50 ՏԱՐՍՈՆԱՑԻ ՍՈՂՈՍ
Նա հիմնովին փոխեց իր մտածելակերպը
ՏԱՐՍՈՆԱՑԻ ՍՈՂՈՍԸ՝ այն երիտասարդը, ով դեր ունեցավ Ստեփանոսի սպանության մեջ, ոչ մի ափսոսանք չէր զգում դրա համար։a Դեռ մի բան էլ ավելի էր չարացել։ Կրոնական մոլեռանդությամբ տոգորված՝ նա ատելություն էր շնչում «Տիրոջ աշակերտների» հանդեպ և «ցանկանում էր սպանել» նրանց։ Երուսաղեմում նա անմեղ տղամարդկանց ու կանանց տներից դուրս էր քաշում ու բանտարկել էր տալիս։ Եվ երբ էլ որ քրիստոնյաներից որևէ մեկին կանգնեցնում էին դատարանի առաջ, Սողոսը նրան մահապատժի ենթարկելուն կողմ էր քվեարկում։ Այդպես նա դաժան հալածանքի ալիք բարձրացրեց, որը, իր մոլեգին հորձանքի մեջ առնելով ողջ քաղաքը, շատ քրիստոնյաների ստիպեց իրենց կյանքը փրկելու համար փախուստի դիմել։ Բայց Սողոսը այդքանով չբավարարվեց։ Նա քահանայապետից նամակներ խնդրեց, որոնք իրեն լիազորություն կտային այդպիսի հալածանք ծավալելու նաև Դամասկոսում։
Նամակները ձեռքին՝ Սողոսը մի քանի այլ մարդկանց հետ ճանապարհ ընկավ դեպի հյուսիս՝ դեպի այդ հանրահայտ անապատային քաղաքը։ Բայց նա չգիտեր, որ Հիսուսը ողջ է ու երկնքում է՝ իր Հոր աջ կողմում։ Հիսուսը և իր Հայրը՝ Եհովան, ամեն ինչ գիտեին Սողոսի մասին, տեղյակ էին նրա արածներին, բայց, որքան էլ զարմանալի է, նրա մեջ լավն էին տեսել և գիտեին՝ ինչպիսին կարող է դառնալ։ Երբ Սողոսն իր ուղեկիցների հետ արդեն մոտենում էր Դամասկոսին, հանկարծ մի լույս փայլատակեց նրանց շուրջբոլորը՝ «արևի լույսից ավելի ուժեղ» մի լույս։ Սողոսը կուրացած ընկավ գետնին։
Հետո մի ձայն լսեց, որը նրան դիմեց այսպիսի խոսքերով՝ «Սողո՛ս, Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում», ապա ասաց, որ իրեն ուղղորդող խթանին համառ ցլի պես քացի տալով՝ նա միայն ինքն իրեն է վնասում։ Սողոսը հարցրեց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Պատասխանը թերևս մինչև հոգու խորքը ցնցեց նրան. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես»։ Հետո Հիսուսը նրան ասաց, որ «վեր կենա», և բացատրեց, թե ինչ գործ էր նրան սպասում։ Նա պետք է պատմեր Հիսուսի մասին և վկայեր, որ նրա ողջ սովորեցրածը ճշմարտություն է։ Կուրացած Սողոսին Հիսուսն ասաց, որ նա պետք է Աստծուն չծառայող մարդկանց աչքերը բացի, որպեսզի նրանք խավարից դեպի լույսը գան։
Քրիստոնեության դաժան հակառակորդը ինչպե՞ս կարողացավ հիմնովին փոխվել ու դառնալ Քրիստոսի մասին բարի լուրի քարոզիչ
Երկնային տեսիլքը խոնարհեցրեց հպարտ ու դաժան այդ մարդուն։ Սողոսին, ով դեռ կույր էր, ուղեկցեցին Դամասկոս, որտեղ նա պետք է սպասեր, մինչև քրիստոնյաներից մեկը գար իր մոտ։ Նա երեք օր ծոմ պահեց, ինչն անկասկած մեծ տխրության, մինչև սրտի խորքը ընկճված լինելու և անկեղծ զղջման նշան էր։ Հավանաբար նա երկար ու ջերմեռանդ աղոթեց Եհովային։ Չէ՞ որ նա հիմա գիտակցում էր, որ իրականում Նրա սիրելի Որդուն է հալածել։ Շուտով Հիսուսը Սողոսի մոտ ուղարկեց Անանիա անունով մի քրիստոնյայի։ Անանիան թեև սկզբում վախենում էր, բայց գնաց։ Նա իր ձեռքերը դրեց Սողոսի վրա, և այդ պահին նրա «աչքերից թեփուկի նման ինչ-որ բաներ ընկան»։ Սողոսի տեսողությունը վերականգնվեց։ Այժմ արդեն ճիշտ դատող ու խոնարհ այդ մարդը մկրտվեց։
Քրիստոնյա դառնալուն պես Սողոսը գործի անցավ։ Երուսաղեմ վերադառնալու փոխարեն նա Դամասկոսի ժողովարաններ գնաց։ Դա շատ դժվար քայլ էր, քանի որ այնտեղ իրեն հավանաբար լավ էին ճանաչում։ Նա թերևս աղոթեց, որ համարձակությամբ խոսի։ Կարելի է պատկերացնել ունկնդիրների զարմանքը, երբ նա ասաց, որ այդքան ժամանակ ինքը սխալ է վարվել և որ հիմա Հիսուսի հետևորդ է դարձել։ Սողոսը այդքանով չբավարարվեց. նա «ավելի ու ավելի արդյունավետորեն էր քարոզում և տրամաբանորեն ապացուցելով, որ Հիսուսն է Քրիստոսը՝ պապանձեցնում էր Դամասկոսի հրեաներին»։
Դամասկոսում մնալու ընթացքում նա որոշ ժամանակով գնաց Արաբիա՝ թերևս Սիրիական անապատ։ Աստվածաշունչը չի նշում այնտեղ գնալու պատճառը, բայց հնարավոր է՝ նա ցանկանում էր մենակ մնալ, աղոթել ու խորհրդածել իր նոր առաքելության մասին։ Սողոսը իր ողջ կյանքում պահպանեց Աստծու Խոսքի խոր ուսումնասիրություն անելու և դրա շուրջ մտորելու սովորությունը։ Նա իսկապես հիմնովին փոխել էր իր մտածելակերպը։ Հետագայում նա Հռոմի իր հավատակիցներին հորդորեց նույնն անել՝ շարունակաբար ջանքեր գործադրելով այդ ուղղությամբ (Հռոմ. 12։2)։
Սողոսը երբեք չմոռացավ անցյալում իր արած սարսափելի բաները։ Անգամ տարիներ հետո էլ նա իր մասին ասաց. «Ես աստվածանարգ, հալածող ու հանդուգն մարդ էի» (1 Տիմոթ. 1։13)։ Նա սրտի ցավով ու ափսոսանքով էր հիշում Ստեփանոսի մահը (Գործ. 22։19-21)։ Այդուհանդերձ, Սողոսը գիտեր մի բան. Եհովան ու Հիսուսը ներել են իրեն և շարունակաբար օրհնում ու աջակցում են։
Երեք տարի Դամասկոսում ապրելուց հետո Սողոսը հալածանքի պատճառով ստիպված եղավ փախչել այնտեղից։ Նրան զամբյուղով ցած իջեցրին քաղաքի պարսպի պատուհանից, և նա գնաց Երուսաղեմ։ Բայց այս ամենը նրա քրիստոնեական ուղու սկիզբն էր միայն։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Իր կյանքի այս շրջանում Սողոսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Սողոսը իրավացի էր, երբ իր բնօրրան Տարսոնը կոչեց «հայտնի քաղաք» (Գործ. 21։39; w99 5/15, էջ 30, պրբ. 1)։ Ա
Todd Bolen/BiblePlaces.com
նկար Ա։ Հին Տարսոնի ավերակները, որտեղ կա հնուց պահպանված սալարկված փողոց
2. Ինչի՞ց ենք եզրակացնում, որ Սողոսը քաջածանոթ էր հրեական, հունական և հռոմեական մշակույթներին (bt, էջ 62, շրջանակ, պրբ. 1-3)։
3. Ի՞նչ նկատի ուներ Սողոսը՝ ասելով, որ Հիսուսը հայտնվեց իրեն՝ «իբրև վաղաժամ ծնվածի» (1 Կորնթ. 15։8; w22.09, էջ 27)։
4. Ի՞նչն է փաստում, որ Դամասկոսում Սողոսի՝ քրիստոնյա դառնալու մասին Ղուկասի արձանագրությունը ճշգրիտ է (Գործ. 9։11, 24, 25; g03 2/8, էջ 24-26)։ Բ
Photo by ROLOC Color Slides
նկար Բ։ Դամասկոսի Բաբ-Շարկի դարպասը, որտեղ ավարտվում է Ուղիղ փողոցը
Մտածիր՝ ինչպես կիրառել
Սողոսը խոնարհաբար օգնություն ընդունեց Անանիայից և այլ քրիստոնյաներից (Գործ. 9։17, 18; Կող. 4։10, 11)։ Ի՞նչ իրավիճակներում խելամիտ կլինի օգնություն ընդունել ուրիշներից։
Սողոսը չկենտրոնացավ իր նախկին ձեռքբերումների ու անցյալում կատարած սխալների վրա և թույլ չտվեց, որ դրանք խանգարեն իրեն լիարժեքորեն ծառայել Եհովային (Փիլիպ. 3։4-8; 1 Տիմոթ. 1։12-16)։ Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։ Գ
նկար Գ
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Սողոսի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Այս գլխի տեղեկություններն ուսումնասիրելուց հետո ինչո՞ւ ես ուրախ, որ Սողոսն ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։
Բացահայտիր ավելին
Տես, թե ինչպես նախկինում հակառակվող անհատը Սողոսի պես հիմնովին փոխեց իր մտածելակերպը։
Սողոսի օրինակը ինչպե՞ս է օգնում, որ լավ ուսումնասիրություն անելու սովորություն մշակենք, սիրենք մարդկանց և ճիշտ տեսակետ ունենանք մեր անձի մասին։
«Հոգևորապես աճիր՝ հետևելով Պողոսի օրինակին» (w08 5/15, էջ 21-25)
a Թեև Սողոսը հետագայում Պողոս անվանվեց, այս գլխում հետևողականորեն կգործածենք «Սողոս» անունը։