Գաղափարի մուտքը հուդայականություն, քրիստոնեություն և մահմեդականություն
«Կրոնը այն միջոցներից մեկն է, որ մարդուն հաշտեցնում է մահվան մտքի հետ և դա անում է կա՛մ խոստանալով ավելի լավ կյանք հանդերձյալ աշխարհում, կա՛մ խոսելով ապագա վերածնունդների մասին, կա՛մ էլ սովորեցնելով թե՛ մեկը, թե՛ մյուսը»։
(Գերհարդ ՀԵՐՄ՝ գերմանացի գրող)
1. Ո՞ր հիմնական գաղափարի վրա է հիմնվում կրոնների մեծամասնությունը՝ պնդելով հանդերձյալ կյանքի գոյությունը։
ԳՐԵԹԵ բոլոր կրոնները հանդերձյալ կյանքի մասին խոստումներ տալիս հիմնվում են այն գաղափարի վրա, թե մարդն անմահ հոգի ունի, որը մարմնի մահից հետո կա՛մ անցնում է մեկ այլ ոլորտ, կա՛մ էլ տեղափոխվում մեկ ուրիշ մարմին։ Ինչպես արդեն նշվեց նախորդ գլխում, մարդու անմահության գաղափարը եղել է արևելյան կրոնների անբաժանելի մասը՝ նրանց ծագման ժամանակից ի վեր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հուդայականության, քրիստոնեության և մահմեդականության մասին։ Ինչպե՞ս է անմահության ուսմունքը գլխավոր տեղ բռնել այս կրոնների մեջ։
Հուդայականությունն ընդունում է հունական գաղափարները
2, 3. Ըստ «Հուդայական հանրագիտարանի»՝ արդյո՞ք Եբրայերեն Գրությունները սովորեցնում են հոգու անմահության գաղափարը։
2 Հուդայականության արմատները գալիս են մեզանից շուրջ 4 000 տարի առաջ ապրած Աբրահամի ժամանակներից։ Եբրայերեն Սուրբ Գրությունների գրառումները սկսվել են մ.թ.ա. 16–րդ դարում և ավարտվել այն ժամանակ, երբ Սոկրատեսն ու Պլատոնը վերջնականապես ձևավորել էին հոգու անմահության մասին իրենց տեսությունը։ Սովորեցնո՞ւմ են արդյոք Սուրբ Գրությունները, թե հոգին անմահ է։
3 Տեսնենք, թե այդ կապակցությամբ ինչ է ասվում «Հուդայական հանրագիտարանում». «Աստվածաշնչի գրության ավարտից հետո միայն ի հայտ եկավ այն հստակ ու ամուր համոզմունքը, որ հոգին անմահ է.... և [այդ համոզմունքը] դարձավ հուդայական ու քրիստոնեական կրոնների անկյունաքարերից մեկը» («Encyclopaedia Judaica»)։ Այնուհետև ասվում է. «Սուրբ Գրքի գրության ժամանակաշրջանում անձն ամբողջություն էր համարվում։ Այնպես որ հոգու և մարմնի միջև աչքի ընկնող տարբերություն գոյություն չուներ»։ Հին հրեաները հավատում էին մեռելների հարությանը, և, ինչպես նշում է հանրագիտարանը, «վերջինս խիստ տարբերվում էր հոգու անմահության գաղափարից»։
4–6. Հոգու անմահության ուսմունքն ինչպե՞ս դարձավ հուդայականության «անկյունաքարերից մեկը»։
4 Իսկ այս ուսմունքն ինչպե՞ս դարձավ հուդայականության «անկյունաքարերից մեկը»։ Այս հարցին պատասխանում է պատմությունը։ Մ.թ.ա. 332 թ.–ին Ալեքսանդր Մեծը շատ կարճ ժամանակահատվածում նվաճեց Մերձավոր Արևելքը։ Երուսաղեմ կատարած այցի ժամանակ հրեաները գրկաբաց ընդունեցին նրան։ Ըստ առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոս Փլավիոսի՝ նրանք նույնիսկ ցույց տվեցին «Դանիէլ» գրքի մարգարեությունը, որն ունեին շուրջ երկու հարյուր տարի, և որտեղ մանրամասնորեն նկարագրվում է «Յունաց թագաւորի», այսինքն՝ Ալեքսանդրի նվաճումները (Դանիէլ 8։5–8, 21)։ Վերջինիս հաջորդները շարունակեցին նրա «հելլենացման» ծրագիրը՝ կայսրության սահմանների ներսում տարածելով հույների լեզուն, մշակույթը և փիլիսոփայությունը։ Երկու մշակույթների՝ հունականի և հրեականի միախառնվելու երևույթն անխուսափելի էր։
5 Մ.թ.ա. երրորդ դարում սկսվեց Եբրայերեն Գրությունների հունարեն լեզվով առաջին թարգմանությունը՝ «Յոթանասնից» անվանումով։ Այդ թարգմանության շնորհիվ բազում հեթանոսներ ավելի մոտիկից ծանոթացան հրեաների կրոնին՝ հարգանք տածելով վերջինիս հանդեպ, ոմանք էլ նույնիսկ ընդունեցին այդ կրոնը։ Իսկ հրեաներն ավելի լավ ծանոթացան հունական գաղափարներին, և նրանցից ոմանք դարձան փիլիսոփաներ, ինչը բոլորովին նոր երևույթ էր հրեաների կյանքում։ Փիլոն Ալեքսանդրացին (մ.թ. առաջին դար) այդ հրեա փիլիսոփաներից մեկն էր։
6 Փիլոնը հարգանքով էր վերաբերվում Պլատոնին և հուդայականությունը փորձում էր բացատրել հունական փիլիսոփայության տերմիններով։ «Կապելով պլատոնական փիլիսոփայությունը աստվածաշնչային ավանդույթի հետ, — ասվում է մի գրքում, — Փիլոնը ճանապարհ հարթեց քրիստոնեության (ինչպես նաև հուդայականության) ապագա մտածողների համար» («Heaven—A History»)։ Իսկ ի՞նչ կարծիքի էր այդ փիլիսոփան հոգու մասին։ Գիրքը շարունակում է տեղեկացնել. «Նրա կարծիքով՝ մահը վերադարձնում է հոգուն իր սկզբնական՝ ծննդին նախորդած վիճակին։ Քանի որ հոգին պատկանում է հոգևոր աշխարհին, կյանքը մարմնի մեջ ընդամենը մի կարճ և հաճախ շատ դժբախտ էպիզոդ է»։ Հոգու անմահության գաղափարին հավատում էին նաև հրեա այլ փիլիսոփաներ, այդ թվում տասներորդ դարի հանրաճանաչ բժիշկ Այզեկ Իսրայելին և տասնութերորդ դարի գերմանացի–հրեա փիլիսոփա Մոզես Մենդելսոնը։
7, 8. ա) Ի՞նչ է ասվում հոգու մասին Թալմուդում։ բ) Ավելի ուշ ժամանակների հրեական խորհրդապաշտական գրքերն ի՞նչ են ասում հոգու մասին։
7 Հրեաների մտածելակերպի և ապրելակերպի վրա հզոր ազդեցություն է թողել նաև Թալմուդը, այսպես կոչված՝ բանավոր օրենքների ժողովածուն, որը, բացի օրենքներից, իր մեջ բովանդակում էր նաև ավելի ուշ՝ մ.թ. 2–րդ դարից մինչև միջին դարերն ընկած ժամանակահատվածում ռաբունիների կողմից ավելացված մեկնաբանություններն ու բացատրությունները։ «Թալմուդը գրող ռաբունիները,— նշում է «Հրեական հանրագիտարանը», — հավատում էին, որ հոգին մահից հետո շարունակում է իր գոյությունը»։ Թալմուդում նույնիսկ նշվում է, որ մահացածները կարող են հաղորդակցվել ողջերի հետ։ «Պլատոնականության ազդեցության տակ, — կարդում ենք «Կրոնի և բարոյագիտության հանրագիտարանում», — [ռաբունիները] հավանաբար հավատում էին հոգու նախնական գոյությանը»։
8 Ավելի ուշ հրեաներն ավելի խորացան այս հարցի մեջ. իրենց խորհրդապաշտական գրքերում՝ Կաբալայում, նրանք սկսեցին սովորեցնել վերամարմնավորման գաղափարը։ Այս հավատի վերաբերյալ «Հրեական նոր ստանդարտ հանրագիտարանը» հետևյալն է ասում. «Գաղափարը, ինչպես երևում է, եկել է Հնդկաստանից։ ....Կաբալայում այդ մասին առաջին անգամ կարդում ենք «Բահիր» գրքում, ապա, «Զոհարի» հայտնվելուն պես, մեծ ճանաչում է գտնում խորհրդապաշտների շրջանում և սկսում է կարևոր դեր խաղալ հասիդիզմի ու վերջինիս գրականության մեջ» («The New Standard Jewish Encyclopedia»)։ Այսօր վերամարմնավորման գաղափարը համարվում է հուդայականության ուսմունք։
9. Ի՞նչ տեսակետ ունի հուդայական համայնքների մեծամասնությունը հոգու անմահության գաղափարի վերաբերյալ։
9 Ուստի կարող ենք ասել, որ հոգու անմահության գաղափարը հուդայականություն է մտել հունական փիլիսոփայության ազդեցության ներքո, և այսօր այս կոնցեպցիան համընդհանուր ճանաչում է գտել հրեական շատ համայնքներում։ Իսկ ինչպե՞ս է ուսմունքը ներթափանցել քրիստոնեական աշխարհ։
Քրիստոնեությունը որդեգրում է Պլատոնի գաղափարները
10. Ըստ իսպանացի ականավոր գիտնականի՝ Հիսուսը հավատո՞ւմ էր հոգու անմահությանը։
10 Ճշմարիտ քրիստոնեության հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ 20–րդ դարի իսպանացի ականավոր գիտնական Միգել դե Ունամունոն Հիսուսի մասին հետևյալը գրեց. «Նա ավելի շուտ հավատում էր մարմնի հարությանը, որն ավելի հարազատ էր հրեաների մտածելակերպին, քան թե հոգու անմահությանը, ինչը սովորեցրել է Պլատոնը։ ....Ապացույցները կարելի է գտնել այս թեմայի վերաբերյալ ցանկացած ճշմարտացի գրքում»։ Իր միտքը նա եզրափակեց հետևյալ խոսքերով. «Հոգու անմահության գաղափարը.... հեթանոսական փիլիսոփայության դոգմա է»։
11. Հունական փիլիսոփայությունը ե՞րբ սկսեց թափանցել քրիստոնեական աշխարհ։
11 Ե՞րբ և ինչպե՞ս է այս «հեթանոսական փիլիսոփայության դոգման» ներթափանցել քրիստոնեական աշխարհ։ «Բրիտանական նոր հանրագիտարանում» («New Encyclopædia Britannica») ասվում է. «Մ.թ. երկրորդ հարյուրամյակի կեսերին հունական փիլիսոփայությանը քիչ թե շատ ծանոթ քրիստոնյաները իրենց հավատը ցանկացան արտահայտել փիլիսոփայական գաղափարների օգնությամբ՝ թե՛ իրենց ինտելեկտուալ բավարարման և թե՛ կրթություն ստացած հեթանոսներին դավանափոխ անելու նպատակով։ Պլատոնականությունը նրանց համար ամենահարմար փիլիսոփայական ուղղությունն էր»։
12–14. Ի՞նչ դեր են խաղացել Օրիգենեսը և Օգոստինոսը պլատոնական փիլիսոփայությունը քրիստոնեական ուսմունքին միաձուլելու հարցում։
12 Վաղ ժամանակների փիլիսոփաներ Օրիգենես Ալեքսանդրացին (մ.թ. 185–254 թթ.) և Օգոստինոս Ավրելիոսը (մ.թ. 354–430 թթ.) նշանակալի ազդեցություն թողեցին քրիստոնեական աշխարհի ուսմունքների վրա։ Նրանց մասին կարդում ենք «Նոր կաթոլիկական հանրագիտարանում». «Արևելքում Օրիգենեսի և Արևմուտքում ս. Օգոստինոսի երևան գալու հետ մեկտեղ միայն հոգին վերջնականապես դարձավ հոգևոր էություն և փիլիսոփայական բնույթ ձեռք բերեց» («New Catholic Encyclopedia»)։ Ինչի՞ վրա էին հիմնվել Օրիգենեսը և Օգոստինոսն իրենց կոնցեպցիաները կազմելիս։
13 Օրիգենեսի ուսուցիչ Կղեմես Ալեքսանդրացու մասին «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «[Նա] Հայրերից առաջինն էր, որ բացահայտորեն հույներից ընդօրինակեց հոգու պատկերացումը»։ Հոգու վերաբերյալ Պլատոնի գաղափարները խորը տպավորություն էին թողել Օրիգենեսի վրա։ «[Օրիգենեսը] քրիստոնեության մեջ հոգու մասին համապարփակ պատկերացում մտցրեց, որը Պլատոնից էր փոխառել», — նշում է աստվածաբան Վերներ Եգերը («The Harvard Theological Review»)։
14 Քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներից ոմանք Օգոստինոսին համարում են հին ժամանակների փիլիսոփա։ Երեսուներեք տարեկան հասակում քրիստոնեությունն ընդունելուց առաջ Օգոստինոսը ջերմեռանդորեն հետաքրքրվում էր փիլիսոփայությամբ և դարձել էր նեոպլատոնական։a Նոր հավատ ընդունելու հետ մեկտեղ՝ նա չփոխեց իր նեոպլատոնական հայացքները։ «Նրա ուղեղի խառնաշփոթ վիճակը կարելի է համեմատել հալոցարանի հետ, որտեղ միաձուլված էին Նոր Կտակարանի կրոնը և հունական փիլիսոփայության պլատոնական գաղափարները», — ասվում է «Բրիտանական նոր համայնագիտարանում»։ Իսկ «Նոր կաթոլիկական հանրագիտարանը» նշում է, որ հոգու վերաբերյալ Օգոստինոսի «ուսմունքը, որն ընդունված էր Արևմուտքում մինչև 12–րդ դարի վերջերը, պարտական է.... նեոպլատոնականությանը»։
15, 16. Արիստոտելի ուսմունքների հանդեպ 13–րդ դարում ի հայտ եկած հետաքրքրությունները փոխեցի՞ն արդյոք հոգու անմահության վերաբերյալ եկեղեցու ունեցած տեսակետը։
15 13–րդ դարում Արիստոտելի ուսմունքները գնալով ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերեցին Եվրոպայում գլխավորապես այն պատճառով, որ նրա աշխատությունների վերաբերյալ արաբ գիտնականների մեկնաբանությունները լայն տարածում գտան լատիներեն լեզվով։ Արիստոտելի մտածելակերպը մեծ տպավորություն թողեց կաթոլիկ գիտնական Թովմաս Աքվինացու վրա։ Աքվինացու աշխատությունների շնորհիվ Արիստոտելի հայացքներն ավելի մեծ ազդեցություն թողեցին եկեղեցու ուսմունքների վրա, քան Պլատոնի գաղափարները։ Սակայն դա ոչ մի ձևով չազդեց հոգու անմահության ուսմունքի վրա։
16 Արիստոտելը սովորեցնում էր, որ հոգին անբաժան է մարմնից և մահից հետո չի կարող ինքն իրեն գոյություն ունենալ, և եթե մարդու մեջ ինչ–որ անմահ մասնիկ կա, ապա այն կարող է լինել միայն վերացական, անդեմ ինտելեկտ։ Հոգու վերաբերյալ նման պատկերացումը տարբերվում էր եկեղեցու ուսմունքից, որը հոգին ներկայացնում էր որպես մարմնի մահը վերապրող և այնուհետև որպես առանձին անհատ իր գոյությունը շարունակող մի բան։ Ուստի Աքվինացին որոշ փոփոխություններ մտցրեց Արիստոտելի մեկնաբանությունների մեջ և հաստատեց, որ հոգու անմահության գաղափարը անվիճելի փաստ է։ Այսպիսով՝ հոգու անմահության վերաբերյալ եկեղեցու տեսակետը մնաց անձեռնմխելի։
17, 18. ա) 16–րդ դարի Ռեֆորմացիան որևիցե ազդեցություն թողե՞ց հոգու անմահության մասին ուսմունքի վրա։ բ) Քրիստոնեական աշխարհի ուղղությունների մեծամասնությունն ինչպե՞ս է վերաբերվում այդ ուսմունքին։
17 14–15-րդ դարերում՝ Վերածննդի վաղ ժամանակաշրջանում, նորից հետաքրքրություն առաջ եկավ Պլատոնի աշխատությունների հանդեպ։ Իտալական հանրահայտ Մեդիչիների ընտանիքը նույնիսկ օգնեց պլատոնական ակադեմիա հաստատել Ֆլորենցիայում և դրանով իսկ աջակցեց Պլատոնի փիլիսոփայության ուսումնասիրությանը։ 16–17–րդ դարերի ընթացքում հետաքրքրությունը Արիստոտելի աշխատությունների նկատմամբ սկսեց նվազել։ Իսկ 16–րդ դարի Ռեֆորմացիայի (Բարեփոխությունների) ընթացքում հոգու անմահության մասին ուսմունքը չվերանայվեց։ Եվ չնայած բողոքական ռեֆորմատորները (բարեփոխիչները) վիճաբանում էին քավարանի մասին ուսմունքի շուրջ, սակայն բոլորովին դեմ չէին հավիտենական տանջանքների և հավերժական վայելքների գաղափարներին։
18 Ուստի կարելի է հետևություն անել, որ քրիստոնեական ուղղությունների մեծամասնությունն ընդունում է հոգու անմահության մասին ուսմունքը։ Ահա թե այդ կապակցությամբ ինչ է գրում ամերիկացի մի գիտնական. «Կրոնը մեծամասնությանս համար, ըստ էության, նշանակում է անմահություն և ուրիշ ոչինչ։ Իսկ մեզ անմահությամբ ապահովողը Աստված է»։
Անմահության գաղափարը և Իսլամ
19. Ե՞րբ է առաջ եկել իսլամը, և ո՞վ է նրա հիմնադիրը։
19 Մահմեդականության պատմությունը սկիզբ է առնում Մուհամեդի՝ քառասուն տարեկան հասակում մարգարե հռչակվելու պահից։ Մահմեդականները հավատում են, որ քսան–քսաներեք տարվա ընթացքում՝ մոտ մ.թ. 610–ից մինչև իր մահը՝ մ.թ. 632 թ., Մուհամեդին հայտնություններ են տրվել, որոնք գրի են առնված մահմեդականների սուրբ գրքում՝ Ղուրանում։ Երբ առաջացավ մահմեդականությունը, Պլատոնի՝ հոգու կոնցեպցիան արդեն փոխառել էին հուդայականությունն ու քրիստոնեական աշխարհը։
20, 21. Ինչպե՞ս են մահմեդականները պատկերացնում հանդերձյալ աշխարհը։
20 Մահմեդականները համարում են, որ իրենց հավատը անցյալում հավատարիմ հրեաներին և քրիստոնյաներին տրված հայտնությունների գագաթնակետն է։ Ղուրանում մեջբերումներ են արված և՛ Եբրայերեն, և՛ Հունարեն Գրություններից։ Սակայն հոգու անմահության մասին ուսմունքի հարցում Ղուրանը շեղվում է Գրություններից։ Այնտեղ ասվում է, որ մարդն ունի հոգի, որը մահից հետո շարունակում է ապրել։ Նաև նշվում է մեռելների հարության, դատաստանի օրվա և հոգու հետ կապված վերջնական դատավճռի մասին, որի արդյունքում հոգին կամ կվայելի կյանքը երկնային դրախտանման պարտեզում, կամ էլ կչարչարվի դժոխքի կրակների մեջ։
21 Մահմեդականները հավատում են, որ մարդու հոգին տեղափոխվում է բարզախ, այսինքն՝ «մեկուսարան»՝ վայր (կամ վիճակ), որում գտնվում է մահացածն իր դատաստանից առաջ («Սուրբ Ղուրան», սուրահ 23։99, 100, ծանոթագրություն)։ Հոգին այնտեղ գիտակից վիճակում է, և եթե մարդն իր կենդանության օրոք չար է եղել, նրա հոգին կրում է «անդրշիրիմյան պատիժները», իսկ եթե եղել է հավատարիմ անձնավորություն, «մեկուսարանում» վայելում է երջանկությունը։ Սակայն այդ հավատարիմները ևս ինչ–որ չափով պետք է «տանջվեն» իրենց կյանքում գործած որոշ մեղքերի համար։ Այդ միջանկյալ փուլը կավարտվի Դատաստանի օրը, երբ յուրաքանչյուրը կստանա իր հավիտենական վարձը։
22. Հոգու մասին ի՞նչ տարբեր տեսություններ առաջ քաշեցին արաբ փիլիսոփաները։
22 Հոգու անմահության գաղափարը հուդայականություն և քրիստոնեական աշխարհ թափանցել է պլատոնական ուսմունքների ազդեցության ներքո, սակայն մահմեդականության մեջ այս կոնցեպցիան սկսել է գոյություն ունենալ հենց սկզբից։ Բայց դա չի նշանակում, որ արաբ գիտնականները չեն փորձել միացնել մահմեդական ուսմունքը հունական փիլիսոփայության հետ։ Իրականում արաբական աշխարհը գտնվել է Արիստոտելի աշխատությունների ազդեցության տակ։ Իսկ արաբ ականավոր գիտնականներ Ավիցեննան և Ավեռոեսը ժամանակին մեկնաբանել են Արիստոտելի աշխատությունները, որտեղ շարադրել են նաև իրենց մտքերը։ Այնուամենայնիվ, փորձելով ներդաշնակեցնել հոգու վերաբերյալ հունական մտածելակերպը մահմեդականների պատկերացման հետ՝ նրանք հակառակ եզրակացությունների հանգեցին։ Ավիցեննան, օրինակ, պնդում էր, որ մարդու հոգին անմահ է։ Ավեռոեսն, իր հերթին, հակառակն էր պնդում։ Չնայած այդ տարբեր կարծիքներին՝ մահմեդականները շարունակում են հավատալ հոգու անմահությանը։
23. Ինչպե՞ս են վերաբերվում հոգու անմահության գաղափարին հուդայականությունը, քրիստոնեական աշխարհը և իսլամը։
23 Այսպիսով՝ տեսնում ենք, որ հուդայականությունը, քրիստոնեական աշխարհը և իսլամը, երեքն էլ ուսուցանում են հոգու անմահության գաղափարը։
[ծանոթագրություն]
a Նեոպլատոնականության կողմնակից. նեոպլատոնականությունը Պլատոնի փիլիսոփայության նոր մեկնաբանությունն է, որի դպրոցը երրորդ դարում Հռոմում հիմնադրել է Պլոտինոսը։
[նկար 14-րդ Էջի վրա]
Ալեքսանդր Մեծի նվաճումները նպաստեցին հույն և հրեա մշակույթների միաձուլմանը
[նկար 15-րդ Էջի վրա]
Օրիգենեսը (վերևում) և Օգոստինոսը փորձում էին համատեղել Պլատոնի փիլիսոփայությունը քրիստոնեության հետ
[նկար 16-րդ Էջի վրա]
Ավիցեննան (վերևում) պնդում էր, որ մարդու հոգին անմահ է։ Ավեռոեսը հակառակ տեսակետն էր պաշտպանում