43 ՀՈՎՍԵՓ
Նա հանձն առավ իրեն վստահված կարևոր դերը
ԼԱՎ հայր լինելու համար ջանասիրություն ու քաջություն է պետք։ Սակայն Հովսեփը՝ նազարեթցի մի ատաղձագործ, խիզախության և ամուր հավատի կարիք ուներ դեռ նախքան հայր դառնալը։ Նա իմացավ, որ իր նշանածը՝ Մարիամը, հղի է, բայց երեխան իրենը չէր։ Մարիամը նրան բացատրեց ողջ եղելությունը։ Սակայն Հովսեփը, միևնույն է, չէր կարողանում հասկանալ ու հավատալ։ Ի՞նչ կաներ նա։
Աստվածաշնչում ասվում է, որ «Հովսեփը արդար մարդ էր», ով հնազանդվում էր Եհովայի օրենքներին։ Նա բարի էր ու գթասիրտ։ Հովսեփը «ծանրութեթև արեց այդ ամենը» և Մարիամին խայտառակությունից պաշտպանելու համար որոշեց գաղտնաբար բաժանվել նրանից (այդ օրերում նշանադրությունը ամուսնությանը հավասար մի բան էր)։ Սակայն Եհովան միջամտեց։ Նրա ուղարկած հրեշտակը երազում խոսեց Հովսեփի հետ և ասաց. «Մի՛ վարանիր տուն տանել կնոջդ՝ Մարիամին»։ Հրեշտակը հավաստիացրեց Հովսեփին, որ Մարիամը նրան ճիշտն է ասել։ Երեխան իսկապես Աստծու Որդին էր՝ ապագա Մեսիան։
Հովսեփը պետք է ստանձներ Աստծու Որդուն մեծացնելու ահռելի պատասխանատվությունը
Հովսեփը «վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը»։ Նա առանց երկմտելու ստանձնեց Եհովայի կողմից իրեն վստահված պատասխանատվությունը։ Հովսեփը պետք է հոգ տաներ իր սիրելի կնոջն ու ամենաբացառիկ մանկանը, որ երբևէ լույս աշխարհ էր գալու։ Դրա համար նրան շատ ուժ ու քաջություն էր անհրաժեշտ։
Ամիսներ անց Օգոստոս կայսրը հրաման արձակեց, որ բոլորը մարդահամար անցնեն, ուստի Հովսեփը պետք է գնար իր ծննդավայր՝ Բեթլեհեմ։ Հայտնի չէ՝ օրենքը պահանջում էր, որ Մարիամն էլ գնար, թե ոչ, բայց Հովսեփը հավանաբար մտածեց, որ այդպես ավելի լավ կլինի։ Նա ավելի լավ կկարողանար պաշտպանել ու հոգ տանել իր կնոջը, եթե նրա կողքին լիներ։ Ուստի նրանք երկար ճամփորդության մեկնեցին, թեև Մարիամը «շուտով ծննդաբերելու էր»։ Այնտեղ՝ Բեթլեհեմում, Մարիամի ցավերը սկսվեցին, և քանի որ գիշերելու ավելի հարմար տեղ չէին գտել, նա ծննդաբերեց ախոռում։
Հովսեփը ջանասիրաբար աշխատում էր, որ հոգար իր ընտանիքի կարիքները, բայց հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Երբ նա և Մարիամը փոքրիկին տարան Երուսաղեմի տաճար, նրանք այնպիսի զոհ բերեցին, որ աղքատների համար էր նախատեսված։ Որոշ ժամանակ անց, երբ Հովսեփի ընտանիքը դեռ ապրում էր Բեթլեհեմում, նրանց այցելեցին աստղագուշակներ, որոնք հավանաբար Բաբելոնից էին։ Նրանք եկել էին մի տարօրինակ «աստղի» ուղղորդմամբ։ Աստղագուշակները թանկարժեք նվերներ էին բերել։ Դրանից շատ չանցած՝ Եհովայի հրեշտակը զգուշացրեց Հովսեփին, որ չարամիտ Հերովդես թագավորը ցանկանում է սպանել փոքրիկ Հիսուսին, և պատվիրեց, որ նա ընտանիքին վերցնի ու փախչի Եգիպտոս։
Հովսեփը իր ընտանիքի հետ գիշերով շուտափույթ դուրս եկավ Բեթլեհեմից և խիզախորեն ճանապարհ ընկավ դեպի օտար երկիր։ Ինչպե՞ս էր նա Եգիպտոսում հոգալու իր ընտանիքի կարիքները։ Անկասկած, նա շատ ուրախ էր անծանոթ այցելուների բերած թանկարժեք նվերների համար, քանի որ դրանք որոշ չափով կթեթևացնեին իր հոգսը։ Որոշ ժամանակ անց Եհովան պատվիրեց Հովսեփին վերադառնալ Իսրայել։ Սակայն քանի որ Բեթլեհեմում իշխում էր մեկ այլ վտանգավոր կառավարիչ, նա, Աստծու նախազգուշացմանը հետևելով, ընտանիքին Նազարեթ տարավ։
Այնտեղ Հովսեփը ծանր աշխատում էր որպես ատաղձագործ, որ ապրուստ վաստակեր Մարիամի, Հիսուսի և նրանից հետո ծնված առնվազն վեց այլ երեխաների համար։ Բայց որ ավելի կարևոր է, նա բարեխղճորեն հոգում էր իր ընտանիքի հոգևոր կարիքները։ Նրանք սովորություն ունեին ընտանիքով գնալ ժողովարան՝ Եհովայի մասին սովորելու, ինչպես նաև գնում էին Երուսաղեմ՝ մասնակցելու սուրբ տոներին։ Այդպիսի տոներից մեկի ժամանակ Մարիամն ու Հովսեփը իրենց տեսադաշտից բաց թողեցին պատանի Հիսուսին, որն արդեն 12 տարեկան էր։ Կարելի է պատկերացնել, թե որքան էր անհանգստացել այդ հոգատար հայրը. նա իր կնոջ հետ ամենուր նրան էր փնտրում։ Շուտով Հիսուսին գտան ապահով վայրում։ Նա ծնողների հետ վերադարձավ Նազարեթ և «շարունակում էր հնազանդվել նրանց»։ Սա Հովսեփի մասին աստվածաշնչյան վերջին հիշատակումն է։
Աստվածաշնչում չի նշվում, թե Հովսեփը երբ է մահացել։ Բայց նախքան իր մահը, նա անշուշտ տեղը տեղին կրթել էր իր որդեգրյալ զավակին ու սովորեցրել նրան իր արհեստը, քանի որ Հիսուսին ճանաչում էին ոչ միայն որպես «ատաղձագործի որդի», այլև որպես «ատաղձագործ»։ Հովսեփը հիանալի հոր լավ օրինակ է թողել, այնպիսին, ինչպիսին Եհովան է ուզում։ Նա ուզում է, որ բոլոր հայրերն էլ լինեն Հովսեփի պես քաջ պաշտպաններ, ընտանիքի հոգսը ջանասիրաբար հոգացողներ, ջերմ ու բարի ուսուցանողներ և հավատարմորեն կատարեն իրենց վստահված աստվածատուր պատասխանատվությունը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հովսեփն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչո՞ւ է Ղուկաս 3։23-ում ասվում, որ «Հովսեփը Հեղիի որդին էր», եթե Հեղին Մարիամի հայրն էր (w17.08, էջ 32, պրբ. 4)։
2. Թերևս ինչո՞ւ Հովսեփը որոշեց սեռական հարաբերություն չունենալ Մարիամի հետ մինչև Հիսուսի ծնվելը (w03 12/15, էջ 5, պրբ. 5)։
3. Ինչի՞ց է երևում, որ Հովսեփը ջանասեր աշխատող էր (ia, էջ 166-167, պրբ. 15-18)։ Ա
նկար Ա
4. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Հովսեփը հավանաբար մահացել է այն ժամանակ, երբ Հիսուսը դեռ շատ երիտասարդ էր ու չէր սկսել իր ծառայությունը (w17.07, էջ 13, պրբ. 8, ծնթ.)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հովսեփը հնազանդվեց Եհովային, անգամ երբ հեշտ չէր։ Ընտանիքի գլուխները ի՞նչ կարող են սովորել նրանից (Մատթ. 1։20, 24; 2։13-15, 19-21)։
Հովսեփի օրինակից ի՞նչ ենք սովորում Եհովային պաշտելը ընտանիքում առաջնային դարձնելու վերաբերյալ (Ղուկ. 2։41)։ Բ
նկար Բ
Ուրիշ ի՞նչ կերպերով կարող ես ընդօրինակել Հովսեփի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հովսեփին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Այս վիդեոբեմադրության մեջ տես, թե Հովսեփն ինչպես խոնարհաբար հնազանդվեց Եհովայի ասածներին։
«Նա «վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը»» (4։39)
Հովսեփի և Մարիամի օրինակը ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ պետությունը այնպիսի օրենք է սահմանում, որն անարդարացի ենք համարում, կամ որը դժվարացնում է մեր կյանքը։