Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • it «Մարգարեություն»
  • Մարգարեություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարգարեություն
  • Աստվածաշնչի ըմբռնում
  • Նմանատիպ նյութեր
  • Մեսիա
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Աղոթք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ուսուցիչ, սովորեցնել
    Աստվածաշնչի ըմբռնում
Աստվածաշնչի ըմբռնում
it «Մարգարեություն»

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

Աստծու ներշնչմամբ տրված պատգամ, հայտնություն նրա կամքի և նպատակի մասին կամ այդ հայտնությունը հռչակելը։ Մարգարեություն կարող է լինել Աստծու ներշնչմամբ հաղորդված բարոյական խրատը, Աստծու պատվերի կամ դատաստանի մասին հայտնելը կամ գալիք ինչ-որ բանի մասին ազդարարելը։ Թեև բնագրային լեզուներում գործածված բայարմատները (եբր.՝ նավա, հուն.՝ պրոֆետեուո) հիմնականում չունեն ապագան կանխատեսելու իմաստ, սակայն դա աստվածաշնչյան մարգարեությունների առանձնահատկություններից մեկն է (տես ՄԱՐԳԱՐԵ)։

Բնագրային լեզուներում գործածված բառերի նշանակությունը երևում է հետևյալ օրինակներից։ Եզեկիել մարգարեին տեսիլքում ասվեց. «Մարգարեացիր, մարդո՛ւ որդի, մարգարեացիր և ասա քամուն» (Եզկ 37։9, 10)։ Այդ խոսքերը նշանակում են, որ նա պարզապես պետք է քամուն հաղորդեր Աստծու պատվերը։ Երբ Հիսուսի դատավարության ժամանակ մարդիկ ծածկում էին նրա դեմքը, ապտակում էին նրան ու ասում՝ «Քրիստո՛ս, եթե մարգարե ես, ասա՝ ո՞վ էր քեզ խփողը», նրանք ոչ թե ուզում էին, որ նա կանխատեսի ապագան, այլ որ Աստծու տված հայտնության միջոցով կռահի, թե ով է իրեն ապտակողը (Մթ 26։67, 68; Ղկ 22։63, 64)։ Ջրհորի մոտ Հիսուսի հետ զրուցող սամարացի կինը հասկացավ, որ նա «մարգարե է», քանի որ վերջինս այնպիսի փաստեր նշեց նրա անցյալի մասին, որոնք առանց Աստծու օգնության չէր կարող իմանալ (Հվ 4։17-19; հմմտ. Ղկ 7։39)։ Աստվածաշնչյան այնպիսի հատվածներ, ինչպիսիք են Հիսուսի Լեռան քարոզը և Օրենքի ուսուցիչներին ու փարիսեցիներին նրա ուղղած դատապարտական խոսքերը (Մթ 23։1-36), իրավամբ կարելի է անվանել մարգարեություն, քանի որ դրանք նույնպես ասվել էին Աստծու ներշնչմամբ և հայտնում էին նրա տեսակետը։ Նույնը կարելի է ասել այն պատգամների մասին, որ հայտնել էին Եսայիան, Երեմիան և ավելի վաղ ապրած մարգարեները (Ես 65։13-16-ը հմմտ. Ղկ 6։20-25-ի հետ)։

Ինչ խոսք, Աստվածաշնչում ապագայի վերաբերյալ բազմաթիվ մարգարեություններ կան։ Ամենահին մարգարեություններից մի քանիսը արձանագրված են Ծննդոց 3։14-19; 9։24-27; 27։27-40; 49։1-28; 2 Օրենք 18։15-19 համարներում։

Եհովա Աստված բոլոր ճշմարիտ մարգարեությունների Հեղինակն է։ Նա հաղորդել է դրանք իր սուրբ ոգու և երբեմն հրեշտակների՝ այդ ոգով ուղղորդվող պատգամաբերների միջոցով (2Պտ 1։20, 21; Եբ 2։1, 2)։ Եբրայերեն Գրվածքների մարգարեությունները հաճախ հետևյալ կերպ են սկսվում. «Լսե՛ք Եհովայի խոսքը» (Ես 1։10; Եր 2։4)։ «Խոսք(եր)» բառը հիմնականում արտահայտում է Աստծու ներշնչմամբ տրված պատգամի, կամ՝ մարգարեության միտք (Ես 44։26; Եր 29։20; Եզկ 33։30-33; հմմտ. Ես 24։3, ԱԹ)։

Ի՞նչ առումով է, որ «Հիսուսի մասին վկայությունը մարգարեությունների ոգին»

Տեսիլքում հրեշտակը Հովհաննես առաքյալին ասաց, որ «Հիսուսի մասին վկայությունը մարգարեությունների ոգին է [կամ՝ «նպատակն է», ծնթ.]» (Հտն 19։10)։ Պողոս առաքյալը Քրիստոսին անվանեց «Աստծու սրբազան գաղտնիք» և ասաց, որ «նրա մեջ խնամքով պահված են անգին գանձեր՝ ողջ իմաստությունն ու գիտելիքները» (Կղ 2։2, 3)։ Նա այդպես ասաց, քանի որ Եհովա Աստված իր Որդուն կարևոր դեր է տվել իր վեհ նպատակն իրագործելու հարցում, այն է՝ իր անվան սրբացումը և երկիրն ու մարդկությանը այն վիճակին բերելը, որը նա ի սկզբանե նպատակադրել էր։ Նա կիրականացնի այդ ամենը՝ «նշանակված ժամանակահատվածը լրանալուն պես հաստատելով տնօրինման մի գործընթաց, որի նպատակն է Քրիստոսի միջոցով նորից համախմբել բոլորին՝ նրանց, ովքեր երկնքում են, և նրանց, ովքեր երկրի վրա են» (Եփ 1։9, 10; հմմտ. 1Կթ 15։24, 25)։ Քանի որ Աստծու մեծ նպատակի իրագործումը սերտորեն կապված է Հիսուսի հետ (հմմտ. Կղ 1։19, 20), բոլոր մարգարեությունները, այսինքն՝ Աստծու ներշնչմամբ տրված բոլոր պատգամները, որ ազդարարում էին նրա ծառաները, Որդուն էին մատնանշում։ Հետևաբար, ինչպես նշված է Հայտնություն 19։10-ում, մարգարեությունների ամբողջ «ոգին» (ողջ էությունը, իմաստը և նպատակը) Հիսուսի մասին վկայությունն էր, նրա, ով Եհովայի կամքով դարձավ «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հվ 14։6)։ Դա վերաբերում է ոչ միայն այն մարգարեություններին, որոնք ասվել էին Հիսուսի երկրային ծառայությունից առաջ, այլև դրանից հետո ասվածներին (Գրծ 2։16-36)։

Երբ Եդեմում ըմբոստություն բարձրացավ, Եհովա Աստված սկիզբ դրեց «Հիսուսի մասին վկայություն տալուն»՝ մարգարեական խոսքեր ասելով «սերնդի» մասին, որն ի վերջո «ջախջախելու էր» օձի՝ Աստծու հակառակորդի գլուխը (Ծն 3։15)։ Աբրահամական ուխտը մարգարեաբար մատնանշում էր Սերնդին, ում միջոցով երկրի բոլոր ազգերը օրհնվելու էին, և ով հաղթանակ էր տանելու այդ հակառակորդի ու նրա «սերնդի» դեմ (Ծն 22։16-18; հմմտ. Գղ 3։16)։ Մարգարեացվել էր, որ խոստացված Սերունդը, որը կոչվում է «Սելով» (նշանակում է «նա, որինն է», «նա, որին պատկանում է»), Հուդայի ցեղից էր գալու (Ծն 49։10)։ Իսրայելի ազգի միջոցով Եհովան հայտնի դարձրեց իր նպատակը՝ առաջ բերել «քահանայական թագավորություն և սուրբ ազգ» (Ելք 19։6; հմմտ. 1Պտ 2։9, 10)։ Օրենքով նախատեսված զոհերը նախապատկերում էին Աստծու Որդու զոհը, իսկ քահանայությունը ներկայացնում էր երկնքում Հիսուսի (և նրա հետ եղողների) թագավորական քահանայությունը նրա Հազարամյա իշխանության ընթացքում (Եբ 9։23, 24; 10։1; Հտն 5։9, 10; 20։6)։ Հետևաբար Օրենքը «դաստիարակ եղավ՝ առաջնորդելով.... դեպի Քրիստոսը» (Գղ 3։23, 24)։

Խոսելով Իսրայելի ազգի պատմության նշանակալից իրադարձությունների մասին՝ Պողոս առաքյալն ասաց. «Նրանց հետ տեղի ունեցած այս դեպքերը նախազգուշական օրինակներ են այս ժամանակաշրջանի վերջին օրերում ապրողներիս [Հիսուս Քրիստոսի հետևորդներիս] համար» (1Կթ 10։11)։ Դավիթը՝ Իսրայելի ամենաականավոր թագավորը, դարձավ Աստծու Որդու նախապատկերը։ Հիսուս Քրիստոսը ժառանգեց այն հավիտենական թագավորությունը, որի վերաբերյալ Աստված ուխտ էր կապել Դավթի հետ (Ես 9։6, 7; Եզկ 34։23, 24; Ղկ 1։32; Գրծ 13։32-37; Հտն 22։16)։ Հավատարիմ թագավորների (որոնց սովորաբար ուղղորդում և քաջալերում էին Աստծու մարգարեները) մղած պատերազմները նախապատկերում էին այն պատերազմը, որ Աստծու Որդին վարելու է իր թագավորության թշնամիների դեմ։ Իսկ Աստծու օրհնությամբ նրանց տարած հաղթանակները նախապատկերում էին Քրիստոսի հաղթանակը Սատանայի բոլոր ուժերի դեմ, ինչը ազատագրում է բերելու Աստծու ժողովրդին (Սղ 110։1-5; Մք 5։2-6; Գրծ 4։24-28; Հտն 16։14, 16; 19։11-21)։

Այդ ժամանակահատվածում ասված շատ մարգարեություններ նկարագրում էին Աստծու Օծյալի (Մեսիայի, կամ՝ Քրիստոսի) կառավարումը և այդ կառավարման բերած օրհնությունները։ Մեսիայի մասին մյուս մարգարեություններից պարզ էր դառնում, որ Աստծու այդ ծառան հալածվելու էր և չարչարանքներ էր կրելու (հմմտ. Ես 11։1-10; 53։1-12; Գրծ 8։29-35)։ Ինչպես նշեց Պետրոս առաքյալը, հին ժամանակներում ապրած մարգարեները «ձգտում էին հասկանալ, թե երբ և ինչ հանգամանքներում էր Քրիստոսի [Մեսիայի] առնչությամբ կատարվելու այն, ինչ իրենց նախապես ասում էր իրենց մեջ գտնվող ոգին, երբ հայտնում էր այն մասին, որ Քրիստոսը տառապելու էր, իսկ հետո՝ փառավորվելու»։ Նրանց ասվել էր, որ այդ ամենը ապագայում էր կատարվելու (1Պտ 1։10-12; հմմտ. Դն 9։24-27; 12։1-10)։

Այս բոլոր մարգարեությունները կատարվեցին Հիսուս Քրիստոսի առնչությամբ, ինչով էլ փաստվեց, որ դրանք ճշմարիտ են։ Ահա թե ինչու է ասվում, որ «ճշմարտությունը տրվեց Հիսուս Քրիստոսի միջոցով»։ «Աստված ինչքան խոստումներ որ տվել էր, նրա միջոցով «այո» դարձան» (Հվ 1։17; 2Կթ 1։20; հմմտ. Ղկ 18։31; 24։25, 26, 44-46)։ Պետրոսը իրավացիորեն կարող էր ասել, որ «բոլոր մարգարեները վկայում են [Հիսուսի] մասին» (Գրծ 3։20-24; 10։43; հմմտ. Գրծ 28։23)։

Նպատակը և իրագործման ժամանակը։ Մարգարեությունները՝ թե՛ ապագայի վերաբերյալ կանխատեսումները, թե՛ պարզապես սուրբ ոգու ներշնչմամբ տրված խրատները կամ խորհուրդները, նպաստում էին այդ ժամանակ դրանք լսողների բարօրությանը, ինչպես նաև նպաստելու էին նրանց բարօրությանը, ովքեր ապրելու էին ապագայում և հավատալու էին Աստծու խոստումներին։ Մարգարեությունները առաջին խմբի մարդկանց վստահեցնում էին, որ տարիներ, անգամ դարեր անց Աստված չէր փոխել իր նպատակը և շարունակում էր կատարել իր ուխտի պայմաններն ու դրա հետ կապված խոստումները (հմմտ. Սղ 77։5-9; Ես 44։21; 49։14-16; Եր 50։5)։ Օրինակ՝ Դանիելի մարգարեությունը արժեքավոր տեղեկություն էր պարունակում, որը կամուրջ էր ստեղծում նախաքրիստոնեական, կամ՝ Եբրայերեն Գրվածքների ավարտի և Մեսիայի գալստի միջև։ Դրանում մարգարեացված համաշխարհային իրադարձությունները, այդ թվում՝ իրար հաջորդող աշխարհակալ տերությունների վերելքն ու անկումը, տարբեր դարերի ընթացքում Պարսկաստանի, Հունաստանի և Հռոմի տիրապետության տակ ապրող հրեաներին (հետագայում նաև քրիստոնյաներին) հավաստիացնում էին, որ ապագան նախապես իմանալու Աստծու կարողությունը անթերի չէ, որ նա կանխատեսել էր այն ժամանակները, որոնցում նրանք ապրում էին, և որ լինելով Գերիշխան՝ նա անպայման իրագործելու էր իր նպատակը։ Դա պաշտպանում էր հավատարիմներին այն բանից, որ իրենց հույսը չդնեին աշխարհակալ տերությունների վրա, որոնց զորությունն ու իշխանությունը անցողիկ էին, նաև օգնում էր նրանց իմաստությամբ ապրել իրենց կյանքը (հմմտ. Դն 8։20-26; 11։1-20)

Այդ անկեղծ մարդիկ, անձամբ տեսնելով, թե իրենց կյանքի ընթացքում ինչպես են կատարվում բազմաթիվ մարգարեություններ, համոզվում էին, որ ոչինչ չի կարող խանգարել Աստծուն իրագործելու իր նպատակը։ Մարգարեությունների կատարումը փաստում էր, որ նա է ճշմարիտ Աստվածը, և որ միայն նա կարող է կանխատեսել այդպիսի իրադարձություններ ու հետո այնպես անել, որ դրանք տեղի ունենան (Ես 41։21-26; 46։9-11)։ Դեռ ավելին՝ այդ մարգարեությունների շնորհիվ մարդիկ ավելի լավ էին ճանաչում Աստծուն, ավելի հստակ էին հասկանում նրա կամքն ու բարոյական չափանիշները, որոնց հիման վրա նա գործում ու դատում է, և արդյունքում կարողանում էին իրենց կյանքը համապատասխանեցնել դրանց (Ես 1։18-20; 55։8-11)։

Շատ մարգարեություններ նախևառաջ կատարվում էին հենց այդ ժամանակ ապրող մարդկանց կյանքի ընթացքում։ Մեծ մասամբ դրանք առնչվում էին Իսրայելի ազգի ու շրջակա ազգերի դեմ ուղղված Աստծու դատաստաններին, ինչպես նաև Իսրայելի ու Հուդայի կործանմանը և դրան հաջորդող վերականգնմանը։ Սակայն այդ մարգարեությունները մեծ կարևորություն ունեին նաև ապագա սերունդների, այդ թվում՝ մ.թ. 1-ին դարի քրիստոնեական ժողովի համար։ Դրանք արդիական են նաև մեր օրերի համար։ Պողոս առաքյալն ասաց. «Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որ կարողանանք դիմանալ, սուրբ գրքերից մխիթարություն ստանալ և այդ ամենի շնորհիվ հույս ունենալ» (Հռ 15։4)։ Քանի որ Աստված չի փոխվում, և նրա բարոյական չափանիշներն ու նպատակները նույնպես անփոփոխ են (Մղք 3։6; Եբ 6։17, 18), Իսրայելի հետ նրա վարվելակերպը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես նա կգործի այլ իրավիճակներում։ Հետևաբար Հիսուսն ու նրա աշակերտները բոլոր հիմքերն ունեին դարեր առաջ ասված մարգարեական խոսքերը կիրառելի համարելու իրենց օրերի առնչությամբ (Մթ 15։7, 8; Գրծ 28։25-27)։ Այլ մարգարեություններ վերաբերում էին միայն ապագային։ Դրանցից մի քանիսը բացառապես առնչվում էին Հիսուսի երկրային ծառայությանն ու դրան հաջորդող իրադարձություններին (Ես, գլ. 53; Դն 9։24-27)։ Մարգարեություններն օգնում էին Մեսիայի ժամանակակիցներին ճանաչել նրան և համոզվել, որ նա Աստծու կողմից է ուղարկված (տես ՄԵՍԻԱ)։

Հիսուսի համբարձվելուց հետո աշակերտները, նրա սովորեցրածները համադրելով Եբրայերեն Գրվածքների և դրանցում տեղ գտած մարգարեությունների հետ, կարողացան ճիշտ լույսի ներքո վերլուծել ընթացիկ իրադարձությունները և հասկանալ դրանց նշանակությունը։ Դա ծանրակշիռ էր դարձնում նրանց քարոզչությունը և ուսուցանելու գործը, ինչպես նաև օգնում էր, որ վստահությամբ ու քաջությամբ դիմադրեին հակառակությանը (Գրծ 2։14-36; 3։12-26; 4։7-12, 24-30; 7։48-50; 13։40, 41, 47)։ Ավելի վաղ ժամանակներում Աստծու ներշնչմամբ գրված սուրբ գրքերը բարոյական հարցերի վերաբերյալ խորհուրդների աղբյուր էին Հիսուսի հետևորդների համար, որոնք «օգնում էին սովորեցնել, ցույց տալ սխալը, ուղղել, խրատել Աստծու արդար չափանիշների համաձայն» (2Տմ 3։16, 17; Հռ 9։6-33; 1Կթ 9։8-10; 10։1-22)։ Պետրոսը, ով տեսնելով Հիսուսի այլակերպությունը՝ համոզվել էր մարգարեությունների վստահարժանության մեջ, ասաց. «Մենք ավելի համոզված ենք, որ մարգարեական խոսքերը կկատարվեն։ Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրանց որպես մի ճրագի, որը լույս է տալիս մութ տեղում» (2Պտ 1։16-19; Մթ 16։28-17։9)։ Այսպիսով՝ նախաքրիստոնեական ժամանակներում տրված մարգարեությունները լրացնում էին Հիսուսի սովորեցրածները, և դրանց միջոցով Աստված ուղղորդում էր քրիստոնեական ժողովը՝ օգնելով կարևոր որոշումներ կայացնել, ինչպես եղավ այլազգի հավատացյալների պարագայում (Գրծ 15։12-21; Հռ 15։7-12)։

Մարգարեությունները նաև նախազգուշացում էին տալիս քրիստոնյաներին՝ հուշելով, թե երբ է հարկավոր հրատապ քայլեր ձեռնարկել։ Այդ հարցում զորեղ օրինակ էր Հիսուսի նախազգուշացումը Երուսաղեմի կործանման և այն իրադարձությունների մասին, որոնք ազդանշան կլինեին նրա հետևորդների համար, որ հարկավոր է քաղաքից փախչել ապահով վայր (Ղկ 19։41-44; 21։7-21)։ Այդպիսի մարգարեական նախազգուշացումներ տրվել են նաև Քրիստոսի ներկայության հետ կապված (հմմտ. Մթ 24։36-42)։

Երբ Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց քրիստոնյաների վրա, նրանք հրաշալի պարգևներ ստացան, ինչպիսիք էին մարգարեանալը և օտար լեզուներով խոսելը։ Որոշ դեպքերում մարգարեանալու պարգև ունեցողը, ինչպիսին, օրինակ, Ագաբոսն էր, կարող էր ապագայի հետ կապված կանխատեսումներ անել (Գրծ 11։27, 28; 21։8-11)։ Դրա շնորհիվ քրիստոնեական ժողովը կամ նրա առանձին անդամներ կարող էին պատրաստվել արտակարգ իրավիճակների կամ փորձությունների։ Առաքյալների և աշակերտների նամակները, որոնք Աստվածաշնչի կանոնի մաս են կազմում, նույնպես պարունակում էին սուրբ ոգու ներշնչմամբ գրված կանխատեսումներ ապագայի վերաբերյալ։ Դրանք նախազգուշացնում էին գալիք հավատուրացության, դրա դրսևորումների, Աստծու դատաստանի ու դատավճիռների իրագործման մասին։ Դրանք նաև բացահայտում էին ուսմունքների հետ կապված այն ճշմարտությունները, որոնք մինչ այդ հասկանալի չէին, կամ օգնում էին ավելի խորը ու հստակ ըմբռնել արդեն իսկ հայտնի ճշմարտությունները (Գրծ 20։29, 30; 1Կթ 15։22-28, 51-57; 1Թղ 4։15-18; 2Թղ 2։3-12; 1Տմ 4։1-3; 2Տմ 3։1-13; 4։3, 4; հմմտ. Հդ 17-21)։ «Հայտնություն» գիրքը բազմաթիվ մարգարեություններ է պարունակում, որոնք նախազգուշացնում են մարդկանց, օգնում են հասկանալ «ժամանակների իրադարձությունների նշանակությունը» (Մթ 16։3) և հրատապ քայլեր ձեռնարկել (Հտն 1։1-3; 6։1-17; 12։7-17; 13։11-18; 17։1-12; 18։1-8)։

Սակայն կորնթացիներին գրած առաջին նամակում Պողոսն ասաց, որ հրաշալի պարգևներին, այդ թվում՝ Աստծու ներշնչմամբ մարգարեանալուն, վերջ էր դրվելու (1Կթ 13։2, 8-10)։ Փաստն այն է, որ առաքյալների մահիցքտի հետո այդ պարգևները այլևս չէին փոխանցվում. ծառայելով իրենց նպատակին՝ դրանք վերացել էին։ Ինչ խոսք, այդ ժամանակ Աստվածաշնչի կանոնական գրքերն արդեն ամբողջացվել էին։

Հիսուսի օրինակներն ու առակները իրենց ձևով նման էին այլաբանական իմաստ ունեցող այն խոսքերին, որ հայտնել էին ավելի վաղ ապրած մարգարեները (հմմտ. Եզկ 17։1-18; 19։1-14; Մթ 7։24-27; 21։33-44)։ Գրեթե բոլորը ինչ-որ չափով կատարվեցին այդ ժամանակ։ Դրանցից մի քանիսում բարոյական չափանիշներ էին լուսաբանվում (Մթ 18։21-35; Ղկ 18։9-14)։ Ուրիշներն էլ պարունակում էին ժամանակ մատնանշող գործոններ, որոնք հուշում էին, որ նշված իրադարձություններից մի քանիսը կատարվելու էին ընդհուպ մինչև Հիսուսի ներկայության և «աշխարհի վախճանի ժամանակները» (Մթ 13։24-30, 36-43; 25։1-46)։

Բազմակի կատարում։ Այն, թե Հիսուսն ու նրա աշակերտները ինչպես էին մեջբերում մարգարեությունները, ցույց է տալիս, որ դրանք կարող էին մեկից ավելի կատարում ունենալ։ Օրինակ՝ Պողոսը հիշատակեց Ամբակումի մարգարեությունը, որն առաջին անգամ կատարվել էր, երբ բաբելոնացիները ավերել էին Հուդան, և այն կիրառեց իր օրերի առնչությամբ (Ամբ 1։5, 6; Գրծ 13։40, 41)։ Հիսուսը բացատրեց, որ «կործանում բերող գարշանքի» մասին Դանիելի մարգարեությունը պետք է կատարվեր իր սերնդակիցների առնչությամբ, սակայն այդ մարգարեությունից պարզ է դառնում, որ «կործանում բերող գարշանքը» կապ ունի նաև «վերջի ժամանակի» հետ (Դն 9։27; 11։31-35; Մթ 24։15, 16)։ Մարգարեության մեջ ասվում է, որ այնուհետև Միքայելը «գործի կանցնի», ինչը նշանակում է, որ Հիսուս Քրիստոսն իր թագավորական իշխանությունը գործի կդնի հօգուտ Եհովայի ծառաների (Դն 12։1; ՄԻՔԱՅԵԼ, № 1)։ Աշխարհի վախճանի մասին Հիսուսի մարգարեության մեջ նույնպես խոսվում է թագավորական իշխանությամբ նրա գալստի մասին, ինչը տեղի չունեցավ մ.թ. 1-ին դարում (Մթ 24։29, 30; Ղկ 21։25-32)։ Դա ցույց է տալիս, որ այս մարգարեությունը երկու կատարում ունի։ Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում այս առնչությամբ ասվում է. «Մարգարեության կատարման վերաբերյալ հենց այսպիսի տեսակետն է տրամաբանական՝ բացատրելու համար լեռան վրա մեր Տիրոջ կանխատեսումը, որը միաժամանակ վերաբերում է Երուսաղեմի անկմանը և քրիստոնեական դարաշրջանի ավարտին» (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1894, հտր VIII, էջ 635)։

Մարգարեության տեսակները։ Բացի մարգարեների միջոցով հայտնած խոսքերից (որոնց զուգահեռ երբեմն խորհրդանշական իմաստ [1Թգ 11։29-31] կամ այլաբանական նշանակություն ունեցող գործողություններ էին արվում)՝ Եհովան օգտագործում էր այլ տեսակի մարգարեություններ։ Որոշ մարդիկ մարգարեական նշանակություն ունեցող կերպարներ էին, որոնք նախապատկերում էին Մեսիային՝ Հիսուս Քրիստոսին։ Բացի Դավթից, ում մասին արդեն նշվեց, այդպիսի կերպարներից էին թագավոր ու քահանա Մելքիսեդեկը (Եբ 7։15-17), Մովսես մարգարեն (Գրծ 3։20-22) և ուրիշներ։ Այդուհանդերձ, նրանց կյանքի յուրաքանչյուր մանրամասնություն չպետք է դիտել որպես նախապատկեր։ Օրինակ՝ Հովնանի՝ երեք օր մեծ ձկան փորում մնալը խորհրդանշում էր այն, որ Հիսուսը երեք օր մնալու էր գերեզմանում։ Սակայն Հովնանի գործած որոշ արարքներ, ինչպես նաև իրեն տրված հանձնարարությունը կատարելու հարցում նրա դժկամությունը, չէին նախապատկերում Աստծու Որդու վարվելակերպը։ Հիսուսն ասաց, որ ինքը «Սողոմոնից էլ մեծ է», քանի որ իր իմաստությունն ու գալիք խաղաղ իշխանությունը նման են Սողոմոնի իմաստությանն ու խաղաղ իշխանությանը, և դեռ մի բան էլ գերազանցում են դրանք։ Սակայն, ի տարբերություն Սողոմոնի, Հիսուսը չշեղվեց ճիշտ ճանապարհից (Մթ 12։39-42)։

Մարգարեության մեկ այլ տեսակ են խորհրդանշական իմաստ ունեցող դեպքերը։ Եհովա Աստված հոգ է տարել, որ գրի առնվեն ազգերի և առանձին անհատների կյանքից մանրամասնություններ, որոնք իր նպատակին առնչվող ապագա իրադարձությունների նախօրինակն էին։ Օրինակ՝ Պողոսը նշեց, որ Աբրահամը երկու որդի ունեցավ՝ մեկը՝ Սառայից, իսկ մյուսը՝ աղախին Հագարից, և ասաց, որ «այս ամենը խորհրդանշական իմաստ ունի»։ Նա բացատրեց, որ այդ երկու կանայք «խորհրդանշում են երկու ուխտեր»։ Նրանք անձամբ այդ ուխտերի նախապատկերը չէին, սակայն համապատասխանում էին այն խորհրդանշական կանանց, ովքեր երեխաներ ծնեցին, երբ այդ ուխտերն ուժի մեջ էին։ Այսպիսով՝ Հագարը համապատասխանում էր երկրային Երուսաղեմին, որը չընդունեց Ազատարարին, ում մատնացույց էր անում Օրենքի ուխտը, և որը շարունակեց կատարել այդ Օրենքը նույնիսկ այն բանից հետո, երբ Աստված վերացրեց այն։ Հետևաբար երկրային Երուսաղեմը և նրա երեխաները Օրենքի ստրուկն էին։ Իսկ Սառան՝ ազատ կինը, համապատասխանում էր «վերին Երուսաղեմին»՝ կնոջ հետ համեմատվող Աստծու կազմակերպության երկնային մասին, որից որդիներ ծնվեցին՝ համաձայն այն խոստման, որ տրվել էր աբրահամական ուխտի միջոցով (Գղ 4։21-31; հմմտ. Հվ 8։31-36)։ Նոյի օրերի Ջրհեղեղը և դրան նախորդող իրավիճակները մարգարեաբար մատնանշում էին այն իրավիճակները, որ տիրելու էին Քրիստոսի ներկայության ժամանակ, և ցույց էին տալիս, թե ինչ էր լինելու Աստծու ճանապարհները մերժողներին (Մթ 24։36-39; հմմտ. 1Կթ 10։1-11)։

Մարգարեական նշանակություն ունեին նաև աշխարհագրական վայրերը։ Աստվածաշնչում Սիոն լեռան վրա գտնվող Երուսաղեմ քաղաքը երբեմն ներկայացնում է Եհովայի կազմակերպության երկնային մասը, որը ոգով օծված քրիստոնյաների «մայրն» է (Գղ 4։26)։ «Նոր Երուսաղեմը» խորհրդանշում է Հիսուսի երկնային «հարսին»՝ փառավորված քրիստոնեական ժողովի օծյալ քրիստոնյաներին (Հտն 21։2, 9-14; հմմտ. Եփ 5։23-27, 32, 33; Հտն 14։1-4)։ Սակայն Երուսաղեմը իր բնակիչներից շատերի անհավատարմության պատճառով օգտագործվել է նաև որպես բացասական օրինակ (Գղ 4։25; հմմտ. Եզկ 16։1-3, 8-15; տես ԵՐՈՒՍԱՂԵՄ, «Քաղաքի նշանակությունը»)։ Մարգարեական նշանակություն ունեցող այլ վայրերի թվում են Սոդոմը, Եգիպտոսը, Մեգիդոն, Բաբելոնը և Հիննոմի հովիտը, կամ՝ գեհենը (Հտն 11։8; 16։16; 18։2; Մթ 5։22)։

Խորանի պիտույքներն ու այնտեղ իրականացվող ծառայությունը մարգարեական նախօրինակ էին։ Պողոս առաքյալն ասաց, որ խորանի դերը, պիտույքները և այնտեղ մատուցվող զոհերը երկնային իրողությունների օրինակն էին, երկնային բաների «նախապատկերն ու ստվերը» (Եբ 8։5; 9։23, 24)։

Մարգարեություններն ու դրանց մեկնությունը ստուգելը։ Քանի որ շատ սուտ մարգարեներ էին հայտնվել, Հովհաննեսը քրիստոնյաներին զգուշացրեց, որ «ներշնչմամբ փոխանցված ամեն խոսքի» չհավատան՝ կարծելով, թե դա մարգարեություն է։ Նա հորդորեց նրանց «ստուգել՝ տեսնելու համար, թե այն իրո՞ք Աստծուց է» (1Հվ 4։1)։ Հովհաննեսը նշեց, որ այն ուսմունքի միջոցով, ըստ որի՝ Քրիստոսը մարմնով է եկել, կարելի էր որոշել, թե արդյոք այս կամ այն խոսքը Աստծու ներշնչմամբ էր փոխանցվել։ Ինչ խոսք, առաքյալը չէր ուզում ասել, որ այդ ուսմունքը մարգարեության ճշգրտությունը բացահայտող միակ չափանիշն էր։ Նա պարզապես օրինակ բերեց այն, քանի որ հարցը արդիական էր ու թերևս ամենավիճահարույցն էր այդ օրերում (1Հվ 4։2, 3)։ Որոշիչ գործոն է այն, որ մարգարեությունը կամ դրա մեկնությունը ներդաշնակ լինի Աստծու կամքին ու նրա հայտնած խոսքին (2Օր 13։1-5; 18։20-22), այն էլ ոչ թե մասամբ, այլ ամբողջությամբ (տես ՄԱՐԳԱՐԵ, «Ճշմարիտ և կեղծ մարգարեների տարբերությունը»)։ Առաջին դարի քրիստոնեական ժողովի որոշ անդամների տրվել էր «ունակություն՝ հասկանալու, թե ինչ աղբյուրից են ներշնչմամբ հաղորդված խոսքերը» (1Կթ 12։10), ինչի շնորհիվ նրանք կարող էին որոշել մարգարեությունների հավաստի լինելը։ Թեև այդ պարգևին ժամանակի ընթացքում վերջ դրվեց, բայց տրամաբանական է, որ Աստված շարունակելու էր ժողովի միջոցով տրամադրել մարգարեությունների ճիշտ մեկնությունը, հատկապես «վերջի ժամանակում»։ Սակայն դա ոչ թե հրաշքով էր լինելու, այլ շնորհիվ այն բանի, որ քրիստոնյաները մանրակրկիտ քննելու էին և ուսումնասիրելու էին մարգարեությունները, դրանք համեմատելու էին տիրող իրավիճակների ու տեղի ունեցող իրադարձությունների հետ և Աստծու օգնությամբ գալու էին ճիշտ եզրահանգման (հմմտ. Դն 12։4, 9, 10; Մթ 24։15, 16; 1Կթ 2։12-14; 1Հվ 4։6; տես ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը