9 ՍԵՓՐԱ, ՓՈՒԱ, ԱՄՐԱՄ, ՀՈՔԱԲԵԹ ԵՎ ՄԱՐԻԱՄ
Հավատի շնորհիվ նրանք պաշտպանեցին Մովսեսին
ԱՐԴԵՆ ավելի քան 60 տարի էր, ինչ Հովսեփը մահացել էր։ Եգիպտացիները մոռացել էին մեծ հավատ ունեցող այդ մարդուն, որի միջոցով Եհովան փրկել էր իրենց ազգը երկարատև սովից։ Այժմ երկրում մի նոր փարավոն էր իշխում։ Նա ատում էր իսրայելացիներին ու վախենում էր նրանցից, քանի որ նրանք Եհովայի օրհնությամբ օրեցօր շատանում էին։ Ուստի փարավոնը ստրկացրեց իսրայելացիներին։ Եգիպտացիները նրանց դաժանաբար չարչարում էին։ Չնայած այդ ամենին՝ իսրայելացիների թիվը շարունակում էր աճել։
Այդ ժամանակ փարավոնը մի արյունարբու մարտավարություն ընտրեց։ Նա իր մոտ կանչեց երկու եբրայեցի մանկաբարձուհիների՝ Սեփրային ու Փուային, և նրանց հրամայեց ծնունդ ընդունելիս սպանել բոլոր տղա երեխաներին։ Միայն պատկերացրու, թե ինչ ապրումներ ունեցան նրանք՝ լսելով այդ հզոր կառավարչի դաժան հրամանը։ Բայց այդ երկու քաջ կանայք «ակնածալից վախ ունեին ճշմարիտ Աստծու հանդեպ»։ Նրանք գիտակցում էին, որ ոչ մի մարդ, ինչքան էլ մեծ իշխանություն ունենա, իրավունք չունի իրենցից պահանջել որևէ մարդու կյանք խլել. չէ՞ որ կյանքը սուրբ է Եհովայի՝ տիեզերքի Գերիշխանի աչքին։ Աստվածավախության շնորհիվ այդ կանայք իսկական սխրանք գործեցին. նրանք ոչ միայն «չարեցին Եգիպտոսի թագավորի ասածը», այլև, ընդհակառակը, օգնեցին պաշտպանել ու փրկել հնարավորինս շատ նորածինների։ Փարավոնը, ցասումով լցված, հաշիվ պահանջեց մանկաբարձուհիներից, բայց նրանք հնարամտորեն քողարկեցին իրենց արածը։ Նրանց քաջությունն ու աստվածավախությունը չվրիպեցին Աստծու աչքից։ Եվ որպես վարձատրություն «Աստված բարիք արեց մանկաբարձուհիներին»։ Իսկ հետագայում ընտանիքներ պարգևեց նրանց։
Ի՞նչ կպատահեր նորածին Մովսեսին, եթե մանկաբարձուհիները, նրա ծնողները և քույրը քաջ չլինեին
Տեսնելով, որ իր ծրագիրը խափանվեց՝ փարավոնը մեկ այլ անգութ հրաման արձակեց. «Եբրայեցի ամեն նորածին տղայի Նեղոս գե՛տը գցեք»։ Այս մռայլ ու մահաշունչ ժամանակներում եբրայեցի մի զույգ՝ Ամրամն ու Հոքաբեթը, կանգնեցին դժվարին որոշման առաջ։ Նրանք արդեն երկու զավակ ունեին՝ Մարիամն ու Ահարոնը, և շուտով պարզվեց, որ Հոքաբեթը հղի է երրորդով։ Նրանք գիտեին, որ եթե տղա ծնվեր, ու պահեին երեխային, ողջ ընտանիքը վտանգի կենթարկվեր։ Այդուհանդերձ, երբ լույս աշխարհ եկավ նրանց որդին, նրանք ամեն ինչ արեցին, որ հնարավորինս երկար թաքցնեն մանկանը։ Բայց հեշտ չէ երեխային թաքուն պահել։ Ուստի երբ նա երեք ամսական էր, Հոքաբեթը մի զամբյուղ վերցրեց, պատեց հանքաձյութով ու կուպրով և երեխային պառկեցրեց դրա մեջ։ Հետո զամբյուղը տարավ դրեց Նեղոս գետի ափին՝ եղեգների մեջ։ Նրա փոքրիկ դուստրը՝ Մարիամը, թաքնվեց մոտակայքում, որ ապահով հեռավորությունից հսկի իր նորածին եղբորը։
Որոշ ժամանակ անց փարավոնի դուստրը եկավ Նեղոս գետում լողանալու։ Նա նկատեց զամբյուղը և իր աղախնին ուղարկեց, որ բերի այն։ Զամբյուղը բացելով՝ արքայադուստրը տեսավ գեղեցիկ մանկանը, որը լաց էր լինում, և նրա սիրտը ճմլվեց։ Ուստի նա որոշեց որդեգրել տղային։ Բայց հարկավոր էր նրան կրծքով կերակրել։ Մարիամը արագ կողմնորոշվեց, թե ինչ անել. նա համարձակ մոտեցավ փարավոնի դստերը և առաջարկեց երեխայի համար կերակրող կին գտնել։ Արքայադուստրը համաձայնվեց։ Ուստի Մարիամը գնաց ու բերեց հենց իր մորը։ Միայն պատկերացրու, թե որքան ուրախացավ Հոքաբեթը, որ կարող էր առանց վախի կերակրել ու խնամել իր սիրելի բալիկին։ Եվ նա դեռ մի բան էլ վարձատրվելու էր դրա համար։ Հոքաբեթը և Ամրամը, անկասկած, ջանք չխնայեցին, որ իրենց փոքրիկ տղային սովորեցնեն Եհովայի մասին։ Բայց ի վերջո եկավ այն օրը, երբ ստիպված էին նրան հանձնել փարավոնի դստերը։ Վերջինս երեխային Մովսես անվանեց։
Արդյոք Եհովան վարձատրե՞ց Ամրամին, Հոքաբեթին և Մարիամին իրենց հավատի ու քաջության համար։ Անկասկա՛ծ։ Ամրամն ու Հոքաբեթը Մարիամին ու Ահարոնին մանկուց սովորեցրել էին սիրել ու հնազանդվել Եհովային, ուստի վայելեցին իրենց ջանքերի արդյունքը. նրանց զավակները դարձան Եհովայի հավատարիմ ծառաներ։ Այդ աստվածավախ ծնողները նաև իրենց աչքով տեսան, թե ինչպես է Եհովան պաշտպանում իրենց մյուս զավակին՝ Մովսեսին։ Իհարկե չգիտենք՝ արդյոք նրանք ապրեցին այնքան, որ տեսնեն՝ ինչպիսի մարդ դարձավ նա (Ելք 6։20)։ Բայց Մարիամն ու Ահարոնը, ինչ խոսք, տեսան։ Նրանք ականատես եղան, թե Եհովան ինչ հրաշքներ արեց Մովսեսի միջոցով։ Այս երեք հավատարիմ մարդիկ առանձնահատուկ հավատ ու քաջություն դրսևորեցին։ Հաջորդ գլխում կիմանանք, թե ինչ հանգամանքներում մեծացավ Մովսեսը և ինչպես որոշեց ծառայել Եհովային։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Մանկաբարձուհիներն ու Մովսեսի ընտանիքը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին
Խորացրու գիտելիքներդ
1. Հնագիտական տեղեկություններն ինչպե՞ս են հաստատում, որ իսրայելացիները մի ժամանակ ապրել են Եգիպտոսում (g04 4/8, էջ 4, պրբ. 4-էջ 5, պրբ. 1)։
2. Ի՞նչն է փաստում, որ պապիրուսե զամբյուղի և երեխաներին սպանելու հրամանի մասին աստվածաշնչյան տեղեկությունները ճշգրիտ են (g04 4/8, էջ 6, պրբ. 1-2)։ Ա
Christine Osborne Pictures/Alamy Stock Photo
նկար Ա։ Պապիրուսը մինչ օրս օգտագործվում է նավակներ պատրաստելու համար
3. Ի՞նչ է հայտնի եբրայեցի մանկաբարձուհիների մասին։ Ինչպե՞ս նրանք օրհնվեցին (w03 11/1, էջ 8, պրբ. 3-4; it, «Մանկաբարձուհի»)։ Բ
նկար Բ
4. Տարեց հասակում Մարիամն ինչպե՞ս ընդօրինակման արժանի հավատ դրսևորեց (ijwia, հոդված 7, պրբ. 14-18)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Ծնողներն ի՞նչ կարող են սովորել Ամրամից ու Հոքաբեթից։
Քույրեր ու եղբայրներ ունեցող երեխաները ի՞նչ կարող են սովորել փոքրիկ Մարիամից։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սեփրայի ու Փուայի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Սեփրային, Փուային, Ամրամին, Հոքաբեթին կամ Մարիամին, երբ նրանք հարություն առնեն։
Բացահայտիր ավելին
Իմացիր, թե ինչ կարող ենք սովորել փարավոնի հրամանին դեմ գնացած քաջ կանանցից։
«Կանայք, որոնք ուրախացրին Եհովայի սիրտը» (w03 11/1, էջ 8-9, պրբ. 3-5)
Եհովան այսօր է՞լ է հոգ տանում այն մարդկանց մասին, ովքեր քաջաբար իրեն են հնազանդվում, ոչ թե մարդկանց։