Հանդերձյալ կյա՞նք
«Ծառն էլ տակաւին յոյս ունի.
եթէ կտրուի, դարձեալ կ’ծլի....
Եթե մարդս մեռաւ, մի՞թէ կ’կենդանանայ»։
(Մովսես՝ անցած դարերի մարգարե)
1–3. Շատերն ինչպե՞ս են փորձում մխիթարվել հարազատին կորցնելիս։
ՆՅՈՒ ՅՈՐՔ քաղաքի հուղարկավորության տանը դագաղի կողքով լուռ անցնում էին մահացածի հարազատներն ու բարեկամները։ Նրանց հայացքը տասնյոթամյա երիտասարդի դիակին էր ուղղված։ Դասընկերները հազիվ էին ճանաչում նրան։ Քիմիաբուժությունից մազերն ամբողջովին թափվել էին. քաղցկեղը նրան լրիվ հյուծել էր։ Մի՞թե դա իրենց ընկերն էր։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա այնքան լի էր մտքերով, հարցերով, կյանքով ու եռանդով... Վշտից մաշված մայրը ջանում էր ինքն իրեն մխիթարել, թե տղան ինչ–որ տեղ դեռ ողջ է։ Կրկին ու կրկին արտասուքն աչքերին նա հառաչում էր՝ կրկնելով այն, ինչ սովորել էր. «Թոմիս հիմա հանգիստ է։ Աստված Թոմիիս իր մոտ տարավ»։
2 Իսկ աշխարհի մյուս ծայրում՝ Նյու Յորքից մոտ 11 000 կմ հեռավորության վրա գտնվող Հնդկաստանի Ջամնագար քաղաքում, դիակիզման արարողության համար իրենց հոր դիակն էին պատրաստում հիսունութամյա մի բիզնեսմենի երեք որդիները։ Կեսօրվա կիզիչ արևի տակ որդիներից ավագը, ջահով վառելով փայտի կտորները և անուշահոտ խառնուրդներ ու խունկ շաղ տալով հոր անկենդան մարմնի վրա, սկսում է արարողությունը։ Ճարճատուն կրակն ավելի ու ավելի էր սաստկանում Բրահմանի սանսկրիտական աղոթքների տակ, որ թարգմանվում էին մոտավորապես այսպես. «Թող անմահ հոգին այժմ էլ ձգտի միանալ տիեզերական հոգուն»։
3 Մինչ երեք եղբայրները լուռ հետևում էին արարողությանը, յուրաքանչյուրի մտքում միևնույն հարցն էր. «Իրո՞ք հավատում եմ հանդերձյալ կյանքին»։ Տարբեր երկրներում կրթություն ստացած եղբայրներից յուրաքանչյուրն իր պատասխանն ուներ. կրտսեր եղբայրը վստահ էր, որ իրենց սիրելի հայրը վերամարմնավորվել է՝ անցնելով կյանքի ավելի բարձր աստիճանի։ Միջնեկը գտնում էր, որ մահացածները կարծես քնած վիճակում են և ընդհանրապես ոչինչ չեն գիտակցում։ Ավագ եղբայրը պարզապես փորձում էր հաշտվել մահվան իրողության հետ, քանի որ, ըստ նրա, ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։
Մեկ հարց և բազում պատասխաններ
4. Ո՞ր հարցն է դարեր շարունակ մտահոգել մարդկությանը։
4 Հազարամյակներ շարունակ մարդկությանը հանգիստ չի տվել այն հարցը, թե արդյոք կա՞ կյանք մահից հետո։ «Նույնիսկ աստվածաբաններն են դժվարանում այդ հարցին որոշակի պատասխան տալ», — նկատում է կաթոլիկ աստվածաբան Հանս Կյունգը։ Բոլոր դարերում և ցանկացած հասարակության շրջանակներում մարդիկ մտորել են այս հարցի շուրջ, իսկ զանազան ենթադրություններին պարզապես վերջ չի եղել։
5–8. Ի՞նչ են սովորեցնում որոշ կրոններ հանդերձյալ կյանքի մասին։
5 Իրենց քրիստոնյա համարող բազում անհատներ հավատում են դժոխքի և դրախտի գոյությանը։ Հնդուականները հավատում են վերամարմնավորման գաղափարին։ Մահմեդականների հավատի վերաբերյալ Իսլամական կրոնի կենտրոնի աշխատակից Ամիր Մուավիյան ասում է. «Մենք հավատում ենք, որ մահից հետո դատաստանի օր է լինելու, երբ կանգնելու ենք Աստծո՝ Ալլահի առջև այնպես, կարծես դատարան ենք ներկայացել»։ Ըստ մահմեդականների՝ Ալլահը քննելու է յուրաքանչյուրի վարած կյանքը և որոշելու նրա տեղը՝ դրախտ կամ դժոխք։
6 Շրի Լանկայում բուդդայականները և կաթոլիկները, երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, սովորության համաձայն, տան դռները և պատուհանները լայն բացում են, ապա վառում են ճրագը, իսկ դագաղը տեղավորում են այնպես, որ հանգուցյալի ոտքերը դռան կողմը լինեն։ Նրանք համոզված են, որ նման արարողությունները հեշտացնում են հանգուցյալի ոգու (կամ հոգու) տնից դուրս գալը։
7 «Ավստրալիայի բնիկները հավատում են, որ մարդ արարածի հոգևոր էությունն անխորտակելի է», — պատմում է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի ներկայացուցիչ Ռոնալդ Բեռնտը։ Որոշ աֆրիկյան ցեղեր էլ հավատում են այն բանին, որ հասարակ մարդիկ մահից հետո դառնում են ուրվականներ, իսկ երևելի անհատները՝ նախնիների ոգիներ, որոնց հարկավոր է մեծարել և աղոթքներ ուղղել՝ որպես համայնքի անտեսանելի առաջնորդների։
8 Որոշ երկրներում ենթադրյալ հոգու վերաբերյալ համոզմունքները հիմնված են և՛ տեղական սովորույթների, և՛ այսպես կոչված՝ քրիստոնեական հավատալիքների վրա։ Օրինակ՝ Արևմտյան Աֆրիկայում շատ կաթոլիկների և բողոքականների մոտ ընդունված է ծածկել հայելիները, երբ տանը հանգուցյալ կա, որպեսզի ոչ ոք հայելու մեջ նայելիս չտեսնի մահացածի հոգին։ Որից հետո՝ քառասուն օր անց, ընտանիքի անդամներն ու հարազատները նշում են հոգու երկինք համբարձվելը։
Ընդհանուր նմանություն
9, 10. Ո՞ր հիմնական ուսմունքն է ընդհանուր կրոնների մեծամասնության համար։
9 Պատասխաններն այն հարցին, թե ի՛նչ է տեղի ունենում մահվան ժամանակ, նույնքան տարբեր են, որքան այդ պատասխանները տվող մարդկանց հավատալիքներն ու նրանց ունեցած սովորույթները։ Այնուամենայնիվ, կրոնների մեծամասնությունն ընդունում է մեկ հիմնական գաղափար՝ անձի ներսում կա ինչ–որ մի բան՝ լինի դա հոգի, ոգի թե ուրվական, որն անմահ է և շարունակում է իր գոյությունը մահից հետո։
10 Հոգու անմահության գաղափարը տարածված է քրիստոնեական աշխարհի հազարավոր կրոնների և աղանդների մեջ։ Այն նաև հուդայականության գլխավոր ուսմունքներից է։ Այս ուսմունքն ընկած է նաև հնդուականության մեջ վերամարմնավորման հավատալիքի հիմքում։ Ըստ մահմեդականների՝ հոգին ծնվում է մարմնի հետ միասին, սակայն մահից հետո շարունակում է ապրել։ Աննշան տարբերությունները չհաշված՝ նույնն են ուսուցանում նաև այլ հավատներ, ինչպես օրինակ՝ ոգեպաշտությունը [անիմիզմ] (Աֆրիկա), սինտոյականությունը և բուդդայականությունը։
11. Ի՞նչ կարծիքի են որոշ գիտնականներ հոգու անմահության գաղափարի վերաբերյալ։
11 Ուրիշներն էլ լրիվ հակառակ կարծիքի են, այսինքն՝ գտնում են, որ գոյությունը՝ որպես գիտակից էակ, ավարտվում է մահով։ Նրանք անտրամաբանական են համարում այն գաղափարը, համաձայն որի՝ հուզական և բանական կյանքը շարունակում է գոյություն ունենալ անդեմ, մարմնից անջատված, եթերային հոգու մեջ։ Քսաներորդ դարի իսպանացի գրող, գիտնական Միգել դե Ունամունոն գրել է. «Հոգու անմահությանը հավատալու համար հարկավոր է դա ցանկանալ, բայց ցանկանալ այնպես ուժգնորեն, որ այդ զգացումը կարողանա խեղդել դատողության ձայնը»։ Հոգու անմահությունը մերժողների շարքին են պատկանել անտիկ դարաշրջանի հայտնի փիլիսոփաներ Արիստոտելը և Էպիկուրը, բժիշկ Հիպոկրատը, շոտլանդացի փիլիսոփա Դեյվիդ Հյումը, արաբ գիտնական Ավեռոեսը և անկախ Հնդկաստանի առաջին պրեմիեր–մինիստր Ջավահարլալ Ներուն։
12, 13. Ի՞նչ կարևոր հարցեր են ծագում հոգու անմահության գաղափարի վերաբերյալ։
12 Այսպիսով՝ հարցը հետևյալն է՝ ունե՞նք արդյոք անմահ հոգի։ Իսկ եթե հոգին իրականում անմահ չէ, ապա ինչպե՞ս է պատահել, որ նման սուտ ուսմունքը դարձել է ներկայիս կրոնների անբաժանելի մասը։ Որտեղի՞ց է այն սկիզբ առել։ Եվ եթե հոգին մահից հետո դադարում է գոյություն ունենալ, ապա ի՞նչ հույս կա մահացածների համար։
13 Կա՞ն արդյոք սպառիչ ու ճշմարտացի պատասխաններ այս հարցերին։ Այո՛, կան։ Հաջորդ էջերում կարող եք գտնել այս և ուրիշ հարցերի պատասխանները։ Իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե որտեղից է առաջ եկել հոգու անմահության վերաբերյալ ուսմունքը։