ՆԱԽԱԲԱՆ
Դու կարո՛ղ ես քաջ լինել
1-3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսի խոսքերը վկայում են մեծ քաջության մասին։
«ՎԵՐ ԿԱՑԵՔ՝ գնանք»։ Թերևս սրանք մարդ էակի կողմից երբևէ ասված ամենախիզախ խոսքերն են։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Պատասխանը գտնելու համար հարկավոր է նկատի առնել՝ ով է ասել դրանք և ինչու (Մատթ. 26։46)։
«Վեր կացեք՝ գնանք» (Մատթ. 26։46)։
2 Այդ խոսքերը Հիսուս Քրիստոսն է ասել իր հավատարիմ հետևորդներին (Հովհ. 14։31)։ Նա հավանաբար առաջ էլ էր նույն բանը ասել նրանց, բայց այս անգամ շատ վճռական պահ էր։ Նա Երուսաղեմին մոտ գտնվող մի պարտեզում էր, որը կոչվում էր Գեթսեմանի։ Լուսնի լույսով ողողված ուշ գիշեր էր։ Հիսուսը գիտեր, որ իրենց է մոտենում զինված մի ամբոխ, և քաջատեղյակ էր նրանց մտադրությանը։ Նա կանգնելու էր այնպիսի մի դժվարին փորձության առաջ, որպիսին ոչ մի մարդ երբևէ չէր ունեցել։ Եվ հասկանում էր, որ ինքը դրա միջով մենակ է անցնելու։
3 Հիսուսը չփորձեց խույս տալ իրեն սպասող ծանր փորձությունից։ Ու թեև նա կարող էր օգնության կանչել հզոր հրեշտակներին, բայց երբեք չարեց դա (Մատթ. 26։53)։ Նա իր աշակերտներին վստահ ու հաստատակամ ասաց վերոնշյալ խոսքերը. «Վեր կացեք՝ գնանք»։ Ո՞ւր էր գնում Հիսուսը։ Վտանգներին, տանջանքներին ու մահվանն ընդառաջ։ Բայց ինչո՞ւ էր նա պատրաստ տանելու այդ ամենը։ Որովհետև սիրում էր իր Հորը և իր հետևորդներին։
4-5. Ինչպիսի՞ քաջություն դրսևորեց Հիսուսը, և ինչո՞ւ է դա քրիստոնյաներին էլ անհրաժեշտ։
4 Անվիճելի է, որ Հիսուս Քրիստոսը երբևէ ապրած ամենաքաջ մարդն էր։ Եթե դու նրա հետևորդներից մեկն ես, ուրեմն դու էլ ես քաջ։ Ճշմարիտ քրիստոնյաների համար քաջությունը կենսական է։ Այժմ մենք ապրում ենք վտանգներով լի ծանր ժամանակներում, ուստի առավել քան երբևէ ունենք դրա կարիքը։
5 Ի՞նչ բնորոշում կարելի է տալ Հիսուսի դրսևորած քաջությանը։ Այն իսկական քաջություն էր, որը վտանգի հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը չէ կամ անտեղի ռիսկի դիմելն ու առանց երկար-բարակ մտածելու փորձանքների մեջ նետվելը, ոչ էլ վայրագ, կոպիտ ու հանդուգն արարքներով ուժը ցուցադրելն է (Սաղ. 11։5)։ Հիսուսի քաջությունը ներքին բարոյական ուժի դրսևորում էր, ուժ, որը մղում է առաջ գնալու և անելու այն, ինչ ճիշտ է Աստծու աչքին, ինչքան էլ դա դժվար ու վախեցնող լինի։
Դու կարո՛ղ ես Հիսուսի պես քաջ լինել
6. Եթե մտավախություն ունես, թե չես կարողանա քաջ լինել, աշակերտներին ուղղված Հիսուսի խոսքերը ինչպե՞ս կարող են մխիթարել քեզ։
6 Գուցե մտավախություն ունես, թե չես կարողանա փորձության ժամանակ Հիսուսի պես քաջ լինել։ Եթե այդպես է, հիշիր, որ Հիսուսը ողջամիտ մոտեցում ունի։ Ընդօրինակելով իր Հորը՝ նա երբեք մեզնից չի ակնկալում ավելին, քան կարող ենք անել (Սաղ. 103։14; Հովհ. 14։9) Օրինակ՝ Գեթսեմանի պարտեզում հենց այն նույն վճռորոշ գիշերը Հիսուսը աշակերտներին խնդրեց, որ իր հետ արթուն մնան, բայց նրանք քնով ընկան։ Այդուհանդերձ, Հիսուսը կարեկցանքով ասաց նրանց. «Մարդը ոգով պատրաստակամ է, բայց մարմնով՝ տկար» (Մատթ. 26։41)։ Նա հասկանում էր, որ նրանք անկատար մարդիկ են և թուլություններ ունեն։ Վստահ եղիր, որ նա քեզ էլ հասկացողությամբ կվերաբերվի։
7-8. Հիսուսն ինչպե՞ս է քաջալերել իր հետևորդներին ու նրանց հանդեպ վստահություն արտահայտել։
7 Հիսուսը իր հետևորդներին ասաց. «Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33)։ Այդ խոսքերը, որ նա հավանաբար ասաց քաջալերական տոնով, ցույց էին տալիս նրա վստահությունը աշակերտների հանդեպ։ Նա գիտեր, որ նրանք կարող են խիզախորեն գնալ իր հետքերով, և նրանք հենց այդպես էլ արեցին։ Հիսուսը այլ առիթներով էլ է նմանատիպ ջերմ, ոգևորիչ խոսքեր ասել։ «Մի՛ անհանգստացիր»,– ասաց նա անդամալույծին, նախքան կհավաստիացներ, որ նրա մեղքերը ներված են (Մատթ. 9։2)։ Սարսափելի հիվանդությունով տառապող մի կնոջ բուժելուց հետո նա ասաց նրան՝ «Մի՛ վախեցիր» (Մատթ. 9։22)։ Նույնը ասաց իր աշակերտներին, երբ նրանք վախեցել էին՝ տեսնելով նրան փոթորկված ծովի վրայով քայլելիս (Մատթ. 14։27)։ Իսկ երբ վրդովված ատենակալները քիչ էր մնում կտոր-կտոր անեին Պողոս առաքյալին, դրանից հետո Հիսուսը, տեսիլքում խոսելով նրա հետ, ասաց՝ «Քա՛ջ եղիր» (Գործ. 23։9-11)։
8 Քո խիզախ Թագավորը այսօր նույն հորդորը քեզ է տալիս։ Նա ուզում է, որ քաջ լինես, և գիտի, որ կարող ես։ Նրա Հայրը՝ Եհովան, քեզ տվել է դրա համար անհրաժեշտ ամեն բան։
Աստծու Խոսքն ինչպես է օգնում քաջ լինել
9. Աստծու Խոսքն ինչպե՞ս կարող է օգնել, որ քաջությամբ լցվենք։
9 Եհովան մեզ իր Խոսքում տվել է բազմաթիվ մարդկանց օրինակներ, որոնք կարող են օգնել մեզ քաջ լինել։ Դրանք իրական պատմություններ են իրական տղամարդկանց, կանանց, երիտասարդների ու տարեցների մասին, որոնք տարբեր ծագում ու հանգամանքներ ունեին։ Բոլորն էլ «մեզ պես մարդիկ էին» և նույն զգացմունքներն ունեին, ինչ մենք ունենք (Հակ. 5։17)։ Նրանք մեզ նման անկատար էին, թուլություններ, սահմանափակումներ և սխալներ ունեին։ Եվ մեզ պես նրանք տարատեսակ խոչընդոտների, դժվարությունների և անգամ վտանգների են բախվել, բայց կարողացել են հաղթահարել դրանք ու Հիսուսի պես հաղթանակած դուրս գալ։ Նրանք քաջությամբ են լցվել և հիանալի օրինակ են թողել մեզ համար։
10-11. Այս գիրքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, և ինչպե՞ս կարող ես լավագույնս օգտվել դրանից (տես նաև «Ինչպես օգտվել այս հրատարակությունից անձնական ուսումնասիրության և ընտանեկան երկրպագության ժամանակ» շրջանակը)։
10 Այս գրքի նպատակն է՝ օգնել քեզ, որ ավելի մեծ քաջությամբ լցվես։ Այն բաղկացած է 54 գլխից, որոնցում կտեսնես, թե ինչպես է Եհովան քաջությամբ զինել բոլորիս պես անկատար մարդկանց։ Ուստի կարդա պատմությունը, հետո խորացրու գիտելիքներդ՝ հավելյալ ուսումնասիրություններ անելով յուրաքանչյուր կերպարի մասին։ Այդպես ավելի ու ավելի լավ կճանաչես այդ մարդկանց։
11 Թող որ նրանց օրինակները քեզ համարձակություն ներշնչեն, որ դիմանաս այս «վերջին օրերի» դժվարություններին (2 Տիմոթ. 3։1)։ Ամեն օր հիշիր Եհովայի հավաստիացումը. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի»։ Ինչպես նշեց Պողոսը, այդ խոսքերը կարող են օգնել բոլորիս, որ «համարձակությամբ լցված» ասենք. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա։ Մարդն ի՞նչ կարող է ինձ անել» (Եբր. 13։5, 6)։