40 ՆԵԵՄԻԱ
Նա վերակառուցեց պարիսպը
ՆԵԵՄԻԱՆ Պարսկաստանի Շուշան քաղաքում էր ապրում, բայց նրա սիրտը հեռավոր Երուսաղեմում էր։ Նա սիրում էր այդ քաղաքը, քանի որ այնտեղ էր գտնվում Եհովայի տաճարը։ Երկարատև գերությունից հետո Աստծու ժողովրդին թույլ էր տրվել վերադառնալ այնտեղ, բայց մաքուր երկրպագությունը դեռևս բարձիթողի վիճակում էր։ Քաղաքի պարիսպը քարուքանդ էր։ Իսկ այդ օրերում անպարիսպ քաղաքը խոցելի էր զավթիչների առջև, ուստի քչերն էին ցանկանում ապրել այնտեղ։
Նեեմիան հարգարժան պաշտոնյա էր պարսից արքա Արտաքսերքսեսի արքունիքում։ Բայց որ ավելի կարևոր է, նա Եհովայի հավատարիմ ծառան էր։ Մի օր Նեեմիայի եղբայրը այցի եկավ նրան և վատ լուրեր բերեց Երուսաղեմից՝ հայտնելով, որ այն «ողբալի» դրության մեջ է. պարիսպը ավերված էր, մարդիկ էլ «ամոթալի վիճակում» էին։
Նեեմիան շատ անհանգստացավ ու տխրեց այդ լուրից։ Նա գրում է. «Ես նստեցի ու սկսեցի լաց լինել։ Օրեր շարունակ սուգ արեցի»։ Նեեմիան աղոթեց Եհովային, աղերսեց նրան բարեհաճ լինել իր ժողովրդի հանդեպ ու օգնել նրան։ Հետո, երբ Նեեմիան գինի էր մատուցում Արտաքսերքսեսին, թագավորը հարցրեց, թե ինչու է նա մռայլ։ Նեեմիան վախեցավ, բայց անկեղծորեն պատմեց թագավորին Երուսաղեմի դրության մասին։ Արտաքսերքսեսն էլ հարցրեց Նեեմիային, թե ինչ խնդրանք ունի։ Նեեմիան պատմում է, թե ինչ արեց այդ ժամանակ. «Ես իսկույն աղոթեցի երկնքի Աստծուն»։ Իսկ հետո նա այդ հզոր կառավարչին ասաց, որ կցանկանար որոշ ժամանակով թողնել իր պաշտոնը ու գնալ Երուսաղեմ, որպեսզի օգնի վերակառուցել պարիսպն ու դարպասները։ Թագավորը կատարեց Նեեմիայի այդ և մյուս բոլոր խնդրանքները։
Նեեմիան երկար ու վտանգավոր ճանապարհորդություն կատարեց դեպի Երուսաղեմ։ Երբ տեղ հասավ, որոշեց ստուգել պարսպի վիճակը և շրջահայացություն դրսևորելով՝ դա գիշերն արեց։ Այնուհետև կազմակերպեց աշխատանքները և մարդկանց խմբերի բաժանեց։ Նա բոլորին հորդորեց միանալ վերակառուցման գործին։ Շատերը հենց այդպես էլ արեցին՝ ներառյալ հարուստ ու բարձրաստիճան մարդիկ, ինչպես, օրինակ, ոսկերիչները և իշխանները։ Իշխաններից մեկը նույնիսկ իր դուստրերի հետ էր մասնակցում աշխատանքներին։
Հրեաները շատ թշնամիներ ունեին, որոնք չէին ցանկանում, որ Երուսաղեմը նորից ապահով ու ծաղկուն քաղաք դառնա։ Սկզբում նրանց թշնամանքը դրսևորվում էր միայն ծաղրուծանակով։ Հակառակորդներից մեկը ծաղրանքով ասաց, որ եթե մի աղվես անցնի Նեեմիայի ու ժողովրդի կառուցած պարսպի վրայով, այն փուլ կգա։ Բայց Նեեմիան ուշադրություն չէր դարձնում նրանց ասածներին ու շարունակում էր ոգևորել աշխատողներին։
Չնայած ծաղրանքներին, սպառնալիքներին և խորամանկություններին՝ նա վերակառուցեց Երուսաղեմի պարիսպը
Շուտով հակառակությունը ուժգնացավ։ Երբ պարիսպն արդեն կիսով չափ բարձրացված էր, նոր սպառնալիք ի հայտ եկավ. թշնամիները պատրաստվում էին բոլոր կողմերից հարձակվել։ Նեեմիան գործնական քայլեր ձեռնարկեց քաղաքը պաշտպանելու համար։ Նա կարգադրեց, որ աշխատողների մի մասը զինված, կազմ-պատրաստ պահապան կանգնի, իսկ մյուս մասը շարունակի պարսպի շինարարությունը։ Տեսնելով, որ իրենց դավադրությունը ձախողված է՝ թշնամիները հետ կանգնեցին ճակատային հարձակման ծրագրից։ Բայց չհրաժարվեցին իրենց թշնամական մտադրություններից։
Նրանք մեկ այլ մարտավարություն գործի դրեցին. կեղծ մարգարեի միջոցով փորձեցին մահվան սպառնալիքով վախեցնել Նեեմիային ու դրդել նրան թաքնվելու սուրբ տաճարում, ինչը Եհովայի օրենքի խախտում էր։ Բայց Նեեմիան չգնաց տաճար։ Նա համարձակորեն ասաց. «Ես՝ կառավարիչ մարդ, ինչպե՞ս կարող եմ փախչել»։ Նա շարունակեց մյուս հրեաների հետ կողք կողքի աշխատել, քանի որ հասկանում էր, որ դա Եհովայի կամքն է, ու Նա կաջակցի իրենց։ Եհովան իսկապես որ աջակցեց. ընդամենը 52 օրում պարիսպը ամբողջությամբ վերակառուցվեց, և բոլոր ծաղրողներն ու հալածողները ամոթով մնացին։
Նեեմիային մեկ այլ հարցում էլ էր քաջություն անհրաժեշտ. նա որպես առաջնորդ պետք է իր ազգակիցներին օգներ, որ Եհովային հաճելի ձևով վարվեն։ Օրինակ՝ երբ նա նկատեց, որ հարուստները, բարձր տոկոսով պարտքեր տալով, կեղեքում են աղքատներին, անվախորեն ուղղեց նրանց։ Նաև երբ իմացավ, որ ոմանք Եհովայի պատվերին դեմ էին գնացել և ամուսնացել էին օտարազգի կանանց հետ, համարձակորեն խրատեց նրանց՝ ցույց տալով Եհովայի Օրենքը հարգելու կարևորությունը։
Մյուս կողմից, սակայն, երբ մարդիկ վհատվել էին իրենց թերացումների ու մեղքերի պատճառով, Նեեմիան թև տվեց նրանց՝ հիշեցնելով մի կարևոր ճշմարտություն. «Եհովայից եկող ուրախությունը զորացնում է ձեզ»։ Նեեմիան գիտեր, որ երջանիկ Աստծուն ծառայելը բավարարվածության խոր զգացում է պարգևում։ Ոչ մի պարիսպ, ոչ մի ամրոց չի կարող ավելի մեծ ապահովություն տալ, ավելի շատ զորացնել, քան այդ զգացումը։ Մինչ օրս էլ այդ ուրախությունը կարող է մեծ ուժի և անսասան քաջության աղբյուր լինել։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Նեեմիան ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Նեեմիան թագավորի գինեմատույցն էր։ Ի՞նչ դեր ունեին այդ պաշտոնը զբաղեցնողները (w10 7/1, էջ 9, պրբ. 5-7)։ Ա
National Museum of Iran, Tehran, Iran/Bridgeman Images
նկար Ա։ Պարսկական ցայտաքանդակ, որտեղ այլոց թվում պատկերված է Արտաքսերքսեսի պապ Դարեհ Մեծին ծառայող գինեմատույցը
2. Սեղումի աղջիկները ինչպե՞ս էին տարբերվում թեկուեցիների անվանի մարդկանցից (Նեեմ. 3։5, 12; w19.10, էջ 23, պրբ. 11)։
3. Բեռնակիրները ինչպե՞ս էին «մի ձեռքով բեռ տեղափոխում, մյուսով զենք պահում» (Նեեմ. 4։17, 18; w06 2/1, էջ 9, պրբ. 1)։ Բ
նկար Բ
4. Նեեմիան ինչո՞ւ մտահոգվեց՝ տեսնելով, որ որոշ հրեա երեխաներ չէին կարողանում եբրայերեն խոսել (Նեեմ. 13։23-27; w16.10, էջ 14, պրբ. 4)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Երեցներն ինչպե՞ս կարող են ընդօրինակել Նեեմիային՝
Եհովային ապավինելու հարցում (Նեեմ. 1։4-11; 4։14; 13։1-3),
հավատակիցների հետ ուս ուսի ծառայելու հարցում (Նեեմ. 4։15, 21-23),
հավատակիցներին պատրաստակամորեն լսելու հարցում (Նեեմ. 5։1-7)։ Գ
նկար Գ
Նեեմիայի օրինակը ինչպե՞ս է ցույց տալիս, որ երբ Եհովային ավելի շատ ծառայելու համար զոհում ենք մեր հարմարավետությունը, առատապես օրհնվում ենք։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Նեեմիայի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Նեեմիային, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Նեեմիայի օրինակից ի՞նչ ենք սովորում աղոթքի ուժի մասին։
«Աստված պատասխանեց նրա աղոթքին» («Աստվածաշնչյան առաջադրանքներ» վեբ հոդվածաշար)
Այս վիդեոբեմադրության մեջ տեսեք, թե Նեեմիան ինչպես քաջաբար պատասխան տվեց իրեն անընդհատ խանգարել փորձող հակառակորդներին։
«Նեեմիա. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է»» (մաս 1) — հատված (5։22)