ԴԱՍ 33
Հռութ և Նոյեմի
Իսրայելում սով սկսվեց։ Նոյեմի անունով մի իսրայելացի կին իր ամուսնու և երկու որդիների հետ գնաց ապրելու Մովաբի երկրում։ Որոշ ժամանակ անց Նոյեմիի ամուսինը մահացավ։ Նրա որդիները ամուսնացան մովաբացի կանանց հետ, որոնց անուններն էին Հռութ և Օրփա։ Բայց, ցավոք, ժամանակի ընթացքում Նոյեմիի որդիներն էլ մահացան։
Երբ Նոյեմին լսեց, որ Իսրայելում սովը վերջացել էր, որոշեց վերադառնալ իր երկիր։ Հռութն ու Օրփան նրա հետ ճանապարհ ընկան։ Բայց ճանապարհին Նոյեմին ասաց նրանց. «Դուք լավ կին էիք իմ որդիների համար և լավ հարսներ էիք ինձ համար։ Ուզում եմ, որ դուք նորից ամուսնանաք։ Գնացեք ձեր տուն՝ Մովաբ»։ Սակայն նրա հարսները ասացին. «Մենք սիրում ենք քեզ ու չենք ուզում թողնել քեզ»։ Բայց Նոյեմին համոզում էր նրանց, որ գնան։ Ի վերջո, Օրփան հետ դարձավ, սակայն Հռութը մնաց։ Նոյեմին նրան ասաց. «Տե՛ս, Օրփան վերադառնում է իր ժողովրդի ու իր աստվածների մոտ։ Դո՛ւ էլ գնա նրա հետ և վերադարձիր քո մոր տուն»։ Բայց Հռութը պատասխանեց. «Ես չեմ թողնի քեզ։ Քո ժողովուրդը իմ ժողովուրդը կլինի, և քո Աստվածը իմ Աստվածը կլինի»։ Քո կարծիքով՝ Նոյեմին ի՞նչ զգաց, երբ Հռութը այդպիսի խոսքեր ասաց իրեն։
Հռութն ու Նոյեմին Իսրայել հասան գարու հնձի սկզբին։ Մի օր Հռութը գնաց Բոոս անունով մի մարդու արտ, որ հնձվորների հետևից հավաքի մնացած հասկերը։ Բոոսը Ռախաբի որդին էր։ Նա լսել էր, որ Հռութը մովաբացի է և հավատարմորեն մնացել է Նոյեմիի կողքին։ Բոոսն իր աշխատողներին ասաց, որ հասկեր թողնեն արտում, որպեսզի Հռութը հավաքի։
Այդ երեկո Նոյեմին Հռութին հարցրեց. «Այսօր ո՞ւմ արտում աշխատեցիր»։ Հռութը պատասխանեց. «Այն մարդու անունը, ում մոտ այսօր աշխատել եմ, Բոոս է»։ Նոյեմին ասաց նրան. «Բոոսը իմ ամուսնու ազգականն է։ Շարունակիր նրա արտում աշխատել մյուս աղջիկների հետ։ Այնտեղ քեզ ոչ ոք չի նեղացնի»։
Հռութը շարունակեց աշխատել Բոոսի արտում մինչև հնձի ավարտը։ Բոոսը նկատեց, որ նա աշխատասեր և լավ կին է։ Այդ օրերում, եթե մի մարդ մահանում էր ու որդի չուներ, նրա ազգականը պետք է ամուսնանար նրա այրիացած կնոջ հետ։ Ուստի Բոոսն ամուսնացավ Հռութի հետ։ Նրանք մի որդի ունեցան, որի անունը Օբեդ դրեցին։ Օբեդը հետագայում դարձավ Դավիթ թագավորի պապիկը։ Նոյեմիի ընկերուհիները շատ էին ուրախացել։ Նրանք ասում էին. «Նախ Եհովան քեզ Հռութի պես հրաշալի հարս տվեց, հիմա էլ դու թոռ ունեցար։ Օրհնյա՜լ լինի Եհովան»։
«Կա ընկեր, որ եղբորից էլ նվիրված է» (Առակներ 18։24)։