46 ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
«Տիրո՛ջն եմ տեսել»
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑՈՒ մասին պատմությունը սկսում է նրա կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունից՝ սարսափելի մղձավանջից դեպի անասելի ուրախություն։ Աստվածաշնչում ասվում է, որ նրա միջից «յոթ դև էր հանվել»։ Անկասկած, Հիսուս Քրիստոսն էր նրան այդ տառապանքներից ազատողը։ Ուստի նա որոշել էր իր ձեռք բերած այդ թանկ ազատությունը լավագույնս օգտագործել. քաջաբար հետևել Հիսուսին և իր ձեռքից եկածն անել նրան աջակցելու համար։
Մարիամը Հիսուսին՝ իր սիրելի Տիրոջը, անվանում էր «ռաբբունի»։ Դա խոր հարգանք արտահայտող մի բառ է, որը նշանակում է «իմ ուսուցիչ»։ Հիսուսը իր 12 առաքյալների հետ շրջում էր այդ ողջ տարածքում ու մարդկանց ուսուցանում էր Աստծու թագավորության մասին։ Մարիամը տեսնում էր, որ նրանք թողել էին իրենց աշխատանքը և իրենց ողջ ուժը ներդնում էին այդ կարևորագույն գործում։ Ինքն ինչպե՞ս կարող էր թիկունք կանգնել նրանց։
Նա ցավոտ անցյալ էր ունեցել, բայց Հիսուսի հետ հանդիպումը փոխեց ամեն ինչ, և նա իր հետագա ողջ կյանքում նվիրվածաբար աջակցեց Հիսուսին ու նրա հետևորդներին
Մարիամը և մի քանի այլ կանայք «իրենց միջոցներով աջակցում ու հոգ էին տանում» Հիսուսին ու իր առաքյալներին։ Ընդհանուր հաշվով Հիսուսին ուղեկցող աշակերտները՝ տղամարդ թե կին, մոտ 20 հոգի էին և նրա հետ «շրջում էին քաղաքից քաղաք և գյուղից գյուղ»։ Այդ մշակույթում թերևս շատ անսովոր էր, որ կանայք շրջեն հոգևոր ուսուցչի հետ, և անկասկած դրա համար նրանք շատ քննադատության են արժանացել։ Բայց Մարիամի և մյուս կանանց համար Հիսուսին աջակցելու պատիվը վեր էր ամեն ինչից։ Եվ նրանք խիզախորեն պատրաստ էին անելու ամեն զոհողություն և ամեն կերպ սատարելու Հիսուսին՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչ կմտածեին իրենց մասին։
Կարելի է պատկերացնել՝ ինչ մեծ ցավ ապրեց Մարիամը, երբ Պասեքի գիշերը Հիսուսին Երուսաղեմում ձերբակալեցին, Աստծուն անարգելու անարդարացի մեղադրանք ներկայացրին նրա դեմ և դատապարտեցին մահապատժի տանջանքի սյան վրա։ Բայց Մարիամը այս իրավիճակում էլ անսասան քաջություն դրսևորեց։ Նա մյուս հավատարիմ կանանց հետ, որոնց թվում էր նաև Հիսուսի մայրը, գնաց մահապատժի վայր, որ Հիսուսի կյանքի վերջին րոպեներին հավատարմորեն նրա կողքին լինի և ցույց տա իր սերն ու աջակցությունը։ Տանջանքի ցավերի մեջ Հիսուսը տեսնում էր, որ այդ նվիրված կանայք ողջ ընթացքում այդտեղ են, իր հետ։ Նրանք իրենց աչքով տեսան, թե ինչպես Հիսուսը անարատ մնաց մինչև վերջին շունչը և լիովին կատարեց այն, ինչի համար Հայրը ուղարկել էր իրեն։
Այդ խիզախ կանայք բացեիբաց սգում էին Հիսուսի համար՝ առանց վախենալու հռոմեական իշխանություններից և հրեա առաջնորդներից։ Մարիամ Մագդաղենացին ցանկացավ ավելին անել իր սիրելի Տիրոջ համար։ Հրեաստանի կլիմայական պայմաններում դիակը շուտ էր սկսում քայքայվել։ Ուստի սովորաբար մահացածի մարմինը մշակում էին անուշահոտ յուղերով և հոտավետ բուսանյութերով, որպեսզի վատ հոտ չգար, երբ մարդիկ հավաքվեին նրա համար սգալու։ Բայց քանի որ Հիսուսի դեպքում այդ ամենը շատ հապճեպ էր արվել, Մարիամը որոշեց ավելի մանրակրկիտ անել մշակումը։ Հենց որ Շաբաթն ավարտվեց, նա և մի քանի այլ կանայք գնեցին անհրաժեշտ նյութերը և վաղ առավոտյան գնացին գերեզմանոց։
Մարիամը հավանաբար առաջինը հասավ գերեզման և ցնցվեց՝ տեսնելով, որ այն բաց է ու դատարկ։ Նա վազեց Պետրոսի ու Հովհաննեսի մոտ, որ պատմի իր տեսածը։ Ու երբ նա հետ եկավ, մյուս կանայք արդեն գնացել էին։ Մարիամը կռացավ, որ նայի գերեզմանի ներսը և «սպիտակ հանդերձներով երկու հրեշտակ տեսավ», որոնք «նստած էին այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել»։ Նրանց հետ խոսելուց հետո նա շրջվեց և տեսավ մի մարդու, որին սխալմամբ այգեպանի տեղ դրեց։ Այդ մարդը հարցրեց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Նրա հարցին պատասխանելու փոխարեն Մարիամն ասաց. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան»։ Մարիամը չէր էլ մտածում՝ կկարողանա արդյոք բարձրացնել ու տանել այդպիսի ծանրություն՝ ամրակազմ մի տղամարդու մարմին։ Նա միայն գիտեր, որ պետք է ձեռքից եկածն անի հանուն իր Տիրոջ։
Եվ մինչ Մարիամը տխուր թեքել էր հայացքը, այդ մարդն ընդամենը մի բառ ասաց նրան. «Մարիա՛մ»։ Նրա ասելու ձևից Մարիամը իսկույն ճանաչեց նրան ու ասաց. «Ռաբբունի՛»։ Լաց լինելով՝ նա գրկեց Հիսուսին։ Սակայն Հիսուսը Մարիամին մեղմորեն ասաց, որ չկառչի իրենից։ Նա կարևոր հանձնարարություն ուներ Մարիամի համար, ուստի պատվիրեց. «Գնա իմ եղբայրների մոտ»։ Նրա հանդեպ իր վստահությունը ցույց տալով՝ Հիսուսը հանձնարարեց, որ առաքյալներին հայտնի անչափ կարևոր այդ լուրը՝ որ իրենց Տերը հարություն է առել։ Մարիամը անմիջապես գնաց։ Սակայն սկզբում առաքյալները չհավատացին նրան, քանի որ, ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրա ասածները «անհեթեթություն էին թվում» նրանց։ Բայց ո՛չ նրանց վերաբերմունքը, ո՛չ էլ որևէ այլ բան Մարիամին հետ չպահեց այդ բարի լուրը հայտնելուց։ Եվ նա, ինչ խոսք, շարունակեց Հիսուս Քրիստոսի հարության մասին հռչակել աներեր խիզախությամբ։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Մարիամ Մագդաղենացին ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Մարիամ Մագդաղենացին և մյուս կանայք թերևս ի՞նչ կերպերով էին աջակցում Հիսուսին ու իր առաքյալներին (ijwia, հոդված 6, պրբ. 5-6)։ Ա
նկար Ա
2. Սկզբում Մարիամն ինչո՞ւ չճանաչեց հարություն առած Հիսուսին (ijwia, հոդված 6, պրբ. 16)։
3. Հիսուսն ինչո՞ւ Մարիամ Մագդաղենացուն ասաց, որ չկառչի իրենից (w08 4/15, էջ 32, պրբ. 6)։
4. Հիսուսի հարության մասին Մարիամ Մագդաղենացու հայտնած լուրը առաքյալները «անհեթեթություն» համարեցին։ Կանանց մասին ո՞ր տեսակետն է հավանաբար պատճառ եղել, որ նրանք այդպես արձագանքեն (Ղուկ. 24։11; w12 9/1, էջ 10, պրբ. 4-5)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Մարիամ Մագդաղենացին խոնարհաբար տարբեր գործեր էր անում ուրիշների համար։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Բ
նկար Բ
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Մարիամ Մագդաղենացուն, երբ մարդիկ չեն հավատում մեր քարոզած աստվածաշնչյան լուրին (Ղուկ. 24։10, 11)։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Մարիամ Մագդաղենացու քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Մարիամ Մագդաղենացին թերևս ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։
Բացահայտիր ավելին
Իմացիր, թե Մարիամ Մագդաղենացու մասին ինչ առասպելներ են տարածված, և թե ինչ է իրականում ասվում Աստվածաշնչում։
Ինչպե՞ս Հիսուսը վերաբերվեց Մարիամ Մագդաղենացուն և այլ կանանց, և ինչպե՞ս է դա ցույց տալիս, թե որն է կանանց հանդեպ ճիշտ վերաբերմունքը։
«Քրիստոնյա կանայք արժանի են պատվի ու հարգանքի» (w95 7/15, էջ 15-18, պրբ. 3-8)