ՄԱՍ 1
Երջանիկ ամուսնություն ունենալու համար հետևեք Աստծու խորհուրդներին
«Նա, ով սկզբից ստեղծեց, տղամարդ և կին ստեղծեց նրանց» (Մատթեոս 19։4)։
Առաջին ամուսնության հիմնադիրը Եհովաa Աստված է։ Աստվածաշնչում գրված է, որ նա ստեղծեց առաջին կնոջը և «բերեց մարդու մոտ»։ Ադամն այնքան երջանիկ էր, որ ասաց. «Վերջապե՜ս. սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից» (Ծննդոց 2։22, 23)։ Եհովան ցանկանում է, որ մարդիկ երջանիկ ամուսնություն ունենան։
Երբ նոր էիք ամուսնացել, գուցե մտածում էիք, թե կյանքում ամեն բան իդեալական է լինելու։ Իրականում, սակայն, նույնիսկ իրար շատ սիրող ամուսիններն են խնդիրներ ունենում (1 Կորնթացիներ 7։28)։ Այս գրքույկում կգտնեք աստվածաշնչյան սկզբունքներ, որոնց հետևելով՝ երջանիկ կդարձնեք ձեր ընտանեկան կյանքը (Սաղմոս 19։8–11)։
1 ԿԱՏԱՐԻՐ ԱՅՆ ԴԵՐԸ, ՈՐ ԵՀՈՎԱՆ ՏՎԵԼ Է ՔԵԶ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Ամուսինը ընտանիքի գլուխն է (Եփեսացիներ 5։23)։
Եհովան ակնկալում է, որ ամուսինը քնքշորեն հոգ կտանի կնոջ մասին (1 Պետրոս 3։7)։ Աստված կնոջը ստեղծել է որպես օգնական ամուսնու համար, և ցանկանում է, որ ամուսինը սիրի նրան և հարգի նրա արժանապատվությունը (Ծննդոց 2։18)։ Ամուսինը պետք է այնքան սիրի իր կնոջը, որ պատրաստ լինի նրա շահերը իր շահերից վեր դասելու (Եփեսացիներ 5։25–29)։
Իսկ կնոջից Եհովան ակնկալում է, որ խորապես հարգի ամուսնուն և օգնի նրան կատարելու իր դերը (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 5։33)։ Նա նաև պետք է թիկունք կանգնի ամուսնու որոշումներին և ամբողջ սրտով համագործակցի նրա հետ (Կողոսացիներ 3։18)։ Եթե կինը այդպես վարվի, կարժանանա թե՛ ամուսնու, թե՛ Եհովայի հավանությանը (1 Պետրոս 3։1–6)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Հարցրու կողակցիդ, թե ինչպես կարող ես ավելի լավ կին կամ ամուսին լինել։ Ուշադիր լսիր նրան և ջանք թափիր բարելավումներ անելու։
Եղիր համբերատար։ Ինչ խոսք, ժամանակ է անհրաժեշտ, որ երկուսդ էլ իմանաք, թե ինչպես կարող եք երջանկացնել իրար։
2 ՈՒՇԱԴԻՐ ԵՂԻՐ ԿՈՂԱԿՑԻԴ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Դու պետք է հետաքրքրված լինես կողակցիդ շահերով (Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Բարձր գնահատիր կողակցիդ և հիշիր, որ Եհովան պահանջում է, որ իր ծառաները «բոլորի հանդեպ հեզահոգի լինեն» (2 Տիմոթեոս 2։24)։ Առակներ 12։18-ում ասվում է. «Կա մարդ, որ անմտածված է խոսում և սրի պես խոցում է, բայց իմաստունների լեզուն բուժում է»։ Ուստի զգուշորեն ընտրիր բառերդ։ Եհովայի ոգին կօգնի քեզ բարությամբ ու սիրով խոսելու կողակցիդ հետ (Գաղատացիներ 5։22, 23; Կողոսացիներ 4։6)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Նախքան կողակցիդ հետ լուրջ հարցեր քննարկելը աղոթիր Աստծուն, որ հանգստություն պահպանես և նախապես բացասական տրամադրված չլինես։
Խորությամբ մտածիր, թե ինչ ես ասելու և ինչպես ես ասելու։
3 ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՂԵՔ
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Ամուսնանալով՝ դու և կողակիցդ «մեկ մարմին» եք դառնում (Մատթեոս 19։5)։ Բայց, միևնույնն է, մնում եք երկու տարբեր անձնավորություններ՝ տարբեր կարծիքներով։ Ուստի պետք է սովորեք միասնական լինել մտքով ու սրտով (Փիլիպպեցիներ 2։2)։ Դա հատկապես կարևոր է որոշումներ կայացնելիս։ Աստվածաշունչն ասում է. «Ծրագրերը խորհրդով են հաստատվում» (Առակներ 20։18)։ Միասին կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվեք աստվածաշնչյան սկզբունքներով (Առակներ 8։32, 33)։
ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ
Կողակցիդ հետ զրուցելիս խոսիր քո զգացմունքների մասին և ոչ թե պարզապես տեսակետ հայտնիր կամ որևէ տեղեկություն։
Նախքան որևէ մեկին ինչ-որ բան խոստանալը խորհրդակցիր կողակցիդ հետ։
a «Եհովան» Աստծու անունն է, որ գրված է Աստվածաշնչում։