8 ՀՈՎՍԵՓ
Նա դիմադրեց գայթակղությանը
ԿՅԱՆՔԻ դեռ վաղ տարիներից Հովսեփը վայելում էր իր հոր՝ Հակոբի, և Եհովա Աստծու սերն ու բարեհաճությունը։ Սակայն նրա կյանքը ամենևին էլ հեշտ չէր։ Նա դարձել էր թշնամանքի և ուժգին ատելության թիրախ։ Երբ Հովսեփը Հակոբի կողմից առանձնահատուկ վերաբերմունքի արժանացավ, նրա եղբայրները նախանձով ու ատելությամբ լցվեցին նրա հանդեպ։ Նրանց թշնամանքը է՛լ ավելի ուժգնացավ, երբ Հովսեփը Եհովայից մարգարեական երազներ ստացավ այն մասին, որ իր ընտանիքը մի օր խոնարհվելու էր իր առաջ։
Երբ Հովսեփը մոտ 17 տարեկան էր, մի անգամ Հակոբը նրան հանձնարարեց գնալ իր եղբայրների մոտ, ովքեր հոտերն էին արածեցնում, և իմանալ նրանց որպիսությունը։ Հովսեփը ճանապարհ ընկավ և մի քանի օր հետո հասավ եղբայրներին։ Նրան տեսնելով՝ եղբայրները անգթորեն հարձակվեցին նրա վրա և գցեցին մի ցամաքած հորի մեջ։ Թեև Հովսեփը օգնություն էր աղերսում, նրանք սառնասրտորեն չլսելու էին տալիս։ Սկզբում եղբայրները մտադրվել էին սպանել Հովսեփին, բայց հետո որոշեցին վաճառել նրան այդտեղով անցնող առևտրականներին։ Տուն վերադառնալով՝ նրանք մոլորության մեջ գցեցին Հակոբին՝ տպավորություն ստեղծելով, թե նրա սիրելի որդուն վայրի գազան է հոշոտել։ Բայց իրականությունն այլ էր. Հովսեփին տարել էին հարավ՝ հեռավոր Եգիպտոս, և ստրկության վաճառել փարավոնի պալատականներից մեկին՝ Պետափրեսին։
Հովսեփը հեշտությամբ կարող էր վհատության գիրկն ընկնել։ Բայց նա քաջ գտնվեց և ջանասիրաբար արեց իրեն հանձնարարված ամեն գործ։ Եհովան էլ նրան մենակ չթողեց։ Նա հոգ տարավ, որ ինչ էլ Հովսեփն անի, հաջողվի։ Արդյունքում Պետափրեսը Հովսեփի վերահսկողությանը հանձնեց իր տունն ու ողջ ունեցվածքը։
Բայց մի անախորժություն էր հասունանում։ Մեծանալով Հովսեփը «վայելչակազմ, գեղեցկատես տղամարդ էր դարձել», ինչը չվրիպեց Պետափրեսի կնոջ աչքից։ Նա անթաքույց հետաքրքրություն էր դրսևորում Հովսեփի հանդեպ։ Կինն անգամ ուղիղ առաջարկ արեց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»։ Հովսեփը բարդ իրավիճակում էր։ Նա հեռու էր իր ընտանիքից, ընդամենը մի ստրուկ էր, պարզապես մեկի սեփականություն, ում հետ կարող էին վարվել, ինչպես ուզում էին։ Դեռ ավելին՝ այդ կինը կարող էր մղձավանջի վերածել նրա կյանքը։ Ի՞նչ կաներ Հովսեփը։ Կտրվե՞ր գայթակղությանը, թե՞ քաջություն կունենար մերժելու։
Հովսեփն ինչպե՞ս կարողացավ մերժել իր տիրուհուն՝ իմանալով հանդերձ, որ նա կարող է իր կյանքը մղձավանջի վերածել
Աստվածաշնչից իմանում ենք, որ Հովսեփը մերժեց այդ կնոջը՝ բացատրելով, որ ոչ մի դեպքում դավաճանաբար չի վարվի նրա ամուսնու հետ, ով լիովին վստահում էր իրեն։ Բայց Հովսեփը շատ ավելի կարևոր մի պատճառ էլ նշեց։ Նա ասաց. «Ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»։ Այո՛, Հովսեփը սիրում էր իր երկնային Հորը՝ Եհովային, ու դրա շնորհիվ քաջություն ունեցավ հաստատակամորեն «ոչ» ասելու։ Սակայն Պետափրեսի կինը չհանձնվեց։ Նա «ամեն օր համոզում էր Հովսեփին», բայց ապարդյուն։ Եվ ահա մի օր, երբ ծառաներից ոչ մեկը մոտակայքում չէր, նա բռնեց Հովսեփի հագուստից և պահանջեց. «Պառկի՛ր ինձ հետ»։ Հովսեփը ազատվեց կնոջ ձեռքից ու դուրս փախավ։ Բայց նրա հագուստը կնոջ մոտ մնաց։ Հետո վերջինս այն ցույց տվեց Պետափրեսին և զրպարտեց Հովսեփին՝ ասելով, թե նա փորձել է բռնաբարել իրեն։ Ցասումով լցված՝ Պետափրեսը Հովսեփին բանտ գցեց։
Այդ խավար բանտում Հովսեփի ոտքերը մի որոշ ժամանակ կապված էին ոտնաշղթաներով, իսկ պարանոցին երկաթե կապանք էր դրված (Սաղ. 105։17, 18)։ Հովսեփը կարող էր լիովին հույսը կտրել։ Մի՞թե Եհովան լքել էր նրան։ Ամենևի՛ն։ Հովսեփը երբեք չկորցրեց Աստծու հանդեպ իր վստահությունը։ Նա բանտում էլ ջանասիրաբար աշխատեց, և Եհովան օրհնեց նրան. շատ չանցած՝ նրան մի մեծ պատասխանատվություն վստահվեց։ Այո՛, Հովսեփը քաջաբար տարավ իր դժվարությունները, և այդպես՝ տարիներ շարունակ։
Իր հավատի ու քաջության շնորհիվ Հովսեփը Եհովային պիտանի մարդ մնաց։ Հետագայում Աստված փարավոնին երկու մարգարեական երազ տվեց և Հովսեփին օժտեց դրանք լուսաբանելու կարողությամբ։ Հովսեփը մեկնաբանեց երազները՝ հայտնելով թագավորին, որ յոթ տարվա առատությանը կհաջորդեն սովի յոթ տարիներ։ Խիստ տպավորված՝ փարավոնը Հովսեփին վստահեց մոտալուտ ճգնաժամին նախապատրաստվելու գործը։ Նա Հովսեփին բարձրաստիճան կառավարիչ դարձրեց՝ երկրորդ կարևորագույն անձը ողջ Եգիպտոսում։ Արդյունքում Հովսեփը կարողացավ սովից փրկել ոչ միայն եգիպտացիներին, այլև իր ընտանիքի անդամներին։ Երբ նրա եղբայրները եկան Եգիպտոս՝ սնունդ գնելու, նրանք առանց իմանալու խոնարհվեցին իրենց կրտսեր եղբոր առաջ։ Այդպիսով կատարվեցին պատանեկության տարիներին Հովսեփին տրված մարգարեական երազները։ Նաև պարզ դարձավ, որ տարիների ընթացքում Հովսեփի եղբայրները փոխվել ու լավ մարդ էին դարձել։ Նրանք ականատես եղան, թե ինչպես իրենց երբեմնի ատված եղբայրը փրկեց իրենց, իրենց հորը և ապագա Իսրայելի ազգը։ Այս ամենը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ Հովսեփը քաջություն դրսևորեց և մինչև վերջ ամուր պահեց Եհովայի հանդեպ իր հավատը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հովսեփն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ի՞նչն է փաստում, որ Եգիպտոսում Հովսեփի հետ կատարված դեպքերի մանրամասները ճշգրիտ են (g 1/11, էջ 20, պրբ. 2)։
2. Հովսեփը որտեղի՞ց գիտեր, որ Եհովան անբարոյությունը «մեծ չարիք» է համարում (Ծննդ. 39։9; w22.08, էջ 26, պրբ. 2)։
3. Եհովան ինչո՞ւ թույլ տվեց, որ Հովսեփը բարձր պաշտոն զբաղեցնի Եգիպտոսում (w96 5/1, էջ 11, պրբ. 4)։ Ա
նկար Ա
4. Ինչի՞ց է երևում, որ 110-ամյա Հովսեփի հավատը առաջվա պես ամուր էր մնացել (Ծննդ. 50։25, 26; w07 6/1, էջ 28, պրբ. 10-11)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Իր եղբայրների հանդեպ Հովսեփի վերաբերմունքը ինչպե՞ս կարող է օգնել քեզ, եթե հավատակիցդ անարդարացիորեն վարվի քեզ հետ (Ծննդ. 45։4, 5; 50։19-21)։
Հովսեփը նվիրված մնաց Եհովային, անգամ երբ իր տնից ու ընտանիքից հեռու էր։ Նրա օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ՝
դպրոցում, Գ
նկար Գ
ճամփորդելիս, Դ
նկար Դ
հեռախոսից կամ այլ սարքից օգտվելիս։ Ե
նկար Ե
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովսեփի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հովսեփին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Թեև Եհովան Հովսեփին չպաշտպանեց դժվարություններից, բայց օգնեց, որ դիմանա։ Իմացիր, թե Եհովան ինչպես կարող է քեզ էլ օգնել։
Երեխաները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Հովսեփին, երբ ուրիշ երեխաները վատ են վերաբերվում իրենց։