Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/04 էջ 4–7
  • «Ի՞նչ է կատարվում ինձ հետ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ի՞նչ է կատարվում ինձ հետ»
  • 2004 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ սկսվում է սեռական հասունացումը
  • «Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ»
  • «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում»
  • Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել սեռական հասունացման հետ կապված դժվարությունները
    Երիտասարդները հարցնում են
  • Օգնեք ձեր երեխային անցնել հասունացման շրջանը
    2016 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Փոփոխություններ կյանքում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2004 Արթնացե՛ք
g 10/04 էջ 4–7

«Ի՞նչ է կատարվում ինձ հետ»

«Մի օր արթնացա, և ամեն ինչ կարծես փոխված լիներ. ես ուրիշ մարդ էի՝ ուրիշ մարմնով» (Սեմ)։

ՊԱՏԱՆԵԿՈՒԹՅՈՒՆ. ի՞նչ է դա։ Եթե պարզ արտահայտվենք, դա մանկության և չափահասության միջև ընկած շրջանն է՝ մի ժամանակ, երբ քեզ հետ հսկայական փոփոխություններ են տեղի ունենում թե՛ ֆիզիկական և թե՛ էմոցիոնալ առումով։ Այս շրջանը անդրադառնում է նաև ուրիշների հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա։ Մի կողմից՝ պատանեկությունը ոգևորիչ ժամանակ է. ի վերջո, դա նշանակում է, որ ձևավորվում ես իբրև հասուն մարդ։ Մյուս կողմից՝ կյանքի այս փուլում քո սրտում արթնանում են նոր զգացումներ, որ երբեմն կարող են գցել տարակուսանքի մեջ ու նույնիսկ վախ ներշնչել։

Սակայն կարիք չկա պատանեկությունից սարսափելու։ Ինչ խոսք, այս շրջանում գուցե տխրության զգացում ապրես։ Բայց քեզ նաև հիանալի հնարավորություն է ընձեռվում այնպես անցկացնել հասունացման այս փուլը, որ բավականություն ստանաս դրանից։ Տեսնենք թե ինչպես. նախ՝ քննարկենք այն դժվարություններից մի քանիսը, որոնց բախվում են պատանիները։

Երբ սկսվում է սեռական հասունացումը

Անցումային շրջանում քո օրգանիզմը ենթարկվում է փոփոխությունների, ինչի շնորհիվ սերունդ տալու ունակություն ես ձեռք բերում։ Այս պրոցեսը կոչվում է սեռական հասունացում, որն իր ավարտին է հասնում տարիներ անց։ Ինչպես կտեսնենք, դա միայն սեռական օրգանների զարգացմանը չէ, որ նպաստում է։

Սովորաբար աղջիկների սեռական հասունացումը սկսվում է 10–12 տարեկան հասակում, մինչդեռ տղաներինը՝ 12–14։ Սակայն այս թվերը լոկ միջին ցուցանիշներ են։ Ինչպես նշվում է պատանիների մասին մի գրքում, «յուրաքանչյուր անհատ ունի իր ուրույն «կենսաբանական ժամացույցը», որը վճռորոշ դեր է խաղում այն հարցում, թե երբ տեղի կունենան սեռական հասունացման հետ կապված տարբեր փոփոխությունները»։ Գրքում նաև ասվում է. «Թե ո՛ր տարիքում հասունացման սկիզբը կարելի է նորմալ համարել, խիստ հարաբերական է» («The New Teenage Body Book»)։ Ուստի ոչ մի անբնական բան չկա, եթե քո սեռական հասունացումը ավելի շուտ է սկսվել, քան հասակակիցներինդ, կամ էլ սկսվել է ավելի ուշ։

Անկախ այն բանից, թե երբ կսկսվի հասունացումը՝ այն կարող է անդրադառնալ քո արտաքինի վրա, ինչպես նաև զգացումների և աշխարհայացքի։ Քննարկենք կյանքի այս առանձնահատուկ շրջանի ուրախություններից ու դժվարություններից մի քանիսը։

«Ի՞նչ է կատարվում իմ մարմնի հետ»

Սեռական հասունության սկզբում ավելանում է հորմոնների արտազատումը, մասնավորապես էստրոգենների (աղջիկների դեպքում) և տեստոստերոնների (տղաների դեպքում)։ Այս հորմոնալ փոփոխություններն են մասամբ պատասխանատու քո մարմնի՝ զարմանալի թվացող ֆիզիկական ձևափոխությունների համար։ Իրականում, այն բանից հետո, երբ սկսվում է սեռական հասունացումը, օրգանիզմի աճը ծնվելու պահից ի վեր ամենաարագ տեմպերն է ստանում։

Այդ ընթացքում քո բազմացման օրգանները սկսում են հասունանալ, սակայն դա ֆիզիկական ձևավորման առանձնահատկություններից ընդամենը մեկն է։ Հնարավոր է նաև, որ սկսես արագորեն մեծանալ։ Եթե մանուկ ժամանակ հասակիդ ամեն տարի հինգ սանտիմետր էր ավելանում, անցումային շրջանում դու ամենայն հավանականությամբ կսկսես աճել կրկնակի արագությամբ։

Հնարավոր է՝ որոշ չափով տգեղ թվաս ինքդ քեզ։ Նման զգացումները բնական են։ Հիշիր՝ քո մարմնի տարբեր մասերը կարող են աճել տարբեր արագությամբ, ինչի հետևանքով գուցե որոշ չափով տգեղանաս։ Սակայն համբերատար եղիր. քեզ վիճակված չէ ողջ կյանքում այդպիսին մնալ։ Անցումային շրջանով պայմանավորված տգեղությունը կանցնի անցյալի գիրկը։

Սեռական հասունացման ընթացքում աղջիկների մոտ սկսվում է դաշտանային ցիկլը՝ արյան, արտազատվող նյութերի և հյուսվածքային մնացուկների արտահոսքը արգանդից։a Այն սովորաբար ուղեկցվում է ցավերով։ Բացի այդ, նվազում է արտադրվող հորմոնների քանակը։ Քանի որ դա անդրադառնում է անհատի վրա թե՛ ֆիզիկական, թե՛ էմոցիոնալ առումով, սկզբնական շրջանում դաշտանը կարող է զգալի անհանգստություն պատճառել։ «Անսպասելիորեն ես բախվեցի բոլորովին նոր բանի, որը խառնաշփոթ ստեղծեց իմ հոգում ու ցավ պատճառեց։ Եվ այդպես՝ ամեն ամիս»,— հիշում է Թերեզան, որն այժմ 17 տարեկան է։

Հարկ չկա վախենալ այն բանից, որ քեզ մոտ սկսվել է դաշտանային ցիկլը։ Ի վերջո, դա ցույց է տալիս, որ օրգանիզմդ նորմալ է գործում։ Ժամանակի ընթացքում դու կսովորես հաղթահարել քո ցիկլերի հետ կապված տհաճ երևույթները։ Ոմանք, օրինակ, նկատել են, որ կանոնավորաբար ֆիզիկական վարժություններ կատարելը նպաստում է ցավերի նվազմանը։ Սակայն մարդիկ տարբեր են։ Հնարավոր է զգաս, որ դաշտանի ընթացքում պետք է քիչ զբաղվես ֆիզիկական գործունեությամբ։ Սովորիր «լսել» քո օրգանիզմին և տալ նրան այն, ինչ անհրաժեշտ է։

Անցումային շրջանում մեծանում է աղջիկների և տղաների հետաքրքրությունը իրենց արտաքինի հանդեպ։ «Դա մի ժամանակ էր, երբ իսկապես սկսեցի ուշադրություն դարձնել (և անհանգստանալ), թե ինչ են ուրիշները մտածում արտաքինիս մասին,— խոստովանում է Թերեզան։— Իրականում, ես մինչև հիմա էլ դժգոհ եմ իմ արտաքինից։ Մազերս լսող չեն, հագուստս հարմար չէ, և թվում է՝ ես երբեք չեմ կարողանա գտնել այնպիսի հագուստ, որն իսկապես դուր գա ինձ»։

Քո մարմինը կարող է դավաճանել քեզ նաև ուրիշ հարցերում։ Օրինակ՝ հասունացման շրջանում ակտիվանում են քրտնագեղձերը, ինչի հետևանքով ավելի շատ ես քրտնում։ Եթե կանոնավորապես լողանաս, լվացվես, ինչպես նաև հետևես հագուստիդ մաքրությանը, մարմնիցդ հոտ չի գա։ Նույն բանին կարելի է հասնել նաև օծանելիքի կամ հոտազերծիչ միջոցների օգնությամբ։

Բացի այդ, սեռական հասունացման ընթացքում ակտիվանում են քո մաշկի ճարպագեղձերը, ինչը կարող է նպաստել բշտիկների և պզուկների առաջացմանը։ «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բշտիկները հարձակում են գործում հենց այն ժամանակ, երբ շատ եմ ուզում գեղեցիկ լինել,— բողոքում է Աննա անունով մի աղջիկ։— Չգիտեմ՝ ինձ է այդպես թվում, թե բշտիկներն է, որ վեցերորդ զգայարանի պես մի բան ունեն և գիտեն, թե երբ են անցանկալի»։ Պզուկները խնդիր են ներկայացնում նաև Թերեզայի համար։ «Դրանց պատճառով այնպիսի զգացում եմ ունենում, թե տգեղ եմ։ Ես սկսում եմ ամաչել, քանի որ ինձ թվում է, թե մարդիկ պզուկներիս են նայում»,— ասում է նա։

Մաշկի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նաև տղաները։ Որոշ մասնագետներ նույնիսկ այն կարծիքին են, որ նրանք այս հարցում շատ ավելի զգայուն են, քան աղջիկները։ Անկախ այն բանից՝ պատանի ես թե օրիորդ՝ օգտակար կլինի, որ կանոնավորապես լվանաս մարմնիդ ճարպոտ մասերը, այդ թվում նաև դեմքդ, վիզդ, ուսերդ, մեջքդ և կուրծքդ։ Բացի այդ, եթե մազերդ հաճախակի լվանաս շամպունով, ապա ճարպը չի տարածվի մաշկիդ մյուս հատվածների վրա։ Նաև գոյություն ունեն բշտիկները վերացնող միջոցներ։ «Ծնողներս օգնեցին ինձ գտնել համապատասխան լոսյոններ և քսուքներ,— ասում է Թերեզան։— Նրանք օգնեցին նաև, որ անլիարժեք սնունդ շատ չօգտագործեմ։ Երբ անլիարժեք սնունդ չեմ ուտում և շատ ջուր եմ խմում, պզուկներիս թիվը զգալիորեն նվազում է»։

Ֆիզիկական փոփոխություններից մեկը կապված է ձայնի հետ, և դա անդրադառնում է հատկապես տղաների վրա։ Սեռական հասունացման շրջանում քո ձայնալարերը ամենայն հավանականությամբ կլայնանան ու կերկարեն, ինչը աստիճանաբար կհանգեցնի ձայնիդ հաստանալուն։ Բիլի հետ այդ փոփոխությունը շատ աննկատ տեղի ունեցավ։ «Ես չէի նկատել, որ ձայնս փոխվել է,— պատմում է նա,— դրա մասին վկայող միակ բանն այն էր, որ մարդիկ այլևս ինձ չէին շփոթում մորս կամ քրոջս հետ, երբ պատասխանում էի հեռախոսազանգերին»։

Երբեմն փոփոխության ենթարկվող ձայնը ցածր տոնից հանկարծակի անցնում է բարձրի։ «Դա իմ ամենաչսիրած բանն էր,— ասում է Թայրոնը՝ հիշելով իր պատանեկան տարիները։— Այդ բանը ինձ հետ պատահում էր հենց այն ժամանակ, երբ հուզվում էի կամ ոգևորվում։ Ես փորձում էի շատ չտրվել հույզերին, սակայն, իհարկե, հակառակն էր ստացվում»։ Թայրոնը ավելացնում է. «Մեկ, կամ թերևս երկու տարի անց այդ ամենը դադարեց»։ Եթե քեզ հետ էլ է նման բան տեղի ունենում, մի՛ հուսալքվիր։ Շուտով քո ձայնը նույնպես ձեռք կբերի իր նոր, ցածր երանգը։

«Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում»

Հաճախ պատանիները տխրություն պատճառող տարբեր զգացումներ են ունենում։ Օրինակ՝ հնարավոր է տեսնես, որ դու և մանկությանդ լավագույն ընկերները հեռանում եք իրարից։ Պարտադիր չէ՝ դա լինի այն պատճառով, որ ձեր միջև որևէ լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել։ Պարզապես դուք գուցե քիչ ընդհանուր բաներ ունեք։ Նույնիսկ քո ծնողները, որոնց մոտ ժամանակին գնում էիր մխիթարություն ու պաշտպանություն գտնելու, հանկարծ կարող են հետամնաց և անմատչելի թվալ։

Այս ամենի հետևանքով դեռահասը իրեն կարող է մեկուսացած զգալ։ «Որոշ մասնագետներ հայտնում են, որ պատանեկան շրջանում միայնությունը շատ ավելի հաճախակի և խոր բնույթ է կրում, քան մանուկ հասակում կամ չափահաս տարիքում»,— ասվում է մի հանրագիտարանում։ Վախենալով, որ ուրիշները քեզ տարօրինակ կհամարեն՝ գուցե հակված լինես քո մեջ պահելու մտքերդ ու զգացմունքներդ։ Կամ գուցե վարանես ուշադրություն ցույց տալ ուրիշների հանդեպ՝ մտածելով, թե ոչ ոք իրականում չի ցանկանա ընկերություն անել քեզ հետ։

Միայնություն ապրում են շատ պատանիներ ու մեծահասակներ։ Սակայն կարևոր է չմոռանալ, որ այդ զգացումները ժամանակի ընթացքում կանհետանան։b Հիշիր՝ քանի որ դու գտնվում ես անցումային շրջանում, քեզ հետ առնչվող գրեթե ամեն բան ենթարկվում է փոփոխության։ Քո տեսակետը կյանքի, մարդկանց և նույնիսկ սեփական անձիդ հանդեպ անընդհատ փոխվում է։ Այն անհատը, ում տեսնում ես հայելու մեջ, երբեմն կարող է բոլորովին անճանաչելի թվալ։ Հնարավոր է, որ նույն զգացումներն ունենաս, ինչպիսին Սթիվը՝ 17–ամյա մի պատանի։ Նա խոստովանում է. «Շատ դժվար է ասել, թե ճանաչում ես ինքդ քեզ, երբ քո «ես»–ը այդքան արագ է փոխվում»։

Միայնությունը հաղթահարելու լավագույն միջոցներից մեկը ուրիշների հանդեպ ուշադիր լինելն է։ Սա կարող է նշանակել, որ պետք է ծանոթանաս այն մարդկանց հետ, ովքեր քո հասակակիցները չեն։ Ճանաչո՞ւմ ես արդյոք որևէ տարեց անհատի, որին քո այցելությունը հաճելի կլիներ։ Կարո՞ղ ես որևէ օգտակար բան անել նրա համար, հատկապես եթե նա օգնության կարիք ունի։ Բոլորին՝ պատանի թե չափահաս, Աստվածաշունչը քաջալերում է ‘լայնանալ’ ուրիշների հանդեպ ջերմ զգացումներ ցուցաբերելու մեջ (Բ Կորնթացիս 6։11–13)։ Այդպես վարվելը կարող է հիանալի հնարավորություններ բացել քո առջև։

Վերևում հիշատակված աստվածաշնչյան խոսքը ընդամենը մեկն է այն բազմաթիվ սկզբունքներից, որոնք օգնել են քրիստոնյա երիտասարդներին հաղթահարել պատանեկան տարիների դժվարությունները։ Հաջորդ հոդվածը ընթերցելիս ուշադրություն դարձրու այն բանին, թե ինչ զորավոր ազդեցություն կարող է գործել Աստծո Խոսքը քո կյանքի վրա, մինչ ձևավորվում ես իբրև հասուն մարդ։

[Ծանոթագրություններ]

a Սկզբնական շրջանում դաշտանը կարող է կրկնվել ոչ թե ամիսը մեկ անգամ, այլ ավելի հաճախ կամ ընդհակառակը։ Բացի այդ, արտահոսող արյան քանակը տարբեր անհատների մոտ կարող է չափազանց տարբեր լինել։ Նման դեպքերում չարժե տագնապել։ Սակայն եթե ցիկլը անկանոն է մեկ կամ երկու տարի շարունակ, հարկավոր է դիմել բժշկի։

b Եթե միայնության զգացումը չի լքում քեզ երկար ժամանակ, կամ ինքնասպանություն գործելու մտքեր են առաջանում քո մեջ, պետք է դիմես օգնության։ Առանց հապաղելու խոսիր ծնողներիդ կամ էլ տարիքով մեծ այնպիսի հասուն մարդու հետ, որին կարող ես վստահել։

[Շրջանակ 6–րդ էջի վրա]

Ծնողներդ կատարյալ չեն

«Երբ երեխա էի, կարծում էի, թե ծնողներս կատարյալ են։ Բայց երբ մի փոքր մեծացա, չգիտեմ ինչու, նրանք արդեն... այնքան էլ իմաստուն չէին թվում ինձ։ Ուզում եմ ասել՝ ես սկսեցի հասկանալ, որ ծնողներս կատարյալ չեն, և դա ինձ տարակուսանքի մեջ գցեց։ Ցավոք, այս բանի գիտակցումը դրդեց ինձ հարցականի տակ դնել նրանց տեսակետներն ու մտածելակերպը։ Դառը փորձով, սակայն, ես վերագտա իմ հարգանքը ծնողներիս նկատմամբ։ Ճիշտ է, նրանք կատարյալ չեն, բայց մեծամասամբ իրավացի են։ Ու նույնիսկ եթե իրավացի չեն, միևնույն է իմ ծնողներն են։ Աստիճանաբար մենք ավելի ու ավելի ենք նմանվում ընկերների, և կարծում եմ, որ բոլոր ծնողների ու երեխաների հետ սովորաբար հենց դա է տեղի ունենում»։ Թերեզա (17 տարեկան)

[Նկար 7–րդ էջի վրա]

Շատ երիտասարդներ ընկերական ամուր կապ են հաստատել տարեց անհատների հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը