ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ
Հուդայականությունից ճյուղավորված ազդեցիկ կրոնական աղանդ, որ գործում էր մ.թ. առաջին դարում։ Ըստ որոշ գիտնականների՝ այդ անունը բառացի նշանակում է «առանձնացածներ» ու թերևս ընդգծում է այն, որ նրանք ձգտում էին զերծ մնալ ծիսական անմաքրությունից և առանձնացած լինել հեթանոսներից։ Հստակ հայտնի չէ, թե երբ է առաջացել այդ աղանդը։ Դատելով հրեա պատմիչ Հովսեպոսի աշխատություններից՝ Հովհաննես Հյուրկանոս I-ի ժամանակներում (մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կես) փարիսեցիներն արդեն մեծ ազդեցություն ունեցող խումբ էին։ «Հրեական հնախոսություն» աշխատության մեջ Հովսեպոսը գրել է. «Նրանք այնպիսի մեծ հեղինակություն են վայելում ժողովրդի մեջ, որ երբ նույնիսկ թագավորի կամ քահանայապետի դեմ են խոսում, մարդիկ անվերապահորեն հավատում են նրանց» (Jewish Antiquities, XIII, 288 [x, 5])։
Նույն աշխատության մեջ Հովսեպոսը նաև մանրամասներ է հայտնել փարիսեցիների հավատալիքների մասին։ Նա գրել է. «Նրանք հավատում են, որ մարդու մահից հետո հոգին շարունակում է ապրել, և որ առաքինի կյանքով ապրած մարդիկ հանդերձյալ աշխարհում վարձատրություն են ստանում, իսկ չարիք գործածները պատժվում են. հավիտենական բանտարկությունը չար հոգիների բաժինն է, իսկ բարի հոգիները հնարավորություն են ստանում կյանքի վերադառնալու» (Jewish Antiquities, XVIII, 14 [i, 3])։ «Հրեական պատերազմի մասին» աշխատությունում Հովսեպոսը գրել է. «Նրանց կարծիքով՝ յուրաքանչյուր հոգի անմահ է. միայն բարիների հոգիներն են վերաբնակվում մեկ ուրիշ մարմնի մեջ, մինչդեռ չարերի հոգիները հավիտենական պատիժ են կրում»։ Ճակատագրի ու նախախնամության մասին փարիսեցիների պատկերացումների վերաբերյալ նա ասել է. «[Նրանք] ամեն բան վերագրում են ճակատագրին և Աստծուն։ Նրանք հավատում են, որ մեծ մասամբ մարդն ունի ճիշտ կամ սխալ վարվելու ընտրության հնարավորություն, սակայն յուրաքանչյուր դեպքում իր բաժինն ունի նաև ճակատագիրը» (The Jewish War, II, 162, 163 [viii, 14])։
Քրիստոնեական Հունարեն Գրվածքներից երևում է, որ փարիսեցիները շաբաթը երկու անգամ ծոմ էին պահում, բծախնդրորեն տասանորդ էին տալիս (Մթ 9։14; Մկ 2։18; Ղկ 5։33; 11։42; 18։11, 12) և համաձայն չէին սադուկեցիների այն տեսակետին, թե՝ «ո՛չ հարություն կա, ո՛չ հրեշտակ, ո՛չ էլ ոգի» (Գրծ 23։8)։ Նրանք պարծենում էին իրենց արդարությամբ (թեև իրականում արդար էին իրենց աչքում) և վերևից էին նայում հասարակ ժողովրդին (Ղկ 18։11, 12; Հվ 7։47-49)։ Իրենց արդարությունը ի ցույց դնելու համար փարիսեցիները լայնացնում էին իրենց գրատուփերը, որ կրում էին որպես պաշտպանություն, և երկարացնում էին հագուստի ծոպերը (Մթ 23։5)։ Նրանք փողասեր էին (Ղկ 16։14), ձգտում էին բարձր դիրքի և ցանկանում էին, որ մարդիկ իրենց պատվավոր տիտղոսներով դիմեն (Մթ 23։6, 7; Ղկ 11։43)։ Փարիսեցիները աղավաղել էին Օրենքը և բեռ դարձրել ժողովրդի համար՝ մարդկանց պարտադրելով այն պահել իրենց գաղափարների ու ավանդույթների համաձայն (Մթ 23։4)։ Նրանք լիովին անտեսում էին ավելի կարևոր բաները՝ արդարությունը, գթասրտությունը, հավատարմությունն ու Աստծու հանդեպ սերը (Մթ 23։23; Ղկ 11։41-44)։ Փարիսեցիները ջանք ու եռանդ չէին խնայում, որ որևէ մեկին իրենց հավատին դարձնեն (Մթ 23։15)։
Փարիսեցիները բազմիցս քննադատում էին Հիսուս Քրիստոսին՝ մեղադրելով Շաբաթը չպահելու (Մթ 12։1, 2; Մկ 2։23, 24; Ղկ 6։1, 2), ավանդույթներին չհետևելու (Մթ 15։1, 2; Մկ 7։1-5), ինչպես նաև մեղսագործների ու հարկահավաքների հետ ընկերակցելու մեջ (Մթ 9։11; Մկ 2։16; Ղկ 5։30)։ Նրանք ակներևաբար մտածում էին, որ կպղծվեն, եթե շփվեն այն մարդկանց հետ, ովքեր Օրենքը չեն պահում այնպես, ինչպես իրենք են մեկնաբանում (Ղկ 7։36-39)։ Ուստի նրանք վրդովվում էին, երբ տեսնում էին, որ Հիսուս Քրիստոսը շփվում և անգամ հաց էր ուտում մեղսագործների ու հարկահավաքների հետ (Ղկ 15։1, 2)։ Փարիսեցիները մեղադրում էին Հիսուսին ու նրա աշակերտներին, որ նրանք չէին հետևում ձեռքերը ծիսականորեն լվանալու արարողակարգին (Մթ 15։1, 2; Մկ 7։1-5; Ղկ 11։37, 38)։ Սակայն Հիսուսը ջրի երես էր հանում նրանց սխալ դատողությունները և հստակ էր դարձնում, որ նրանք, հանուն մարդկային ավանդույթների, խախտում են Աստծու պատվիրանը (Մթ 15։3-11; Մկ 7։6-15; Ղկ 11։39-44)։ Փոխանակ ուրախանալու և փառաբանելու Աստծուն, որ Հիսուսը հրաշքով բուժումներ էր անում Շաբաթ օրը, փարիսեցիները մեծ բարկությամբ էին լցվում՝ մտածելով, թե նա խախտում է Շաբաթը պահելու մասին օրենքը։ Նրանք նույնիսկ դավ նյութեցին նրա դեմ, որ սպանեն (Մթ 12։9-14; Մկ 3։1-6; Ղկ 6։7-11; 14։1-6)։ Մի կույր մարդու, ում Հիսուսը բուժեց Շաբաթ օրը, փարիսեցիներն ասացին. «Այդ մարդը Աստծուց չէ, քանի որ չի պահում Շաբաթը» (Հվ 9։16)։
Փարիսեցիների տրամադրվածությունից հստակ երևում էր, որ նրանք ներքուստ արդար ու մաքուր չեն (Մթ 5։20; 23։26)։ Նրանք պետք է զղջային, ինչպես և մյուս հրեաները (հմմտ. Մթ 3։7, 8; Ղկ 7։30)։ Սակայն նրանցից շատերը նախընտրեցին հոգևորապես կույր մնալ (Հվ 9։40) և գնալով ավելի շատ հակառակվեցին Աստծու Որդուն (Մթ 21։45, 46; Հվ 7։32; 11։43-53, 57)։ Որոշ փարիսեցիներ զրպարտում էին Հիսուսին՝ ասելով, թե նա դևերին հանում է դևերի իշխանի միջոցով (Մթ 9։34; 12։24) և սուտ վկայություն է տալիս (Հվ 8։13)։ Ուրիշ փարիսեցիներ էլ փորձում էին վախեցնել Աստծու Որդուն (Ղկ 13։31), պահանջում էին, որ նա իրենց նշան ցույց տա (Մթ 12։38; 16։1; Մկ 8։11), կերպեր էին փնտրում, որ նրան իր իսկ խոսքերով ծուղակը գցեն (Մթ 22։15; Մկ 12։13; Ղկ 11։53, 54), և տարբեր հարցերով փորձում էին նրան (Մթ 19։3; 22։34-36; Մկ 10։2; Ղկ 17։20)։ Հիսուսը մեկընդմիշտ լռեցրեց նրանց՝ հարցնելով, թե ինչպես կարող է Դավթի Տերը միաժամանակ լինել նրա որդին (Մթ 22։41-46)։ Փարիսեցիներ կային այն ամբոխի մեջ, որը գնացել էր բռնելու Հիսուսին Գեթսեմանի պարտեզում (Հվ 18։3-5, 12, 13)։ Նրանք նաև այն մարդկանց թվում էին, ովքեր Պիղատոսին խնդրեցին հրաման տալ, որ հսկեն Հիսուսի գերեզմանը, որպեսզի նրա մարմինը չգողանան (Մթ 27։62-64)։
Հիսուս Քրիստոսի երկրային ծառայության ընթացքում փարիսեցիներն այնպիսի մեծ հեղինակություն ունեին, որ որոշ ազդեցիկ մարդիկ վախենում էին բացահայտ ասել, որ հավատում են նրան (Հվ 12։42, 43)։ Նրանցից մեկը ըստ ամենայնի Նիկոդեմոսն էր, ով փարիսեցի էր (Հվ 3։1, 2; 7։47-52; 19։39)։ Սակայն ոչ բոլոր փարիսեցիներն էին սաստիկ հակառակվում Հիսուսին ու նրա աշակերտներին։ Նրանցից ոմանք նույնիսկ հետագայում քրիստոնյա դարձան։ Օրինակ՝ Գամաղիել անունով մի փարիսեցի խորհուրդ տվեց չխոչընդոտել քրիստոնյաների գործունեությանը (Գրծ 5։34-39), իսկ տարսոնացի Սողոսը (Պողոս), ով նույնպես փարիսեցի էր, դարձավ Հիսուս Քրիստոսի առաքյալը (Գրծ 26։5; Փպ 3։5)։