Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Եսայիա»
  • Եսայիա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եսայիա
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի գիրք համար 23. Եսայիա
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 1)
    2006 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Եսայիա» գրքից (մաս 2)
    2007 Դիտարան
Աստվածաշնչի ըմբռնում
it «Եսայիա»

ԵՍԱՅԻԱ

[փրկություն՝ Եհովայից]։

Մարգարե, Ամոզի որդին (չպետք է շփոթել Ամոս մարգարեի հետ)։ Եսայիան ծառայել է Հուդայում և Երուսաղեմում Հուդայի թագավորներ Օզիայի, Հովաթամի, Աքազի ու Եզեկիայի օրերում (Ես 1։1)։ Իսրայելի հյուսիսային թագավորությունում, որը կործանվեց մ.թ.ա. 740 թ.-ին, նրա ծառայության տարիներին իշխել են Փակեե և Օսեա թագավորները։ Եսայիայի ժամանակակիցներն էին Միքիա, Օսեե և Օդեդ մարգարեները։ Ըստ երևույթին, Եսայիան մարգարեի իր ծառայությունը սկսել է Օսեեից ավելի ուշ, Միքիայից ավելի շուտ (2Տգ 28։9; Օս 1։1; Մք 1։1)։

Երբ Եսայիան Հուդայում մարգարե էր ծառայում, թագավորությունը բարոյական անկում էր ապրում՝ հատկապես Աքազ թագավորի օրոք։ Թե՛ իշխանները և թե՛ ժողովուրդը ըմբոստ ոգի էին դրսևորում։ Եհովայի աչքում նրանց գլուխը վերքերով էր ծածկված, և սիրտն ամբողջությամբ հիվանդ էր։ Աստված ղեկավարներին անվանում էր «Սոդոմի բռնակալներ», իսկ ժողովրդին նմանեցնում էր «Գոմորի ժողովրդին» (Ես 1։2-10)։ Եհովան Եսայիային նախապես ասել էր, որ նրանց ականջները անընկալունակ էին դառնալու։ Նա հայտնել էր, որ այդ իրավիճակը շարունակվելու էր այնքան ժամանակ, մինչև որ երկիրը ավերվեր, նաև ասել էր, որ, ինչպես մի մեծ ծառի կոճղ, մնալու էր միայն ժողովրդի «տասներորդ մասը»՝ «մի սուրբ սերունդ»։ Եսայիայի մարգարեությունները, անկասկած, մխիթարում էին այդ փոքրաթիվ մարդկանց և զորացնում նրանց հավատը, մինչդեռ մնացած ժողովուրդը չէր ցանկանում ականջ դնել նրա ասածներին (Ես 6։1-13)։

Թեև Եսայիայի մարգարեական խոսքերը հիմնականում ուղղված էին Հուդային, նա նաև մարգարեանում էր Իսրայելի և շրջակա ազգերի մասին, քանի որ նրանք որոշակի առնչություն ունեին Հուդայի պատմությանը և այնտեղ տիրող իրավիճակին։ Եսայիան մարգարե ծառայեց երկար տարիներ։ Նրա ծառայությունը սկսվեց մ.թ.ա. մոտ 778 թ.-ին, երբ մահացավ Օզիա թագավորը (կամ հնարավոր է՝ ավելի շուտ), և շարունակվեց Եզեկիայի թագավորության 14-րդ տարուց (մ.թ.ա. 732 թ.) հետո ևս մի որոշ ժամանակ (Ես 36։1, 2; 37։37, 38)։

Եսայիայի ընտանիքը։ Եսայիան ամուսնացած էր։ Աստվածաշնչում նրա կինը «մարգարեուհի» է կոչվում (Ես 8։3), ինչը թերևս նշանակում է, որ նա մարգարեի կին լինելուց ավելին էր։ Հավանաբար, նա Եհովայից մարգարեանալու հանձնարարություն էր ստացել, ինչպես դատավորների ժամանակներում ապրած Դեբորան և Հովսիայի իշխանության օրոք ապրած Օլդան (Դտ 4։4; 2Թգ 22։14)։

Աստվածաշնչում Եսայիայի երկու որդիները անունով են հիշատակվում։ Նրանք Եհովայից տրված «նշաններ ու հրաշքներ» էին Իսրայելի համար (Ես 8։18)։ Սեար-Հասուբը Աքազի օրոք արդեն բավականաչափ մեծ էր և կարող էր ուղեկցել իր հորը, երբ վերջինս գնում էր թագավորին պատգամ հաղորդելու։ Սեար-Հասուբ անունը նշանակում է «միայն մնացորդ (մնացածները) կվերադառնա»։ Այս անվան մարգարեական նշանակությունը հետևյալն էր. որքան հաստատ էր այն, որ Եսայիայի որդին ստացել էր այդ անունը, նույնքան հաստատ էր այն, որ Հուդայի թագավորությունը ժամանակի ընթացքում կործանվելու էր, և ժողովրդի մնացորդն էր գերությունից վերադառնալու (Ես 7։3; 10։20-23)։ Այդ փոքր մնացորդը հայրենիք վերադարձավ մ.թ.ա. 537-ին, երբ Պարսկաստանի Կյուրոս թագավորի հրամանով Բաբելոնում վերջ դրվեց հրեաների 70-ամյա գերությանը (2Տգ 36։22, 23; Եզր 1։1; 2։1, 2)։

Եսայիայի մյուս որդուն անուն էր տրվել նախքան նրա բեղմնավորվելը։ Այդ անունը գրվել էր տախտակի վրա ու հաստատվել հավատարիմ վկաների կողմից։ Հավանաբար, դա գաղտնի էր պահվել մինչև երեխայի ծնվելը։ Դրանից հետո վկաները կկարողանային հաստատել, որ մարգարեն կանխագուշակել էր նրա ծնունդը, ինչով և կփաստվեր, որ այդ իրադարձությունը մարգարեական նշանակություն ուներ։ Աստծու պատվերով տղայի անունը դրվեց Մահեր-Շալալ-Հաշ-Բազ, ինչը նշանակում է «շտապում է ավար վերցնելու, արագ գալիս է կողոպտելու»։ Կանխագուշակվել էր, որ նախքան տղան կկարողանար ասել «հայրիկ» և «մայրիկ», Հուդային սպառնացող վտանգը, որի պատճառը Իսրայելի տասցեղ թագավորության հետ Ասորիքի կազմակերպած դավադրությունն էր, վերացած կլիներ (Ես 8։1-4)։

Այս մարգարեությունը ցույց էր տալիս, որ շուտով Հուդայի վիճակը թեթևանալու էր։ Դա տեղի ունեցավ, երբ Ասորեստանը միջամտեց Ասորիքի Ռասին ու Իսրայելի Փակեե թագավորների՝ Հուդայի դեմ մղած պատերազմին։ Ասորեստանցիները գրավեցին Դամասկոսը և հետագայում՝ մ.թ.ա. 740 թ.-ին, կողոպտեցին ու կործանեցին Իսրայելի թագավորությունը, ինչով և լիովին կատարվեց այն մարգարեությունը, որին մատնացույց էր անում տղայի անվան նշանակությունը (2Թգ 16։5-9; 17։1-6)։ Սակայն քանի որ Աքազ թագավորը չէր ապավինել Եհովային ու փորձել էր դիմակայել Ասորիքի և Իսրայելի սպառնալիքին՝ կաշառելով Ասորեստանի թագավորին, որպեսզի ստանա նրա պաշտպանությունը, Եհովան թույլ տվեց, որ Հուդայի գլխին ահազդու սպառնալիքի նոր ամպեր կուտակվեն՝ ասորեստանցիները, որոնք, ինչպես և նախազգուշացրել էր Եսայիան, հեղեղեցին երկիրը և հասան մինչև Երուսաղեմ (Ես 7։17-20)։

Եսայիան հաճախ խոսում էր «նշանների» և «նախանշանների» մասին, որ տալու էր Եհովան։ Այդ նշաններից էին նրա երկու որդիները։ Մեկ անգամ էլ հենց ինքը՝ Եսայիան, ծառայեց որպես նախանշան։ Եհովան պատվիրեց նրան երեք տարի մերկ ու ոտաբոբիկ ման գալ «որպես նախանշան և զգուշացում» Եգիպտոսի ու Եթովպիայի համար։ Դա նշանակում էր, որ Ասորեստանի թագավորը գերության էր տանելու նրանց (Ես 20։1-6; հմմտ. Ես 7։11, 14; 19։20; 37։30; 38։7, 22; 55։13; 66։19)։

Գերության ու վերականգնման մասին մարգարեություններ։ Եսայիան նաև պատիվ էր ունեցել կանխագուշակելու, որ ոչ թե Ասորեստանը, այլ Բաբելոնն էր գահընկեց անելու Հուդայի թագավորներին և կործանելու Երուսաղեմը (Ես 39։6, 7)։ Երբ ասորեստանցիները հեղեղելով անցան Հուդայի միջով և հասան «մինչև պարանոցը», Եսայիան Եզեկիա թագավորին մխիթարական լուր հայտնեց այն մասին, որ Ասորեստանի զորքը չի կարողանալու մտնել քաղաք (Ես 8։7, 8)։ Եհովան կատարեց իր խոսքը՝ ուղարկելով մի հրեշտակ, որը բնաջինջ արեց ասորեստանյան զորքի 185 000 հզոր ռազմիկների ու առաջնորդների, և այդպիսով պաշտպանեց Երուսաղեմը (2Տգ 32։21)։

Անկասկած, Եսայիայի համար մեծագույն ուրախության աղբյուր էր այն, որ Եհովան պատիվ էր ընձեռել նրան հայտնելու և գրի առնելու բազմաթիվ մարգարեություններ նրա սիրելի Երուսաղեմ քաղաքի վերականգնման մասին։ Թեև Եհովան թույլ էր տալու, որ իր ապստամբ ժողովուրդը գերության տարվի Բաբելոն, սակայն հետագայում դատելու էր Բաբելոնին, քանի որ վերջինս չարությամբ էր գործելու և մտադիր էր լինելու Աստծու ժողովրդին հավիտյան պահել գերության մեջ։ Եսայիայի հայտնած մի շարք մարգարեություններ վերաբերում են Բաբելոնի հանդեպ Աստծու դատաստանին. այդ քաղաքը ավերակների էր վերածվելու և այլևս չէր վերականգնվելու (Ես 45։1, 2; գլ. 13, 14, 46-48)։

Վերականգնման մասին մարգարեությունները, որ հանդիպում են ողջ «Եսայիա» գրքում, գովաբանում էին Եհովային իր ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ դրսևորած անզուգական բարության ու գթասրտության համար։ Դրանք մատնացույց էին այն ժամանակը, երբ Եհովան պատվի կարժանացներ Երուսաղեմին, բոլոր ազգերը կտեսնեին նրա փառքը, և նա օրհնություն կլիներ նրանց համար։ Երուսաղեմն իսկապես վերականգնվեց, վերակառուցվեց և առանձնահատուկ օրհնության արժանացավ, երբ Մեսիան իր գործունեությունը ծավալեց այնտեղ ու «բարի լուրի միջոցով հայտնեց մեզ, թե ինչպես ձեռք բերենք կյանք և անքայքայելի մարմին» (2Տմ 1։10)։ Երուսաղեմի վերականգնման մասին մարգարեությունները նաև ավելի մեծ ու ավելի վեհ կատարում ունեն (Հռ 15։4; 1Կթ 10։11; Գղ 4։25, 26)։

Եսայիայի գործունեության արդյունքը։ Եսայիա մարգարեն գրել է ոչ միայն իր անունը կրող աստվածաշնչյան գիրքը, այլև, ըստ երևույթին, առնվազն մեկ պատմական գիրք, որում պատմել է Օզիա թագավորի կյանքի իրադարձությունների մասին։ Այն, անկասկած, ներառվել է ազգի պաշտոնական արձանագրությունների մեջ (2Տգ 26։22)։ Նա հավատարմորեն կատարել է Եհովայից ստացած ծառայությունը և մեծ ազդեցություն թողել իր ազգի պատմության վրա՝ հատկապես խորհուրդներ տալով և ուղղորդելով արդար Եզեկիա թագավորին։ Եսայիայի հայտնած բազմաթիվ մարգարեություններ ավելի մեծ կատարում ունեն և կապված են Մեսիայի ու նրա թագավորության հետ։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում կան շատ մեջբերումներ ու հղումներ «Եսայիա» գրքից։ Դրանց գրությանը մասնակցած քրիստոնյաները բազմիցս նշել են, որ Եսայիայի մարգարեությունները կատարվել են Հիսուս Քրիստոսի առնչությամբ, և ցույց են տվել, թե ինչպես էին դրանք կատարվում իրենց ժամանակներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը