ԱՄԵՆԱԿԱՐՈՂ
«Ամենակարող» բառը թարգմանված է եբրայերեն Շադդայ և հունարեն Պանտոկրատոր բառերից։ Երկու բառերն էլ, ըստ ամենայնի, զորության, կամ՝ ուժի իմաստ են հաղորդում։
Եբրայերեն բառը։ Եբրայերեն տեքստում Շադդայ բառը 7 անգամ գործածվել է Էլ (Աստված) բառի հետ՝ կազմելով «Ամենակարող Աստված» տիտղոսը (Ծն 17։1; 28։3; 35։11; 43։14; 48։3; Ելք 6։3; Եզկ 10։5)։ Այն նաև 41 անգամ առանձին է գործածվել և թարգմանվել է «Ամենակարող»։ Ինչպես Ադոնայ (Գերիշխան Տեր) և Էլոհիմ (Աստված) բառերը, այնպես էլ Շադդայ բառը դրված է հոգնակի թվով և այդպիսով ցույց է տալիս գերազանցություն (Ծն 49։25; Թվ 24։4; Սղ 68։14)։
Շադդայ բառի ծագման վերաբերյալ տարակարծություն կա։ «Յոթանասնից»-ի թարգմանիչները այդ բառը թարգմանել են հունարեն մի քանի բառերով, սակայն «Հոբ» գրքում այն 16 անգամ թարգմանել են հունարեն Պանտոկրատոր (Ամենազոր) բառով։ Մի քանի անգամ էլ Շադդայ բառը թարգմանել են հունարեն հիկանոս բառով, որը նշանակում է «բավարար» կամ «համապատասխան» (Հռթ 1։20, 21; Հոբ 21։15; 31։2; 40։2)։ Հետագայում հույն թարգմանիչներ Ակյուղասն ու Սիմմաքոսը նույնպես օգտագործել են այդ բառը և Շադդայ-ը թարգմանել են «Բավարարը» կամ «Համապատասխանը»։
Կաթոլիկների կողմից արված մի թարգմանությունում, որը հայտնի է «Երուսաղեմի Աստվածաշունչ» անվանումով, Ծննդոց 17։1-ի վերաբերյալ մեկնաբանության մեջ (ծնթ. բ) ներկայացված է ժամանակակից որոշ քննադատների տեսակետը։ Այնտեղ գրված է. ««Ամենակարող Աստված» ձևով թարգմանված տարբերակը, ինչպես սովորաբար թարգմանվում է [այդ բառը], ճշգրիտ չէ. հավանաբար, այդ բառը նշանակում է «լեռների Աստված»»։ Նման ծայրահեղ տեսակետը, սակայն, հիմնված է այն ենթադրության վրա, թե Շադդայ բառը կապ ունի աքքադերեն շադու (լեռ) բառի հետ։ «Ունգերի աստվածաշնչյան բառարանում» ասվում է. «Այս տեսակետը, այնուամենայնիվ, անընդունելի է։ Ամենայն հավանականությամբ, «Շադդայ» բառը ծագում է շադադ արմատից, որը նշանակում է «լինել ուժեղ, զորեղ», ինչպես որ արաբերենում է» (Unger’s Bible Dictionary, 1965, էջ 1000; տես նաև Benjamin Davidson, The Analytical Hebrew and Chaldee Lexicon, էջ 702)։
Աստվածաշնչյան տեքստում շադադ բառը սովորաբար հաղորդում է բռնի ուժի իմաստ, ուժ, որը գործի է դրվում, օրինակ, թալանի, կողոպուտի ժամանակ (հմմտ. Եր 5։6; Աբդ 5)։ Եսայիա 13։6-ում ասվում է. «Ողբացե՛ք, քանի որ մոտ է Եհովայի օրը, Ամենակարողը [միշՇադդայ] կործանում [կեշոդ] կբերի այդ օրը»։ Թեև շադադ բառարմատը Աստվածաշնչում հիմնականում գործածվում է բռնի կամ կործանարար գործողության իմաստով, սակայն որոշ աստվածաշնչագետներ կարծում են, որ այդ բառի սկզբնական նշանակությունը պարզապես «ուժեղ լինելն» է կամ «ուժ գործադրելով ինչ-որ բան անելը»։ «Հրեական հանրագիտարանում» նշվում է. «Հնարավոր է, սակայն, որ [այդ բառի] սկզբնական նշանակությունն էր՝ «ամենահաղթ», «անհաղթելի զորություն», և որ այդ իմաստը պահպանվել է Աստծու [տիտղոսում]» (The Jewish Encyclopedia, 1976, հտր IX, էջ 162)։
Եհովան օգտագործեց «Ամենակարող Աստված» (Էլ Շադդայ) տիտղոսը, երբ Աբրահամին Իսահակի ծննդյան հետ կապված խոստում տվեց, և Աբրահամից մեծ հավատ էր պահանջվում այն բանի հանդեպ, որ Աստված ի զորու է իրագործել իր խոստումը։ Այնուհետև Աստծու առնչությամբ այդ տիտղոսը օգտագործվել է, երբ խոսվել է այն մասին, որ նա օրհնելու է Իսահակին ու Հակոբին՝ որպես աբրահամական ուխտի ժառանգորդների (Ծն 17։1; 28։3; 35։11; 48։3)։
Ահա թե ինչու Եհովան հետագայում Մովսեսին ասաց. «Աբրահամին, Իսահակին ու Հակոբին ես հայտնվել եմ որպես Ամենակարող Աստված [բեԷլ Շադդայ], բայց իմ Եհովա անունով ինձ հայտնի չեմ դարձրել նրանց» (Ելք 6։3)։ Այս խոսքերը չեն նշանակում, որ «Եհովա» անունը անծանոթ էր այդ նահապետներին, քանի որ թե՛ նրանք, թե՛ նրանցից առաջ ապրած մարդիկ հաճախ գործածել են այն (Ծն 4։1, 26; 14։22; 27։27; 28։16)։ Ուշագրավ է, որ «Ծննդոց» գրքում, որտեղ խոսվում է այդ նահապետների մասին, «Ամենակարող» բառը հանդիպում է ընդամենը 6 անգամ, մինչդեռ «Եհովա» անունը այդ գրքի եբրայերեն բնագրում գրվել է 172 անգամ։ Թեև նահապետներն անձամբ համոզվել էին, որ Աստված իրավասու է և արժանի է կրելու «Ամենակարող» տիտղոսը, նրանք դեռևս հնարավորություն չէին ունեցել խորությամբ հասկանալու նրա անվան նշանակությունը։ Այս առնչությամբ «Աստվածաշնչի պատկերազարդ բառարանում» ասվում է. «Նախկինում [Աստված] իրեն հայտնի էր դարձնում նահապետներին, որպեսզի հեռավոր ապագայի վերաբերյալ խոստումներ տար, և դրա նպատակն էր վստահեցնել նրանց, որ նա՝ Յահվեն, այնպիսի Աստված (էլ) է, ով այդ խոստումներն իրագործելու կարողություն (սադդայ բառի հնարավոր իմաստներից մեկը) ունի։ Սակայն երբ [Աստված] իրեն հայտնի դարձրեց թփի մոտ, դա ավելի տպավորիչ էր ու անմիջական. նա ցույց տվեց, որ իր զորությունն ու անմիջական, շարունակական ներկայությունը պարփակված են նրանց արդեն իսկ ծանոթ «Յահվե» անվան մեջ» (The Illustrated Bible Dictionary, խմբ.՝ J. D. Douglas, 1980, հտր 1, էջ 572)։
Որպեսզի անձնավորությունը կարողունակ լինի իրագործելու նպատակադրած որևէ բան, հաղթահարելու խոչընդոտները և դիմագրավելու հակառակությունը, նա պետք է զորություն, կամ՝ ուժ ունենա։ Այն, որ Եհովան ամենակարող է, նշանակում է, որ նա իր նպատակներն իրագործելու համար անհաղթելի զորություն ունի։ Երբեմն «Ամենակարող» տիտղոսը գործածվում է այնպիսի համատեքստերում, որտեղ խոսվում է Աստծու կործանարար ուժի դրսևորման մասին։ Օրինակ՝ Սաղմոս 68։14-ում ասվում է, որ նա «թագավորներին ցիրուցան արեց»։ Իսկ Հովել 1։15-ում նշվում է, որ «Եհովայի օրը.... Ամենակարողը [միՇադդայ] կործանում [շոդ] է բերելու»։ Այդպիսի օրինակ է նաև Եսայիա 13։6-ը, որը մեջբերված է վերևում։ «Ամենակարող» տիտղոսը նաև վստահեցնում է, որ Աստված օրհնելու կարողություն ունի (Ծն 49։25), և երաշխիք է, որ նրան վստահողները ապահով կլինեն։ Սաղմոս 91։1-ում ասվում է. «Նա, ով Բարձրյալի պաշտպանության տակ է ապրում, Ամենակարողի հովանու ներքո հանգիստ է գտնում»։
«Հոբ» գրքում Շադդայ բառը գործածվել է 31 անգամ Հոբի ու նրա զրուցակիցների կողմից։ Այնտեղ կարդում ենք, որ Եհովան զորություն ունի պատժելու անօրեններին և աղետ բերելու նրանց վրա (Հոբ 6։4; 27։13-23)։ Ուստի ովքեր ասում են՝ «Ամենակարողն ո՞վ է, որ նրան ծառայենք, մեզ ի՞նչ օգուտ, որ նրան ճանաչենք», և ապավինում են իրենց ուժերին, կխմեն «Ամենակարողի ցասման բաժակը» (Հոբ 21։15, 16, 20)։ Տեղին է ակնածել և նույնիսկ վախենալ Ամենակարողից, քանի որ հնարավոր չէ անտեսել նրա կամքը, խախտել նրա օրենքներն ու անպատիժ մնալ (Հոբ 6։14; 23։15, 16; 31։1-3), անգամ եթե նրա զորությունը անմիջապես չի դրսևորվում (Հոբ 24։1-3, 24; հմմտ. Ելք 9։14-16; Ժղ 8։11-13)։ Սակայն Աստված իր զորությունը միշտ գործադրում է իր արդարությանն ու արդարադատությանը ներդաշնակ և երբեք այն չի դրսևորում անկառավարելի, չարամիտ, անկանխատեսելի կամ անպատասխանատու կերպով (Հոբ 34։10, 12; 35։13; 37։23, 24)։ Հետևաբար մարդիկ որևէ հիմնավոր պատճառ չունեն նրա հետ վիճելու կամ նրա մեջ սխալ գտնելու (Հոբ 40։2-5)։ Արդարություն գործադրողները վստահությամբ կարող են մոտենալ Աստծուն և մտերիմ հարաբերություններ ունենալ նրա հետ (Հոբ 13։3; 29։4, 5; 31։35-37)։ Լինելով Արարիչ՝ նա է կյանքի և իմաստության Աղբյուրը (Հոբ 32։8; 33։4)։
Եսայիա 9։6-ում Մեսիայի վերաբերյալ մարգարեության մեջ «Հզոր Աստված» տիտղոսը վերաբերում է խոստացված Խաղաղության Իշխանին, քանի որ այդ տիտղոսը թարգմանվել է եբրայերեն Էլ Գիբբոր արտահայտությունից և ոչ թե Էլ Շադդայ-ից, ինչպես որ վերոնշյալ համարներում է։
Հունարեն բառը։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում Պանտոկրատոր բառը հանդիպում է տասը անգամ, որոնցից ինը՝ «Հայտնություն» գրքում։ Այդ բառի հիմնական նշանակությունն է «Ամենակարող», կամ՝ «Ամենազոր»։ Հունարեն Գրվածքներում այդ բառի կիրառությունը ևս փաստում է, որ եբրայերեն Շադդայ բառը նշանակում է «Ամենակարող», քանի որ Եբրայերեն Գրվածքներում հունարեն Պանտոկրատոր բառին համապատասխան այլ բառ չկա։
Պողոսը քրիստոնյաներին հորդորեց հեռու մնալ կեղծ երկրպագությունից և անկենդան ու անզոր կուռքերին պաշտելուց, այնուհետև 2 Կորնթացիներ 6։18-ում մեջբերում արեց Եբրայերեն Գրվածքներից՝ ասելով, որ այդպիսով նրանք կլինեն «Ամենակարողի [Պանտոկրատոր]» զավակները։ Հաշվի առնելով առաքյալի արած մեջբերումները՝ հստակ տեսնում ենք, որ այդ տիտղոսը վերաբերում է Եհովա Աստծուն։
«Հայտնություն» գրքում նույնպես Պանտոկրատոր տիտղոսը կիրառվում է Արարչի ու հավիտենության Թագավորի՝ Եհովայի առնչությամբ։ Այդպիսի մի օրինակ է «Աստծու ծառա Մովսեսի երգն ու Գառան [Հիսուսի Քրիստոսի] երգը», որում Եհովա Աստված փառաբանվում է որպես մեկը, ով արժանի է, որ բոլոր ազգերը երկրպագեն նրան ու վախենան նրանից (Հտն 15։3; հմմտ. Հտն 21։22)։ Այն, որ այդ տիտղոսը վերաբերում է Եհովա Աստծուն, պարզ երևում է Հայտնություն 19։6-ից, որտեղ հունարեն տեքստում գործածվել է «Ալելուիա» («Գովաբանե՛ք Յահին») բառը։ Նմանապես՝ «նա, ով կա, եղել է և գալիս է» արտահայտությունը (Հտն 1։8; 4։8) հստակ մատնացույց է անում հավիտենության Աստծուն (Սղ 90։2), ով ոչ միայն հնում է «եղել» Ամենակարող, այլև շարունակում է լինել Ամենակարող և «գալիս է» որպես այդպիսին՝ դրսևորելով իր ամենազորությունը։ Երբ Աստված իր «մեծ զորությունը գործի դնի», որ թագավորի, իր բարկությունը կթափի թշնամաբար տրամադրված ազգերի վրա այն պատերազմի ժամանակ, որը տեղի է ունենալու «Ամենակարող Աստծու մեծ օրը». փաստորեն, խոսքը կրկին կործանարար գործողության մասին է (Հտն 11։17, 18; 16։14)։ «Հայտնություն» գրքից երևում է, որ ազգերի վրա «Ամենակարող Աստծու սաստիկ բարկությունը» թափելու է Աստծու նշանակած Թագավորը՝ նրա Որդի Հիսուս Քրիստոսը՝ «Աստծու Խոսքը» (Հտն 19։13-16)։ Երբ զորավոր կերպով իրագործվեն Աստծու դատավճիռները, կրկին ոչ մի դեպքում չեն խախտվի ճշտի ու արդարության վերաբերյալ նրա սահմանած չափանիշները (Հտն 16։5-7; տես ԱՍՏՎԱԾ)