ՀԱՎԱՏ
«Հավատ» բառը թարգմանվել է հունարեն պիստիս բառից և առաջին հերթին արտահայտում է վստահության, ամուր համոզվածության իմաստ։ Կախված համատեքստից՝ այդ բառը կարող է նշանակել նաև «հավատարմություն» (1Թղ 3։7)։
Աստվածաշնչում կարդում ենք. «Հավատը լիակատար համոզվածությունն է, որ հույսերը կիրականանան, և ապացույցներով հիմնավորված վստահությունն է այն իրողությունների հանդեպ, որոնք չեն երևում» (Եբ 11։1)։ «Լիակատար համոզվածություն» արտահայտությունը թարգմանվել է հունարեն հիպոստասիս բառից։ Այս բառը հաճախ հանդիպում է հին ժամանակների առևտրային փաստաթղթերում, որոնք արձանագրված էին պապիրուսի վրա։ Հիպոստասիս բառը օգտագործվում էր, երբ անհրաժեշտ էր հաստատել ինչ-որ բան ունենալու իրավունքը կամ երաշխավորել ապագայում ինչ-որ բան ստանալը։ Հաշվի առնելով սա՝ Ջ. Մուլտոնն ու Ջ. Միլիգանը թարգմանության այսպիսի տարբերակ են առաջարկում. «Հավատը սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ է այն մասին, որ հույսերը կիրականանան» (Vocabulary of the Greek Testament, 1963, էջ 660)։ Հունարեն էլենխոս բառը, որը թարգմանվել է «ապացույցներով հիմնավորված վստահություն» արտահայտությամբ, ունի ապացույցներ բերելու իմաստ, որոնցով փաստվում է ինչ-որ բան, հատկապես մի բան, ինչը առաջին հայացքից հակասում է իրողությանը։ Փաստորեն, այդ ապացույցները հստակ մատնանշում են այն, ինչ նախկինում բացահայտ չէր, և հերքում են այն, ինչը միայն թվում էր, թե ակնհայտ է։ «Ապացույցներով հիմնավորված վստահությունը» (կամ՝ համոզվածության համար հիմք ծառայող ապացույցները) այնքան հստակ ու զորեղ է, որ նույնացվում է հավատի հետ։
Հետևաբար հավատը հույսի հիմքն է և անտեսանելի իրողությունների ակնհայտ ապացույցը։ Ճշմարիտ քրիստոնյաների «հավատը» ընդգրկում է Հիսուս Քրիստոսի և իր աշակերտների սովորեցրած ողջ ճշմարտությունը (Հվ 18։37; Գղ 1։7-9; Գրծ 6։7; 1Տմ 5։8)։ Այդ հավատը հիմնված է ամբողջական Աստվածաշնչի, այդ թվում՝ Եբրայերեն Գրվածքների վրա, որին հաճախ հղում էին անում Հիսուսը և Քրիստոնեական Հունարեն Գրվածքները գրողները՝ իրենց ասածները հիմնավորելու համար։
Հավատը հիմնված է հստակ ապացույցների վրա։ Տեսանելի արարչագործությունները հաստատում են, որ գոյություն ունի անտեսանելի Ստեղծիչ (Հռ 1։20)։ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի և ծառայության ընթացքում տեղի ունեցած դեպքերը ապացուցեցին, որ նա Աստծու Որդին է (Մթ 27։54; տես ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ)։ Այն փաստը, որ Աստված հոգ է տանում իր ձեռքի գործերի մասին, ամուր հիմք է տալիս հավատալու, որ նա անպայման կհոգա իր ծառաների կարիքները։ Բացի այդ՝ նա հայտնի է որպես կյանք Տվող և Վերականգնող, ինչը փաստում է, որ հարության հույսը իրական է (Մթ 6։26, 30, 33; Գրծ 17։31; 1Կթ 15։3-8, 20, 21)։ Աստծու Խոսքի վստահարժան լինելը և այնտեղ գրված մարգարեությունների ճշգրիտ կատարումը նույնպես վստահություն են ներշնչում, որ Աստծու բոլոր խոստումները կկատարվեն (Հս 23։14)։ Այս ամենը ցույց է տալիս, որ հավատը ապացույցների վրա է կառուցվում (Հռ 10։17; հմմտ. Հվ 4։7-30, 39-42; Գրծ 14։8-10)։
Ուստի հավատ ունենալ չի նշանակում դյուրահավատ լինել։ Անգամ այն մարդը, ում համար հավատը անհեթեթություն է, իրականում ունի հավատ. նա հավատում է, օրինակ, իր մտերիմ ու վստահելի ընկերներին։ Գիտնականը հավատում է, այսինքն՝ վստահում է գիտության այն ճյուղի սկզբունքներին, որն ուսումնասիրում է։ Նա իր նոր փորձարկումները հիմնում է նախկին բացահայտումների վրա և նոր բացահայտումներ անելիս հիմնվում է արդեն հաստատված իրողությունների վրա։ Հողագործը հերկում է հողը և ցանում սերմը՝ ակնկալելով, որ նախորդ տարիների նման՝ սերմը ջրի և արևի լույսի շնորհիվ կծլի ու կաճի։ Մարդիկ ծրագրեր են կազմում՝ համոզված լինելով, որ բնության օրենքները անխախտ են։ Հենց այդ կայունությունը նկատի ուներ «Ժողովող» գիրքը գրողը, երբ ասաց. «Արեգակը ծագում է, արեգակը մայր է մտնում և շտապում է այնտեղ, որտեղ դարձյալ ծագելու է։ Քամին սլանում է դեպի հարավ և պտույտ տալով վերադառնում դեպի հյուսիս։ Այն պտտվում ու պտտվում է. շարունակ պտույտներ է անում։ Բոլոր գետերը ծովն են լցվում, մինչդեռ ծովը չի լցվում։ Որտեղից որ գետերը սկիզբ են առնում, այնտեղ էլ վերադառնում են, որ նորից հոսեն» (Ժղ 1։5-7)։
Եբրայերեն Գրվածքներում աման բառը և դրա հետ սերտ կապ ունեցող այլ բառեր արտահայտում են վստահարժան, հավատարիմ, անշարժ, կանգուն, հաստատուն, մնայուն ու երկարատև լինելու իմաստ (Ելք 17։12; 2Օր 28։59; 1Սմ 2։35; 22։14; 2Սմ 7։16; Սղ 37։3)։ Աման բառի հետ կապ ունեցող էմեթ գոյականը սովորաբար գործածվում է «ճշմարտություն» իմաստով, բայց թարգմանվում է նաև «հավատարմություն» և «վստահելի» (Սղ 31։5, ծնթ.; 2Սմ 15։20; հմմտ. Նեմ 7։2)։ Շատերին ծանոթ «Ամեն» բառը (եբր.՝ ամեն) նույնպես ծագում է աման բառից (տես ԱՄԵՆ)։
Հին ժամանակներում ապրած հավատի տեր մարդիկ։ Պողոսը նշեց «վկաների.... մեծ բազմության» մասին, որի անդամներից յուրաքանչյուրը հավատի համար ամուր հիմք ուներ (Եբ 12։1)։ Օրինակ՝ Աբելը գիտեր Աստծու խոստման մասին, ըստ որի՝ «սերունդը» պետք է ջախջախեր «օձի» գլուխը։ Նա տեսնում էր, թե Եդեմում իր ծնողներին Եհովայի հայտնած դատավճիռը ինչպես էր կատարվում։ Ապրելով Եդեմից դուրս՝ Ադամն ու նրա ընտանիքը իրենց երեսի քրտինքով էին հաց հայթայթում, քանի որ երկիրն անիծված էր և փուշ ու տատասկ էր տալիս։ Հավանաբար, Աբելը տեսնում էր, որ Եվան խիստ զգում էր Ադամի կարիքը, և որ վերջինս իշխում էր նրա վրա։ Անկասկած, նրա մայրը ինչ-որ բան ասած կլիներ հղիության ցավերի մասին։ Աբելը նաև տեսնում էր Եդեմի պարտեզի մուտքը պահպանող քերովբեներին և բոցավառվող սայր ունեցող սուրը (Ծն 3։14-19, 24)։ Այս ամենը «ապացույցներով հիմնավորված վստահություն» հաղորդեց Աբելին՝ հավաստիացնելով, որ խոստացված սերնդի միջոցով ազատագրում էր լինելու։ Ուստի հավատից մղված՝ նա «Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց», քան Կայենը (Եբ 11։1, 4)։
Աբրահամը ամուր հիմք ուներ հավատալու հարությանը, քանի որ նա և Սառան տեսան, թե ինչպես հրաշքով վերականգնվեց սերունդ առաջ բերելու իրենց կարողությունը։ Դա ինչ-որ իմաստով կարելի էր համեմատել հարության հետ, ինչի շնորհիվ Աբրահամի տոհմը շարունակվեց Սառայի միջոցով։ Այդ հրաշքի արդյունքում ծնվեց Իսահակը։ Երբ Աբրահամն Աստծուց պատվեր ստացավ զոհաբերել Իսահակին, նա չվարանեց գործի անցնել, քանի որ հավատում էր, որ Աստված հարություն կտա իր որդուն։ Նրա հավատը հիմնված էր Աստծու տված հետևյալ հավաստիացման վրա. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու» (Ծն 21։12; Եբ 11։11, 12, 17-19)։
Նրանք, ովքեր գալիս էին Հիսուսի մոտ, կամ ում բերում էին նրա մոտ՝ բուժման նպատակով, ունեին անկեղծ հավատ, որը նույնպես ապացույցներով էր հիմնավորված։ Նույնիսկ եթե նրանք անձամբ չէին տեսել Հիսուսի զորավոր գործերը, առնվազն լսել էին դրանց մասին և իրենց տեսածի ու լսածի հիման վրա եզրակացրել էին, որ Հիսուսն իրենց էլ կարող է բուժել։ Դեռ ավելին՝ նրանք ծանոթ էին սուրբ գրվածքներին, ուստի տեղյակ էին հին ժամանակներում մարգարեների գործած հրաշքների մասին։ Հիսուսի խոսքերը լսելուց հետո ոմանք եզրակացրին, որ նա «Մարգարեն է», մյուսներն էլ ասում էին, որ «Քրիստոսն է»։ Այդ պատճառով մարդուն բուժելուց հետո Հիսուսը երբեմն ասում էր. «Քո հավատը բուժեց քեզ»։ Եթե այդ մարդիկ Հիսուսի հանդեպ հավատ չդրսևորեին, չէին մոտենա նրան ու հետևաբար չէին բուժվի (Հվ 7։40, 41; Մթ 9։22; Ղկ 17։19)։
Նմանապես՝ այն հարյուրապետը, ով աղաչեց Հիսուսին բուժել իր ծառային, ապացույցներով հիմնավորված մեծ հավատ ուներ։ Ահա թե ինչու նա մտածեց, որ եթե Հիսուսը «միայն մի բառ ասեր», իր ծառան կբուժվեր (Մթ 8։5-10, 13)։ Հիսուսը բուժում էր իր մոտ եկած բոլոր մարդկանց և չէր պահանջում, որ կախված հիվանդությունից՝ նրանց հավատը մեծ կամ փոքր լիներ։ Նա նաև պատրվակ չէր բերում նրանց թույլ հավատը, որ չբուժեր նրանց։ Հիսուսը բուժումներ էր անում, որ դրանք վկայություն լինեին մարդկանց համար և օգնեին հավատ զարգացնել իր հանդեպ։ Իր հայրենի վայրերում, որտեղ շատերը անհավատ էին, նա որոշեց շատ հրաշքներ չգործել, բայց ոչ թե այն պատճառով, որ չէր կարող, այլ որ մարդիկ չէին ցանկանում լսել իրեն և արժանի չէին, որ ինքը հրաշքներ գործեր նրանց համար (Մթ 13։58)։
Քրիստոնյաներին բնորոշ հավատ։ Աստծուն ընդունելի լինելու համար մարդը պետք է հավատա Հիսուս Քրիստոսին, ինչի շնորհիվ Աստված նրան արդար կհամարի (Գղ 2։16)։ Եհովան մերժում է նրանց, ովքեր հավատ չունեն (Հվ 3։36; հմմտ. Եբ 11։6)։
Բոլորը չէ, որ հավատ ունեն, քանի որ հավատը Աստծու ոգու առաջ բերած պտղի մի մասն է (2Թղ 3։2; Գղ 5։22)։ Քրիստոնյայի հավատը պետք է շարունակ ամրանա (2Թղ 1։3)։ Ուստի շատ տեղին էր, որ Հիսուսի աշակերտները խնդրեցին նրան, որ օգնի իրենց «ավելի շատ հավատ ունենալ», և նա կատարեց նրանց խնդրանքը։ Հիսուսը աշակերտներին ավելի մեծ հասկացողություն ու ապացույցներ տվեց, որոնք լավ հիմք կլինեին նրանց հավատի համար (Ղկ 17։5)։
Քրիստոնյան իր ողջ կյանքում ուղղորդվում է հավատով, ինչն օգնում է հաղթահարել լեռնանման դժվարությունները, որոնք գուցե խանգարեն նրան ծառայել Աստծուն (2Կթ 5։7; Մթ 21։21, 22)։ Նա իր գործերով պետք է փաստի, որ հավատ ունի, սակայն նրանից չի պահանջվում պահել Մովսիսական օրենքը (Հկ 2։21-26; Հռ 3։20)։ Փորձությունները կարող են ամրացնել քրիստոնյայի հավատը։ Հոգևոր պատերազմում հավատը պաշտպանիչ վահան է նրա համար և օգնում է նրան դեմ կանգնել Բանսարկուին ու հաղթել աշխարհին (1Պտ 1։6, 7; Եփ 6։16; 1Պտ 5։9; 1Հվ 5։4)։
Հավատին պետք է լուրջ վերաբերվել, քանի որ անհավատությունը մեղք է, որը «հեշտությամբ խանգարում է» մարդուն։ Ամուր հավատ պահպանելու համար անհրաժեշտ է «աննահանջ պայքար մղել», ընդդիմանալ այն մարդկանց, ովքեր կարող են դրդել անբարոյականության, պայքարել մարմնական ցանկություններից բխող գործերի դեմ, զգուշանալ նյութապաշտության ծուղակից, խուսափել հավատը կործանող փիլիսոփայություններից ու մարդկային ավանդույթներից և, որ ամենակարևորն է, «աչքերը հառել Հիսուսին՝ մեր հավատի գլխավոր Առաջնորդին և այն Կատարելագործողին» (Եբ 12։1, 2; Հդ 3, 4; Գղ 5։19-21; 1Տմ 6։9, 10; Կղ 2։8)։