Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին
Ինչո՞ւ է անհրաժեշտ կարդալ Աստվածաշունչը
Աստվածաշունչը նման չէ ոչ մի ուրիշ գրքի, քանի որ Աստծու սերը արտահայտող հրահանգներ է պարունակում (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Եթե կիրառեք այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը, մեծ օգուտներ կքաղեք։ Դուք կավելացնեք ձեր սերը Աստծու նկատմամբ և կմտերմանաք նրա՝ «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողի հետ (Յակոբոս 1։17)։ Դուք կիմանաք, թե ինչպես կարելի է մոտենալ Աստծուն աղոթքով, իսկ նեղության ժամանակ կզգաք նրա օգնությունը։ Եվ եթե ապրեք Աստվածաշնչի չափանիշներով, ապա Աստված ձեզ հավիտենական կյանք կպարգևի (Հռովմայեցիս 6։23)։
Աստվածաշունչն իր մեջ այնպիսի ճշմարտություններ է պարունակում, որոնք կարող են լուսավորել մարդուն։ Նրա գիտությունը ձեռք բերողները ազատվում են այն սխալ պատկերացումներից, որոնց իշխանությանը ենթակա են միլիոնավոր անհատներ։ Օրինակ՝ իմանալով ճշմարտությունը մահացածների մասին՝ մենք այլևս չենք վախենում՝ կարծելով, որ նրանք կարող են մեզ վնասել, կամ էլ որ մեր մահացած հարազատներն ու ընկերները տանջվում են (Ժողովող 9։5, 10)։ Հարության մասին Աստվածաշնչի ուսմունքը սփոփում է նրանց, ովքեր կորցրել են իրենց համար սիրելի մարդկանց (Յովհաննէս 11։25)։ Ճշմարտությունը չար հրեշտակների մասին զգուշացնում է ոգեհարցության ծուղակներն ընկնելուց և օգնում է հասկանալ աշխարհում տիրող դժվարությունների պատճառը։
Աստվածաշնչում արձանագրված սկզբունքները ցույց են տալիս կյանքի այն ուղին, որն օգուտներ կբերի մեզ։ Օրինակ՝ «սովորությունների մեջ չափավոր լինելը» նպաստում է լավ առողջությանը (Ա Տիմոթէոս 3։2, ՆԱ)։ ‘Մաքրելով մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից’՝ խուսափում ենք մեր առողջությանը վնաս հասցնելուց (Ա Կորնթացիս 7։1)։ Կիրառելով Աստծու խորհուրդները՝ ամուսնական կյանքում երջանկության ենք հասնում և ձեռք ենք բերում ինքնահարգանք (Ա Կորնթացիս 6։18)։
Աստծու Խոսքը կյանքում գործադրելով՝ ավելի երջանիկ կդառնաք։ Աստվածաշնչյան գիտությունը օգնում է ներքին խաղաղության ու բավարարվածության հասնել և հույս է տալիս մեզ։ Այն նպաստում է մեր մեջ այնպիսի գրավիչ հատկությունների զարգացմանը, ինչպիսիք են՝ կարեկցանքը, սերը, ուրախությունը, խաղաղությունը, բարությունը և հավատը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ; Եփեսացիս 4։24, 32)։ Իսկ այս հատկությունները մեզ դարձնում են ավելի լավ ամուսին կամ կին, հայր կամ մայր, որդի կամ դուստր։
Ձեզ երբևիցե հուզե՞լ է այն հարցը, թե ինչ է սպասվում ապագայում։ Աստվածաշնչի մարգարեությունները ցույց են տալիս մեզ, թե որ ժամանակահատվածում ենք ապրում։ Նրանք ոչ միայն նկարագրում են աշխարհի վիճակն այսօր, այլև վկայում են այն մասին, որ Աստված շուտով երկիրը դրախտի է վերածելու (Յայտնութիւն 21։3, 4)։
Օգնություն՝ Աստվածաշունչը հասկանալու համար
Գուցե փորձել եք կարդալ Աստվածաշունչը, սակայն եզրակացրել եք, որ այն դժվար է հասկանալ։ Թերևս նույնիսկ չգիտեք, թե Աստվածաշնչի որ մասում կարող եք գտնել ձեզ հուզող հարցերի պատասխանները։ Եթե այդպես է, ապա դուք միակը չեք։ Մենք բոլորս էլ օգնության կարիք ենք զգում Աստվածաշունչը հասկանալու համար։ Եհովայի վկաները մոտ 235 երկրներում անցկացնում են Աստվածաշնչի անվճար ուսուցումներ միլիոնավոր մարդկանց հետ։ Նրանք մեծ ուրախությամբ կօգնեն նաև ձեզ։
Շատ լավ կլինի Աստվածաշունչը աստիճանաբար ուսումնասիրել՝ սկսելով հիմնական ուսմունքներից (Եբրայեցիս 6։1)։ Իսկ եթե շարունակեք ուսումնասիրությունը, ապա ավելի լավ կկարողանաք ընկալել «պինդ կերակուրը»՝ ավելի խորը ճշմարտությունները (Եբրայեցիս 5։14)։ Աստվածաշունչը արժանահավատ ինֆորմացիայի աղբյուր է։ Նրա հիման վրա գրված հրատարակությունները, ինչպես օրինակ, «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, կօգնեն ձեզ հասկանալ բազմաթիվ տարբեր հարցերի վերաբերյալ աստվածաշնչյան վկայակոչումները։
Կցանկանայի՞ք ամեն շաբաթ ժամանակ տրամադրել Աստվածաշունչը հասկանալու համար
Կարելի է այնպես կազմակերպել, որ Աստվածաշնչի ուսումնասիրության անցկացման ժամանակն ու վայրը հարմար լինեն ձեզ։ Շատերն ուսումնասիրում են իրենց տանը, իսկ ոմանք՝ նույնիսկ հեռախոսով։ Այս ուսումնական ծրագիրը բազմաթիվ մարդկանց հետ միաժամանակ անցկացվող դասընթաց չէ։ Ավելի շուտ այն իրականացվում է անձնական պայմանավորվածության հիման վրա և հարմարեցվում ձեր հանգամանքներին, որի մեջ մտնում են նաև ձեր գիտելիքների մակարդակն ու կրթությունը։ Քննություններ չեն անցկացվում. այնպես որ հուզվելու առիթ չի լինի։ Դուք կստանաք աստվածաշնչյան ձեր բոլոր հարցերի պատասխանները և կսովորեք, թե ինչպես կարելի է մտերմանալ Աստծու հետ։
Այսպիսի աստվածաշնչյան ուսումնասիրության համար վճարելու անհրաժեշտություն չկա (Մատթէոս 10։8)։ Այն անվճար առաջարկվում է բոլոր մարդկանց՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, և նույնիսկ նրանց, ովքեր ոչ մի կրոնական ուղղության չեն հարում, բայց անկեղծորեն ցանկանում են ավելացնել Աստծու Խոսքի իրենց գիտելիքները։
Իսկ ո՞վ կարող է մասնակցել քննարկմանը։ Ձեր ամբողջ ընտանիքը, նաև այն ընկերները, որոնց կցանականայիք հրավիրել. կամ գուցե նախընտրում եք, որ քննարկումը անցկացվի միայն ձեզ հետ։
Շատերը շաբաթական մեկ ժամ են հատկացնում Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Եթե ամեն շաբաթ դուք ի վիճակի եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ տրամադրելու, ապա Վկաները կարող են հարմարվել ձեզ՝ օգնություն ցույց տալու համար։
Սովորելու հրավեր
Մենք հորդորում ենք ձեզ կապ հաստատել Եհովայի վկաների հետ։ Այդ անելու ձևերից մեկը ներքևում նշված հասցեներից մեկով գրելն է։ Միջոցներ ձեռք կառնվեն, որպեսզի որևիցե մեկը կապ հաստատի ձեզ հետ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար։
□ Ուղարկեք ինձ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը։
□ Ինձ հետաքրքրում է Աստվածաշնչի անվճար, տնային ուսումնասիրությունը։ Իմ հասցեն՝
Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են՝ Եբրայերեն գրությունները՝ Արարատ թարգմանությունից (ԱԹ) և Հունարեն գրությունները՝ Էջմիածնի թարգմանությունից (ԷԹ)։ (ՆԱ) հապավումը նշանակում է, որ խոսքը թարգմանված է անգլերեն հրատարակված «Սուրբ գրությունների նոր աշխարհ թարգմանությունից»։