ՎԵՐՋԱԲԱՆ
Քաջությամբ լցվիր
1. Ուրիշ ի՞նչ է հարկավոր իմանալ քաջության վերաբերյալ։
ՔԱՋՈՒԹՅԱՆ մասին կա՞ մի բան, որ կարող ենք ավելացնել այս գրքի վերջում։ Իհա՛րկե։ Նախ նշենք, որ Աստվածաշնչում այս կենսական թեմայի վերաբերյալ այնքան շատ տեղեկություններ կան, որ մեկ գրքում բոլորին չենք կարող անդրադառնալ։ Բացի այդ՝ հարկավոր է պարզել, թե ուրիշ ինչ է պետք, որ կարողանանք իսկապես քաջ լինել։ Դրա մասին կխոսվի այս վերջաբանում։
2. Աստծու հավատարիմ ծառաներից ուրիշ ովքե՞ր են քաջություն դրսևորել։
2 Կարո՞ղ ես մտաբերել Աստվածաշնչում հիշատակված այլ մարդկանց, ովքեր քաջություն են դրսևորել, բայց ում մասին չենք խոսել այս գրքում։ Գուցե մտքովդ անցան Եբրայերեն Գրվածքների նշանավոր մարգարեներից մի քանիսը, օրինակ՝ Եսայիան, Երեմիան, Եզեկիելը, Հովնանը կամ Մաղաքիան։ Անշուշտ նրանց էլ են վերաբերում Աստծու ներշնչմամբ Պողոսի գրած հետևյալ խոսքերը. «Ոմանք.... փորձություններ կրեցին՝ ծաղրուծանակի ենթարկվեցին, խարազանվեցին և նույնիսկ շղթայվեցին ու բանտարկվեցին»։ Պողոսը նշում է, որ ոմանք էլ «կարիքի մեջ եղան, նեղություններ կրեցին, դաժան վերաբերմունքի արժանացան»։ Եղան նաև այնպիսիք, որոնք նույնիսկ մահապատժի ենթարկվեցին (Եբր. 11։36, 37)։ Բայց այդ բոլոր մարդիկ քաջաբար հավատարիմ մնացին Եհովային։
3-4. Ինչպե՞ս երկու անանուն կանայք օգնեցին Դավիթ թագավորին, երբ նրա կյանքին վտանգ էր սպառնում։
3 Քաջություն դրսևորած որոշ մարդկանց անուններ չեն հիշատակվում աստվածաշնչյան արձանագրության մեջ։ Օրինակ՝ Աստվածաշնչում խոսվում է Դավթի օրերում ապրած երկու կանանց մասին, որոնք աջակցեցին նրան, երբ նրա որդի Աբիսողոմը գահը զավթելու փորձ արեց։ Այդ սնապարծ ու չար մարդու պատճառով Դավիթը ստիպված եղավ փախչել Երուսաղեմից։ Դավիթը խիզախ մի քահանայի՝ Սադոկին, խնդրեց, որ հետ գնա քաղաք և մնա այնտեղ, որպեսզի տեղեկություն հավաքի Աբիսողոմի հետագա քայլերի մասին ու հաղորդի իրեն։ «Մի աղախին», որի անունը չի նշվում արձանագրության մեջ, իր կյանքը վտանգելով՝ Սադոկից ստացած տեղեկությունը հայտնեց Դավթի երկու հավատարիմ ծառաների։ Նրանք էլ գնացին, որ լուր տան Դավթին, բայց մի երիտասարդ նկատեց նրանց ու հայտնեց Աբիսողոմին։ Այդ երկու ծառաները, շրջահայացություն դրսևորելով, թաքնվեցին մի ջրհորում։ Մեկ ուրիշ անանուն կին, որի ամուսնուն էր պատկանում այդ ջրհորը, առանց հապաղելու մի ծածկոց փռեց ջրհորի վրա և վրան հացահատիկ լցրեց։ Երբ Աբիսողոմի ծառաները եկան այդ երկու մարդկանց փնտրելու, կինը ապակողմնորոշեց նրանց։ Իրենց քաջությամբ այս երկու նվիրված կանայք նպաստեցին, որ պահպանվի Եհովայի ընտրյալ արքայի կյանքը (2 Սամ. 15։23-37; 17։8-22)։
Խիզախ աղախինը և քաջարի կինը, որի ամուսնուն էր պատկանում թաքստոց ծառայած ջրհորը
4 Աստվածաշունչը իսկապես որ լի է քաջության օրինակներով։ Տարբեր տղամարդիկ ու կանայք՝ անուններով հիշատակվող թե անանուն, հարուստ թե աղքատ, նշանավոր թե հասարակ, խիզախորեն Եհովայի կողմն են բռնել։ Նրանց պատմությունները կարող են ոգեշնչել մեզ։
Աղոթքի կարևորությունը
5-7. Պողոսը ինչպե՞ս քաջությամբ լցվեց, որ, չնայած դաժան հալածանքին, կատարի Եհովայի տված հանձնարարությունը։
5 Աստվածաշնչում հիշատակված քաջ տղամարդկանց ու կանանց օրինակները ինչպե՞ս կարող են օգնել մեզ։ Նախ պետք է գիտակցենք, որ այդ բոլոր մարդիկ ոչ թե պարզապես բնույթով քաջ էին կամ զուտ իրենց ուժերով էին հավատարմորեն ծառայում Եհովային, այլ ունեին հաջողության մեկ ուրիշ գաղտնիք։ Ո՞րն էր դա։
6 Հասկանալու համար անդրադառնանք Պողոս առաքյալի օրինակին։ Փիլիպպեում ամբոխը հարձակվեց նրա ու Շիղայի վրա և նրանց հանձնեց քաղաքի պաշտոնյաներին, որոնց կարգադրությամբ նրանց հագուստները պատռեցին, դաժանորեն ճիպոտահարեցին նրանց, այնուհետև մի խավար բանտախուց գցեցին ու ոտքները ոտնակոճղի մեջ դրեցին (Գործ. 16։12, 19-24)։ Ազատ արձակվելուց հետո միանգամայն բնական կլիներ, որ Պողոսը վախով համակվեր։ Բայց նա Եհովայից ստացած հանձնարարություն ուներ, որ դեռ պետք է կատարեր. պետք է գնար Թեսաղոնիկեի մարդկանց քարոզելու։ Ինչպե՞ս նա քաջություն և ուժ գտավ իր հանձնարարությունը կատարելու համար։
7 Պողոսը հետագայում գրեց. «Թեև Փիլիպպեում չարչարանքներ էինք կրել և անարգվել, բայց Աստծու օգնությամբ համարձակությամբ լցվեցինք, որ նրա բարի լուրը հայտնենք ձեզ՝ չնայած մեծ հակառակությանը» (1 Թեսաղ. 2։2)։ Պողոսը գիտակցում էր, որ Եհովայի հանձնարարությունը անելու համար իրեն քաջություն է պետք։ Նա այդ քաջությունը իր մե՞ջ գտավ, ուժի ինչ-որ արտասովոր պաշա՞ր ուներ։ Ո՛չ, ինչպես և կարդացինք, նա համարձակությամբ լցվեց «Աստծու օգնությամբ»։ Պողոսը խոնարհաբար խնդրեց Եհովային, որ իրեն տա հարկ եղած քաջությունը։ Եհովան էլ պատասխանեց նրա խնդրանքին։
8. Ինչպե՞ս կարող ես Պողոսի պես քաջությամբ լցվել։
8 Դու էլ կարող ես Պողոսի պես վարվել։ Ոչ թե փորձիր քո մեջ ինչ-որ արտասովոր ուժի պաշար փնտրել, այլ աղոթքով դիմիր Եհովա Աստծուն և աղերսիր, որ տա քեզ անհրաժեշտ ուժն ու համարձակությունը (Գործ. 4։29)։
9. Ինչո՞ւ տեղին կլինի մեր երկնային հորը խնդրել, որ մեզ ավելի շատ հավատ տա։
9 Կարող ես նաև քո երկնային Հորից քաջության հետ սերտորեն կապված մեկ այլ բան խնդրել՝ հավատ։ Այն առաջանում է Եհովայի սուրբ ոգու ազդեցության շնորհիվ (Գաղ. 5։22, 23)։ Այն նաև յուրաքանչյուր քրիստոնյային անհրաժեշտ հոգևոր սպառազինության անբաժան մասն է (Եփես. 6։16)։ Իսկական հավատը այնքան զորեղ ուժ ունի, որ Աստվածաշնչում ասվում է, որ դրանով կարող ենք «հաղթել աշխարհին» (1 Հովհ. 5։4)։ Եհովայի հանդեպ ամուր հավատը քաջության ամենազորեղ նախադրյալն է։ Երբ լիովին համոզված ես լինում, որ Եհովան անհրաժեշտ պահին կարող է օգնել քեզ, զգում ես, որ աներևակայելի քաջությամբ ես լցվում։ Ուստի տեղին կլինի, որ ամեն մի քրիստոնյա Աստծուն ուղղի այն նույն խնդրանքը, որով առաքյալները դիմեցին Հիսուսին. «Օգնիր, որ ավելի շատ հավատ ունենանք» (Ղուկ. 17։5)։
«Քա՛ջ եղեք»
10-11. Ինչո՞ւ Պողոսը եբրայեցի քրիստոնյաներին գրելիս նշեց համարձակության մասին։
10 Երբ Պողոսը գրեց Երուսաղեմում և դրա շրջակայքում ապրող եբրայեցի քրիստոնյաներին, գիտեր, որ նրանց փոթորկալից ժամանակներ են սպասում։ Հիսուսը մարգարեացել էր, որ քաղաքը հիմնահատակ կործանվելու է, և այդ ժամանակը սրընթաց մոտենում էր (Ղուկ. 19։41-44; 21։20-24)։ Պողոսն ի՞նչ ասաց եբրայեցիներին, որ օգնի՝ քաջությամբ զինվեն։ Եկեք անդրադառնանք այս գրքի նախաբանում մեջբերված նրա խոսքերին։ Նա եբրայեցիներին հիշեցնում է Եհովայի սիրառատ խոստումը. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի»։ Ինչպե՞ս էր այդ խոստումը օգնելու նրանց։ Պողոսը շարունակում է. «Այնպես որ համարձակությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան է ինձ օգնողը, ես չեմ վախենա։ Մարդն ի՞նչ կարող է ինձ անել»» (Եբր. 13։5, 6)։
11 Մ.թ. 70-ին վրա հասավ Երուսաղեմի մարգարեացված կործանումը։ Ու թեև Աստվածաշունչը դրա հետ կապված որևէ տեղեկություն չի հայտնում, կարող ենք վստահ լինել, որ Երուսաղեմում ապրող հավատարիմ քրիստոնյաները, Պողոսի խոսքերից ոգեշնչված, համարձակությամբ լցվեցին ու հետևեցին Հիսուսի տված հրահանգին՝ ճիշտ ժամանակին «սարերը փախան» (Ղուկ. 21։20, 21)։
12. ա) Ո՞ր խոստումները կօգնեն քաջ լինել դժվար ժամանակներում։ բ) Այս վերջին օրերում ինչպե՞ս են ոմանք առանձնահատուկ քաջություն դրսևորել, և դու ինքդ ի՞նչ ես վճռել անել (տես «Ընդօրինակենք նրանց քաջությունը» շրջանակը)։
12 Դու էլ կարող ես համարձակությամբ լցվել թե՛ ներկայիս, թե՛ գալիք դժվարություններին դիմակայելու համար (Եզեկ. 38։1, 2, 10-12; Մատթ. 24։21)։ Միշտ հիշիր, որ Եհովան ինքն է խոստացել պաշտպանել իր ծառաներին (Եզեկ. 38։19-23; 2 Թեսաղ. 3։3)։ Նա երբեք մենակ չի թողնի նրանց, ովքեր սիրում ու վստահում են իրեն։ Հեսուին ուղղված Եհովայի խոսքերը քեզ էլ են վերաբերում. «Քաջ և շատ ամուր եղիր» (Հեսու 1։7, 9, 18)։ Միշտ հիշիր Հիսուսի տված սրտապնդող հորդորը՝ «Քաջ եղեք»։ Նա միշտ կպահի իր խոստումը՝ որպես օգնություն յուրաքանչյուրիս կուղարկի սուրբ ոգին, որ ավելի քաջ լինենք ու դիմակայենք ցանկացած փորձության (Հովհ. 14։26; 15։26, 27; 16։33)։ Այնպես որ դու հաստատ կարող ես «համարձակությամբ լցվել»։
Ինչ հանգամանքներում էլ հայտնվենք, Եհովան խոստանում է իր սուրբ ոգու միջոցով մեզ քաջություն տալ, որ կարողանանք վստահությամբ դիմագրավել ամեն տեսակ փորձություն
13. Ի՞նչը կարող է ոգեշնչել քեզ, որ շարունակես քաջություն դրսևորել։
13 Պատկերացրու այն ժամանակները, երբ ողջ երկրով մեկ խաղաղություն կտիրի, և մենք սիրով կողջունենք Եհովայի հիշողության մեջ ապահով պահված բոլոր մարդկանց, ովքեր հարություն կառնեն։ Մենք կհանդիպենք այս գրքում նշված քաջարի տղամարդկանց ու կանանց և ուրիշ շատերի։ Ի՞նչ ես կարծում, նրանցից որևէ մեկը երբևէ կափսոսա՞, որ քաջաբար ու հավատարմորեն ծառայել է Եհովային Սատանայի իշխանության տակ եղող հին աշխարհում և անգամ դրա համար իր կյանքով է վճարել։ Երբե՛ք։ Իսկ դո՞ւ։ Երբ արդեն նրանց հետ կողք կողքի ապրես նոր աշխարհում և զբաղված լինես երկիրը համաշխարհային դրախտի վերածելու գործով, երբևիցե կափսոսա՞ս, որ քաջաբար Եհովային հավատարիմ ես մնացել ու նրա հանդեպ սեր ես դրսևորել այս վերջին օրերում։ Հաստատ չես ափսոսա։ Այնպես որ վճռակամ շարունակիր քաջություն դրսևորել մինչև վերջ և առհավետ ուրախ կլինես, որ հենց այդպես ես վարվել։