ԽԻՂՃ
Այս բառը թարգմանվել է հունարեն սինեյդեսիս բառից, որը կազմված է սին (հետ) և էյդեսիս (գիտելիքներ) բառերից և նշանակում է «ներքին գիտակցում» կամ «ինքնագիտակցություն»։ Խիղճը անհատի ինքնագնահատման և ինքնադատության ունակությունն է։ Այն մարդու ներքին «վկան» է։ Պողոս առաքյալն իր խղճի մասին այսպիսի խոսքեր ասաց. «Սուրբ ոգով առաջնորդվող խիղճս.... վկայում [է]» (Հռ 9։1)։
Մարդն ի ծնե խիղճ ունի, որն Աստված է տվել նրան։ Այն ճիշտն ու սխալը հասկանալու և զանազանելու ներքին զգացողություն է, որը արդարացնում կամ մեղադրում է մարդուն։ Ուստի խիղճը դատավորի դեր է կատարում։ Մտքերը, գործերը, համոզմունքներն ու կանոնները, որոնք արմատավորվում են մարդու գիտակցության մեջ ուսումնասիրության և փորձի միջոցով, կարող են կրթել և ուղղորդել խիղճը։ Այս ամենի հիման վրա համեմատություն անելով՝ խիղճը գնահատական է տալիս մարդու բռնած կամ նպատակադրած ընթացքին, այնուհետև նախազգուշացում է տալիս, եթե մարդու ընթացքը հակասում է նրա մեջ արմատացած կանոններին։ Սակայն դա լինում է այն դեպքում, երբ խիղճը զգայուն է, այսինքն՝ չի բթացել շարունակաբար տրվող նախազգուշացումներն անտեսելու պատճառով։ Խիղճը կարող է ծառայել որպես բարոյական պաշտպանության մեխանիզմ. այն գոհունակության զգացում է առաջացնում, երբ անհատը ճիշտ է վարվում, և ցավ է պատճառում, երբ սխալ է վարվում։
Իր գոյության հենց սկզբից մարդը խիղճ է ունեցել։ Դա երևում է այն բանից, որ Ադամն ու Եվան թաքնվեցին, երբ խախտեցին Աստծու օրենքը (Ծն 3։8)։ Հռոմեացիներ 2։14, 15-ում կարդում ենք. «Երբ այլազգի մարդիկ, Օրենք չունենալով, բնածին հակումով անում են Օրենքով պահանջվածը, դրանից երևում է, որ թեև չգիտեն Օրենքը, բայց այն իրենց մեջ է։ Դրանք հենց այն մարդիկ են, ովքեր իրենց գործերով ցույց են տալիս, որ Օրենքի սկզբունքները գրված են իրենց սրտերում։ Նրանց խիղճը վկայում է՝ արարքը ճիշտ է, թե սխալ, և իրենց մտքում նրանք կա՛մ մեղադրում են իրենց, կա՛մ արդարացնում»։ Փաստորեն, նույնիսկ ոչ քրիստոնյաները խիղճ ունեն։ Պատճառն այն է, որ ողջ մարդկությունն առաջ է եկել Ադամից ու Եվայից, որոնք ի սկզբանե խիղճ ունեին։ Շատ ազգեր ունեն այնպիսի օրենքներ, որոնք ներդաշնակ են քրիստոնյաների խղճին, թեև այդ ազգերն ու նրանց օրենսդիրները գուցե և ընդհանրապես չեն առաջնորդվում քրիստոնեական սկզբունքներով։ Նրանք իրենց խղճի թելադրանքով են սահմանել այդ օրենքները։ Բոլոր մարդիկ խիղճ ունեն, և հենց դա է պատճառը, որ քրիստոնյայի ապրելակերպն ու ծառայությունը դրական արձագանք են գտնում շատերի սրտում՝ արթնացնելով նրանց խիղճը (2Կթ 4։2, ծնթ.)։
Խիղճը հարկավոր է կրթել, հակառակ դեպքում այն կարող է մոլորեցնել։ Այն անվստահելի առաջնորդ կլինի, եթե դաստիարակված չլինի ճշմարտությանը ներդաշնակ սկզբունքներով։ Շրջապատը, ավանդույթները, կրոնն ու սովորությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ անհատի խղճի վրա և պատճառ դառնալ, որ այն գնահատական տա տարբեր հարցերին՝ առաջնորդվելով սխալ սկզբունքներով կամ արժեքներով։ Այդպիսի սխալ դատողության օրինակ է գրված Հովհաննես 16։2-ում, որտեղ Հիսուսը մարգարեացավ, որ մարդիկ նույնիսկ կսպանեն Աստծու ծառաներին՝ կարծելով, թե սուրբ ծառայություն են մատուցում Նրան։ Սողոսը (հետագայում՝ Պողոս առաքյալը), համարելով, որ ինքն Աստծու նախանձախնդիր ծառա է, մտադիր էր սպանել Քրիստոսի աշակերտներին (Գրծ 9։1; Գղ 1։13-16)։ Հրեաները, բավականաչափ հասկացողություն չունենալով Աստծու Խոսքի վերաբերյալ, այն աստիճան էին մոլորվել, որ դարձել էին Աստծու դեմ կռվողներ (Հռ 10։2, 3; Օս 4։1-3; Գրծ 5։39, 40)։ Միայն Աստծու Խոսքով ուսուցանված խիղճը կարող է ճիշտ գնահատել տարբեր հարցեր և ամբողջությամբ ուղղել մարդու ընթացքը (2Տմ 3։16; Եբ 4։12)։ Քրիստոնյան պետք է ուղղորդվի կայուն, ճիշտ սկզբունքներով՝ Եհովայի սկզբունքներով։
Մաքուր խիղճ։ Քրիստոնյան պետք է Եհովային մոտենա մաքրված խղճով (Եբ 10։22)։ Նա պետք է անդադար ջանք գործադրի, որ բոլոր հարցերում մաքուր խիղճ ունենա (Եբ 13։18)։ Պողոսը գրեց. «Միշտ ձգտում եմ խիղճս մաքուր պահել Աստծու և մարդկանց առաջ» (Գրծ 24։16)։ Նա նկատի ուներ, որ շարունակ վերահսկում և շտկում է իր կյանքի ուղին՝ այն ներդաշնակեցնելով Աստծու Խոսքին ու Քրիստոսի սովորեցրածներին, քանի որ գիտեր, որ վերջին հաշվով ոչ թե իր խիղճն է լինելու իր գլխավոր դատավորը, այլ Աստված (1Կթ 4։4)։ Թեև անհատը գուցե հալածվի աստվածաշնչյան սկզբունքներով կրթված խիղճ ունենալու պատճառով, բայց Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը կարող են մխիթարական լինել նրա համար. «Երբ մեկը դիմանում է դժվարությունների և անարդարացիորեն տառապանքներ է կրում՝ Աստծու առաջ մաքուր խիղճ ունենալու համար, դա հաճելի է Աստծուն» (1Պտ 2։19)։ Հակառակության բախվելիս քրիստոնյան պետք է իր «խիղճը մաքուր պահի» (1Պտ 3։16)։
Օրենքով սահմանված կենդանական զոհերը չէին կարող կատարելապես մաքուր խիղճ տալ անհատին, որպեսզի նա իրեն ազատված համարեր մեղավոր վիճակից։ Մինչդեռ Քրիստոսի քավիչ զոհը ի զորու է մաքրելու այն մարդու խիղճը, ով հավատ է դրսևորում այդ զոհի հանդեպ (Եբ 9։9, 14)։ Պետրոսն ընդգծեց, որ փրկվելու համար մարդը պետք է ունենա մաքուր, կրթված և ճիշտ գործող խիղճ (1Պտ 3։21)։
Ուրիշների խիղճը հաշվի առնելը։ Հստակ է, որ ճիշտ դատողություններ անելու համար խիղճը պետք է լիովին ու ճշգրտորեն դաստիարակված լինի Աստծու Խոսքով, հակառակ դեպքում այն թույլ կլինի։ Դրա հետևանքով մարդը գուցե հեշտությամբ ու անխոհեմաբար լռեցնի իր խղճի ձայնը կամ էլ վիրավորվի ուրիշների գործերի ու խոսքերի պատճառով, նույնիսկ երբ ոչ մի սխալ բան չի արվել կամ ասվել։ Պողոսը բացատրում է դա՝ ուտելու, խմելու և որոշ օրեր մյուսներից ավելի կարևոր համարելու վերաբերյալ օրինակներ բերելով (Հռ 14։1-23; 1Կթ 8։1-13)։ Գիտելիքներ ու կրթված խիղճ ունեցող քրիստոնյային հորդոր է տրվում, որ հասկացողությամբ վերաբերվի թույլ խիղճ ունեցողներին և հաշվի առնի նրանց խիղճը, ինչպես նաև չօգտագործի իր ողջ ազատությունը, չկենտրոնանա միայն իր իրավունքների վրա կամ չձգտի միշտ միայն իրեն գոհացնել (Հռ 15։1)։ Նա, ով վնասում է իր հավատակցի թույլ խիղճը, «Քրիստոսի դեմ է մեղք գործում» (1Կթ 8։12)։ Պողոսը նաև ասում է, որ թեև չի ցանկանա այնպիսի բան անել, ինչի պատճառով թույլ խիղճ ունեցող եղբայրը կվիրավորվի ու կսկսի դատապարտել առաքյալին, սակայն թույլ անհատը նույնպես պետք է մտածի դիմացինի մասին։ Նա պետք է ձգտի հասունության՝ ձեռք բերելով ավելի շատ գիտելիքներ ու դաստիարակելով իր խիղճը։ Արդյունքում նրա խիղճը հեշտությամբ չի վնասվի, և նա ուրիշների մասին սխալ դատողություններ չի անի (1Կթ 10։29, 30; Հռ 14։10)։
Ապականված խիղճ։ Խիղճը կարող է այն աստիճան վնասվել, որ այլևս զգայուն ու մաքուր չլինի։ Հետևաբար այն չի կարող նախազգուշացումներ կամ ճիշտ ուղղություն տալ մարդուն (Տիտ 1։15)։ Այդ դեպքում նրան կսկսի ուղղորդել ոչ թե կրթված խիղճը, այլ վախն այն բանի հանդեպ, որ իր սխալը կբացահայտվի, և ինքը կպատժվի (Հռ 13։5)։ Պողոսը նշեց շիկացած երկաթով դաղված խղճի մասին, ինչից երևում է, որ խիղճը կարող է նման լինել այրված մաշկի, որը ծածկված է սպիացած հյուսվածքներով, և որի նյարդային վերջույթները մեռած են. այդպիսի խիղճը զգայուն չէ (1Տմ 4։2)։ Նման խիղճ ունեցողները չեն կարող զանզանել ճիշտն ու սխալը։ Նրանք չեն գնահատում Աստծու տված ազատությունը և ըմբոստանում են՝ դառնալով ապականված խղճի ստրուկը։ Խիղճը հեշտությամբ կարող է ապականվել, ուստի քրիստոնյան պետք է նպատակ ունենա մաքուր պահել իր խիղճը, ինչպես որ գրված է Գործեր 23։1-ում. «Եղբայրնե՛ր, մինչ օրս ես այնպես եմ ապրել, որ խիղճս բացարձակապես մաքուր է Աստծու առաջ»։