42 ՄԱՐԻԱՄ
Նա քաջաբար ընդունեց իր հանձնարարությունը
Ո՞ՐՆ Է անկատար մարդուն Եհովայի կողմից երբևիցե տրված ամենապատասխանատու հանձնարարությունը։ Այդ հանձնարարությունը ստացավ Մարիամ անունով մի երիտասարդ հրեա օրիորդ։ Նա ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Մի օր, երբ նա տանն էր, նրա մոտ մի արտասովոր հյուր եկավ՝ Գաբրիել հրեշտակը։
«Ողջո՛ւյն, Աստծու հավանությունն ունեցող օրիո՛րդ, Եհովան քեզ հետ է»,– ասաց հրեշտակը։ «Հրեշտակի խոսքերը Մարիամին շատ հուզեցին», և նա սկզբում անակնկալի եկավ։ Մարիամը չէր կարծում, թե ինքն արժանի է այդպիսի գովասանական խոսքերի։ Բայց Գաբրիելը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ նա «արժանացել է Աստծու բարեհաճությանը»։ Ապա հայտնեց, թե Եհովան ինչ աննախադեպ հանձնարարություն է պատրաստվում տալ նրան։ Հրեշտակն ասաց. «Դու կհղիանաս ու մի որդի կծնես»։ Ապա ավելացրեց. «Նա շատ կարևոր մեկը կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի»։ Մարիամի որդին Թագավոր էր լինելու՝ Դավթից սերած մեծագույն գահաժառանգը։
Մարիամը նշանված էր, բայց դեռ ամուսնացած չէր, հետևաբար սեռական հարաբերություն չէր ունեցել։ Ուստի նա, համարձակություն հավաքելով, հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա լինելու»։ Հրեշտակը բացատրեց, որ Եհովայի զորությունը՝ սուրբ ոգին, «հովանի» կլինի նրան, ինչի շնորհիվ նա լույս աշխարհ կբերի մի կատարյալ զավակի, որը «սուրբ կլինի և Աստծու Որդի կկոչվի»։ Գաբրիելը նաև ասաց, թե Եհովան ինչ հրաշք է արել նրա ազգականուհի Եղիսաբեթի համար։ Այդքանը բավարար էր, որ Մարիամի մտավախությունները փարատվեին։ Ուստի նա խոնարհաբար ասաց. «Ես Եհովայի ծառան եմ։ Թող լինի այնպես, ինչպես ասացիր»։ Նրա խոսքերից տեսնում ենք, որ նա Եհովային համարում էր իր սիրառատ Տերը, իսկ իրեն՝ նրա հնազանդ ծառան։ Նա վստահ էր, որ եթե անի Եհովայի կամքը, միշտ ապահով կլինի նրա հզոր ձեռքերում։ Նման մտայնությունը նրան քաջություն ներշնչեց, որ անվախորեն ընդունի այդ կարևորագույն հանձնարարությունը։
Հրեշտակի հեռանալուց հետո Մարիամը գնաց Եղիսաբեթի մոտ։ Այդ երկու կանայք սրտապնդեցին միմյանց, որ կարողանան կատարել իրենց գալիք պատասխանատվությունները։ Մարիամը արտահայտեց իր հավատը, և նրա խոսքերից երևաց, թե գլխավորապես ինչն էր նրան քաջություն տալիս։ Իր հակիրճ խոսքում նա ավելի քան 20 անգամ Եբրայերեն Գրվածքներից բառեր և արտահայտություններ օգտագործեց։ Մեծ հավատ ունեցող այդ օրիորդը խորությամբ մտածում էր Աստծու Խոսքի շուրջ։ Ուստի շատ լավ էր ճանաչում Եհովային և նրա խոստումներին վստահելու հիմնավոր պատճառներ ուներ։ Մարիամը գրեթե երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ, հետո վերադարձավ տուն։ Նրան մեծ քաջություն էր պետք, որ Հովսեփին պատմեր իր հղիության մասին և բացատրեր՝ ինչպես է դա եղել։ Սկզբում Հովսեփը դժվարանում էր հավատալ Մարիամի պատմածին, բայց Եհովայի հրեշտակը օգնեց նրան հասկանալ, որ այդ ամենը ճիշտ է։
Հովսեփն ու Մարիամը ամուսնացան։ Եվ ահա մոտենում էր ծննդաբերության ժամանակը։ Բայց այդ օրերին կայսրը հրամանագիր արձակեց, որ իր տերության մեջ բոլորը հաշվառում անցնեն։ Ուստի Հովսեփն ու Մարիամը ստիպված եղան գնալ Բեթլեհեմ՝ Հովսեփի ծննդավայր։ Այդպիսի վիճակում էշով մոտ 150 կիլոմետր (93 մղոն) ճանապարհ անցնելը պետք է որ շատ ծանր լիներ Մարիամի համար։ Բայց նա գնաց։ Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա ծննդաբերեց ախոռում և երեխային դրեց մսուրի մեջ, որտեղ անասունների կերն են լցնում։ Բայց անգամ այդպիսի դժվարությունների մեջ Մարիամի հավատն ու քաջությունը չսասանվեցին։ Իր թանկ որդուն հոգ տանելու համար նա վճռականորեն լավագույնն էր անում իր հնարավորությունների սահմաններում։
Աստված հրեշտակի միջոցով Մարիամին տվեց այնպիսի մի հանձնարարություն, որ ոչ մի մարդ երբևիցե չէր ստացել
Բայց Մարիամից հետագայում էլ էր քաջություն պահանջվելու։ Նա պետք է քաջ լիներ, երբ ինքն ու Հովսեփը ստիպված էին փոքրիկ Հիսուսի հետ փախչել Եգիպտոս՝ արյունարբու Հերովդես թագավորի ձեռքից նրան փրկելու համար։ Քաջություն էր պետք, որ իր ամուսնու հետ աղքատության մեջ մեծացներ իրենց վեց կամ ավելի երեխաներին։ Նա պետք է ամուր ու քաջ լիներ նաև, երբ մահացավ իր սիրելի ամուսինը՝ Հովսեփը (հավանաբար դա մինչև Հիսուսի՝ Մեսիա դառնալն էր)։ Նրան քաջություն էր պետք նաև այն ժամանակ, երբ Հիսուսը հեռացավ տնից՝ իր հանձնարարությունը կատարելու համար։ Ամենաշատ քաջությունը նրան անհրաժեշտ էր, երբ Հիսուսը անարդարացիորեն մեղադրվեց, դատապարտվեց և մահապատժի ենթարկվեց։ Եվ այդ ամենից հետո էլ նա պետք է քաջ լիներ, որ իր որդու հետևորդների հետ շարունակեր ծառայել Եհովային ու երես առ երես բախվեր հրեական հասարակության թշնամանքին։
Հիսուսի մայրը լինելը իսկապես որ պատասխանատու հանձնարարություն էր։ Որտեղի՞ց Մարիամը այդքան խիզախություն գտավ այն կատարելու համար։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ Մարիամը հավատ զորացնող մի բան էր լսում, պահում էր դա իր սրտում։ Այդպես նա հոգևոր շատ գանձեր էր կուտակել։ Դրանց մի մասը Աստծու Խոսքից էր, մի մասը՝ Եհովայի ծառաներից՝ լինեին մարդ, թե հրեշտակ, և մյուս մասն էլ՝ իր որդուց։ Այդ հոգևոր ճշմարտությունների շուրջ խորհրդածելը օգնեց Մարիամին մինչև կյանքի վերջ քաջաբար դիմագրավել իր ճանապարհին ծառացած դժվարությունները։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Մարիամն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ղուկաս 2։1-3-ի արձանագրությանը թիկունք կանգնող ի՞նչ պատմական փաստեր կան (g 4/11, էջ 11, պրբ. 4-5)։ Ա
British Library, London, UK, from the British Library archive/Bridgeman Images
նկար Ա։ Եգիպտոսում հռոմեական կառավարչի կողմից արձակված հաշվառման հրամանագիր (մ.թ. 104 թ.)
2. Դեպի Բեթլեհեմ ճանապարհորդությունը ինչո՞ւ գուցե դժվար լիներ Մարիամի համար (ia, էջ 153-155, պրբ. 4-7)։
3. Երբ Հիսուսը դեռ մանուկ էր, Մարիամին ասվել էր, որ իր միջով «մի երկար սուր կանցնի»։ Ինչպե՞ս կատարվեց այդ մարգարեությունը (Ղուկ. 2։35; w08 3/15, էջ 31, պրբ. 1)։
4. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Մարիամը թերևս երկնային կյանք է ստացել (w18.07, էջ 10, պրբ. 14)։ Բ
նկար Բ։ Մարիամն ու իր որդիները մ.թ. 33 թ. Պենտեկոստեից առաջ Երուսաղեմում էին
Մտածիր՝ ինչպես կիրառել
Երբ Մարիամը ուժի ու քաջալերանքի կարիք ուներ, այցելեց Եղիսաբեթին (Ղուկաս 1։39, 40)։ Ինչո՞ւ պետք է մենք էլ օգնության դիմենք, երբ փորձության ենք բախվում կամ դժվարանում ենք կատարել մեր հանձնարարությունը։ Գ
նկար Գ
Թեև Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, Եհովան իր հրեշտակին նախ Մարիամի մոտ ուղարկեց։ Այս դեպքից ի՞նչ ենք հասկանում հավատարիմ կանանց հանդեպ Եհովայի վերաբերմունքի մասին։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մարիամի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Մարիամը թերևս ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։
Բացահայտիր ավելին
Տես, թե Մարիամն ինչ ջանասիրությամբ և անձնուրացությամբ մեծացրեց իր երեխաներին։
«Ինչ ենք սովորում Մարիամից» (w09 1/1, էջ 5, պրբ. 5-էջ 6, պրբ. 2)
Մարիամը հավանաբար ի՞նչ զգաց, երբ բացառիկ և պատասխանատու հանձնարարություն ստացավ։