47 ՂԱԶԱՐՈՍԻ ՔՈՒՅՐ ՄԱՐԻԱՄԸ
«Նա իր ձեռքից եկածն արեց»
ՄԱՐԻԱՄԸ խորապես տպավորված էր Հիսուս Քրիստոսի բարությամբ. նա այնքան բան էր արել իր, իր քույր Մարթայի և իրենց սիրելի եղբոր՝ Ղազարոսի համար։ Հիսուսը շատ էր սիրում նրանց ու մտերմացել էր նրանց հետ։ Նա շատ անգամ էր մնացել նրանց տանը՝ Բեթանիայում, և բազմաթիվ կարևոր բաներ էր սովորեցրել Եհովայի և իր մասին։ Իսկ երբ Ղազարոսը մահացավ, Հիսուսը հարություն տվեց նրան։
Մարիամը այնքան երախտապարտ էր իր Տիրոջը՝ Հիսուսին, որ ցանկանում էր մի յուրօրինակ բան անել նրա համար։ Ուստի որոշեց բերել մի առանձնահատուկ նվեր՝ ալաբաստրե սրվակով «նարդոսի անուշահոտ մաքուր յուղ.... որը շատ թանկ արժեր»։ Այդ ժամանակներում նման անուշահոտ յուղով լի մի փոքր սրվակ գնելու համար մարդը պետք է վճարեր մոտ մեկ տարվա աշխատավարձ։ Աստվածաշնչում չի ասվում, թե Մարիամը երբ կամ ինչպես էր ձեռք բերել այդ թանկարժեք յուղը, բայց, ով գիտի, գուցե դա երբևիցե նրա ունեցած ամենաթանկ բանն էր։
Նա փափագում էր Հիսուսին յուրահատուկ, թանկ նվեր տալ, բայց դրա համար քննադատության էր արժանանալու
Մի օր Բեթանիայում, երբ Հիսուսը թիկնել էր ընթրիքի սեղանի շուրջը, Մարիամը որոշեց մատուցել իր նվերը։ Նա մոտեցավ Հիսուսին, կոտրեց սրվակի գլխիկը և թանկարժեք յուղը քնքշորեն լցրեց նրա գլխին ու ոտքերին։ Եվ մինչ յուղը կաթկթում էր ցած, նա հանեց գլխաշորը և իր արձակ մազերով սկսեց սրբել Հիսուսի ոտքերը։ Նրա մշակույթում գուցե ոմանք անպատշաճ համարեին, որ Մարիամը հանել է գլխաշորը, բայց այդ պահին դա նրան չէր մտահոգում, նրա համար ամենակարևորը իր Տիրոջը ըստ արժանվույն պատվելն էր։ Նա սրտանց ցանկանում էր իր խոնարհ արարքով մեծագույն պատվի արժանացնել Հիսուսին։
Յուղի արբեցնող բույրը շուտով տարածվեց ողջ տնով մեկ։ Բայց բոլորը չէ, որ ողջունեցին Մարիամի առատաձեռն քայլը։ Հուդա Իսկարիովտացին վրդովված էր, և նա, ըստ երևույթին, առաքյալներից մի քանիսին էլ վարակեց իր դժգոհությամբ։ Նա ասաց. «Ավելի լավ չէ՞ր լինի՝ այս յուղը 300 դինարով վաճառվեր, և փողը տրվեր աղքատներին»։ Պատկերացրու՝ ինչ զգաց Մարիամն այդ պահին։ Նա ողջ սիրտն էր դրել այդ յուրահատուկ նվերի մեջ։ Բայց այս հարգարժան մարդիկ՝ հենց Հիսուսի առաքյալները, զայրագին քննադատում էին իրեն։ Նա հավանաբար շատ անհարմար ու կաշկանդված էր զգում։ Բայց Հիսուսը բոլորովին այլ կարծիք ուներ տեղի ունեցածի մասին և պաշտպանեց Մարիամին։
Հիսուսն ասաց. «Հանգի՛ստ թողեք [նրան]»։ Այդ խոսքերից հետո թերևս մի պահ լռություն տիրեց։ «Նա լավ բան արեց իմ հանդեպ»,– շարունակեց Հիսուսը, ապա բացատրեց, որ Մարիամը քիչ առաջ մեծ սեր դրսևորեց՝ յուրահատուկ ծառայություն մատուցելով իրեն։ Մարիամը առանց իմանալու իր Տիրոջ մարմինը նախապատրաստել էր թաղման, քանի որ նրա մահվան օրը սրընթաց մոտենում էր։ Հիսուսը Մարիամի արարքը ամփոփեց հետևյալ պարզ խոսքերով. «Նա իր ձեռքից եկածն արեց»։ Իսկ վերջում ավելացրեց. «Հաստատ ասում եմ ձեզ. ամբողջ աշխարհում, որտեղ էլ որ բարի լուրը քարոզվի, այս կնոջ արածն էլ կպատմվի, ու նրա հիշատակը չի մոռացվի»։ Հիսուսը Մարիամի արած քայլի մեջ մեծ սեր էր տեսնում և հասկանում էր, որ դրա համար նրանից քաջություն է պահանջվել։ Այդ կնոջ սրտագին առատաձեռնությունը միմիայն գովասանքի էր արժանի, ոչ թե քննադատության։
Հիսուսի խոսքերից հետո այլևս ոչ ոք չհամարձակվեց առարկել։ Իսկ Հուդան հեռացավ այդտեղից և վճռակամ գնաց՝ մատնելու իր Տիրոջը։ Ինչ վերաբերում է Մարիամին, հավանաբար նա խորապես հուզվել էր իր Տիրոջ ջերմ խոսքերից։ Ընդամենը մի քանի օր անց Հիսուսի խոսքերը իր մոտալուտ մահվան մասին սկսեցին կատարվել, և Մարիամը միայն այդ ժամանակ լիարժեք հասկացավ, թե ինչ նկատի ուներ նա։ Նրա սիրելի Տիրոջը անարդարացիորեն դատեցին, մահապատժի ենթարկեցին և գերեզմանը դրեցին, ինչպես և նա մարգարեացել էր։ Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ խոր վշտի մեջ էր այս բարի ու կարեկից կինը։ Այդ մռայլ պահերին նա անկասկած հիշում էր իրեն ուղղված Հիսուսի ջերմ խոսքերն ու մխիթարվում։
Հիսուսի մահվան երրորդ օրը ապշեցուցիչ հրաշք տեղի ունեցավ՝ նա հարություն առավ։ Եվ շատ չանցած՝ Հիսուսը հայտնվեց ավելի քան 500 աշակերտների։ Հավանաբար այդ ժամանակ էր, որ նա իր հետևորդներին հանձնարարեց բարի լուրը քարոզել «բոլոր ազգերի մարդկանց» (Մատթ. 28։19, 20)։ Ինչպես որ Հիսուսը ասել էր, որտեղ էլ որ քարոզվեր այդ լուրը, մարդիկ իմանալու էին նաև Մարիամի խոնարհ և սիրառատ քայլի մասին։ Անկասկած, Մարիամը երբեք չափսոսաց, որ խիզախություն էր դրսևորել և իր հանգամանքներում լավագույնն էր արել իր Տիրոջ համար։ Նա հաստատ մինչև կյանքի վերջ կհիշեր իր հավատի ու քաջության համար Հիսուսի ասած գովեստի պարզ խոսքերը. «Նա իր ձեռքից եկածն արեց»։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Ղազարոսի քույր Մարիամը ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Աստվածաշնչի հայտնած տեղեկությունների հիման վրա ի՞նչ պատկերացում ենք կազմում Մարիամի ու Մարթայի անհատականության մասին (Ղուկ. 10։39, 40; Հովհ. 11։20; ia, էջ 173, պրբ. 5-6; էջ 176, պրբ. 17)։ Ա
նկար Ա
2. Ինչո՞վ է ուշադրության արժանի այն, որ Հիսուսը սիրով ուսուցանում էր Մարիամին ու այլ կանանց (w99 9/1, էջ 30, պրբ. 1-4)։
3. Հիսուսին պատվելու համար Մարիամի բերած յուղը ինչո՞ւ էր այդքան թանկ (Մատթ. 26։7-ի «թանկարժեք անուշահոտ յուղով» արտահայտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։ Բ
Indian nard: © Haijie Lu, licensed under CC BY-NC 4.0. Source; dried jatamansi: wasanajai/stock.adobe.com; alabaster jar: © The Trustees of the British Museum. Licensed under CC BY-NC-SA 4.0. Source
նկար Բ։ Nardostachys jatamansi բույսի ծաղիկը և արմատները, որոնցից հավանաբար ստացել են այն յուղը, որը Մարիամը լցրեց Հիսուսի վրա։ Նաև անուշահոտ յուղի համար նախատեսված ալաբաստրե սրվակ
4. Ինչի՞ նշան էր այն, որ Մարիամը յուղը լցրեց Հիսուսի և՛ գլխին, և՛ ոտքերին (w10 11/1, էջ 6, պրբ. 4, ծնթ.)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Հիսուսն ասաց, որ «Մարիամը ավելի կարևորն ընտրեց», այսինքն՝ հոգևոր բաները առաջին տեղում դրեց (Ղուկ. 10։42)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Մարիամին։ Գ
նկար Գ
Հիսուսը գովեց Մարիամին «իր ձեռքից եկածն անելու» համար։ Ուրեմն Եհովան ի՞նչն է կարևորում մարդու մեջ (Մարկ. 12։29, 30; 14։8)։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մարիամի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Ղազարոսի քույր Մարիամը թերևս ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։
Բացահայտիր ավելին
Ընկերներ ընտրելու վերաբերյալ երեխաները ի՞նչ կարող են սովորել Մարիամից, Մարթայից ու Հիսուսից։
Տես, թե ինչպես Հիսուսը գնահատանքով խոսեց թե՛ Մարիամի թանկ նվերի, թե՛ այրի կնոջ փոքր նվիրատվության մասին։