ՏԵՐ
«Տեր» թարգմանված հունարեն և եբրայերեն բառերը կիրառվում են Եհովա Աստծու (Եզկ 3։11), Հիսուս Քրիստոսի (Մթ 7։21), Հովհաննեսին տրված տեսիլքի երեցներից մեկի (Հտն 7։13, 14), հրեշտակների (Ծն 19։1, 2; Դն 12։8), տղամարդկանց (1Սմ 25։24; Գրծ 16։16, 19) և կեղծ աստվածությունների (1Կթ 8։5) առնչությամբ։ Հաճախ «տեր» բառը մատնանշում է նրան, ում պատկանում է այս կամ այն բանը, ով լիիրավ իշխանություն ունի մեկի կամ մի բանի նկատմամբ (Ծն 24։9; 42։33; 45։8, 9; 1Թգ 16։24; Ղկ 19։33; Գրծ 25։26; Եփ 6։5)։ Սառան «տեր» էր կոչում իր ամուսնուն (Ծն 18։12), երեխաները՝ իրենց հորը (Ծն 31։35), իսկ կրտսեր եղբայրը՝ ավագ եղբորը (Ծն 32։5, 6)։ Ի նշան հարգանքի՝ այդ տիտղոսով էին դիմում անվանի մարդկանց, պաշտոնյաներին, մարգարեներին ու թագավորներին (Ծն 23։6; 42։10; Թվ 11։28; 2Սմ 1։10; 2Թգ 8։10-12; Մթ 27։63)։ Այն որպես քաղաքավարի դիմելաձև էր կիրառվում նաև անծանոթների առնչությամբ (Հվ 4։11; 12։21; 20։15)։
Եհովա Աստված։ Եհովա Աստված «երկնքի և երկրի Տերն» է և Գերիշխանը, քանի որ նա է տիեզերքի Արարիչը (Մթ 11։25; Հտն 4։11)։ Համաձայն Հայտնություն 11։15-ի՝ երկնային էակները նրան «Տեր» են կոչում՝ ասելով. «Աշխարհի վրա թագավորական իշխանությունն այժմ պատկանում է մեր Տիրոջն [Եհովային] ու իր Քրիստոսին»։ Երկրի վրա ապրող հավատարիմ ծառաները Աստծուն դիմում էին «Գերիշխան Տեր» տիտղոսով, որն Աստվածաշնչում հանդիպում է ավելի քան 300 անգամ (Ծն 15։2; Հտն 6։10)։ Նա նաև իրավամբ կոչվում է «ճշմարիտ Տեր» (Ես 1։24)։ Եհովայի ուղղորդմամբ տեղի է ունենում փոխաբերական հունձը, այսինքն՝ հավաքվում են այն մարդիկ, ովքեր հույս ունեն հավիտենական կյանք ստանալու։ Ուստի նրան՝ «հնձի Տիրոջն» է հարկավոր խնդրել, որ «աշխատողներ ուղարկի հնձի համար» (Մթ 9։37, 38; տես Rbi8-E, հավելված, էջ 1566-1568)։
Հիսուս Քրիստոս։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսն ասաց. «Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է [բռց.՝ «մարդու Որդին շաբաթի Տերն է»]» (Մթ 12։8)։ Ուստի տեղին էր, որ նա Շաբաթ օրը ևս անում էր իր երկնային Հոր հանձնարարած գործը, օրինակ՝ բուժում էր հիվանդներին (հմմտ. Մթ 8։16, 17)։ Հիսուսը գիտեր, որ Մովսիսական օրենքը, այդ թվում՝ Շաբաթը պահելու մասին պահանջը, «պարզապես գալիք օրհնությունների ստվերն է» (Եբ 10։1)։ Այդ «գալիք օրհնությունները» կապ ունեն այն շաբաթի հետ, որը նրա իշխանության տակ է լինելու (տես ՇԱԲԱԹ ՕՐ, «Շաբաթը մարդու Որդու իշխանության տակ է»)։
Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, աշակերտներից բացի՝ ուրիշներն էլ էին նրան «Տեր» կոչում (Մթ 8։2; Հվ 4։11)։ Այդ դեպքերում նման դիմելաձևը գլխավորապես հարգանքի կամ քաղաքավարության նշան էր։ Սակայն Հիսուսն իր առաքյալներին բացատրեց, որ իրեն «Տեր» կոչելը ավելին է նշանակում։ Նա ասաց. «Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք կոչում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա» (Հվ 13։13)։ Առաքյալները նրա աշակերտներն էին։ Ուստի Հիսուսը նրանց Տերն էր։
Հիսուսի «Տեր» տիտղոսը ավելի մեծ նշանակություն ստացավ նրա մահից ու հարությունից հետո։ Իր զոհաբերական մահով նա «գնեց» իր հետևորդներին ու դարձավ նրանց Տերը (Հվ 15։13, 14; 1Կթ 7։23; 2Պտ 2։1; Հդ 4; Հտն 5։9, 10)։ Հիսուսը նաև նրանց Թագավորն ու Փեսան է, ում նրանք պետք է ենթարկվեն որպես Տիրոջ (Գրծ 17։7; Եփ 5։22-27; հմմտ. Հվ 3։28, 29; 2Կթ 11։2; Հտն 21։9-14)։ Եհովան վարձատրեց Հիսուսին, քանի որ վերջինս տանջանքի սյան վրա խայտառակ մահվան դատապարտվեց և մինչև վերջ հավատարիմ մնաց։ «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և սիրով տվեց այնպիսի հեղինակություն, որը վեր է մյուս բոլորի հեղինակությունից։ Աստված արեց դա, որպեսզի Հիսուսի հեղինակության առաջ ծնկի գան բոլորը՝ երկնքում լինողները, երկրի վրա լինողները և գետնի տակ լինողները, և որպեսզի ամեն ոք հանրորեն ընդունի, որ Հիսուս Քրիստոսը Տեր է, և այդպիսով Աստված՝ Հայրը, փառավորվի» (Փպ 2։9-11)։ Հիսուս Քրիստոսին որպես Տեր ընդունելը շատ ավելին է նշանակում, քան նրան պարզապես այդ տիտղոսով դիմելը։ Անհրաժեշտ է հարգել նրա դիրքը և հնազանդվել նրան (հմմտ. Հվ 14։21)։ Հիսուսն ասաց. «Ինձ «Տե՛ր, Տե՛ր» ասող ամեն մարդ չէ, որ կմտնի երկնքի թագավորություն, այլ միայն նա, ով կատարում է իմ երկնային Հոր կամքը» (Մթ 7։21)։
Եհովա Աստված նաև անմահություն շնորհեց իր հավատարիմ Որդուն։ Շատ մարդիկ են թագավոր կամ տեր եղել, սակայն միայն Հիսուս Քրիստոսը՝ «թագավորների Թագավորը և տերերի Տերը» անմահություն ունի (1Տմ 6։14-16; Հտն 19։16)։
Քանի որ Հիսուսն ունի մահվան ու գերեզմանի բանալիները (Հտն 1։17, 18), նա կարող է ազատել մարդկանց գերեզմանից (Հվ 5։28, 29) և Ադամից ժառանգած մահվան կապանքներից (Հռ 5։12, 18)։ Նա «իշխանություն ունի.... մահացածների.... վրա [բռց.՝ «մահացածների Տերն է»]», որոնց թվում է իր երկրային նախնիներից մեկը՝ Դավիթ թագավորը (Գրծ 2։34-36; Հռ 14։9)։
Հարգալից դիմելաձև։ Այն փաստը, որ քրիստոնյաները միայն «մեկ Տեր» ունեն (Եփ 4։5), չի նշանակում, որ նրանք չեն կարող այդ բառով դիմել ուրիշներին՝ ի նշան հարգանքի, քաղաքավարության կամ այն բանի, որ ընդունում են նրանց հեղինակությունը։ Պետրոս առաքյալը Սառային որպես օրինակ բերեց քրիստոնյա կանանց համար՝ նշելով, որ նա հնազանդվում էր Աբրահամին և նրան «տեր» կոչում (1Պտ 3։1-6)։ Դա ոչ թե զուտ ձևականություն էր, այլ սրտաբուխ հնազանդության դրսևորում, քանի որ Սառան անգամ «իր մտքում» էր նրան այդպես կոչում (Ծն 18։12)։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ բոլոր քրիստոնյաները եղբայրներ են, ճիշտ չի լինի, որ նրանք իրենց միջից որևէ մեկին «առաջնորդ» կամ «տեր» կոչեն՝ նրան համարելով իրենց հոգևոր առաջնորդը (Մթ 23։8-10; տես ԵՀՈՎԱ; ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ)։
Հունարեն «Կիրիոս» բառը։ Հունարենում այս բառը ածական է, որը մատնանշում է մեկին, ով ունի իշխանություն (կիրոս) կամ հեղինակություն։ Այն գործածվում է նաև գոյականաբար։ Կիրիոս բառը հանդիպում է Քրիստոնեական Հունարեն Գրվածքների բոլոր գրքերում՝ բացի «Տիտոս» գրքից և Հովհաննեսի նամակներից։ Դրա եբրայերեն համարժեքը Ադոն բառն է։ Լինելով Աստծու ստեղծածներից մեկը, Որդին ու Ծառան՝ Հիսուս Քրիստոսը իր Հորը և Աստծուն (Հվ 20։17) իրավամբ կոչում է «Տեր» (Ադոնայ կամ Կիրիոս)։ Այդպիսով նա ընդունում է, որ Եհովան իր Գլուխն է և գերագույն իշխանություն ունի (Մթ 11։25; 1Կթ 11։3)։ Հիսուսը բարձր դիրք ունի՝ նստած է իր Հոր աջ կողմում, ուստի նա «տերերի Տերն» է, այսինքն՝ իր դիրքով գերազանցում է բոլորին՝ բացի իր Հորից՝ Ամենակարող Աստծուց (Հտն 17։14; 19։15, 16; հմմտ. 1Կթ 15։27, 28)։
Գործածվել է Աստծու անվան փոխարեն։ Մ.թ. 2-րդ և 3-րդ դարերում դպիրները Եբրայերեն Գրվածքների հունարեն թարգմանությունը՝ «Յոթանասնից»-ը արտագրելիս Աստծու անունը փոխարինեցին Կիրիոս (Տեր) և Թեոս (Աստված) բառերով։ Նույնը արվել է նաև մի շարք այլ թարգմանություններում, ինչպիսիք են լատիներեն «Վուլգատան», «Դուե» թարգմանությունը (հիմնված է «Վուլգատայի» վրա), «Ջեյմս թագավորի թարգմանությունը» և բազմաթիվ ժամանակակից թարգմանություններ (ԱՆԹ, ԷԹ, Նոր ԱԹ, Նոր ԷԹ)։ «Եհովա» անունը փոխարինվել է «Աստված» և «Տեր» տիտղոսներով։ Որոշ թարգմանություններում այդ բառերը գլխատառերով են գրված բոլոր այն համարներում, որտեղ դրանք գործածված են քառագրի՝ Աստծու անվան փոխարեն։
«Ամերիկյան միասնական թարգմանության» (1901 թ. թողարկում) կոմիտեն չհետևեց այդ գործելաոճին՝ մեկնաբանելով դա հետևյալ կերպ. «Ամերիկացի խմբագիրները մանրազնին ուսումնասիրությունից հետո միաձայն եկան այն եզրահանգման, որ հրեական սնահավատությունը, ըստ որի՝ Աստծու անունը չափազանց սուրբ է այն արտասանելու համար, այլևս չպետք է գերակշռող դեր ունենա անգլերեն կամ Հին Կտակարանի այլ թարգմանություններում, ինչպես որ, բարեբախտաբար, այն չի արտացոլվել միսիոներների կողմից կատարված բազմաթիվ ժամանակակից թարգմանություններում.... Այս անձնանունը [Եհովա]՝ սրբազան գաղափարների ու հասկացությունների իր ողջ հարստությամբ, Սուրբ Գրքում կրկին զբաղեցնում է այն տեղը, որը անառարկելիորեն իրեն է պատկանում» (AS, նախաբան, էջ 4)։
Այդուհետ մի շարք թարգմանություններում (An, JB [անգլերեն և ֆրանսերեն], NC, BC [իսպաներեն] և այլն) քառագիրը հետևողականորեն գրվել է «Յահվե» կամ նմանատիպ այլ ձևով։
ԵՀՈՎԱ հոդվածում («Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում») բերվում են փաստեր, որ Աստծու անունը՝ Եհովա, գործածվել է Քրիստոնեական Հունարեն Գրվածքների բնագրային տեքստում՝ «Մատթեոսից» մինչև «Հայտնություն»։ Այդ հիմքով «Նոր աշխարհ» թարգմանության մեջ, որը լայնորեն կիրառվում է այս աշխատությունում, Աստծու անունը վերականգնվել է Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում և հանդիպում է 237 անգամ։ Նույնը արվել է Աստվածաշնչի այլ թարգմանություններում, հատկապես Քրիստոնեական Հունարեն Գրվածքները եբրայերեն թարգմանելիս։
Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն Աստծու անվան վերականգնման առնչությամբ հետևյալն է ասել. «Իմանալու համար, թե որ տեղերում է Աստծու անունը փոխարինվել Κύριος և Θεός հունարեն բառերով, պարզել ենք, թե Հունարեն Գրվածքների որ համարները, հատվածներն ու արտահայտություններն են մեջբերված Եբրայերեն Գրվածքներից։ Ապա եբրայերեն տեքստի օգնությամբ պարզել ենք, թե արդյոք Աստծու անունը գործածվում է այդ տեղերում։ Այդպիսով որոշել ենք, թե որ տեղերում է Աստծու անձնանունը փոխարինվել Կիրիոս և Թեոս բառերով»։ Այնուհետև կոմիտեն պարզաբանել է. «Մենք խուսափել ենք սեփական մեկնաբանություններ անելուց և ուշադիր ենք եղել այն հարցում, թե որտեղ գրենք Աստծու անունը Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում։ Ուստի միշտ դիմել ենք Եբրայերեն Գրվածքներին։ Օգտվել ենք նաև եբրայերեն շատ թարգմանություններից՝ վստահ լինելու համար, որ ճիշտ ենք»։ Հատկանշական է, որ բոլոր 237 տեղերում, որտեղ «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն վերականգնել է Աստծու անունը, որպես հիմք են ծառայել մեկից ավելի եբրայերեն թարգմանություններ (bi12, հավելված, էջ 1985-1988)։
Եբրայերեն «Ադոն» և «Ադոնայ» բառերը։ Եբրայերեն ադոն բառը Եբրայերեն Գրվածքներում հանդիպում է 334 անգամ։ Այն փոխանցում է սեփականատիրության կամ գլխավորության իմաստ ու կիրառվում է Աստծու և մարդկանց առնչությամբ։ Հոգնակի ձևը՝ ադոնիմ, երբեմն պարզապես մատնանշում է երկու կամ ավելի հոգու, ուստի թարգմանվում է «տերեր» (Սղ 136։3; Ես 26։13)։ Որոշ դեպքերում հոգնակի թիվը ցույց է տալիս Աստծու կամ մարդու գերազանցությունն ու վեհությունը (Սղ 8։1; Ծն 39։2), և այդ բառին առնչվող դերանուններն ու ածականները եզակի թվով են դրված (Սղ 45։11; 147։5)։ Երբեմն այդ բառը երկու անգամ կողք կողքի հանդիպում է հոգնակի ձևով՝ Եհովայի գերազանցությունն ընդգծելու և նրան մյուս բոլոր տերերից առանձնացնելու համար (2Օր 10։17; Սղ 136։3; հմմտ. 1Կթ 8։5, 6)։
Աստվածաշնչում Ադոն և Ադոնիմ տիտղոսները 25 անգամ կիրառվում են Եհովայի առնչությամբ։ Մասորեթական տեքստում Ադոն բառից առաջ ինը տեղերում դրված է հա որոշիչ հոդը, ինչը ցույց է տալիս, որ այդ տիտղոսը վերաբերում է բացառապես Եհովային (Ելք 23։17; 34։23; Ես 1։24; 3։1; 10։16, 33; 19։4; Մք 4։13; Մղք 3։1)։ Վեց տեղերում Ադոն բառը, թեև գործածված է առանց որոշիչ հոդի, սակայն, անկասկած, նույնպես վերաբերում է Եհովային, քանի որ խոսվում է երկրի Տիրոջ մասին (Հս 3։11, 13; Սղ 97։5; 114։7; Զք 4։14; 6։5)։ Իսկ մյուս տասը տեղերում համատեքստն է հստակ հուշում, որ Ադոնիմ-ը կիրառված է Եհովայի առնչությամբ (2Օր 10։17; Նեմ 8։10; 10։29; Սղ 8։1, 9; 135։5; 136։3; 147։5; Ես 51։22; Օս 12։14)։
Եբրայերեն ադոն բառին ավելացված այ վերջավորությունը գերազանցություն ցույց տվող հոգնակի թվի մեկ այլ ձև է։ Երբ Ադոնայ բառը հանդիպում է առանց հավելյալ վերջածանցի, այն բացառապես Եհովային է վերաբերում և ցույց է տալիս, որ նա Գերիշխան Տերն է։ «Աստվածաշնչի միջազգային ստանդարտ հանրագիտարանի» համաձայն՝ «այդ ձևը ընդգծում է այն զորությունն ու գերագույն դիրքը, որ Յահվեն ունի որպես «Տեր»» (The International Standard Bible Encyclopedia, 1986, հտր 3, էջ 157)։ Այդ տիտղոսը Եհովայի առնչությամբ կիրառելով՝ մարդիկ խոնարհաբար ընդունում են նրա գերիշխանությունը (Ծն 15։2, 8; 2Օր 3։24; Հս 7։7)։
Ակներևաբար մեր թվարկության սկզբներին հրեա ռաբբիները սկսեցին բացառել Աստծու անվան (ՅՀՎՀ) գործածությունը՝ համարելով, որ այն չպետք է արտասանվի, քանի որ չափազանց սուրբ է։ Աստվածաշունչը բարձրաձայն ընթերցելիս նրանք այդ անունը փոխարինում էին Ադոնայ (երբեմն Էլոհիմ) բառով։ Սոփերիմները՝ դպիրները, ավելի հեռուն գնացին. նրանք տեքստում Աստծու անունը 134 անգամ փոխարինեցին Ադոնայ տիտղոսով (133-ը՝ «Բիբլիա հեբրաիկա Շտուտգարտենզիայում»)։ Մ.թ. շուրջ 5-9-րդ դարերում մասորեթները ամենայն մանրամասնությամբ արտագրում էին աստվածաշնչյան տեքստը։ Մասորայում (լուսանցքային նշումներ) նրանք արձանագրում էին սոփերիմների արած այդ փոփոխությունները։ Դրա շնորհիվ այսօր հայտնի են վերոնշյալ 134 փոփոխությունները (տես bi12, հավելված, էջ 1980)։ Հաշվի առնելով սա՝ ստացվում է, որ Ադոնայ բառը բնագրային տեքստում հանդիպել է 306 անգամ։
Ադոնայ տիտղոսը գլխավորապես օգտագործել են մարգարեները։ Այն ամենից հաճախ հանդիպում է Եզեկիելի մարգարեություններում։ Գրեթե ամեն անգամ նա այդ տիտղոսը կիրառում է Աստծու անվան հետ՝ Ադոնայ Եհվի՝ «Գերիշխան Տեր Եհովա»։ Մեկ ուրիշ տիտղոս՝ Ադոնայ Եհվի ցևաոթ՝ «Գերիշխան Տեր, Զորքերի տեր Եհովա», հանդիպում է 16 անգամ։ Այն 14 անգամ հիշատակվում է «Եսայիա» և «Երեմիա» գրքերում, երկու անգամ՝ այլ գրքերում (Սղ 69։6; Ամս 9։5)։ Այդ տիտղոսը ցույց է տալիս, որ Եհովան ի զորու է և լի է վճռականությամբ ոչ միայն վրեժ առնելու իր ժողովրդի կեղեքիչներից, այլև անհավատարմության համար պատժելու իր ժողովրդին։