ԳԼՈՒԽ 31
Ինչպե՞ս ճիշտ վերաբերմունք ունենամ երաժշտության հանդեպ
Որքա՞ն կարևոր է երաժշտությունը քեզ համար։
□ Առանց երաժշտության էլ կապրեմ
□ Կմեռնեմ առանց երաժշտության
Ե՞րբ ես երաժշտություն լսում։
□ Ճանապարհորդելիս
□ Սովորելիս
□ Միշտ
Ո՞ր երաժշտական ոճն ես նախընտրում և ինչո՞ւ։ ․․․․․
ՄԱՐԴԿԱՆՑ մեծ հաճույք է պատճառում հաճելի երաժշտություն լսելը։ Իրականում, շատ երիտասարդներ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց երաժշտության։ 21-ամյա Ամբերն ասում է. «Առանց երաժշտության՝ մեկ օր էլ չեմ կարող ապրել։ Ես միշտ երաժշտություն եմ լսում, երբ տունն եմ մաքրում, ճաշ եմ պատրաստում, ինչ-որ տեղ եմ գնում կամ ինչ-որ բան եմ ընթերցում»։
Երաժշտության ռիթմը կարող է լինել ընդամենը մի քանի նոտաների կրկնություն, բայց այն, թե ինչ է երաժշտությունը, վեր է մեր հասկացողությունից։ Այն հասնում է մինչև մեր սրտի խորքը և ազդում ամենանուրբ էմոցիաների վրա։ Առակներ 15։23-ում ասվում է. «Ճիշտ ժամանակին ասված խոսքը որքա՜ն լավ է»։ Նույնը կարող ենք ասել երաժշտության մասին։ Ճիշտ ժամանակին այն կարող է սփոփել ու հանգստացնել։ 16-ամյա Ջեսիկան ասում է. «Երբեմն թվում է, թե ոչ ոք չի հասկանում իմ զգացմունքները։ Բայց երբ լսում եմ իմ սիրած խմբի երգերը, հասկանում եմ, որ միակը չեմ, ով վհատվում է»։
Վիճե՞լ, թե՞ համաձայնության գալ
Քո սիրած երաժշտության վերաբերյալ ծնողներդ կարող են այլ կարծիք ունենալ։ Մի պատանի պատմում է. «Հայրս ասում է. «Անջատիր այդ աղմուկ-աղաղակը։ Խլացա»»։ Գուցե հոգնել ես այդ վեճերից և կարծում ես, որ ծնողներդ փուշը գերան են դարձնում։ Մի աղջիկ ասում է. «Իսկ երբ նրանք էին երիտասարդ, նրանց ծնողները նույն բանը չէի՞ն ասում»։ 16-ամյա Ինգրիդը դժգոհում է. «Այնպիսի տպավորություն է, թե ծնողներդ մնացել են անցյալում։ Լավ կլիներ, որ նրանք ընդունեն, որ մեր սերունդն էլ երաժշտական ճաշակ ունի»։
Ինգրիդի խոսքերում ինչ-որ ճշմարտություն կա։ Հաճախ երեխաների ու ծնողների միջև նախընտրությունների և ճաշակի հարցում ընդհարում է լինում։ Բայց արդյո՞ք ճաշակների տարբերությունը պետք է ընտանիքը բաժանի երկու հակամարտող ճակատների։ Ո՛չ։ Վեճերից խուսափելու համար լավ կլինի ծնողներիդ հետ ընդհանուր լեզու գտնես։ Եթե նրանք հարգում են Աստվածաշունչը, ապա ավելի հեշտ կլինի համաձայնության գալ։ Ինչո՞ւ։ Աստծու Խոսքը կարող է օգնել և՛ քեզ, և՛ ծնողներիդ որոշելու, թե որ երաժշտական ոճն է անընդունելի և որն է ճաշակի հարց։ Ուստի մտածիր հետևյալ կարևոր հարցերի շուրջ. 1) ինչի՞ մասին է իմ լսած երգը, 2) ամեն օր ինչքա՞ն ժամանակ եմ տրամադրում երաժշտություն լսելուն։
Ինչի՞ մասին է իմ լսած երգը
Երաժշտությունը նման է սննդի։ Առողջ սնունդը չափի մեջ օգտակար է, իսկ անառողջ սնունդը վնասակար է ցանկացած չափի մեջ։ Ցավոք, երաժշտության հարցում հաճախ այն, ինչ գրավիչ է, վատն է։ Սթիվ անունով մի երիտասարդ ասում է. «Միշտ այդպես է. հաճելի երաժշտություն, բայց զզվելի բառեր»։
Բայց եթե քեզ դուր է եկել երաժշտությունը, կարևո՞ր են արդյոք բառերը։ Մտածիր՝ եթե ինչ-որ մեկն ուզում է թունավորել քեզ, որտե՞ղ թույնը կլցնի՝ ախորժաբե՞ր, թե՞ ախորժակ չգրգռող ուտելիքի մեջ։ Հավատարիմ Հոբն ասել է. «Մի՞թե ականջը չի քննում խոսքերը, ինչպես որ քիմքն է զգում ուտելիքի համը» (Հոբ 12։11)։ Հետևաբար, փոխանակ լսես երգը զուտ այն պատճառով, որ երաժշտությունն ու ռիթմը հաճելի են, լավ կլինի ուշադրություն դարձնես բառերին։ Ինչո՞ւ։ Քանի որ բառերը կարող են մեծ ազդեցություն թողնել քո մտածելակերպի և վերաբերմունքի վրա։
Ցավոք, այսօրվա հանրահայտ երգերը գովերգում են սեքսը, բռնությունը և թմրադեղերը։ Եթե մտածում ես, որ բառերը չեն ազդում քեզ վրա, ուրեմն արդեն թունավորվել ես։
Որոշում կայացրու
Հասակակիցներդ կարող են ճնշում բանեցնել քեզ վրա, որ լսես ցածրորակ երաժշտություն։ Ճնշումը գալիս է նաև երաժշտության արդյունաբերությունից։ Ռադիոյի, հեռուստատեսության և ինտերնետի միջոցով երաժշտությունը դարձել է եկամտաբեր բիզնես։ Քո երաժշտական ճաշակը ձևավորելու և վերահսկելու համար այդ բիզնեսում աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ։
Ուստի ընդառաջ գնալով հասակակիցներիդ կամ մեդիային՝ դու զրկում ես քեզ ընտրության իրավունքից և դառնում ես խոսքի ազատություն չունեցող ծառա (Հռոմեացիներ 6։16)։ Աստվածաշունչը հորդորում է չտրվել այս աշխարհի ազդեցությանը (Հռոմեացիներ 12։2)։ Հետևաբար, հարկավոր է «ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Ինչպե՞ս կարող ես գործի դնել ըմբռնողականությունդ երաժշտություն ընտրելիս։ Նկատի առ հետևյալ առաջարկները։
Տես, թե ինչ է պատկերված տուփի վրա։ Հաճախ բավական է մի հայացք գցել սկավառակի տուփին և պարզ կդառնա, թե ինչպիսին է բովանդակությունը։ Եթե պատկերված են անվայել, բռնի, ոգեհարցական տեսարաններ, ապա դա արդեն կարող է նախազգուշացում լինել, որ երգերը հավանաբար կասկածելի բովանդակություն ունեն։
Ուշադրություն դարձրու խոսքերին։ Ինչի՞ մասին է երգը։ Իրո՞ք ուզում ես լսել ու կրկնել այդ խոսքերը։ Արդյոք երգի բառերը չե՞ն հակասում քո արժեքներին ու քրիստոնեական սկզբունքներին (Եփեսացիներ 5։3–5)։ Եթե օտար լեզվով երգեր ես լսում, ապա հարցրու որևէ մեկին, թե ինչպիսին է բովանդակությունը։
Հաշվի առ, թե ինչ ազդեցություն է թողնում։ Ֆիլիպ անունով մի երիտասարդ ասում է. «Շատ երգեր ինձ վհատեցնում էին»։ Ինչ խոսք, տարբեր մարդկանց վրա երաժշտությունը տարբեր կերպ է ազդում։ Իսկ քո լսած երաժշտությունն ինչպե՞ս է անդրադառնում տրամադրությանդ վրա։ Հարցրու ինքդ քեզ. «Նկատե՞լ եմ, որ այսինչ երգը լսելիս անվայել մտքեր են ծագում։ Ես է՞լ եմ օգտագործում նույն ժարգոնային արտահայտությունները, որոնք կան երգում» (1 Կորնթացիներ 15։33)։
Հաշվի առ ուրիշների կարծիքը։ Քո լսած երաժշտության մասին ի՞նչ են մտածում ծնողներդ։ Հարցրու նրանց կարծիքը։ Իսկ ի՞նչ կասեն հավատակիցներդ։ Քո լսած երգերը նրանց կշփոթեցնե՞ն։ Ուրիշների հանդեպ հարգանքից մղված փոփոխություններ անելը հասունության նշան է (Հռոմեացիներ 15։1, 2)։
Հետևելով վերոհիշյալ խորհուրդներին՝ կկարողանաս ընտրել այնպիսի երգեր, որոնք հաճելի կլինեն քեզ և միևնույն ժամանակ չեն վնասի Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունները։ Այժմ քննենք երկրորդ հարցը։
Ինչքա՞ն ժամանակ տրամադրել
Ինչպես առողջարար սնունդը, այնպես էլ հաճելի երաժշտությունը դրական ազդեցություն է թողնում։ Բայց մի իմաստուն առակ նախազգուշացնում է. «Մե՞ղր ես գտել։ Կեր այնքան, ինչքան քեզ պետք է, որ չլինի թե չափից շատ ուտես ու փսխես այն» (Առակներ 25։16)։ Հայտնի է, որ մեղրը բուժիչ հատկություն ունի։ Սակայն անգամ լավ բանը, եթե չափից շատ օգտագործես, կարող է վնասակար դառնալ։ Ի՞նչ ենք սովորում։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Որոշ երիտասարդների կյանքում, սակայն, երաժշտությունը գերիշխում է։ Ջեսիկան, որի մասին արդեն նշվեց, խոստովանում է. «Ես անդադար երաժշտություն եմ լսում, նույնիսկ երբ Աստվածաշունչ եմ կարդում։ Ծնողներիս ասում եմ, որ այդպես կարողանում եմ կենտրոնանալ, բայց նրանք ինձ չեն հավատում»։ Քեզ ծանո՞թ է այս իրավիճակը։
Ինչպե՞ս կարող ես որոշել, թե որքան ժամանակ տրամադրել երաժշտություն լսելուն։ Տուր քեզ հետևյալ հարցերը։
Ամեն օր ինչքա՞ն եմ երաժշտություն լսում։ ․․․․․
Ամեն ամիս որքա՞ն գումար եմ ծախսում երաժշտության վրա։ ․․․․․
Երաժշտությունը բացասական ազդեցություն թողնո՞ւմ է իմ ու ծնողներիս փոխհարաբերությունների վրա։ Եթե այո, ապա գրի առ, թե ինչպես կարող ես բարելավել իրավիճակը։ ․․․․․
Վերանայիր սովորություններդ
Եթե երաժշտությունը շատ ժամանակ է խլում քեզնից, ապա սահմաններ դիր։ Օրինակ՝ գուցե կարիք լինի, որ ձերբազատվես ամբողջ օրը ականջակալներով քայլելու կամ տուն մտնելիս երաժշտությունն անմիջապես միացնելու սովորությունից։
Իրականում, որոշ ժամանակ լռության մեջ լինելը նույնպես հաճելի է։ Բացի այդ, առանց երաժշտության դասերն անելը ավելի արդյունավետ է։ Սթիվը, որի մասին արդեն նշվեց, ասում է. «Լռության մեջ դաս անելով՝ ավելի շատ բան ես յուրացնում»։ Փորձիր դասերդ անել առանց երաժշտության և կտեսնես, որ ավելի լավ ես կենտրոնանում։
Դու նաև ավելի շատ ժամանակ կունենաս Աստվածաշունչ ուսումնասիրելու, ինչպես նաև աստվածաշնչյան հրատարակությունները կարդալու համար։ Հիսուս Քրիստոսը ժամանակ առ ժամանակ հանգիստ ու լուռ տեղ էր փնտրում, որպեսզի աղոթի ու խորհրդածի (Մարկոս 1։35)։ Հանգիստ միջավայրո՞ւմ ես ինչ-որ բան կարդում կամ ուսումնասիրում։ Եթե ոչ, ապա դա կարող է ազդել քո հոգևոր առաջադիմության վրա։
Ճիշտ ընտրություն կատարիր
Երաժշտությունն իսկապես պարգև է Աստծուց, բայց հարկավոր է հավասարակշռված լինել։ Մի՛ նմանվիր Մառլին անունով մի աղջկա, որը խոստովանեց. «Ես ունեմ այնպիսի սկավառակներ, որոնք պետք է գցել, բայց երաժշտությունն ինձ շատ է դուր գալիս»։ Մտածիր. ի՞նչ վնաս է հասցնում Մառլինը իր սրտին ու մտքին՝ վատ երգեր լսելով։ Հեռու մնա այդ ծուղակից։ Թույլ մի տուր, որ երաժշտությունը ապականի միտքդ կամ գերիշխող դառնա քո կյանքում։ Երաժշտություն ընտրելիս առաջնորդվիր քրիստոնեական բարձր չափանիշներով։ Աղոթիր Եհովային, որ օգնի քեզ։ Ընկերացիր նրանց հետ, ովքեր ունեն նույն համոզմունքները, ինչ դու։
Երաժշտությունը կարող է օգնել քեզ հանգստանալու և մոռանալու խնդիրներիդ մասին։ Այն կարող է ցրել տխրությունդ։ Բայց երբ երաժշտությունն ավարտվում է, տեսնում ես, որ խնդիրներդ չեն վերացել։ Երգերը նաև չեն փոխարինի լավ ընկերներին։ Ուստի թույլ մի տուր, որ երաժշտությունը չափազանց մեծ տեղ զբաղեցնի քո կյանքում։ Վայելիր այն, բայց մի՛ մոռացիր. ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։
Երբեմն ուզում ես զվարճանալ։ Ինչպե՞ս կարող են աստվածաշնչյան սկզբունքներն օգնել քեզ այս հարցում։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Մի՞թե ականջը չի քննում խոսքերը, ինչպես որ քիմքն է զգում ուտելիքի համը» (Հոբ 12։11)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե ուզում ես, որ ծնողներդ հասկանան, թե ինչո՞ւ ես սիրում ինչ-որ մի երգ կամ երաժշտական խմբի, ապա փորձիր ըմբռնումով մոտենալ նրանց սիրած երաժշտությանը։
ԳԻՏԵԻ՞Ր
Եթե դեմ ես, որ ծնողներդ լսեն քո սիրած երաժշտությունը, ապա դա նշան է, որ քո երաժշտական ճաշակի հետ ինչ-որ բան այն չէ։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Որպեսզի հետևեմ, թե ինչ երաժշտություն եմ լսում, ես ․․․․․
Եթե հասակակիցներս ստիպեն ինձ լսել անընդունելի երաժշտություն, ես կասեմ՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ է այդքան կարևոր, թե ինչ երաժշտություն ես նախընտրում լսել։
● Ինչպե՞ս կարող ես որոշել, թե որ երաժշտությունն է ընդունելի։
● Ինչպե՞ս կարող ես ճաշակ զարգացնել երաժշտական տարբեր ոճերի հանդեպ։
[մեջբերում 259-րդ էջի վրա]
«Հանկարծ նկատում եմ, որ վատ երաժշտություն եմ լսում, և անմիջապես անջատում եմ այն։ Այլապես հեշտությամբ արդարացում կգտնեմ, որ լսեմ մինչև վերջ» (Կարինա)։
[շրջանակ/նկարներ 258-րդ էջի վրա]
սովորիր լսել տարբեր ոճերի երաժշտություն
Ունե՞ս սիրելի ուտելիք, որը գուցե չես սիրել հինգ տարեկանում։ Եթե այո, ապա հավանաբար սկզբում փորձել ես այն և քեզ դուր է եկել։ Նույնը կարող ենք ասել երաժշտության մասին։ Մի՛ սահմանափակվիր միայն մեկ ոճի երաժշտություն լսելով։ Փորձիր զարգացնել ճաշակդ՝ տարբեր ոճերի երաժշտություն լսելով։
Ճաշակը զարգացնելու կերպերից մեկը երաժշտական գործիք նվագել սովորելն է։ Այն ոչ միայն կոգևորի ու բավականություն կպատճառի քեզ, այլ նաև հնարավորություն կտա լսելու տարբեր ոճերի երաժշտություն, ինչը հիմնականում չի առաջարկում երաժշտության արդյունաբերությունը։ Իսկ ինչպե՞ս գտնել ժամանակ սովորելու համար։ Դա կարող ես անել՝ կրճատելով հեռուստացույց դիտելու կամ էլեկտրոնային խաղեր խաղալու ժամանակը։ Ուշադրություն դարձրու, թե ինչ են ասում այս երիտասարդները.
«Երաժշտական գործիք նվագելը շատ հաճելի է, և զգացմունքներդ արտահայտելու հիանալի միջոց է։ Նոր երգեր նվագելը ինձ օգնեց սիրելու տարբեր ոճերի երաժշտություն» (Բրայեն, 18 տարեկան, նվագում է կիթառ, թմբուկ և դաշնամուր)։
«Որևէ գործիք լավ նվագելու համար պետք է շատ ջանքեր թափես, իսկ դա միշտ չէ, որ հաճելի է։ Բայց երբ սովորում ես լավ նվագել որևէ ստեղծագործություն, քեզ երջանիկ ես զգում ու բավարարվածության զգացում ես ունենում» (Ջեյդ, 13 տարեկան, նվագում է ալտ)։
«Երբ օրս ծանր է լինում կամ ինձ վատ եմ զգում, կիթառ նվագելը ինձ օգնում է հանգստանալու։ Այնքան լավ ես քեզ զգում, երբ ստեղծում ես հաճելի և հանգստացնող երաժշտություն» (Վանեսա, 20 տարեկան, նվագում է կիթառ, դաշնամուր և կլարնետ)։
«Մտածում էի, որ երբեք չեմ կարող այս կամ այն մարդու նման լավ նվագել։ Բայց տքնաջանորեն սովորում էի դասերս և հիմա բավարարվածություն եմ զգում, երբ որևէ ստեղծագործություն լավ եմ նվագում։ Նաև շատ եմ գնահատում մյուս երաժիշտների կատարումները» (Ջոն, 20 տարեկան, նվագում է կիթառ)։
[նկար 255-րդ էջի վրա]
Երաժշտությունը նման է սննդի։ Առողջ սնունդը չափի մեջ օգտակար է, իսկ անառողջ սնունդը վնասակար է ցանկացած չափի մեջ