«Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»
1 Երբ Փիլիպպոս ավետարանիչը հարցրեց եթովպացի ներքինուն, թե արդյոք նա հասկանում է Աստծո Խոսքից իր կարդացածը, վերջինս պատասխանեց. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»։ Փիլիպպոսն ուրախությամբ օգնեց նրան՝ հասկանալու Հիսուսի մասին բարի լուրը, և արդյունքում նա առանց հապաղելու մկրտվեց (Գործք 8։26—38)։ Այսպիսով, ավետարանիչը հետևեց Քրիստոսի՝ «աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք.... ուսուցանեցէ՛ք նրանց» հանձնարարությանը (Մատթ. 28։19, 20)։
2 Փիլիպպոսի նման մենք էլ պետք է կատարենք այդ գործը։ Սակայն այն անհատները, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, հաճախ հոգեվորապես չեն առաջադիմում այնպիսի արագությամբ, ինչպես եթովպացի ներքինին։ Նա հրեական հավատն ընդունած և Գրություններին միանգամայն քաջատեղյակ անձնավորություն էր և ընկալունակ սիրտ ուներ. նրան միայն մնում էր հավատալ, որ Հիսուսը խոստացված Մեսիան էր։ Բայց իրենից դժվարություն է ներկայացնում այն անհատների հետ ուսումնասիրություն անցկացնելը, որոնք ծանոթ չեն Աստվածաշնչին, կեղծ կրոնական ուսմունքների ազդեցության տակ են եղել կամ էլ չափազանց ծանրաբեռնըված են ծանր, անձնական հոգսերով։ Ի՞նչը կարող է օգնել մեզ՝ հաջողությամբ առաջնորդելու Աստվածաշունչ ուսումնասիրողներին դեպի նվիրում և մկրտություն։
3 Պարզիր Աստվածաշունչ ուսումնասիրողի հոգևոր կարիքները։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. օգոստոսի համարի ներդիրում շոշափվում է այն հարցը, թե որքան ժամանակում կարելի է մարդկանց հետ «Գիտություն» գրքով և «Աստված պահանջում է» գրքույկով ուսումնասիրություն անցկացնել։ Այնտեղ հետևյալն է ասվում. «Անհրաժեշտ է ուսումնասիրութեան արագութիւնը յարմարցնել աշակերտին պարագաներուն եւ ընդունակութեան։ ....Երկու պարագաներուն ալ, արագ ընելու սիրոյն, ճշգրիտ գիտութեան մէջ աշակերտին յառաջդիմութիւնը պէտք չէ զոհել։ Ամէն աշակերտ Աստուծոյ Խօսքին հանդէպ իր նորագիւտ հաւատքին համար հաստատ հիմի կարիքը ունի»։ Ուստի, ցանկալի չէ «Գիտություն» գիրքը հապշտապ ուսումնասիրել՝ մտադրվելով այն ավարտել վեց ամսում։ Հնարավոր է, որ վեց ամսից շատ ավելի ժամանակ պահանջվի անհատին օգնելու համար, որպեսզի վերջինս պատրաստ լինի մկրտվելու։ Ամեն շաբաթ ուսումնասիրություն անցկացնելով՝ հարկ եղած ժամանակը հատկացրու, որպեսզի ուսումնասիրողը և՛ հասկանա, և՛ հավատա այն ամենին, ինչը որ սովորում է Աստծո Խոսքից։ Երբեմն թերևս երկու–երեք շաբաթ պահանջվի «Գիտություն» գրքից ընդամենը մեկ գլուխ անցնելու համար։ Այդ դեպքում բավականաչափ ժամանակ կլինի տրված շատ համարներ կարդալ և պարզաբանել (Հռովմ. 12։2)։
4 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե «Գիտություն» գիրքն ավարտելուց հետո նկատում ես, որ, այնուամենայնիվ, հարկ կա ամբողջացնելու ճշմարտության վերաբերյալ անհատի գիտելիքները, կամ էլ նա դեռևս այնքան էլ հակված չէ՝ ճշմարտության կողմը կանգնելու և իր կյանքը Աստծուն նվիրելու (Ա Կորնթ. 14։20)։ Ուրիշ ինչպե՞ս կարելի է առաջնորդել նրան դեպի կյանք տանող ճանապարհը (Մատթ. 7։14)։
5 Բավարարիր Աստվածաշունչ ուսումնասիրողի հոգևոր կարիքները։ Եթե տվյալ անհատը, թեպետ դանդաղ, սակայն նկատելի առաջընթաց է ապրում, և խորանում է նրա գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ որ սովորում է, ապա «Աստված պահանջում է» գրքույկից և «Գիտություն» գրքից հետո ուսումնասիրությունը շարունակիր մեկ ուրիշ գրքով։ Կարելի է օգտագործել «Միացած՝ Պաշտամունքին Մէջ» կամ «Աստուծոյ Խօսքը» գրքերը, եթե կարիք է առաջացել ուսումնասիրությունը շարունակելու, թեև դա միշտ չէ, որ անհրաժեշտ է։ Քարոզիչների մեծ մասն ունի այդ գրքերի անձնական օրինակները, ուստի եթե ժողովում չկան այդ գրքերից, կարելի է նրանցից վերցնել։ Երկու գրքերն էլ կարելի է պատվիրել։ Ամեն դեպքում, առաջին հերթին հարկավոր է ուսումնասիրել «Աստված պահանջում է» գրքույկը և «Գիտություն» գիրքը։ Լրացուցիչ ուսումնասիրության մասին տվյալները մտնում են հաշվետվության մեջ (Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կրկնակի այցելությունները և ժամերը), նույնիսկ եթե անհատը մկրտվի, նախքան լրացուցիչ գիրքն ավարտելը։
6 Նշանակո՞ւմ է արդյոք, որ, նրանց հետ, ովքեր վերջերս են մկրտվել, սակայն մեկ գիրք են ուսումնասիրել, պետք է լրացուցիչ գիրք անցնել։ Ո՛չ, կարիք չկա։ Իսկ եթե նրանք դարձել են ոչ ակտիվ կամ հոգևորապես չեն առաջադիմել և զգում են, որ ճշմարտությունը լրիվ կերպով կյանքում կիրառելու հարցում անձնական օգնության կարիք ունեն... Այդպիսի դեպքերում, նախքան մկրտված քարոզչի հետ լրացուցիչ ուսումնասիրություն սկսելը, հարկավոր է խորհրդակցել ծառայողական վերակացուի հետ։ Սակայն, եթե դու գիտես ոմանց, ովքեր նախկինում ուսումնասիրել են «Գիտություն» գիրքը, բայց այդպես էլ չեն հասել նվիրման և մկրտության, կարող ես ինքդ քայլեր ձեռք առնել պարզելու համար, թե նրանք չե՞ն ցանկանում արդյոք կրկին ուսումնասիրել Աստվածաշունչը։
7 Յուրաքանչյուր անհատի նկատմամբ, որի հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրում, սրտանց, անհատական ուշադրություն ցույց տալը մեր քրիստոնեական սիրո արտահայտությունն է։ Մեր նպատակն է օգնել ուսումնասիրողին, որպեսզի նա ավելի խորը ըմբռնի Աստծո Խոսքը։ Այդ դեպքում նա կարող է առանց տատանվելու և գիտակցաբար ճշմարտության կողմը կանգնել ու նվիրվել Եհովային՝ խորհրդանշելով այն ջրի մկրտությամբ (Սաղ. 40։8; Եփես. 3։17—19)։
8 Հիշո՞ւմ ես եթովպացի ներքինու զգացումները իր մկրտվելուց հետո. նա «իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ»՝ որպես Հիսուս Քրիստոսի նոր աշակերտ (Գործք 8։39, 40)։ Թո՛ղ որ մեզ հետ միասին նրանք էլ, որոնց հաջողությամբ առաջնորդում ենք ճշմարտության ճանապարհով, մեծ ուրախություն գտնեն Եհովա Աստծուն ծառայելու մեջ՝ հիմա և հավիտյան։