելու։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ո՞վ է Բանսարկու Սատանան։

• Ինչո՞ւ են մարդիկ ծերանում և մահանում։

• Ի՞նչ է մեղքը։

• Ինչպե՞ս է Սատանան դրդում մարդկանց Աստծո դեմ գիտակցաբար մեղք գործելու։

[նկար ամբողջ 54–րդ էջի վրա]

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը