44 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ
Նրանից «մեծը չկա»
ԴԱՐԵՐ շարունակ Եհովան ոչ մի մարգարե չէր ուղարկել՝ իր ժողովրդին ուղղելու։ Բայց ահա երկար դադարից հետո Աստված ուղարկեց մի մարդու, որ խոսի իր անունից։ Այդ մարդը Հովհաննեսն էր։ Նա մենավոր կյանք էր վարում Հրեաստանի անապատում՝ ամայի, քարքարոտ մի վայրում, որտեղ վխտում էին օձերը, կարիճներն ու գիշատիչ կենդանիները, և որտեղ թաքնվում էին օրենքից փախչող հանցագործները։ Հովհաննեսը ոչ միայն անվախորեն ապրում էր այդ միջավայրում, այլև քաջաբար քարոզում էր Եհովայի հայտնած սթափեցնող պատգամը։
Հովհաննեսի ծնողները՝ Զաքարիան ու Եղիսաբեթը, հավանաբար նրան պատմել էին, թե Աստծու հրեշտակը ինչ էր ասել նրա մասին։ Ուստի նա անկասկած հասկանում էր, որ ինքը պետք է լինի Եղիայի պես եռանդուն մարգարե, Սամուելի պես ուխտավոր և իրենից շատ ավելի մեծ ու զորավոր մեկի համար ճանապարհ հարթող։ Հովհաննեսն արդեն 30 տարեկան էր, ուստի, ըստ օրենքի, կարող էր իր հոր պես քահանա դառնալ։ Բայց դրա փոխարեն նա սկսեց զղջալու կոչ անել մարդկանց։ Նա վաղուց մարգարեացված «ձայնն էր, ով անապատում աղաղակում էր»։ Նա քարոզում էր «երկնքի թագավորության» մասին և դա անում էր այնպիսի համոզվածությամբ, որ մարդիկ քաղաքներից ու այլ բնակավայրերից գալիս էին նրան լսելու։ Աստծուց ստացած պատվերի համաձայն՝ նա ջրում մկրտում էր իրենց մեղքերի համար զղջացողներին։ Նաև դատաստանական պատգամ էր հաղորդում՝ անվախորեն քողազերծելով ազդեցիկ կրոնական առաջնորդների՝ սադուկեցիների և փարիսեցիների կեղծավորությունը։
Թեև Հովհաննեսը այդպիսի կարևոր հանձնարարություն էր կատարում, բայց հպարտությամբ չլցվեց։ Ընդհակառակը, նա խոնարհաբար հայտարարեց, որ պարզապես ճանապարհ է պատրաստում շատ ավելի կարևոր մեկի համար, ով գալու է իրենից հետո։ Անգամ նշեց, որ ինքն արժանի չէ այդ մարդու սանդալի կապերն արձակելու։ Եվ ահա, երբ Հովհաննեսը մկրտում էր Հիսուսին, լսեց անձամբ Եհովայի ձայնը, ով ասաց. «Սա իմ սիրելի Որդին է, որն ունի իմ հավանությունը»։ Իսկ ավելի ուշ, երբ Հիսուսը Սատանայի կողմից փորձվելուց հետո նորից եկավ նրա մոտ, Հովհաննեսը բացականչեց. «Ահա՛ Աստծու Գառը, որը վերացնում է աշխարհի մեղքը»։
Հովհաննեսը իր հետևորդներին խոնարհաբար հորդորում էր Հիսուսին հետևել։ Նրանցից շատերը հենց այդպես էլ արեցին։ Հիսուսին միացած աշակերտներից էին, օրինակ, Անդրեասը՝ Պետրոսի եղբայրը, և հավանաբար Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդին։ Մի որոշ ժամանակ Հիսուսն ու Հովհաննեսը Մկրտիչը զուգահեռաբար էին կատարում իրենց ծառայությունը, և երկուսն էլ մարդկանց հորդորում էին մկրտվել ի նշան զղջման։ Երբ Հովհաննեսին հայտնեցին, որ Հիսուսի աշակերտները ավելի շատ մարդ են մկրտում, քան ինքը՝ Հովհաննեսը, նա չնեղսրտեց դրանից։ Ընդհակառակը, համեստորեն ասաց. «Նա պետք է աճի, իսկ ես՝ նվազեմ»։
Հովհաննեսի համարձակ քարոզչությունը խոցում էր կեղծավոր ու ազդեցիկ մարդկանց, իսկ Մեսիային սպասողներին խանդավառությամբ էր լցնում
Հովհաննեսը քաջաբար խրատում և անկեղծ խորհուրդ էր տալիս անգամ բարձրաստիճան մարդկանց։ Հերովդես Անտիպասը, որը հավատափոխ էր եղել և իրեն համարում էր հուդայականության հավատարիմ հետևորդ, ամուսնացել էր իր եղբոր կնոջ՝ Հերովդիայի հետ։ Հովհաննեսը համարձակորեն դատապարտեց նրա անբարո քայլը, որը Եհովայի օրենքի խախտում էր։ Զայրացած Հերովդեսը բանտարկեց Հովհաննեսին։ Իսկ Հերովդիայի համար Հովհաննեսի բանտարկությունը դեռ քիչ էր։ Նա ուզում էր նրան մեռած տեսնել։
Բանտում եղած ժամանակ Հովհաննեսը հավաստիացման ու քաջալերանքի կարիք ուներ, ուստի իր աշակերտներից երկուսին ուղարկեց Հիսուսի մոտ, որ հարցնեն նրան. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»։ Հիսուսը շատ ոգևորիչ պատասխան ուղարկեց. «Կույրերը տեսնում են.... խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում»։ Բանտի մութ պատերի մեջ Հովհաննեսը, անկասկած, մեծ մխիթարություն ստացավ՝ լսելով Հիսուսի զորավոր գործերի մասին։ Նա հասկացավ, որ ինքն իսկապես արել է իր գործը՝ ճանապարհ է պատրաստել Եհովայի ընտրյալի համար։ Ու թեև ինքը, ի տարբերություն Եղիայի, երբեք հրաշքներ անելու զորություն չէր ստացել, բայց հաջողությամբ կատարել էր նույն գործը, ինչ նա։
Բայց դրանից շատ չանցած՝ Հերովդիան Հովհաննեսից վրեժ լուծելու հարմար առիթ գտավ։ Նրա աղջիկը պարեց Հերովդեսի համար, և վերջինս խոստացավ աղջկան տալ նրա ուզած ցանկացած բան։ Հերովդիան աղջկան պատվիրեց, որ Հովհաննես Մկրտչի գլուխը խնդրի։ Այդ թուլակամ կառավարիչը, թեև այլայլվեց, բայց կատարեց աղջկա խնդրանքը՝ մահապատժի ենթարկելով Հովհաննեսին։ Հովհաննեսը մինչև իր կյանքի վերջ անսասան քաջություն դրսևորեց։
Հիսուսը նրա մասին ասաց. «Երկրի վրա ծնվածների մեջ Հովհաննեսից մեծը չկա»։ Անկատար մարդկանցից ոչ մեկը, ոչ էլ նույնիսկ այնպիսի մարգարեները, ինչպիսին Մովսեսն ու Եղիան էին, չեն ունեցել այն մեծ պատիվը, որ Հովհաննեսին էր տրվել. լինել մարգարեացված «ձայնը.... անապատում», ով ճանապարհ պատրաստեց Եհովայի օծյալի՝ Մեսիայի համար։ Հովհաննեսի քաջության օրինակը մինչ օրս ոգեշնչում է քրիստոնյաներին։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Հովհաննես Մկրտիչն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը ի՞նչ ազգակցական կապ ունեին (w10 9/1, էջ 15, պրբ. 4-6)։
2. Առաջին դարի պատմիչ Հովսեպոս Փլավիոսի վկայությունը ինչպե՞ս է փաստում, որ Հովհաննես Մկրտիչն իսկապես գոյություն է ունեցել (mrt, հոդված 14)։ Ա
նկար Ա։ Հերովդես Անտիպասի թողարկած մետաղադրամ (մ.թ. 30 թ.)։ Վրան այսպիսի մակագրություն է. «Հերովդես Չորրորդապետ [մարզի կառավարիչ]»
3. Ի՞նչ իմաստով Հովհաննեսը «գնաց այն նույն ոգով ու զորությամբ, որ Եղիան ուներ» (Ղուկ. 1։17; it, «Ոգի», պրբ. 60)։ Բ
նկար Բ
4. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Հովհաննեսը երկնային կյանք չի ստացել (Մատթ. 11։11; ijwbq, հոդված 178, պրբ. 4)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Թեև Հովհաննեսը աստվածաշնչյան մարգարեություն իրականացրեց և ճանապարհ պատրաստեց Մեսիայի համար, բայց խոնարհ մնաց (Հովհ. 1։26, 27)։ Ի՞նչ ենք սովորում նրանից։
Հովհաննեսը պարզ ապրելակերպ ուներ և իր կյանքն ամբողջությամբ նվիրել էր Եհովայի կամքը կատարելուն (Մատթ. 3։4)։ Ի՞նչը կարող է օգնել, որ մենք էլ այսօր պարզ կյանք վարենք։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովհաննես Մկրտչի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ի՞նչ կհարցնեմ Հովհաննես Մկրտչին, երբ նա հարություն առնի։
Բացահայտիր ավելին
Իմացիր, թե ինչը օգնեց Հովհաննեսին, որ ուրախ ու համբերատար լինի՝ չնայած դժվարություններին։
«Հովհաննես Մկրտչի պես պահպանիր ուրախությունդ» (w19.08, էջ 29-31)
Հովհաննեսի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել, որ դիմանանք հալածանքին, տնտեսական դժվարություններին և հիասթափություններին։