ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աստվածաշնչի տեսանկյունից օրինական համարվող ամուսնությունից դուրս սեռական հարաբերություններ։ Եբրայերեն զանա բայը և դրա ձևերը արտահայտում են պոռնկության, անբարո սեռական հարաբերությունների, անառակության կամ մարմնավաճառության իմաստ (Ծն 38։24; Ելք 34։16; Օս 1։2; Ղև 19։29)։ «Անբարոյականություն» թարգմանված հունարեն բառը պոռնեյա բառն է։ Բ. Ֆ. Վեստկոտը իր գրքում հետևյալն է նշում պոռնեյա բառի նշանակության մասին. «Սա ընդհանուր եզրույթ է, որը նկարագրում է ամեն տեսակ ապօրինի սեռական հարաբերություններ՝ 1) ամուսնական դավաճանություն, կամ՝ շնություն (Օս. 2։2, 4 (LXX); Մատթ. 5։32; 19։9), 2) ապօրինի ամուսնություն (1 Կորնթ. 5։1), 3) անբարոյականություն՝ ընդհանուր իմաստով, ինչպես, օրինակ, այստեղ է [Եփ 5։3]» (Saint Paul’s Epistle to the Ephesians, 1906, էջ 76)։ Բաուերի «Նոր Կտակարանի հունարեն-անգլերեն բառարանում» պոռնեյա բառը սահմանվում է որպես «մարմնավաճառություն, անառակություն, անբարոյականություն, ամեն տեսակ ապօրինի սեռական հարաբերություններ» (Greek-English Lexicon of the New Testament, վեր. հրատ. խմբ.՝ F. W. Gingrich, F. Danker, 1979, էջ 693)։ Այսպիսով՝ պոռնեյա բառը վերաբերում է առնվազն մեկ մարդու սեռական օրգան(ներ)ի բացահայտ անբարո օգտագործմանը։ Բացի այդ՝ պետք է լինի նաև նույն կամ հակառակ սեռի առնվազն մեկ զուգընկեր (իր կամքով մասնակցող մարդ) կամ կենդանի (Հդ 7)։ Բռնաբարողի գործողությունները նույնպես անբարոյականություն են, սակայն, ինչ խոսք, բռնաբարության զոհը անբարոյական չի համարվում։
Առաջին ամուսնական միությունը հաստատելիս Աստված ասաց. «Դրա համար էլ տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և նրանք մեկ մարմին կդառնան» (Ծն 2։24)։ Այդպիսով նա ի սկզբանե մենամուսնությունը որպես չափանիշ սահմանեց կնոջ ու տղամարդու համար, ինչը բացառում էր արտամուսնական սեռական հարաբերությունները։ Ավելին՝ Աստված չէր նախատեսել, որ մարդիկ ամուսնալուծվեին կամ վերամուսնանային (տես ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)։
Նահապետական ժամանակներում Աստծու հավատարիմ ծառաները ատում էին անբարոյականությունը՝ անկախ նրանից՝ այն կգործեր ամուրին, նշանվածը, թե ամուսնացածը։ Դա համարվում էր Աստծու դեմ գործված մեղք (Ծն 34։1, 2, 6, 7, 31; 38։24-26; 39։7-9)։
Երբ գործում էր Մովսիսական օրենքը։ Համաձայն Մովսիսական օրենքի՝ եթե տղամարդը սեռական հարաբերություն ունենար չնշանված կույսի հետ, նա պետք է կնության առներ աղջկան և նրա հորը վճարեր սահմանված հարսնագինը (50 սիկղ արծաթ [110 դոլար])։ Նա իր ողջ կյանքում չէր կարող բաժանվել նրանից։ Անգամ եթե աղջկա հայրը չցանկանար նրան այդ մարդուն տալ, միևնույն է, վերջինս պետք է վճարեր հարսնագնի չափով գումար (Ելք 22։16, 17; 2Օր 22։28, 29)։ Սակայն եթե աղջիկը նշանված էր, ապա նրա հետ կենակցած տղամարդը պետք է քարկոծվելով սպանվեր։ Եթե նշանված աղջիկը բղավել էր, երբ իրեն ուժով տիրացել էին, նա չպետք է պատժվեր, բայց եթե չէր բղավել (ինչը համաձայնության նշան էր), նա նույնպես պետք է սպանվեր (2Օր 22։23-27)։
Ամուսնության սրբությունն ընդգծվում էր մի օրենքով, ըստ որի՝ մահապատիժ էր հասնում ամուսնանալիս իբրև կույս ներկայացող աղջկան, ով, սակայն, ծածուկ կերպով անբարոյականություն էր գործել։ Եթե ամուսինը անհիմն մեղադրեր իր կնոջը այդպիսի մեղքի մեջ, վարկաբեկած կլիներ նրա հոր տունը։ Դատավորները պետք է պատժեին այդ մարդուն զրպարտության համար՝ թերևս ծեծի ենթարկելով նրան, 100 սիկղ արծաթ (220 դոլար) տուգանք դնեին նրա վրա և այդ փողը տային կնոջ հորը (2Օր 22։13-21)։ Եթե քահանայի աղջիկը մարմնավաճառություն աներ, կանարգեր իր հոր սուրբ ծառայությունը։ Նա պետք է մահվան մատնվեր, իսկ նրա մարմինը պետք է կրակով այրվեր որպես գարշելի մի բան (Ղև 21։9; տես նաև Ղև 19։29)։ Եթե տղամարդն ու կինը դավաճանեին իրենց կողակիցներին՝ իրար հետ անբարոյականություն (շնություն) գործելով, նրանք կխախտեին յոթերորդ պատվիրանը, և երկուսն էլ պետք է մեռնեին (Ելք 20։14; 2Օր 5։18; 22։22)։
Եթե մի տղամարդ սեռական հարաբերություն ունենար մի աղախնի հետ, որին խոստացել էին կնության տալ ուրիշ մարդու, բայց դեռ չէին փրկագնել և ազատություն չէին շնորհել, ապա նրանք երկուսն էլ պետք է պատժվեին, բայց չպետք է մահվան մատնվեին (Ղև 19։20-22)։ Հավանաբար, դա բացատրվում էր նրանով, որ ի տարբերություն նշանված ազատ աղջկա՝ այդ կինը լիարժեք ազատություն չուներ իր գործողություններում։ Նրա համար դեռևս փրկագին վճարված չէր կամ մասամբ էր վճարված, և նա դեռ իր տիրոջն էր ենթարկվում։
Երբ ագահ մարգարե Բաղաամին չհաջողվեց գուշակության միջոցով անիծել իսրայելացիներին, նա մեկ այլ միջոց գտավ, որ նրանց վրա բերի Աստծու բարկությունը։ Բաղաամն այնպես արեց, որ նրանք տրվեն իրենց սեռական սխալ ցանկություններին։ Մովաբի կանանց օգնությամբ նա իսրայելացիներին ներքաշեց Փեգորի Բահաղի ֆալլոսային պիղծ պաշտամունքի մեջ, ինչի հետևանքով 24 000 իսրայելացի մահացավ (Թվ 25։1-9; 1Կթ 10։8 [ամենայն հավանականությամբ, ժողովրդի 1 000 գլխավորներին սպանեցին ու կախեցին սյուներից (Թվ 25։4), իսկ մնացածին սրի քաշեցին, կամ նրանց վրա պատուհաս եկավ])։
Անթույլատրելի է քրիստոնյաների համար։ Հիսուս Քրիստոսը վերականգնեց ամուսնության վերաբերյալ Աստծու սկզբնական չափանիշը՝ մենամուսնությունը (Մթ 5։32; 19։9)։ Նա ցույց տվեց, թե ինչ մեծ չարիք է անբարոյականությունը՝ այն դասելով սպանության, գողության, մեղավոր մտքերի, սուտ վկայության և աստվածանարգության շարքին։ Նա ընդգծեց, որ դրանք մարդու ներսից՝ սրտից են գալիս և պղծում են նրան (Մթ 15։19, 20; Մկ 7։21-23)։ Հետագայում՝ մ.թ. մոտ 49 թ.-ին, քրիստոնեական ժողովի կառավարիչ մարմինը, որը կազմված էր առաքյալներից ու Երուսաղեմում գտնվող երեցներից, նամակ ուղարկեց քրիստոնյաներին և զգուշացրեց, որ հեռու մնան անբարոյականությունից՝ այն հիշատակելով կռապաշտության և արյուն ուտելու հետ միասին (Գրծ 15։20, 29; 21։25)։
Պողոս առաքյալը անբարոյականությունը դասեց մարմնական ցանկություններից բխող գործերի շարքին, որոնք հակառակ են ոգու առաջ բերած պտղին։ Նա զգուշացրեց, որ այդպիսի չար գործեր անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի (Գղ 5։19-21)։ Պողոսը հորդորեց քրիստոնյաներին սպանել իրենց հողեղեն մարմնի անդամները, որոնք «դրդում են.... անբարոյականության» (Կղ 3։5)։ Նա նաև ասաց, որ անբարոյականության մասին խոսելն անգամ վայել չէ քրիստոնյաներին, որոնք պետք է սուրբ լինեն։ Նմանապես՝ ավելի հին ժամանակներում իսրայելացիները չպետք է հիշատակեին հեթանոս աստվածների անունները։ Ինչ խոսք, նրանք իրենց երեխաներին պետք է զգուշացնեին, որ հեռու մնան այդ աստվածներից, բայց դրանց մասին ակնածանքով խոսելը անթույլատրելի էր (Եփ 5։3; Ելք 23։13)։
Սեռական անբարոյականությունը մեղք է, ինչի պատճառով անհատը կարող է հեռացվել քրիստոնեական ժողովից (1Կթ 5։9-13; Եբ 12։15, 16)։ Առաքյալը նշեց, որ անբարոյականություն անողն իր իսկ մարմնին է վնաս հասցնում՝ իր վերարտադրողական օրգանները օգտագործելով այլասերված նպատակներով։ Այդ անհատը մեծ վնաս է հասցնում նաև իր հոգևոր առողջությանը, պղծում է Աստծու ժողովը և սեռական ճանապարհով փոխանցվող մահացու հիվանդություններ ձեռք բերելու վտանգի առաջ է կանգնում (1Կթ 6։18, 19)։ Նա ոտնահարում է իր հավատակիցների իրավունքները (1Թղ 4։3-7), քանի որ՝ 1) ժողով է բերում անմաքրություն՝ այդպիսով խայտառակելով այն և արատավորելով դրա բարի համբավը (Եբ 12։15, 16), 2) պատվազրկում է նրան, ում հետ անբարոյականություն է անում, և եթե վերջինս ամուրի է, զրկում է նրան նաև բարոյապես մաքուր վիճակում ամուսնական կյանք սկսելու հնարավորությունից, 3) վարկաբեկում է իր իսկ ընտանիքը, 4) անարգում և ցավ է պատճառում իր հետ անբարոյականություն գործող անհատի ծնողներին, ամուսնուն կամ նշանածին։ Նա արհամարհում է ոչ թե մարդկանց, որոնց օրենքները գուցե դատապարտեն անբարոյականությունը, գուցե՝ ոչ, այլ Աստծուն, ով անպատճառ կպատժի նրան այդ մեղքի համար (1Թղ 4։8)։
Խորհրդանշական կիրառություն։ Եհովա Աստված Իսրայելի ազգին, որի հետ ուխտ էր կապել, կոչում էր իր կինը (Ես 54։5, 6)։ Երբ Իսրայելը անհավատարիմ էր գտնվում Եհովայի հանդեպ՝ արհամարհելով նրան, օգնության դիմելով ուրիշ ազգերի (օրինակ՝ Եգիպտոսին ու Ասորեստանին) և նրանց հետ դաշինքներ կնքելով, նմանվում էր անհավատարիմ, շնացող, անբարոյական, մարմնավաճառ կնոջ, ով անառակություն է գործում ամեն պատահածի հետ (Եզկ 16։15, 25-29)։ Նմանապես՝ Աստվածաշնչում շնացող է կոչվում Աստծուն նվիրված այն քրիստոնյան (կամ նա, ով պնդում է, թե այդպիսին է), որը անհավատարմորեն է վարվում՝ ներքաշվելով կեղծ պաշտամունքի մեջ կամ աշխարհի հետ ընկերություն անելով (Հկ 4։4, ծնթ.)։
Ֆ. Զորելը իր աշխատությունում պոռնեյա բառի խորհրդանշական իմաստի մասին հետևյալն է գրել. «Ճշմարիտ հավատից լիովին կամ մասամբ շեղվելը՝ հավատուրաց դառնալը, օտար աստվածների պաշտելով՝ միակ ճշմարիտ Աստված Յահվեին դավաճանելը [4Թգ 9։22; Եր 3։2, 9; Օս 6։10 և այլն; դա այդպես էր, քանի որ Աստծու միությունը իր ժողովրդի հետ համարվում էր հոգևոր ամուսնություն]. Հտն 14։8; 17։2, 4; 18։3; 19։2» (փակագծերը հեղինակինն են; հունարեն «Յոթանասնից»-ի 4Թգ-ն համապատասխանում է մասորեթական տեքստի 2Թգ-ին) (Lexicon Graecum Novi Testamenti, Paris, 1961, սյն. 1106)։
Մեծ Բաբելոնը, որը Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում ներկայացված է որպես մարմնավաճառ, խորհրդանշում է կեղծ կրոնները։ Այդ կրոնները՝ լինեն «քրիստոնեական», թե հեթանոս, պնդում են, թե իրենք ճշմարիտ պաշտամունք են մատուցում Աստծուն։ Բայց իրականում Մեծ Բաբելոնը, հանուն իշխանության ու նյութական շահի, հարաբերություններ է հաստատել այս աշխարհի ղեկավարների հետ, և «երկրի թագավորները անբարոյականություն գործում» նրա հետ։ Նրա պիղծ ու անառակ վարքը գարշելի է Աստծու աչքին և մեծ արյունահեղությունների ու շատ տառապանքների պատճառ է դարձել (Հտն 17։1-6; 18։3)։ Իր արարքների համար նա այնպիսի պատիժ կկրի Աստծուց, որը սահմանված է անբարոյականների համար, այսինքն՝ կկործանվի (Հտն 17։16; 18։8, 9)։