30 ՍԱՐԵՓԹԱՑԻ ԱՅՐԻՆ
Անելանելի իրավիճակում նա վստահեց Եհովային
ԱՅԴ կինը թերևս մտածում էր, որ աննշան մարդ է՝ բոլորի կողմից անտեսված։ Որևէ մեկը նկատո՞ւմ էր իր թշվառ վիճակը։ Կա՞ր մեկը, ում համար միևնույն չէր, թե ինքը ինչ դժվարությունների միջով է անցնում։ Նա այրի էր, միայնակ մայր։ Իսրայելում այրիները անմխիթար դրության մեջ չէին, քանի որ Աստված հոգատարությամբ տվել էր օրենքներ, որոնք պաշտպանում էին այրիներին ու անհայր երեխաներին։ Բայց այս կինը իսրայելացի չէր։ Նա ապրում էր Սարեփթայում՝ Սիդոնի ենթակայության տակ գտնվող քաղաքներից մեկում։ Սիդոնի թագավոր Եթբահաղը, ըստ ամենայնի, Աստարոթ աստվածուհու քահանա էր։ Աստարոթի պաշտամունքը խրախուսում էր նողկալի վարք։ Այդ դաժան միջավայրում, որտեղ մարդիկ, սովի ու երաշտի դեմ կռիվ տալով, մի կերպ էին գոյատևում, գթասրտության արժանանալու ի՞նչ հույս կարող էր ունենալ իր նման աղքատ այրին։
Նա մեծ դժվարությամբ էր սնունդ հայթայթում իր ու իր զավակի կյանքը պահպանելու համար։ Եվ իրավիճակը գնալով ավելի էր վատանում, ցավալի վախճանը մոտենում էր։
Բայց այդ կինը աննկատ չէր մնացել Եհովայի աչքից։ Նրա մեջ ինչ-որ յուրահատուկ ու արժեքավոր բան կար։ Ի տարբերություն իր շրջապատի կռապաշտ մարդկանց և անհավատ իսրայելացիների՝ նա մեծ հավատ ուներ Եհովայի հանդեպ։ Եվ անգամ մոտ 1 000 տարի անց Հիսուսը խոսեց նրա մասին՝ որպես լավ օրինակի։ Թերևս այս կինը ինչ-որ կերպ իմացել էր Եհովայի՝ Իսրայելի Աստծու մասին, և հավանաբար նրան տպավորել էր այն, թե ինչեր էր Եհովան արել իր ժողովրդի համար։ Եվ այդպես նա սկսել էր հավատալ ճշմարիտ Աստծուն։ Իսկ ի՞նչ կաներ Եհովան հեթանոս միջավայրում ապրող այդ օտարազգի կնոջ համար։ Նա մի բացառիկ նվեր էր պատրաստել։
Եհովան իր մարգարեին՝ Եղիային, պատվիրեց գնալ հյուսիսում գտնվող Սարեփթա, գտնել այրի կնոջը և մնալ նրա մոտ։ Կինը նրան սնունդ էր տալու երաշտի ընթացքում։ Երբ մարգարեն հասավ Սարեփթա, տեսավ, որ մի կին կրակ վառելու համար փայտ է հավաքում։ Մարգարեն մեղմորեն դիմեց նրան մի պարզ խնդրանքով. «Խնդրում եմ, ինձ մի բաժակ ջուր բեր՝ խմեմ»։ Այդ կնոջ համար Եղիան անծանոթ մարդ էր, որին ինքը երբևէ չէր տեսել։ Բայց կինը անմիջապես կատարեց նրա խնդրանքը՝ գնաց ջուր բերելու։ Հավանաբար Եղիայի ձայնի տոնը, նրա սիրալիր դիմելաձևը և մարգարեին բնորոշ հասարակ հագուկապը հուշեցին կնոջը, որ նա Եհովայի ծառա է։ Եղիան էլ թերևս իր հերթին մտածում էր, թե միգուցե սա է Եհովայի ասած կինը։ Համոզվելու համար նա ևս մեկ խնդրանք ուղղեց նրան. «Խնդրում եմ, մի կտոր հաց էլ բեր»։
Մարգարեի այդ խնդրանքից հետո այրի կինը նրա առաջ անկեղծորեն բացեց իր սիրտը։ Եվ հենց առաջին խոսքերից երևաց նրա մեծ հավատը։ Նա ասաց. «Երդվում եմ քո Աստված Եհովայի գոյությամբ»։ Այո՛, նա հավատում էր, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է, և որ նա գոյություն ունի, «կենդանի Աստված է» (Երեմ. 10։10)։ Այնուհետև կինը բացատրեց Եղիային, որ հաց չունի, այլ միայն մի բուռ ալյուր ունի մեծ սափորում ու մի քիչ էլ յուղ՝ փոքր կժի մեջ և ահա կրակ էր վառում, որ իրենց վերջին ունեցածով կերակուր պատրաստի իր ու իր երեխայի համար։ Ապա պարզ ասաց, թե ինչ տխուր հեռանկար էր սպասում իրենց. «Կուտենք ու հետո կմեռնենք»։
Նա և իր որդին սովամահ լինելու վտանգի առաջ էին կանգնած, իսկ Եհովայի մարգարեն նրան խնդրեց իրենց վերջին սնունդը տալ իրեն
Այն, ինչ Եղիան պատրաստվում էր ասել, թերևս ապշեցնելու էր կնոջը։ Մարգարեն սկսեց այսպիսի խոսքերով. «Մի՛ վախեցիր»։ Ինչպե՞ս չվախենար, եթե իր զավակը շուտով իր աչքի առաջ սովամահ էր լինելու։ Թեև Եղիայի ասածը գուցե առաջին հայացքից անխոհեմ թվաց կնոջը, բայց նա շարունակեց ուշադրությամբ լսել նրան։ Եվ ահա Եղիան հայտնեց Եհովայի խոստումը։ Եթե կինը նախ իր՝ մարգարեի համար հաց պատրաստեր, Եհովան կվարձատրեր նրան. հոգ կտաներ, որ մինչև երաշտի ավարտը նրա երկու տարաների՝ ալյուրի մեծ սափորի և յուղի փոքր կժի պարունակությունը չպակասի։
Հենց այս իրավիճակում էր ստուգվելու կնոջ հավատը։ Արդյոք նա իր վերջին ունեցածը կտա՞ր Եհովայի մարգարեին։ Թերևս նա գիտեր, որ Եհովան շատ ավելի զորավոր հրաշքներ էր արել հանուն իր ժողովրդի և մի կին ու մի երեխա կերակրելը չնչին բան էր նրա համար։ Այնուամենայնիվ նման ծայրահեղ իրավիճակում նա այդքան վստահություն կունենա՞ր Եհովայի հանդեպ, որ խիզախորեն հնազանդվեր նրա ասածին։ Կարդում ենք. «Կինը գնաց ու Եղիայի ասածի պես արեց»։
Եհովան էլ, իր խոստմանը հավատարիմ, առատորեն վարձատրեց կնոջը։ Նա հրաշք արեց, որի արդյունքում մինչև երաշտի վերջը տարաների մեջ միշտ բավարար ալյուր ու յուղ կար կնոջ ընտանիքի և Եղիայի համար։ Իսկ որոշ ժամանակ անց Եհովան շատ ավելի ապշեցուցիչ մի բան արեց այրի կնոջ համար։ Երբ նրա տղան անսպասելի հիվանդացավ ու մահացավ, Եհովան Եղիայի միջոցով վերակենդանացրեց տղային։ Դա Աստվածաշնչում արձանագրված առաջին հարությունն էր։ Այդ հրաշքը անկասկած զորացրեց այրի կնոջ հավատը ու Եհովային քաջաբար վստահելու ավելի մեծ վճռականությամբ լցրեց նրան։ Եհովայի արածը, ինչպես նաև այրի կնոջ օրինակը քաջալերանքի աղբյուր են եղել նաև հետագայում ապրած միլիոնավոր այլ մարդկանց համար։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Սարեփթացի այրին ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչպիսի՞ն էր Սիդոնի՝ Փյունիկիայի գլխավոր քաղաքներից մեկի կրոնը։ Եվ ինչպե՞ս էր նրանց կրոնը ազդել իսրայելացիների վրա (it, «Սիդոն», կետ 6)։ Ա
Penta Springs Limited/Alamy Stock Photo
նկար Ա։ Աստարոթի քանդակ (մ.թ.ա. մոտ 1500 թ.)
2. Եթբահաղը ի՞նչ ազգակցական կապ ուներ Իսրայելի թագավոր Աքաաբի հետ (it, «Եթբահաղ»)։
3. Փյունիկեցիները պաշտում էին Աստարոթ (Աստարտե) աստվածուհուն։ Նրանց պաշտամունքին առնչվող ի՞նչ տարրեր են պահպանվել մինչև մեր օրերը (g93 11/22, էջ 13, պրբ. 1-4)։
4. Երբ այրի կնոջ որդին մահացավ, թերևս ինչո՞ւ նա Եղիային այսպիսի հարց ուղղեց. «Դու եկար, որ մեղքիս մասին հիշեցնես ու որդուս սպանե՞ս» (1 Թագ. 17։18; w14 2/15, էջ 15, պրբ. 4-5)։ Բ
նկար Բ
Մտածիր՝ ինչպես կիրառել
Եհովան նկատեց այրի կնոջը, թեև նա ապրում էր Բահաղի պաշտամունքի մեջ մխրճված քաղաքում։ Դա ի՞նչ է հուշում Եհովայի մասին, և մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր տարածքում ապրող մարդկանց (Գործ. 10։35)։
Ֆինանսական դժվարություններ ունեցող քրիստոնյաները ի՞նչ կարող են սովորել սարեփթացի կնոջից։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել սարեփթացի այրու քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ սարեփթացի կնոջը, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Ինչպե՞ս կարող ենք, սարեփթացի այրու պես, ցույց տալ, որ Եհովայի հավանությանն արժանանալը նյութականից կարևոր ենք համարում։
«Աստծու հավանությանն արժանանալը առաջնորդում է հավիտենական կյանքի» (w11 2/15, էջ 13-17)
Իմացիր, թե ինչ փաստեր կան, որ Եհովան նկատում է հավատի անգամ փոքր դրսևորումները։
«Արդյոք Եհովան նկատո՞ւմ է, թե դու ինչ ես անում» (w03 5/1, էջ 28-31)