Արդյոք քո խիղճը լա՞վ է կրթված
ԵՐԲԵՎԷ ասե՞լ ես. «Սրտիս խորքում գիտեմ, որ դա ճիշտ չէ», կամ «Չեմ կարող անել այն, ինչ դու խնդրում ես։ Իմ ներսում մի բան ինձ ասում է, որ դա սխալ է»։ այդպիսի պահերին քո մեջ խիղճն է խոսում՝ ճշտի և սխալի այն ներքին գիտակցումը, կամ՝ զգացումը, որն արդարացնում կամ մեղադրում է անհատին։ Այո, խիղճը մարդուն բնորոշ բան է։
Նույնիսկ Աստծուց հեռացած լինելով՝ բոլոր մարդիկ ունեն ճիշտը սխալից տարբերելու կարողություն։ Պատճառն այն է, որ մարդը ստեղծվել է Աստծու պատկերով, ուստի նա որոշ չափով դրսևորում է Աստծու այնպիսի հատկություններ, ինչպիսիք են իմաստությունն ու արդարամտությունը (Ծննդոց 1։26, 27)։ Սրա հետ կապված՝ Պողոս առաքյալը աստվածային ներշնչանքով գրեց. «Երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին՝ իրանք են իրանց համար օրէնք. որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը [«միմեանց մեղադրելով կամ արդարացնելով», ԷԹ]» (Հռովմայեցիս 2։14, 15)։a
Առաջին մարդ Ադամից ժառանգված այս հատկությունը՝ բարոյականի ընկալումը, բոլոր մարդկանց մեջ, անկախ նրանց ռասայական ու ազգային պատկանելությունից, գործում է ինչպես մի «օրէնք», կամ՝ վարքի կանոն։ Դա ինքներս մեզ ստուգելու և դատելու կարողությունն է (Հռովմայեցիս 9։1)։ Ադամն ու Եվան իրենց այս կարողությունը դրսևորեցին, երբ խախտեցին Աստծու օրենքը. նրանք թաքնվեցին Աստծուց (Ծննդոց 3։7, 8)։ Խղճի գործողության մեկ ուրիշ օրինակ է այն, թե ինչպես Դավիթ թագավորն արձագանքեց, երբ հասկացավ, որ մարդահամար անցկացնելով՝ մեղք է գործել։ Աստվածաշունչն ասում է, որ «Դաւիթի խղճմտանքը իրան ծակեց» (Բ Թագաւորաց 24։1–10)։
Անցյալին նայելու և սեփական վարքին գնահատական տալու ունակությունը կարող է անհատին մղել մի շատ կարևոր քայլի՝ աստվածահաճո զղջման։ Դավիթը գրեց. «Երբոր ես լուռ կացայ՝ ոսկորներս մաշուեցան իմ ամեն օր հառաչելովը։ Ես մեղքս յայտնեցի քեզ եւ անօրէնութիւնս չ’ծածկեցի. ասեցի թէ՝ Անօրէնութիւնս խոստովանիմ Տիրոջը. եւ դու թողեցիր իմ մեղքի անօրէնութիւնը» (Սաղմոս 32։3, 5)։ Այսպիսով՝ եթե մեղք գործած անհատի խիղճը քնած չէ, այն կարող է նրան վերադարձնել Աստծու մոտ՝ օգնելով գիտակցել, որ անհատը կարիք ունի ներում ստանալու Աստծուց և Նրա ճանապարհներին հետևելու (Սաղմոս 51։1–4, 9, 13–15)։
Խիղճը նաև նախազգուշացնում և առաջնորդում է մեզ, երբ ընտրության առջև ենք կանգնած կամ պետք է բարոյական հարց շոշափող ինչ–որ որոշում կայացնենք։ Օրինակ՝ թերևս հենց խիղճն էր, որ Հովսեփին նախապես օգնել էր հասկանալ, որ շնությունը սխալ, չար արարք է և Աստծու դեմ մեղք է։ Շնության դեմ հատուկ մի օրենք հետագայում ընդգրկվեց Իսրայել ազգին տրված Տասը պատվիրանների մեջ (Ծննդոց 39։1–9; Ելից 20։14)։ Ակնհայտ է, որ օգուտներն ավելի մեծ են լինում, եթե մեր խիղճն ավելի շատ կրթված է մեզ առաջնորդելու, քան պարզապես մեղադրելու համար։ Իսկ քո խիղճն այսպե՞ս է գործում։
Մեր խիղճը կրթենք, որպեսզի ճիշտ որոշումներ կայացնենք
Թեպետ մենք օժտված ենք խղճով, դժբախտաբար, այդ պարգևը թերություն ունի։ Մարդկությանը կատարյալ սկիզբ տրվեց, սակայն «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3։23)։ Քանի որ մեզ վրա կրում ենք մեղքի և անկատարության դրոշմը, մեր խիղճն այլևս ընդունակ չէ գործելու այնպես, ինչպես որ նախատեսված էր սկզբում (Հռովմայեցիս 7։18–23)։ Բացի այդ, արտաքին գործոնները նույնպես գուցե ազդեն մեր խղճի վրա։ Դրանցից են՝ դաստիարակությունը, տեղական սովորությունները, հավատալիքները և միջավայրը։ Անկասկած, աշխարհի ապականված բարքերը և անկում ապրող չափանիշները չեն կարող օգնել մեզ կրթելու մեր խիղճը։
Այդ իսկ պատճառով քրիստոնյան Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի ամուր և ճիշտ չափանիշների օգնության կարիքն ունի։ Դրանց օգնությամբ մեր խիղճը կարող է ճիշտ գնահատել իրերը և ուղղել դրանք (Բ Տիմոթէոս 3։16)։ Եթե մեր խիղճը կրթվում է Աստծու չափանիշներով, ապա այն մեզ հնարավորություն է տալիս «բարին եւ չարը զանազանելու»՝ օգնելով մեզ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք բարոյական վնաս կպատճառեն մեզ (Եբրայեցիս 5։14)։ Առանց Աստծու չափանիշների՝ մեր խիղճը գուցե ոչ մի նախազգուշացում չտա, երբ շեղվենք ճիշտ ճանապարհից։ «Կայ ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին,— ասում է Աստվածաշունչը,— բայց նորա վախճանը մահուան ճանապարհներ են» (Առակաց 16։25; 17։20)։
Կյանքի որոշ հարցերի հետ կապված Աստծու Խոսքը պարունակում է հստակ առաջնորդություն, և մենք օգուտներ կստանանք՝ հետևելով դրանց։ Սակայն շատ բաների առնչությամբ Աստվածաշնչում չկան կոնկրետ խորհուրդներ, օրինակ՝ աշխատանքի ընտրությունը, առողջության հետ կապված հարցերը, զվարճությունները, հագուկապն ու հարդարանքը և այլն։ Հեշտ չէ իմանալ, թե ինչպես վարվել յուրաքանչյուր առանձին դեպքում և ճիշտ որոշում կայացնել։ Հետևաբար մենք պետք է Դավթի մտայնությունն ունենանք։ Նա աղոթեց. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ [«քանզի», ԱԱ] դու ես իմ փրկութեան Աստուածը» (Սաղմոս 25։4, 5)։ Որքան լավ հասկանանք Աստծու տեսակետը և ուղիները, այնքան ավելի ունակ կլինենք ճշտորեն գնահատելու մեր հանգամանքները և մաքուր խղճով որոշումներ կայացնելու։
Ուստի, երբ ինչ–որ խնդրի կամ որոշման առջև ենք կանգնած, պետք է նախևառաջ խորհենք հարցին առնչվող սուրբգրային սկզբունքների շուրջ։ Այս սկզբունքներից են՝ հարգանք գլխավորության հանդեպ (Կողոսացիս 3։18, 20), ազնիվ լինել ամեն ինչում (Եբրայեցիս 13։18, ՆԱ), ատել չարը (Սաղմոս 97։10), հետամուտ լինել խաղաղության (Հռովմայեցիս 14։19), հնազանդություն իշխանություններին (Մատթէոս 22։21; Հռովմայեցիս 13։1–7), անվերապահ նվիրվածություն Աստծուն (Մատթէոս 4։10), աշխարհից չլինել (Յովհաննէս 17։14), խուսափել չար ընկերակցություններից (Ա Կորնթացիս 15։33), համեստություն հագուկապի և հարդարանքի հարցում (Ա Տիմոթէոս 2։9 ՆԱ, 10), գայթակղության քար չլինել ուրիշների համար (Փիլիպպեցիս 1։10)։ Հասկանալով, թե սուրբգրային ո՛ր սկզբունքն է առնչվում մեզ անհանգստացնող հարցին՝ մենք ավելի զգայուն կդարձնենք մեր խիղճը և ճիշտ որոշում կկայացնենք։
Լսիր քո խղճի ձայնին
Որպեսզի մեր խիղճն օգնի մեզ, մենք պետք է լսենք նրա ձայնին։ Աստվածաշնչով դաստիարակված խիղճը կարող է օգնել միայն այն դեպքում, եթե իսկույն արձագանքենք նրա ազդանշաններին։ Կրթված խիղճը մենք կարող ենք համեմատել ավտոմեքենայի նախազգուշական լույսերին, որ կան էլեկտրասարքերի վահանակի վրա։ Ենթադրենք ստանում ենք նախազգուշացում այն մասին, որ յուղի ճնշումն ընկել է։ Ի՞նչ կպատահի, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկենք և շարունակենք վարել մեքենան. շարժիչին լուրջ վնաս կհասցնենք։ Նմանապես, մեր խիղճը, կամ՝ ներքին ձայնը, կարող է ազդանշան տալ, որ ինչ–որ գործողություն սխալ է։ Համեմատելով սուրբգրային չափանիշներն ու արժեքները այն գործողության հետ, որ կատարում ենք կամ մտադիր ենք կատարել՝ մեր խիղճը մեքենայի վահանակի վրայի կարմիր լույսի պես ազդանշան է մեզ տալիս։ Նախազգուշացմանն ականջ դնելը ոչ միայն կօգնի, որ խուսափենք սխալ քայլի բերած ցավալի հետևանքներից, այլև կնպաստի, որ մեր խիղճը շարունակի իր «նորմալ աշխատանքը»։
Իսկ ի՞նչ կպատահի, եթե անտեսենք նախազգուշացումը։ Ժամանակի ընթացքում խիղճը կարող է դառնալ ոչ զգայուն։ Խղճի ձայնը շարունակաբար անտեսելը կամ ճնշելը կարելի է նմանեցնել շիկացած մետաղով մարմինը այրելուն։ Մարմնի սպիացած մասը, զրկված լինելով նյարդային վերջույթներից, այլևս զգայունակ չէ (Ա Տիմոթէոս 4։2)։ Այդպիսի խիղճն այլևս չի մեղադրում մեզ, երբ մեղք ենք գործում, և նախազգուշացումներ չի տալիս այդ մեղքը կրկնելու դեմ։ «Սպիածածկ» խիղճն անտեսում է ճշտի և սխալի սուրբգրային չափանիշները, հետևաբար այն արատավոր խիղճ է։ Նման խիղճը պղծված է, նրա տերը կորցրել է բարոյականի ողջ զգացողությունը և օտարացած է Աստծուց (Եփեսացիս 4։17, 18, 19 ՆԱ; Տիտոս 1։15)։ Ի՜նչ ողբերգական հետևանք։
«Մաքուր խղճմտանք ունեցէք»
Ամեն ժամանակ մաքուր խիղճ ունենալու համար հարկավոր է մշտապես ջանքեր թափել։ Պողոս առաքյալն ասաց. «Ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին» (Գործք 24։16)։ Լինելով քրիստոնյա՝ Պողոսը միշտ ստուգում և ուղղում էր իր քայլերը, որպեսզի համոզված լիներ, որ իր խիղճն Աստծու առաջ մաքուր է և Նրա դեմ ոչ մի սխալ բան չի անում։ Նա գիտեր, որ վերջին հաշվով Աստված է որոշում անհատի գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը (Հռովմայեցիս 14։10–12; Ա Կորնթացիս 4։4)։ Պողոսն ասաց. «Ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը» (Եբրայեցիս 4։13)։
Պողոսը նաև նշեց, որ ինքը ջանում է մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենալ։ Խղճի հետ կապված՝ նա կորնթացի քրիստոնյաներին տվեց մի խորհուրդ, որը վերաբերում էր «կուռքի զոհուած կերակուրների[ն]»։ Նա ուզում էր ասել, որ նույնիսկ եթե որևէ արարք Աստծու Խոսքի տեսանկյունից ինքնին դատապարտելի չէ, շատ կարևոր է հաշվի առնել ուրիշների խիղճը։ Այս հարցում թերանալը կարող է հոգևորապես կործանել ‘մեր եղբորը, որի համար Քրիստոսը մեռավ’։ Բացի այդ, գուցե կործանենք Աստծու հետ մեր փոխհարաբերությունները (Ա Կորնթացիս 8։4, 11–13; 10։23, 24)։
Ուստի, շարունակիր կրթել խիղճդ և այն միշտ մաքուր պահիր։ Որոշումներ կայացնելիս Աստծու առաջնորդությունը փնտրիր (Յակոբոս 1։5)։ Ուսումնասիրիր Աստծու Խոսքը և թույլ տուր, որ նրա սկզբունքները ազդեն քո մտքի և սրտի վրա (Առակաց 2։3–5)։ Երբ լուրջ հարց է առաջանում, խորհրդակցիր հասուն քրիստոնյաների հետ, որպեսզի համոզված լինես, որ ճիշտ ես հասկանում այդ հարցին առնչվող աստվածաշնչային սկզբունքները (Առակաց 12։15; Հռովմայեցիս 14։1; Գաղատացիս 6։5)։ Խորհիր, թե քո որոշումն ինչպես կազդի քո խղճի, ուրիշների և, որ ամենակարևորն է, Եհովայի հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա (Ա Տիմոթէոս 1։5, 18, 19)։
Խիղճը մի չքնաղ պարգև է մեր սիրառատ երկնային Հոր՝ Եհովա Աստծու կողմից։ Այն օգտագործելով նրա կամքին ներդաշնակ՝ մենք ավելի կմոտենանք մեր Արարչին։ Ձգտելով ‘մաքուր խղճմտանք ունենալ’ մեր բոլոր գործերում՝ մենք ավելի հստակ կերպով ենք ցույց տալիս, որ ստեղծված ենք Աստծու պատկերով (Ա Պետրոս 3։16, ԱԱ; Կողոսացիս 3։10)։
[ծանոթագրություն]
a Այս համարում «խղճմտանք» թարգմանված հունարեն բառը նշանակում է «բարոյական հարցերի առնչությամբ դատողություններ անելու ներքին կարողություն» («The Analytical Greek Lexicon Revised», Harold K. Moulton), «բարոյական տեսակետից դրականն ու բացասականը իրարից տարբերելու ունակություն» («Greek-English Lexicon», J. H. Thayer)։
[նկարներ 13–րդ էջի վրա]
Քո խիղճն ավելի շատ առաջնորդո՞ւմ է քեզ, թե՞ մեղադրում
[նկար 14–րդ էջի վրա]
Մեր խիղճը լավ կրթված կլինի, եթե սովորենք Աստվածաշնչի սկզբունքները և կիրառենք
[նկարներ 15–րդ էջի վրա]
Մի անտեսիր խղճի նախազգուշացումները