Օգնություն՝ հասկանալու Աստվածաշունչը
Աստվածաշունչն անզուգական գիրք է։ Նրա գրողները հաստատում են, որ իրենք Աստծո ներշնչմամբ են այն գրի առել, ինչի մասին վկայում է նաև Աստվածաշնչի բովանդակությունը (Բ Տիմոթէոս 3։16)։ Ուրիշ շատ հարցերի թվում Աստվածաշունչը պատասխանում է նաև այս հարցերին՝ որտեղից ենք եկել, ինչու ենք ապրում և դեպի ուր ենք ընթանում։ Անշուշտ, սա մի գիրք է, որը արժանի է մեր ուշադրությանը։
Գուցե փորձել եք կարդալ Աստվածաշունչը, բայց դժվարացել եք այն հասկանալ։ Գուցե չգիտեք, թե Աստվածաշնչի որ մասերում փնտրեք ձեր հարցերի պատասխանները։ Իմացեք, որ դուք բացառություն չեք։ Առաջին դարում ապրող մի մարդ էլ ձեզ պես նույնանման իրավիճակում էր հայտնվել։ Այդ մարդը կառքով Երուսաղեմից իր երկիրը՝ Եթովպիա էր վերադառնում։ Այս եթովպացի պաշտոնյան բարձրաձայն կարդում էր Աստվածաշնչի «Եսայիա» գրքից մի մարգարեություն՝ արձանագրված այդ օրերից մոտ յոթ հարյուր տարի առաջ։
Հանկարծ նրան է դիմում մի մարդ, որը վազում էր կառքի կողքով։ Այդ մարդը Փիլիպպոսն էր՝ Հիսուսի աշակերտներից մեկը։ Նա հարցնում է եթովպացուն. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»։ Վերջինս պատասխանում է. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»։ Ապա հրավիրում է Փիլիպպոսին կառք բարձրանալ։ Փիլիպպոսը, սկսելով բացատրել ընթերցվող հատվածի նշանակությունը, «Յիսուսին աւետարանեց նրան» (Գործք 8։30–35)։
Ինչպես որ այն ժամանակ Փիլիպպոսը օգնեց եթովպացուն հասկանալ Աստծո Խոսքը, այնպես էլ այսօր Եհովայի վկաներն են այդ գործը կատարում։ Նրանք ձեզ էլ ուրախությամբ կօգնեն։ Սովորաբար, Աստվածաշունչը հասկանալու ամենալավ միջոցը՝ դա նրա մեթոդիկ ուսումնասիրությունն է՝ այսինքն՝ սուրբգրային հիմնական ուսուցումներից սկսելը (Եբրայեցիս 6։1)։ Ուսումնասիրության մեջ առաջադիմելով՝ դուք ի վիճակի կլինեք ընդունել այն, ինչը Պողոս առաքյալն անվանեց «պինդ կերակուր», որն է Աստծո Խոսքի ավելի խորը ճշմարտությունները (Եբրայեցիս 5։14)։ Թեև դուք ուսումնասիրում եք Աստվածաշունչ գիրքը, բայց կան նաև ուրիշ գրականություններ՝ ուսումնասիրության համար նախատեսված օժանդակ ձեռնարկներ, որոնք կարող են օգնել ձեզ Աստվածաշնչում գտնել և հասկանալ տարբեր թեմաների հետ առնչվող հատվածները։
Ուսումնասիրությունը սովորաբար կարելի է անցկացնել ձեզ հարմար վայրում և հարմար ժամին։ Ոմանք նույնիսկ հեռախոսով են ուսումնասիրությունն անցկացնում։ Ուսումնասիրությունը չի անցկացվում դասարաններում, այլ անհատական բնույթ է կրում և հարմարեցված է ձեր հանգամանքներին, ընդ որում հաշվի է առնվում կրթական մակարդակը։ Աստվածաշնչի այդպիսի ուսումնասիրությունն անվճար է (Մատթէոս 10։8)։ Քննություններ տալու և հետևաբար ձեզ անհարմար դրության մեջ զգալու հարկ չեք ունենա։ Ուսումնասիրության ընթացքում կստանաք ձեզ հուզող հարցերի պատասխանները և կսովորեք, թե ինչպես մոտենալ Աստծուն։ Սակայն ինչո՞ւ է հարկավոր ուսումնասիրել Աստվածաշունչը։ Եկեք նկատի առնենք մի քանիսը այն պատճառներից, թե ինչու կարող է Աստվածաշունչը ձեր կյանքն ավելի ուրախ դարձնել։