19 ՀԵՓԹԱՅԵՆ ՈՒ ՆՐԱ ԱՂՋԻԿԸ
Նրանք պահեցին երդումը, թեև դժվար էր
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ կրկին դժվար ժամանակներ էին։ Ժողովուրդը նորից թողել էր Եհովային, ուստի Եհովան թույլ էր տվել, որ ամմոնացիները մոտ 18 տարի շարունակ կեղեքեն նրանց (Դատ. 10։8)։ Ի վերջո Աստծու ժողովուրդը հասկացավ իր սխալը, ձերբազատվեց կեղծ աստվածներից և վերադարձավ Եհովայի մոտ։ Նրանք դեռ նոր էին արել այդ փոփոխությունները, երբ ամմոնացիները բանակ դրեցին Գաղաադում, որ անցնեն հարձակման։
Գաղաադի երեցները Հեփթայե անունով մի մարդու խնդրեցին, որ պատերազմում առաջնորդի իրենց։ Հավանաբար այդ երեցներից ոմանք Հեփթայեի խորթ եղբայրներն էին, ովքեր մի ժամանակ վատ էին վերաբերվել նրան՝ ստիպելով փախչել Գաղաադից։ Արդյո՞ք նա դառնությամբ էր լցվել կամ ոխ պահել նրանց դեմ։ Ամենևի՛ն։ Չնայած նրանց ցույց տված վատ վերաբերմունքին՝ Հեփթայեն համաձայնեց վերադառնալ ու կռվել նրանց համար։ Բայց նախքան ամմոնացիների դեմ պատերազմի դուրս գալը նա փորձեց խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը։ Հեփթայեն պատգամաբերներ ուղարկեց ամմոնացիների թագավորի մոտ և մանրամասն բացատրեց, թե ինչու են Իսրայելի հողերի նկատմամբ վերջինիս բոլոր հավակնությունները անհիմն։ Հեփթայեի խոսքերից երևաց, որ նա քաջատեղյակ է իր ժողովրդի ու շրջակա ազգերի պատմությանը և նրանց առնչությամբ Եհովայի ձեռնարկած քայլերին։ Բայց ամմոնացիների թագավորը ուշադրություն չդարձրեց Հեփթայեի խոսքերին։ Նա վճռել էր պատերազմել։
Մինչ Հեփթայեն նախապատրաստվում էր կռվի, Եհովայի ոգին սկսեց ներգործել նրա վրա։ Այդ ժամանակ Հեփթայեն այսպիսի երդում տվեց Եհովային. «Եթե դու ամմոնացիներին իմ ձեռքը տաս, և ես հաղթանակած վերադառնամ ամմոնացիների մոտից, նա, ով իմ տան դռնից դուրս գա ինձ դիմավորելու, Եհովային կպատկանի, ու ես նրան որպես ողջակեզ կմատուցեմ»։ Արդյո՞ք դա հապճեպ ու անխոհեմ որոշում էր։ Կարող ենք վստահությամբ ասել, որ ոչ, այլապես Եհովայի ոգին նրան հետ կպահեր նման երդում տալուց։
Իսկ ասելով՝ «ողջակեզ կմատուցեմ»՝ արդյո՞ք Հեփթայեն նկատի ուներ, որ բառացի այրելու էր ինչ-որ մեկին որպես զոհ։ Իհա՛րկե ոչ։ Եհովայի համար գարշելի են մարդկային զոհաբերությունները, և նա արգելել էր նման բան անել (2 Օրենք 18։10, 12)։ Հեփթայեն նկատի ուներ, որ իր տնից դուրս եկող առաջին մարդը «Եհովային էր պատկանելու», այսինքն՝ իր կյանքն ամբողջությամբ նվիրելու էր Նրան ծառայելուն, ըստ ամենայնի, Սելովում գտնվող խորանում։ Հեփթայեն հասկանում էր, որ այդ երդումը կարող էր շատ թանկ նստել իր վրա։ Նա ընդամենը մեկ երեխա ուներ՝ իր սիրելի դուստրը։ Ու միանգամայն հնարավոր էր, որ հենց նա դուրս գար իրեն դիմավորելու։
Ինչևիցե, այդ պահին Հեփթայեն կարևոր անելիք ուներ։ Նրան թեժ պայքար էր սպասում։ Ուստի նա իր մարդկանց քաջաբար առաջնորդեց կռվի։ Եվ Եհովան նրանց օրհնեց՝ մեծ հաղթանակ պարգևելով։ Նրանք «սաստիկ կոտորածով» ջախջախեցին թշնամուն և շարունակեցին կռիվը՝ գրավելով 20 ամմոնական քաղաքներ։
Հեփթայեն հաղթանակած վերադարձավ տուն։ Հնարավոր է՝ նա սրտի խորքում հույս էր փայփայում, որ գուցե առաջինը ծառաներից մեկը դուրս գա։ Եթե այդպես էր, ապա շուտով նրա հույսերը փշրվեցին։ Առաջինը նրան դիմավորելու դուրս եկավ իր դուստրը՝ պարելով և դափ նվագելով։ Հոգու մեծ ցավով Հեփթայեն պատռեց իր հագուստներն ու բացականչեց. «Վա՜յ, աղջի՛կս, սիրտս կոտրեցիր, քանի որ դարձար մեկը, ումից ստիպված եմ բաժանվել։ Ես երդվել եմ Եհովային և չեմ կարող խոսքիցս հետ կանգնել»։
Հեփթայեն ու նրա աղջիկը պետք է երդում պահեին, բայց դա մեծ զոհողություններ էր պահանջելու նրանցից
Հեփթայեի աղջիկը հասկացավ, թե հոր երդումը ինչ էր նշանակում իր համար։ Նա պետք է իր կյանքը ամբողջությամբ նվիրեր Եհովային և սուրբ ծառայություն մատուցեր նրան։ Իսկ դա նշանակում էր, որ նա երբեք չէր ամուսնանալու և երեխաներ չէր ունենալու։ Իսրայելուհու համար դա ողբերգություն էր։ Բայց այս երիտասարդ աղջիկը խիզախորեն ասաց. «Հա՛յր իմ, եթե երդվել ես Եհովային, ապա ինձ հետ վարվիր քո խոստման համաձայն»։ Նա միայն խնդրեց, որ իրեն ժամանակ տան, որպեսզի իր ընկերուհիների հետ մենակ մնա և ողբա երբևիցե ամուսնանալու և մայրանալու իր կորցրած երազանքների համար։
Բայց Հեփթայեի աղջիկը չմնաց առանց մխիթարության։ Ամեն տարի իսրայելացի աղջիկները չորս օրով գնում էին նրա մոտ, որ գովեին այդ անձնուրաց ու քաջ օրիորդին։ Խորանում Հեփթայեի դստեր կատարած սուրբ ծառայությունը անկասկած մեծ օրհնություններ բերեց նրան։ Ըստ ամենայնի, այդ ժամանակ փոքրիկ Սամուելն արդեն այնտեղ էր։ Ո՞վ գիտի, գուցե նրա մանկության տարիներին Հեփթայեի աղջիկը ուսուցանել է նրան ու քաջալերել։ Եթե այդպես է եղել, ապա Սամուելին հոգ տանելը, հավանաբար մեծ ուրախություն է պատճառել Հեփթայեի աղջկան, որը զրկված էր երեխա ունենալու հեռանկարից։ Այդ ժամանակաշրջանի վերաբերյալ Աստվածաշունչը նաև մի ցավալի իրողություն է հայտնում. խորանում անբարո բաներ էին կատարվում (1 Սամ. 2։22)։ Արդյոք Հեփթայեի աղջիկն է՞լ էր ներգրավված այդ ամենի մեջ։ Հաստատ կարող ենք ասել, որ ոչ, քանի որ Աստվածաշնչում ասվում է, որ նա «երբեք հարաբերություն չունեցավ որևէ տղամարդու հետ»։
Պողոս առաքյալը Հեփթայեին հիշատակեց մեծ հավատ ունեցող մարդկանց շարքում (Եբր. 11։32)։ Հեփթայեն և նրա աղջիկը քաջության հիանալի օրինակ են։ Հեփթայեն անվախորեն կռվեց Աստծու ժողովրդի համար, իսկ նրա աղջիկը ողջ սրտով խիզախորեն թիկունք կանգնեց իր հորը։ Ու թեև դժվար էր, բայց երկուսն էլ պահեցին Եհովային տրված երդումը։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հեփթայեն ու նրա աղջիկը ինչպե՞ս քաջություն դրսևորեցին
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչի՞ց է երևում, որ ամմոնացիների հարձակումը ոչ միայն իսրայելացիների դեմ էր, այլև ճշմարիտ երկրպագության (it, «Հեփթայե», պրբ. 6)։ Ա
նկար Ա։ «Նրանք իրենց միջից հեռացրին օտար աստվածներն ու Եհովային ծառայեցին» (Դատ. 10։16)
2. Ի՞նչ նմանություն կար Հակոբի ու Հեփթայեի սրտի ցանկության ու տրամադրվածության միջև, երբ նրանք երդում էին տալիս (it, «Հեփթայե», պրբ. 11)։
3. Հեփթայեի համար իր երդումը պահելը ինչո՞ւ էր իսկապես մեծ զոհողություն (w17.04, էջ 4, պրբ. 6)։
4. Սամուել մարգարեն ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 1180 թ.-ին։ Ինչո՞ւ է հավանական, որ նա և Հեփթայեի դուստրը միևնույն ժամանակ են ծառայել խորանում (it, «Հեփթայե», պրբ. 2; տես «Նահապետների օրերից մինչև դատավորներ» ժամանակագրական սանդղակը)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Երբ ծնողները Հեփթայեի պես քաջ են լինում, ի՞նչ ազդեցություն է դա թողնում իրենց երեխաների վրա։
Մեր օրերում քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել այն երիտասարդ աղջիկներին, որոնք գովում էին Հեփթայեի դստերը և օգնում նրան քաջ ու հաստատակամ մնալ։ Բ
նկար Բ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հեփթայեի ու նրա աղջկա քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հեփթայեին և նրա աղջկան, երբ նրանք հարություն առնեն։
Բացահայտիր ավելին
Հեփթայեի դստեր օրինակը ինչպե՞ս կարող է օգնել ամուրի քրիստոնյաներին։
Տես, թե Հեփթայեի ու նրա աղջկա օրինակը ինչպես կարող է օգնել քեզ հավատարիմ մնալ Եհովային։
«Հավատարմությունը բերում է Աստծու հավանությունը» (w16.04, էջ 5-9)