ԳԼՈՒԽ 7
Ի՞նչ անեմ, եթե զզվում եմ իմ արտաքինից
Հաճա՞խ ես դժգոհում քո արտաքինից։
□ Այո □ Ոչ
Երբևէ մտածե՞լ ես դիմել պլաստիկ վիրահատության կամ խիստ դիետա պահել։
□ Այո □ Ոչ
Եթե կարողանայիր, ի՞նչը կփոխեիր (վերցրու շրջանակի մեջ)։
Հասակը
Քաշը
Կազմվածքը
Մազերը
Դեմքը
Ձայնը
ԵԹԵ առաջին երկու հարցերին պատասխանեցիր այո, և երրորդ հարցին պատասխանելիս շրջանակի մեջ վերցրիր երեք կամ ավելի բառ, ապա հաշվի առ մեկ այլ բան. ուրիշները այդ աստիճան բծախնդիր չեն քո հանդեպ։ Եթե չափից շատ մտահոգվես քո արտաքինով, հեշտությամբ կընկնես ծայրահեղության մեջ։ Ըստ մի հարցման՝ որոշ աղջիկներ ավելի շատ վախենում են ավելորդ քաշ ձեռք բերելուց, քան միջուկային պատերազմից, քաղցկեղից և նույնիսկ ծնողների մահից։
Ինչ խոսք, արտաքինը կարող է ազդել քո ինքնահարգանքի և քո մասին ունեցած ուրիշների կարծիքի վրա։ 19-ամյա Մարիան ասում է. «Իմ երկու ավագ քույրերը գեղեցկուհիներ էին, իսկ ես թմբլիկ էի։ Դպրոցում հաճախ էին ինձ վրա ծիծաղում։ Դա դեռ բավական չէր, մորաքույրս էլ ինձ «Չաղլիկ» էր անվանում, որը նրա շատակեր շան անունն էր»։ Իսկ 16-ամյա Ջուլին ասում է. «Մի աղջիկ դպրոցում ինձ ծաղրում էր ու ասում, որ նապաստակի ատամներ ունեմ։ Թեև էական բան չէր, բայց նեղվում էի, և մինչև հիմա կոմպլեքսավորվում եմ»։
Անհանգստությո՞ւն, թե՞ խանգարում
Սխալ չէ անհանգստանալ արտաքին տեսքի համար։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչում նշվում է բազմաթիվ տղամարդկանց ու կանանց գեղեցիկ տեսքի մասին, օրինակ՝ Սառայի, Ռաքելի, Հովսեփի, Դավթի ու Աբիգեայի։ Գրված է նաև, որ Աբիսակ անունով մի աղջիկ «չափազանց գեղեցիկ էր» (1 Թագավորներ 1։4)։
Այնուամենայնիվ, որոշ երիտասարդներ իրենց արտաքինը անվերահսկելի մտահոգության առարկա են դարձնում։ Որոշ աղջիկներ կարծում են, որ հմայիչ լինել նշանակում է նիհար լինել։ Նրանց վրա մեծ ազդեցություն են թողնում ամսագրերի չափազանց նիհար մոդելների նկարները։ Նրանք մոռանում են, որ այդ շլացուցիչ լուսանկարները մշակվել են համակարգչով և հատուկ էֆեկտների միջոցով մոդելներին «կատարելության» հասցրել, և որ իրենց կազմվածքը պահելու համար այդ մոդելները գրեթե սովամահ են լինում։ Այդուհանդերձ, եթե աղջիկները իրենց համեմատեն այդ լուսանկարներում պատկերված մոդելների հետ, վհատության գիրկը կընկնեն։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քո արտաքինը քեզ դուր չի գալիս։ Նախ պետք է ինքդ քեզ իրատեսորեն նայես։
Աղավաղված պատկե՞ր
Երբևէ եղե՞լ ես ծիծաղի սենյակում։ Նայելով հայելիների մեջ՝ դու կա՛մ գեր, կա՛մ նիհար ես երևում։ Բայց երկու դեպքում էլ պատկերն աղավաղված է։
Շատ երիտասարդներ իրենց արտաքինի մասին հենց այդպիսի աղավաղված տեսակետ ունեն։ Մի հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղջիկների 58 տոկոսը կարծում էր, թե գեր է, մինչդեռ իրականում նրանց 17 տոկոսն ուներ ավելորդ քաշ։ Իսկ մեկ ուրիշ ուսումնասիրություն ցույց տվեց, որ կանանց 45 տոկոսը (ովքեր թերի քաշ ունեին) մտածում էր, որ ծանրաքաշ է։
Որոշ հետազոտողներ ասում են, որ աղջիկների մեծ մասը իրականում քաշի մասին անհանգստանալու պատճառ չունի։ Բայց գիտնականների նման եզրակացությունները գուցե քեզ չմխիթարեն, եթե դու մարմնեղ ես։ Իսկ ի՞նչ անել այդ դեպքում։
Պետք է նշել, որ գեները մեծ դեր են խաղում։ Որոշ մարդկանց նիհարությունը ժառանգական է։ Հետևաբար եթե ժառանգաբար քեզ փոխանցվել է փարթամ կազմվածք, ուրեմն դժվար թե կարողանաս նիհար լինել։ Անգամ եթե նորմալ քաշ ունես, միևնույնն է, լիքն ես երևում։ Մարմնամարզությունը և ճիշտ սննդակարգը ինչ-որ չափով կարող են օգնել, բայց հիմնականում չես կարող փոխել քո մարմնի կազմվածքը։
Քաշիդ վրա կարող է ազդել նաև հասունացման հետ կապված որոշ փոփոխություններ։ Սեռական հասունացման շրջանում աղջիկների օրգանիզմում ճարպի միջին քանակը 8 տոկոսից հասնում է 22-ի։ Որպես կանոն՝ ժամանակի ընթացքում 11 կամ 12 տարեկան թմբլիկ աղջնակը մեծանալով դառնում է բարեկազմ օրիորդ։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե քո ավելորդ քաշի պատճառը սխալ սննդակարգն է կամ նստակյաց ապրելակերպը։ Ի՞նչ անել, եթե իրոք կարիք կա մի քիչ նիհարելու, որպեսզի ավելորդ քաշը չվնասի առողջությունդ։
Հավասարակշռված մոտեցում
Աստվածաշունչը հորդորում է «սովորությունների մեջ չափավոր» լինել (1 Տիմոթեոս 3։11)։ Ուստի լավ կլինի, որ ժամանակին սնվես և դիետա պահելու հարցում ծայրահեղության մեջ չընկնես։ Թերևս քաշ գցելու լավագույն ձևը առողջ սնվելակարգն է և չափավոր մարմնամարզություն անելը։
Կարիք չկա, որ տարվես նորագույն դիետաներով։ Օրինակ՝ նիհարելու համար նախատեսված հաբերը գուցեև ժամանակավորապես պակասեցնեն ախորժակը, բայց սովորաբար օրգանիզմը արագ հարմարվում է, և ախորժակը նորից վերականգնվում է։ Արդյունքում նյութափոխանակության պրոցեսը դանդաղում է, ու անհատը նորից քաշ է ձեռք բերում, կամ էլ կողմնակի ազդեցություններ են լինում՝ գլխապտույտներ, արյան բարձր ճնշում, խուճապային խանգարում և նույնիսկ կախվածություն դեղերից։ Նույնը կարելի է ասել նաև այն հաբերի մասին, որոնք արագացնում են նյութափոխանակության պրոցեսը։
Սակայն չափավոր սննդակարգը ու կանոնավոր մարմնամարզությունը քեզ կօգնեն լավ զգալու և լավ տեսք ունենալու։ Շաբաթվա մեջ մի քանի անգամ աերոբիկայով զբաղվելը կբարելավի առողջությունդ։ Անգամ բավական է արագ քայլքը կամ աստիճաններով բարձրանալը։
Զգուշացիր անորեքսիայի ծուղակից
Փորձելով նիհարել՝ որոշ երիտասարդներ դարձել են անորեքսիայի զոհը։ Դա կյանքին սպառնացող սնուցման խանգարում է, որը իրականում հասցնում է սովամահության։ Մասամի անունով մի աղջիկ անորեքսիայից չորս ամիս բուժվելուց հետո պատմում է. «Երբ ինչ-որ մեկը ինձ ասում է, որ լավ տեսք ունեմ, սկսում եմ մտածել, որ նորից գիրանում եմ։ Այդ ժամանակ արցունքներս կուլ տալով մտածում եմ. «Երանի՜ նորից նիհարեի ու դառնայի այնպիսին, ինչպիսին որ չորս ամիս առաջ էի»»։
Անորեքսիան կարող է պատահաբար առաջ գալ։ Ընդամենը մի քանի կիլոգրամ նիհարելու համար աղջիկը սկսում է դիետա պահել, ինչը անվնաս է թվում։ Սակայն երբ հասնում է իր նպատակին, ինչ-որ բան իրեն չի գոհացնում։ Նայելով իրեն հայելու մեջ՝ դժգոհությամբ ասում է. «Ես դեռ շատ գեր եմ»։ Ուստի որոշում է մի քանի կիլոգրամ էլ նիհարել, հետո նորից մի քանի կիլոգրամ և այդպես շարունակ։ Հենց այսպես էլ ի հայտ է գալիս անորեքսիան։
Եթե անորեքսիայի կամ սնուցման այլ խանգարման նախանշաններ նկատես, հիշիր, դու օգնության կարիք ունես։ Դիմիր ծնողներիդ կամ որևէ վստահելի հասուն անձնավորության։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17)։
Գեղեցկություն, որը չի խամրի
Ընդհանուր առմամբ Աստվածաշունչը մեծ նշանակություն չի տալիս արտաքին տեսքին կամ մարմնի կազմվածքին։ Աստծու աչքում անհատի ներքին էությունն է նրան գեղեցիկ դարձնում (Առակներ 11։20, 22)։
Քննենք Դավթի որդի Աբիսողոմի օրինակը։ Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Իսրայելում չկար Աբիսողոմի նման մեկը, որն այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության համար։ Ոտքի թաթից մինչև գլխի ծայրը նա ոչ մի արատ չուներ» (2 Սամուել 14։25)։ Սակայն այս երիտասարդը նենգ էր։ Հպարտությունից ու փառասիրությունից դրդված՝ նա ուզում էր գրավել Եհովայի նշանակած թագավորի գահը։ Այդ պատճառով Աստվածաշնչում Աբիսողոմը ներկայացվում է ոչ թե դրական լույսի ներքո, այլ որպես դավաճան և դաժան ոճրագործ։
Կարևորն այն է, որ Եհովան «գնահատում է սրտերը» և ոչ թե աղջիկների կազմվածքը կամ տղաների մկանոտ մարմինը (Առակներ 21։2)։ Ու թեև սխալ չէ ցանկանալ գեղեցիկ տեսք ունենալ, բայց ավելի կարևոր է այն, թե դու ինչպիսի անձնավորություն ես։ Ի վերջո, մարդկանց ավելի շատ կգրավեն քո հոգևոր հատկությունները և ոչ թե քո մկաններն ու գեղեցիկ կազմվածքը։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 1-ԻՆ ՀԱՏՈՐԻ 10-ՐԴ ԳԼԽՈՒՄ։
Շատ պատանիներ պայքարում են քրոնիկ հիվանդությունների դեմ։ Եթե դու էլ ունես այդպիսի խնդիր, ինչպե՞ս կարող ես պայքարել։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Մարդը տեսնում է իր աչքի տեսածը, իսկ Եհովան սիրտն է տեսնում» (1 Սամուել 16։7)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե ուզում ես քաշ գցել
● Միշտ նախաճաշիր։ Հակառակ դեպքում հետո սովի պատճառով կսկսես սովորականից ավելի շատ ուտել։
● Ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմիր։ Դա կսահմանափակի ախորժակդ, ինչը կօգնի վերահսկելու, թե ինչքան ես ուտում։
ԳԻՏԵԻ՞Ր
Մասնագետները զգուշացնում են, որ եթե քաշ գցելու համար քեզ սովի մատնես, ապա օրգանիզմդ կհայտնվի «կրիզիս ռեժիմի» մեջ, կդանդաղի նյութափոխանակությունը և հետո կորցրած քաշը արագ կվերականգնվի։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Առողջությանս հետևելու համար ես ․․․․․
Ինձ համար օգտակար կլինեն հետևյալ վարժությունները՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ի՞նչ կարծիք ունես քո արտաքինի վերաբերյալ։
● Ի՞նչ ողջամիտ քայլեր կարող ես ձեռնարկել արտաքին տեսքդ բարելավելու համար։
● Ի՞նչ խորհուրդ կտաս ընկերոջդ, որը սնուցման խանգարում ունի։
● Ինչպե՞ս կօգնես կրտսեր եղբորդ կամ քրոջդ հավասարակշռված տեսակետ ունենալու արտաքին տեսքի վերաբերյալ։
[մեջբերում 69-րդ էջի վրա]
«Երկար ժամանակ ինձ ծաղրում էին դուրս պրծած աչքերիս համար։ Ես սովորեցի այդ ամենին հումորով վերաբերվել, բայց նաև վստահ էի իմ ուժերի մեջ ու գիտեի իմ լավ կողմերը։ Հարմարվել եմ իմ արտաքինին և ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ» (Ամբեր)։
[նկար 68-րդ էջի վրա]
Քո ինքնագնահատականը կարող է նման լինել աղավաղված պատկերի