Հոգու անմահության գաղափարի ակունքները
«Երբ խոսք է լինում հոգևոր կյանքի մասին, ոչինչ այնքան չի մտահոգում մարդուն, որքան այն հարցը, թե ի՛նչ է իրեն սպասում մահից հետո»։
(«Կրոնի եվ բարոյագիտության հանրագիտարան»)
1–3. Ինչպե՞ս են Սոկրատեսը և Պլատոնը նպաստել հոգու անմահության գաղափարի զարգացմանը։
ՅՈԹԱՆԱՍՈՒՆԱՄՅԱ գիտնական–ուսուցչին իր ուսմունքով աստվածներին չճանաչելու և երիտասարդությանը այլասերելու մեղադրանք է ներկայացվում։ Չնայած դատաքննության ժամանակ իր ներկայացրած փայլուն պաշտպանությանը՝ երդվյալների դատարանը կանխապես տրամադրված էր նրան մեղավոր ճանաչելու և մահվան դատապարտելու։ Մահապատժից ընդամենը մի քանի ժամ առաջ տարեց ուսուցիչն իր շուրջն է հավաքում աշակերտներին և մի շարք փաստարկներ բերում վստահեցնելու համար, որ հոգին անմահ է և մահից չարժե վախենալ։
2 Դատապարտյալը մ.թ.ա. հինգերորդ դարի փիլիսոփա Սոկրատեսն էր։ Այս դեպքերն արձանագրել է նրա աշակերտ Պլատոնը «Սոկրատեսի ջատագովությունը» և «Ֆեդոն» երկխոսություններում։ Սոկրատեսը և Պլատոնը առաջիններից էին, ովքեր զարկ տվեցին հոգու անմահության գաղափարի զարգացմանը։ Այնուհանդերձ, ուսմունքի հեղինակները նրանք չէին։
3 Ինչպես հետագայում կտեսնենք, մարդկային հոգու անմահության գաղափարը ծնունդ է առել դեռևս վաղ ժամանակներում։ Սոկրատեսն ու Պլատոնն այս գաղափարը ծաղկեցրին և դարձրին փիլիսոփայական ուսմունք, որով հրապուրվեցին թե՛ իրենք և թե՛ ավելի ուշ ժամանակների հասարակության վերին խավերը։
Պյութագորասից մինչև բուրգերը
4. Ի՞նչ կարծիք ունեին հույները անդրշիրիմյան աշխարհի մասին մինչև Սոկրատեսը։
4 Սոկրատեսի և Պլատոնի ժամանակներից առաջ ապրած հույները ևս հավատում էին, որ մահից հետո հոգին շարունակում է ապրել։ Մ.թ.ա. վեցերորդ դարի հույն անվանի մաթեմատիկոս Պյութագորասն այն համոզմունքին էր, թե հոգին անմահ է և տեղափոխվում է մի մարմնից մյուսը։ Պյութագորասից առաջ անվանի հույն փիլիսոփա Թաղես Միլեթացին այն համոզմունքն ուներ, թե անմահ հոգի գոյություն ունի ոչ միայն մարդկանց, կենդանիների և բույսերի, այլ նաև այնպիսի առարկայի մեջ, ինչպիսին մագնիսն է, քանի որ այն տեղաշարժում է երկաթե իրերը։ Հին հույների պատկերացմամբ՝ մեռածների հոգիները Ստիքս գետով փոխադրվում էին դեպի մեռելների հոգիների ստորգետնյա թագավորություն՝ անդրշիրիմյան աշխարհ, որտեղ դատավորները վճիռ էին կայացնում, թե որ հոգիներին տանջանքների հանձնել բարձրաձիգ պատերով բանտում, և որոնց շնորհել էլիզյան երանությունները։
5, 6. Ի՞նչ պատկերացում ունեին պարսիկները հոգու մասին։
5 Իրանում մ.թ.ա. յոթերորդ դարում ապրել և իր գաղափարներն է քարոզել Զրադաշտը։ Վերջինս հիմնել է երկրպագության մի նոր համակարգ, որը հետագայում հայտնի է դարձել զրադաշտականություն անվանմամբ։ Մինչ Հունաստանի համաշխարհային կայսրություն դառնալը զրադաշտականությունը Պարսկաստանի՝ այդ ժամանակ համաշխարհային թատերաբեմում իշխող կայսրության կրոնն էր։ Այս կրոնի «սուրբ գրքում» ասվում էր. «Անմահության և Ուրախության մեջ Արդարի հոգին հավիտյան կապրի, իսկ Ստախոսի հոգու բաժինն անշուշտ տանջանքը կլինի։ Այս Օրենքները սահմանել է Ահուրամազդան [նշանակում է՝ իմաստուն աստված] Իր գերագույն հեղինակությամբ»։
6 Հոգու անմահության վերաբերյալ ուսմունքը պարսկական կրոնի մի մասն է կազմել դեռևս զրադաշտականությունից առաջ։ Իրանական հին ցեղերը, օրինակ, հոգ էին տանում հանգուցյալների հոգիների մասին, նրանց հետ կերակուր և հագուստ դնում հանդերձյալ աշխարհում անհրաժեշտ իրերով նրանց ապահովելու համար։
7, 8. Ըստ հին եգիպտացիների հավատալիքների՝ ի՞նչ էր մահից հետո տեղի ունենում հոգու հետ։
7 Հանդերձյալ կյանքի գոյության մասին հավատն ընկած էր նաև եգիպտական կրոնի հիմքում։ Եգիպտացիները հավատում էին այն բանին, թե մահացած մարդու հոգին դատում է հանդերձյալ աշխարհի գլխավոր աստված Օսիրիսը։ Օրինակ՝ մի պապիրուսի վրա, որի մասին ենթադրում են, թե պատկանում է մ.թ.ա. 14–րդ դարին, պատկերված է մեռելների աստված Անուբիսը Հանաֆար գրագրի հոգին Օսիրիս աստծուն մոտեցնելիս։ Կշեռքի նժարներից մեկի վրա դրված է գրագրի սիրտը՝ նրա խղճի խորհրդանիշը, իսկ մյուսի վրա այն փետուրն է, որն իր գլխին կրում է ճշմարտության ու արդարության աստվածուհին։ Թոթը՝ մի ուրիշ աստված, գրի է առնում արդյունքները։ Քանի որ Հանաֆարի սիրտը մեղքով ծանրացած չէ, ու քաշը փետուրի քաշից էլ թեթև է, նա ընդունվում է Օսիրիսի թագավորություն և անմահությամբ օժտվում։ Պապիրուսի վրա պատկերված է նաև կշեռքի գլխին կանգնած մի կին–հրեշ՝ պատրաստ կլանելու յուրաքանչյուրին, ում սիրտը ծանր կկշռի։ Եգիպտոսում զմռսում էին դիակները, իսկ փարավոնների մարմինները՝ պահում հսկայական բուրգերում, և այս ամենն անում էին այն համոզմունքից ելնելով, որ հոգու կյանքը կախված է նրանից, թե որքան լավ կպահպանվի մարմինը։
8 Այսպիսով՝ հնագույն տարբեր քաղաքակրթություններում գոյություն է ունեցել նույն ուսմունքը՝ հոգու անմահության գաղափարը։ Արդյո՞ք դրանք բոլորն էլ սերվել են մեկ ընդհանուր աղբյուրից։
Որտեղի՞ց է սկիզբ առնում
9. Հին աշխարհի երկրներից Եգիպտոսի, Պարսկաստանի և Հունաստանի վրա ո՞ր կրոնն է իր ազդեցությունը թողել։
9 «Հին աշխարհում, — կարդում ենք «Բաբելոնի և Ասորեստանի կրոնը» («The Religion of Babylonia and Assyria») գրքում, — Եգիպտոսի, Պարսկաստանի և Հունաստանի վրա մեծ ազդեցություն է թողել բաբելոնյան կրոնը»։ Գիրքը շարունակում է բացատրել. «Ինչպես երևում է Էլ–Ամառնայի հուշատախտակներից, վաղ ժամանակներում Եգիպտոսի և Բաբելոնի միջև սերտ կապեր են գոյություն ունեցել, ինչը եգիպտական պաշտամունքի մեջ բաբելոնյան տեսակետների ու սովորույթների ներմուծման համար մեծ հնարավորություններ է ստեղծել։ Պարսիկների մոտ բաբելոնյան գաղափարների բացահայտ ազդեցություն է զգացվում Միտրայի պաշտամունքի մեջ.... Սեմիտական հիմունքների ուժգին խառնուրդը երևում է նաև հունական դիցաբանության և պաշտամունքի մեջ. այս բացահայտ կապը ներկայիս ուսումնասիրողների համար այնքան պարզ է, որ տեղիք չի տալիս ոչ մի վիճաբանության։ Սեմիտական հիմունքները հիմնականում համարվում են բաբելոնյան ուսմունքներ»։a
10, 11. Հանդերձյալ կյանքի վերաբերյալ ի՞նչ կարծիքի էին բաբելացիները։
10 Բայց մի՞թե մահից հետո տեղի ունեցող դեպքերի մասին բաբելոնյան պատկերացումները ոչնչով չէին տարբերվում եգիպտացիների, պարսիկների և հույների տեսակետներից։ Որպես օրինակ՝ վերցնենք ասուրա–բաբելական «Գիլգամեշ» դյուցազնավեպը։ Առասպելական հերոսին՝ Գիլգամեշին, հանգիստ չի տալիս մահվան իրողությունը, նա ուղևորվում է անմահություն գտնելու, սակայն այդպես էլ չի հասնում դրան։ Իր ճանապարհորդության ընթացքում նա հանդիպում է կույս մատռվակուհուն, որը փորձում է համոզել նրան վայելելու ներկա կյանքը՝ ասելով, որ, միևնույն է, Գիլգամեշին չի հաջողվելու գտնել իր որոնած անվերջ կյանքը։ Էպոսի ասելիքն այն է, որ մահն անխուսափելի է, իսկ անմահության հույսը՝ պարզապես պատրանք։ Սրանից կարելի՞ է եզրակացնել, որ բաբելացիները չէին հավատում անդրշիրիմյան կյանքին։
11 Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Մորիս Յաստրովը գրում է. «Ո՛չ [Բաբելոնի] ժողովուրդը, ո՛չ էլ նրա կրոնական առաջնորդները իրենց մտքով անգամ չէին անցկացնում, թե կարող է վերջնականապես ոչնչանալ մի բան, ինչը մեկ անգամ արդեն աշխարհ է եկել։ Մահը [նրանց կարծիքով] մի կյանքից մեկ ուրիշին անցնելու երևույթ էր, իսկ նրանց կողմից անմահության հերքումն ընդգծում էր այն միտքը, թե անկարելի է խուսափել մահվան հետևանքով առաջացող նման փոփոխությունից»։ Այո՛, բաբելոնացիները ևս հավատում էին, որ կյանքը մահից հետո ինչ–որ ձևով շարունակվում է։ Հենց դա էր պատճառը, որ հանգուցյալների հետ տարբեր իրեր էին թաղում, որոնք կարող էին հանդերձյալ աշխարհում պետք գալ նրանց։
12–14. ա) Ջրհեղեղից հետո որտե՞ղ է ծնունդ առել հոգու անմահության մասին ուսմունքը։ բ) Ինչպե՞ս է այն տարածվել երկրով մեկ։
12 Այսպիսով պարզ է դառնում, որ հոգու անմահության մասին ուսմունքի արմատները տանում են դեպի Հին Բաբելոն։ Ըստ Աստվածաշնչի, որի պատմական ճշգրտությունը կասկածի ենթակա չէ՝ Բաբել կամ Բաբելոն քաղաքը հիմնադրել է Նոյի թոռնորդի Նեբրովթը։b Մինչև Նոյի օրերի համաշխարհային Ջրհեղեղը երկրի վրա միայն մեկ լեզու կար և մեկ կրոն։ Սակայն հիմնադրելով քաղաքը և ձեռնարկելով աշտարակի շինարարությունը՝ Նեբրովթը մի նոր կրոնի սկիզբ դրեց։ Աստվածաշունչը պատմում է, որ Բաբելում լեզուները խառնվելուց հետո, երբ աշտարակի շինարարությունը ծախողվեց, շինարարները ցրվեցին երկրով մեկ՝ իրենց հետ տանելով այդ կրոնը (Ծննդոց 10։6–10; 11։4–9)։ Բաբելոնյան կրոնական ուսմունքներն այսպես տարածվեցին ամբողջ աշխարհում։
13 Ըստ ավանդության՝ Նեբրովթը դաժան մահ է ունեցել։ Քանի որ նա եղել է Բաբելոնի հիմնադիրը, կառուցողը և առաջին թագավորը, տրամաբանական է ենթադրել, որ նրա մահից հետո բաբելոնացիները մեծարանքով են վերաբերվել նրան։ Իսկ քանի որ Բաբելոնի հիմնադիրը համարվում էր Մարդուկ (Մարովդաք) աստվածը, գիտնականներից ոմանք ենթադրում են, որ Մարդուկը հենց աստվածացված Նեբրովթն է։ Եթե իրոք այդպես է, ապա անմահ հոգու գաղափարը սկիզբ է առել առնվազն Նեբրովթի մահից հետո։ Ամեն դեպքում, պատմական փաստերը ցույց են տալիս, որ Ջրհեղեղից հետո հոգու անմահության մասին ուսմունքը ծնունդ է առել Բաբելոնում։
14 Ինչպե՞ս է, սակայն, այս ուսմունքը դարձել արդի կրոնների կարևոր մասը։ Հաջորդ գլխում կներկայացվի, թե ինչպես է այն ներթափանցել արևելյան կրոններ։
[ծանոթագրություն]
a Էլ–Ամառնա հնավայրում են գտնվում Հին Եգիպտոսի Ախեթաթոն քաղաքի ավերակները. ենթադրվում է, որ վերջինս կառուցվել է մ.թ.ա. 14–րդ դարում։
b Տե՛ս «Աստուածաշունչը Աստուծո՞յ Խոսքն է, թե՝ Մարդոց» գիրքը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից, էջ 37–54։
[նկար 6–րդ էջի վրա]
Այսպես էին եգիպտացիները պատկերացնում հոգին հանդերձյալ աշխարհում
[նկար 7–րդ էջի վրա]
Սոկրատեսը պնդում էր, որ հոգին անմահ է