ՔԱՄՈՍ
Մովաբացիների գլխավոր աստվածությունը։ Մովաբացիները կոչվում էին նաև «Քամոսի ժողովուրդ» (Թվ 21։29; Եր 48։46)։ Որոշ աստվածաշնչագետներ այս աստվածությունը նույնացնում են Փեգորի Բահաղի հետ, քանի որ վերջինս մովաբացիների աստվածն էր (Թվ 25։1-3)։ Հավանաբար, Քամոսին մատուցվող պաշտամունքը, եթե ոչ միշտ, ապա աղետալի իրավիճակներում ուղեկցվում էր երեխաների զոհաբերությամբ (2Թգ 3։26, 27)։
Քամոս աստվածության հանդեպ մովաբացիների վերաբերմունքի մասին հավելյալ տեղեկություն կարելի է իմանալ՝ ուսումնասիրելով Մովաբի քար կոչվող սև բազալտե սալաքարը (ստելա)։ Համաձայն այդ կոթողի վրա արված մակագրության՝ Քամոսը ճակատամարտերի ժամանակ հաղթանակներ էր շնորհում, և նրա հրամանով էին ռազմական գործողություններ սկսվում։ Մեսա թագավորը համոզված էր, որ Իսրայելի լծից կարողացել էր ազատվել Քամոսի շնորհիվ, որը բարկանալով մովաբացիների վրա՝ նրանց մատնել էր Իսրայելի Ամրի թագավորի ձեռքը։
Հեփթայեն Քամոսին կոչեց ամմոնացիների աստված (Դտ 11։24)։ Որոշ աստվածաշնչագետներ կասկածի են ենթարկում նրա խոսքերի ճշգրտությունը, քանի որ այլ տեղերում Քամոսը հիշատակվում է մովաբացիների առնչությամբ։ Սակայն հարկավոր է հիշել, որ ամմոնացիները բազմաթիվ աստվածների էին պաշտում (Դտ 10։6)։ Բացի այդ՝ քանի որ ամմոնացիներն ու մովաբացիները հարևան ժողովուրդներ էին և ընդհանուր նախահայր ունեին՝ Աբրահամի եղբորորդի Ղովտը, զարմանալի չէ, որ այդ երկու ազգերը Քամոսին էին պաշտում։
Քամոսի պաշտամունքը ներթափանցեց Իսրայել ակներևաբար Սողոմոնի իշխանության օրոք։ Նա, թերևս ենթարկվելով իր մովաբացի կանանց ազդեցությանը, «Երուսաղեմի դիմաց՝ լեռան վրա», Քամոսի համար սրբավայր կառուցեց (1Թգ 11։1, 7, 8, 33)։ Երբ ավելի քան երեք դար հետո Հովսիա թագավորը սկսեց մեծ կրոնական բարեփոխումներ անել, պղծեց այդ սրբավայրը (2Թգ 23։13)։
Երեմիան մարգարեացավ, որ Մովաբի վրա աղետ էր գալու, և ասաց, որ նրա գլխավոր աստվածը՝ Քամոսը, իր քահանաների ու իշխանների հետ գերեվարվելու էր։ Մովաբացիները ամաչելու էին իրենց անզոր աստծու պատճառով, ինչպես որ Իսրայելի տասցեղ թագավորությունն էր ամաչել Բեթելի պատճառով, հավանաբար քանի որ այնտեղ հորթի էին պաշտում (Եր 48։7, 13, 46)։