Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yp2 գլ. 6 էջ 58–66
  • Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ
  • Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աղջիկների համար
  • Տղաների համար
  • Ինչպես հարմարվել փոփոխություններին
  • Ամենակարևոր ձևավորումը
  • Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել սեռական հասունացման հետ կապված դժվարությունները
    Երիտասարդները հարցնում են
  • «Ի՞նչ է կատարվում ինձ հետ»
    2004 Արթնացե՛ք
  • Օգնեք ձեր երեխային անցնել հասունացման շրջանը
    2016 Արթնացե՛ք
  • Խոսիր երեխայիդ հետ սեքսի մասին
    2010 Դիտարան
Ավելին
Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
yp2 գլ. 6 էջ 58–66

ԳԼՈՒԽ 6

Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ

«Ես արագ բոյ քաշեցի, բայց ցավեր էի զգում։ Լավ էր, որ մեծանում էի, բայց ոտքերս ջղաձգվում էին, այդ պատճառով լավ չէի զգում ինձ» (Փոլ)։

«Դու հասկանում ես, որ մարմինդ փոխվում է, բայց հույս ունես, որ դա ոչ ոք չի նկատի։ Հետո հայտնվում է մի բարի կին ու, մատնացույց անելով քո կոնքերը, ասում է, որ դու պատրաստ ես ապագա մայր դառնալու։ Եվ այդ պահին ուզում ես գետնի տակ մտնել» (Շանել)։

ԵՐԲԵՎԷ ընտանիքիդ հետ նոր քաղաք տեղափոխվե՞լ ես։ Հավանաբար տարբեր դժվարություններ ես ունեցել, քանի որ քեզ հարազատ շատ բաներ ես թողել՝ քո տունը, դպրոցը, ընկերներիդ։ Ժամանակ է պահանջվել նոր միջավայրին հարմարվելու համար։

Անցումային շրջանում դու մեծանում ես, և քո օրգանիզմը ենթարկվում է մեծ փոփոխությունների։ Այլ կերպ ասած՝ դու տեղափոխվում ես մի անծանոթ քաղաք։ Ոգևորի՞չ է։ Իհա՛րկե։ Բայց այդ շրջանում առաջ են գալիս խառը զգացմունքներ, որոնց գուցե դժվար լինի հարմարվել։ Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունենում քո կյանքի այսքան ոգևորիչ, բայց միևնույն ժամանակ փոթորկալից ժամանակաշրջանում։

Աղջիկների համար

Պատանեկան տարիքը մեծ փոփոխություններով հագեցած շրջան է։ Որոշ փոփոխություններ ակնհայտ են։ Օրինակ՝ հորմոնները խթանում են մազերի աճը սեռական օրգանների շրջանում։ Բացի այդ, նկատվում է կաթնագեղձերի, կոնքերի, ազդրերի և նստատեղի մեծացում։ Դու արդեն նման չես երեխայի, քո մարմինը կանացի առանձնահատկություններ է ձեռք բերում։ Անհանգստանալու կարիք չկա, դա նորմալ երևույթ է։ Այդ փոփոխությունները ցույց են տալիս, որ քո օրգանիզմը սերունդ տալու ունակություն է ձեռք բերում։

Այդ ժամանակ ի հայտ է գալիս դաշտանը։ Եթե ծնողը նախապատրաստի երեխային, ապա կօգնի նրան ազատվելու անհանգստությունից ու վախից։ Ահա թե ինչ է ասում Սամանտան. «Երբ սկսվեց իմ դաշտանը, ես ոչինչ չգիտեի այդ մասին։ Ինձ թվում էր, թե կեղտոտ եմ, ցնցուղի տակ մաքրում էի ինձ։ Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ամեն ամիս, տարեցտարի պետք է սա կրկնվի»։

Սակայն հիշիր, որ դաշտանը ցույց է տալիս, որ սկսվել է սերունդ տալու ունակության զարգացման գործընթացը։ Ու թեև տարիներ կանցնեն, նախքան դու պատրաստ կլինես երեխա ունենալու, բայց արդեն կանգնած ես կին դառնալու ճանապարհի շեմին։ Այդուհանդերձ, դաշտանի սկզբնական շրջանը գուցե անհանգստություններ առաջացնի։ Քելլին ասում է. «Ամենադժվարը տրամադրության փոփոխություններն էին։ Ամբողջ օրը ուրախ ես ու երեկոյան հանկարծ սկսում ես լաց լինել»։

Եթե դու էլ ես նման զգացմունքներով համակվում, եղիր համբերատար։ Ժամանակի ընթացքում կհաղթահարես ամեն բան։ 20-ամյա Անետը ասում է. «Հանկարծ հասկացա, որ մեծանում եմ, ու Եհովան ինձ երեխաներ ունենալու ունակություն է պարգևել։ Ճիշտ է, անմիջապես այսպես չես մտածում, և որոշ աղջիկների համար իրոք շատ դժվար է, բայց ժամանակի ընթացքում սկսում ես հարմարվել փոփոխություններին»։

Դու է՞լ ես անցնում վերը նշված ֆիզիոլոգիական փոփոխությունների միջով։ Եթե քեզ անհանգստացնող հարցեր ունես, գրի առ։

․․․․․

Տղաների համար

Սեռական հասունացման շրջանում տղաները արտաքնապես զգալիորեն փոխվում են։ Օրինակ՝ մաշկը ճարպոտ է դառնում, ինչը նպաստում է բշտիկների ու պզուկների առաջացմանըa։ 18-ամյա Մարտինը ասում է. «Բշտիկները շատ նյարդայնացնող են։ Դա իսկական պատերազմ է, սկսում ես պայքարել դրանց դեմ։ Չգիտես՝ դրանք երբևէ կվերանան, հետքեր կթողնեն, կվանեն մարդկանց»։

Մյուս կողմից՝ նկատում ես, որ մեծանում ես, ավելի ուժեղ ես դառնում, ուսերդ լայնանում են։ Այս շրջանում դեմքի և մարմնի վրա մազեր են աճում։ Ի դեպ, տղամարդ դառնալը չի որոշվում մազերի քանակով, դա կապված է ժառանգության հետ։

Քանի որ մարմնի բոլոր մասերը համաչափ չեն զարգանում, գուցե քեզ թվա, թե անշնորհք տեսք ունես։ Դեյվիդն ասում է. «Ես անճոռնի տեսք ունեի, ասես ընձուղտ լինեի։ Թվում էր, թե ուղեղիցս ազդանշանները մեկ շաբաթ հետո են հասնում վերջույթներ»։

Փոխվում է նաև ձայնը։ Այն աստիճանաբար հաստանում է։ Երբեմն փոփոխության ենթարկվող ձայնը ցածր տոնից անցնում է բարձրի, երբեմն հաստ ձայնը հանկարծակի դառնում է ծվծվոցի պես։ Մի՛ անհանգստացիր։ Շուտով ձայնդ ձեռք կբերի իր նոր երանգը։ Եթե սովորես հումորով վերաբերվել դրան, ավելի քիչ կլարվես։

Սեռական հասունացմանը զուգընթաց քո սեռական օրգանները մեծանում են, և դրանց մոտ մազեր են աճում։ Տեղի է ունենում սերմնաժայթքում։ Այս հեղուկը պարունակում է միլիոնավոր միկրոսկոպիկ սերմնաբջիջներ, որոնք արտազատվում են սեռական հարաբերության ժամանակ։ Սերմնաբջիջը բեղմնավորում է կնոջ ձվաբջիջը, և արդյունքում կինը հղիանում է։

Սերմնահեղուկը առաջանում է օրգանիզմում. դրա որոշ մասը ներծծվում է օրգանիզմում, որոշ մասն էլ արտազատվում է քնած ժամանակ՝ որպես կանոն երազախաբության ձևով։ Այս արտահոսումները նորմալ երևույթ են։ Այդ մասին խոսվում է նույնիսկ Աստվածաշնչում (Ղևտական 15։16, 17)։ Դա ցույց է տալիս, որ քո սեռական օրգանները նորմալ են գործում, և դու հասունանում ես։

Վերը նշված ֆիզիոլոգիական փոփոխությունների միջով դու է՞լ ես անցնում։ Եթե հարցեր ունես, գրի առ։

․․․․․

Ինչպես հարմարվել փոփոխություններին

Սեռական հասունացմանը զուգընթաց արթնանում է հետաքրքրությունը հակառակ սեռի հանդեպ։ Մեթը ասում է. «Անցումային տարիքում հանկարծ նկատեցի, թե որքան գեղեցիկ աղջիկներ կան իմ շուրջը։ Բայց դա ճնշող էր, քանի որ հասկանում էի, որ դեռ շուտ է ռոմանտիկ փոխհարաբերություններ ունենալու համար»։ Այս գրքի 29-րդ գլխում կխոսվի, թե ինչպես կարող ես հաղթահարել նման զգացմունքները։ Իսկ այժմ կարևոր է սովորել զսպել սեռական ցանկությունները (Կողոսացիներ 3։5)։ Որքան էլ դժվար լինի, դու կարող ես չտրվել այդ ցանկություններին։

Այս շրջանում դու պետք է այլ փոփոխությունների էլ հարմարվես։ Օրինակ՝ գուցե պայքարես թերարժեքության դեմ։ Երբեմն հնարավոր է՝ միայնություն, տխրություն զգաս։ Այդ ժամանակ լավ կլինի, որ խոսես ծնողիդ կամ որևէ վստահելի անձնավորության հետ։ Գրի առ, թե ում կուզեիր պատմել քո զգացմունքների մասին։

․․․․․

Ամենակարևոր ձևավորումը

Ամենակարևորը ոչ թե դեմքի, հասակի և կազմվածքի ձևավորումն է, այլ քո անձնավորության՝ մտային, էմոցիոնալ և հատկապես հոգևոր առումով։ Պողոս առաքյալն ասել է. «Երբ մանուկ էի, մանկան պես էի խոսում, մանկան պես էի մտածում, մանկան պես էի տրամաբանում, բայց հիմա, երբ չափահաս դարձա, այդ մանկական բաներին վերջ դրեցի» (1 Կորնթացիներ 13։11)։ Ի՞նչ ենք սովորում։ Բավական չէ հասուն մարդու տեսք ունենալ։ Դու պետք է սովորես գործել, խոսել և մտածել հասուն մարդու պես։ Այնքան մի՛ մտահոգվիր քո արտաքինով, որ մոռանաս ներքին անձնավորության մասին։

Հիշիր նաև, որ Աստված «սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։ Աստվածաշնչում ասվում է, որ Սավուղ թագավորը բարձրահասակ ու գեղեցիկ էր, սակայն նա դարձավ չար թագավոր ու վատ մարդ (1 Սամուել 9։2)։ Իսկ Զաքեոսը, թեև «կարճահասակ էր», բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել փոխելու իր կյանքն ու դառնալու Հիսուսի աշակերտը (Ղուկաս 19։2–10)։ Այո՛, ամենակարևոր բանն այն է, թե դու ինչպիսին ես ներքուստ։

Մի բան պարզ է. չես կարող արագացնել կամ դանդաղեցնել ֆիզիկապես հասունանալու պրոցեսը։ Ուստի քո կյանքում տեղի ունեցող փոփոխությունները դիմավորիր ոչ թե վախով ու դժկամությամբ, այլ արժանապատվորեն ու հումորի զգացումով։ Սեռական հասունացումը հիվանդություն չէ, և դու միակը չես, որ անցնում ես այդ շրջանը։ Այնպես որ մի՛ անհանգստացիր, դու կհաղթահարես դժվարությունները։ Իսկ երբ ավարտվի այդ անհանգիստ շրջանը, կդառնաս լիարժեք չափահաս անձնավորություն։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ի՞նչ անել, եթե քո արտաքին տեսքը քեզ դուր չի գալիս։ Ինչպե՞ս կարող ես հավասարակշռված տեսակետ ունենալ քո արտաքինի վերաբերյալ։

[ծանոթագրություն]

a Նույն բանը տեղի է ունենում աղջիկների հետ։ Սովորաբար խնդիրը կարելի է լուծել մաշկի ճիշտ խնամքով։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Պիտի գովերգեմ քեզ, քանի որ զարմանալի կերպով եմ ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։14)։

ԱՌԱՋԱՐԿ

Քանի որ արդեն երեխա չես, հետևիր, թե ինչ հագուստ ես կրում, որպեսզի անհարկի ուշադրություն չգրավես։ Միշտ հագնվիր «համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթեոս 2։9)։

ԳԻՏԵԻ՞Ր

Սեռական հասունացումը ոմանց պարագայում սկսվում է 8 տարեկանում, ոմանց դեպքում էլ 14 տարեկանում կամ ավելի ուշ։ Սեռական հասունացման տարիները բավականաչափ տատանվում են։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Մինչ մեծանում եմ, պետք է ուշադրություն դարձնեմ հետևյալ հատկության վրա՝ ․․․․․

Հոգևորապես աճելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է դժվար հաղթահարել անցումային տարիքի խնդիրները։

● Ի՞նչն է քեզ համար ամենից դժվար այս շրջանում։

● Ինչո՞ւ է հնարավոր, որ անցումային տարիքում Աստծու հանդեպ քո սերը սառչի, բայց ի՞նչ կարող ես անել, որ նման բան չլինի։

[մեջբերում 61-րդ էջի վրա]

«Անցումային շրջանում շատ մտավախություններ ես ունենում և չգիտես, թե ուրիշ ինչ փոփոխություններ կլինեն։ Բայց մեծանում ես ու սովորում հարմարվել այդ փոփոխություններին և նույնիսկ ուրախությամբ ընդունել դրանք» (Անետ)։

[շրջանակ 63-րդ և 64-րդ էջերի վրա]

ինչպե՞ս կարող եմ հայրիկի ու մայրիկի հետ խոսել սեքսի մասին

«Եթե սեքսի վերաբերյալ հարց ունենամ, ծնողներիս չեմ դիմի» (Բեթ)։

«Ես չէի էլ համարձակվի նման թեմայով խոսել» (Դենիս)։

Քեզ թերևս ծանոթ են այս զգացումները։ Դժվար իրավիճակ է։ Դու հարցեր ունես սեքսի մասին, ծնողներդ գիտեն պատասխանները, բայց դու այդքան էլ հակված չես նրանց դիմելու։ Քեզ շատ բաներ են անհանգստացնում։

Նրանք ի՞նչ կմտածեն իմ մասին

«Կարծում եմ, որ այդ թեմայի շուրջ խոսելիս կասկածներ կառաջացնեմ նրանց մեջ» (Ջեսիկա)։

«Ծնողներդ ուզում են, որ դու հավիտյան երեխա մնաս, բայց եթե խոսես սեքսի մասին, կընկնես նրանց աչքից» (Բեթ)։

Ի՞նչ կասեն

«Կարծում եմ, որ հենց խոսեմ սեքսի մասին, ծնողներս շտապ եզրակացություններ կանեն ու գլխիս քարոզ կկարդան» (Գլորիա)։

«Ծնողներս չեն կարողանում թաքցնել իրենց զգացմունքները։ Կարծում եմ՝ նրանց դեմքին անմիջապես հիասթափություն կտեսնեմ։ Հենց խոսեմ, հայրս կսկսի ճառ ասել» (Փեմ)։

Սխալ չե՞ն հասկանա մղումներս

«Նրանք կարող են սուր արձագանքել ու սկսել հարցեր տալ՝ քեզ ինչ-որ բանի դրդե՞լ են, քեզ վրա ճնշո՞ւմ են բանեցրել։ Բայց ինձ պարզապես հետաքրքիր է» (Լիզա)։

«Հենց տղայի անուն եմ տալիս, հորս դեմքը փոխվում է, ու նա սկսում է սեռական դաստիարակության դասը։ Իսկ ես մտածում եմ՝ «պա՛պ, ես պարզապես ասացի, որ նա լավ տղա է, ամուսնության ու սեքսի մասին իմ մտքով անգամ չէր անցնում» (Սթեյսի)։

Թերևս մխիթարական է իմանալ, որ ծնողներիդ համար գուցե նույնպես հեշտ չէ քեզ հետ խոսել սեքսի մասին։ Դա է պատճառը, որ մի հարցման ժամանակ ծնողների 65 տոկոսը պնդում էր, որ երեխաների հետ խոսել է սեքսի մասին, մինչդեռ երեխաների 41 տոկոսն էր հիշում, որ նման զրույց եղել է։

Գուցե ծնողներդ չեն համարձակվում նման թեմա շոշափել, քանի որ նրանց ծնողներն էլ իրենց հետ չեն խոսել այդ մասին։ Անկախ ամեն ինչից՝ ըմբռնողականությամբ մոտեցիր նրանց։ Գուցե ինքդ կատարես առաջին քայլը։ Բայց ինչպե՞ս։

Ինչպես սկսել

Ինչ խոսք, ծնողներդ շատ բան գիտեն սեքսի մասին։ Քեզ միայն բանալին է պետք զրույցը «բացելու» համար։ Ահա մի քանի խորհուրդներ։

1 Բացատրիր, թե ինչու ես վախենում այդ մասին խոսելուց։ «Չգիտեմ՝ արժե խոսել, վախենում եմ՝ մտածեք, թե ես....»

2 Հետո ասա, թե ինչու ես որոշել հենց նրանց մոտենալ։ «Ես հարց ունեմ ու կարծում եմ՝ ավելի լավ է ձեզ դիմեմ, քան ուրիշներին»։

3 Այնուհետև տուր քեզ հետաքրքրող հարցը։ «Ուզում եմ հարցնել....»

4 Վերջում հետագա զրույցների համար դուռը բաց պահիր։ «Եթե հարցեր ունենամ, կարո՞ղ եմ նորից ձեզ մոտ գալ»։

Դու գիտես, որ նրանք դրական պատասխան կտան, բայց այդ հարցը տալով՝ դու հետագայում այդ թեմայով զրուցելու դուռը բաց կպահես։ Դե՛, փորձիր։ Գուցե դու էլ համաձայնվես Տրինայի հետ, որը 24 տարեկան է։ Նա ասում է. «Երբ մորս հետ սկսեցի զրուցել այս թեմայի շուրջ, մտածեցի՝ ավելի լավ կլիներ ընդհանրապես չխոսեինք։ Բայց հիմա մտածում եմ, որ մայրիկը ճիշտ էր վարվում, որ ինձ հետ ուղիղ ու անկեղծ էր խոսում։ Դա ինձ շատ խնդիրներից հետ պահեց»։

[նկար 59-րդ էջի վրա]

Մանկությանը հրաժեշտ տալիս ասես հեռանում ես ձեր տնից։ Բայց կարող ես հարմարվել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը