Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 5/1 էջ 8–12
  • Հավատը և ձեր ապագան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատը և ձեր ապագան
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչի՞ էր նմանվում անցյալը
  • Մարդիկ ելք չեն գտնում
  • Ապագան՝ Եհովայի վկաների աչքերով
  • Մարդկային կառավարությունների ապագան
  • Հավատ ընծայեք Եհովայի խոստումներին
  • Աստծու նպատակը շուտով կիրագործվի
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
  • Աստծո Թագավորությունը որպես երկրի նոր իշխանություն
    2000 Դիտարան
  • Եհովան իրագործում է իր խոստումները հավատարիմ մարդկանց համար
    1998 Դիտարան
  • Եհովան սիրո Աստված է
    2015 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 5/1 էջ 8–12

Հավատը և ձեր ապագան

«Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը» (Եբրայեցիս 11։1)։

1. Շատերն ինչպիսի՞ ապագա են փափագում ունենալ։

ԴՈՒՔ հետաքրքրվա՞ծ եք ապագայով։ Շատերին է հետաքրքրում այն։ Նրանք փափագում են ունենալ խաղաղ ու վախից զերծ ապագա, պատշաճ ապրելակերպ, արդյունավետ ու հաճելի աշխատանք, լավ առողջություն և երկար տարիների կյանք։ Անկասկած, պատմության մեջ ամեն սերունդ էլ ցանկացել է այս բաները։ Այսօրվա փոթորկալից աշխարհում վերոհիշյալ պայմաններն ավելի ցանկալի են, քան երբևէ։

2. Մի դիվանագետ ինչպիսի՞ կարծիք հայտնեց ապագայի մասին։

2 Մինչ մարդկությունն առաջ է ընթանում դեպի 21–րդ դար, կարո՞ղ ենք որևէ ձևով տեղեկանալ ապագայի մասին։ Ավելի քան 200 տարի առաջ այդ ձևերից մեկի մասին խոսեց քաղաքական գործիչ Պատրիկ Հենրին։ Նա ասաց. «Միայն անցյալին նայելով է, որ կարող եմ դատել ապագայի մասին»։ Այս տեսակետի համաձայն՝ մարդկանց ապագան հիմնականում կարող է իմացվել անցյալում իրենց կատարած գործերից։ Շատերն են համաձայնվում այս տեսակետի հետ։

Ինչի՞ էր նմանվում անցյալը

3. Ի՞նչ է ցույց տալիս պատմության արձանագրությունը ապագայի հեռանկարների մասին։

3 Եթե ապագան անցյալի կրկնությունն է լինելու, ապա ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այն խրախուսիչ լինել։ Մի՞թե դարերի ընթացքում իրար հաջորդած սերունդների ապագան ավելի լավը դարձավ։ Իհարկե, ոչ։ Հազարավոր տարիների ընթացքում մարդկանց փայփայած հույսերին և շատ մարզերում նրանց ձեռք բերած նյութական առաջխաղացումներին հակառակ՝ պատմությունը լի է կեղեքումով, ոճիրով, բռնությամբ, պատերազմով ու աղքատությամբ։ Այս աշխարհը մեկը մյուսին հաջորդող, մեծ մասամբ անգոհացուցիչ մարդկային կառավարությունների կողմից պատճառված աղետների մի շարան է եղել։ Աստվածաշունչը Ժողովող 8։9 խոսքում իրավացիորեն հաղորդում է. «Մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար»։

4, 5. ա) Ինչո՞ւ էին մարդիկ հույսով լի 20–րդ դարի սկզբում։ բ) Ի՞նչ պատահեց ապագայի նրանց ծրագրերին։

4 Փաստորեն, մարդկության ապրած աղետալի պատմությունը կրկնվում է, միայն թե զգալիորեն մեծ և ավելի կործանարար մասշտաբով։ 20–րդ դարը դա է ապացուցում։ Մարդկությունը դասեր քաղե՞լ է արդյոք անցյալի սխալներից կամ զգուշացե՞լ է։ Ճիշտ է, դարասկզբին շատերն ավելի լավ ապագա էին ակնկալում, քանի որ սկսվել էր խաղաղության համեմատաբար երկար մի ժամանակաշրջան և արդյունաբերության, գիտության, կրթության բնագավառներում առաջխաղացումներ էին նկատվում։ 1900–ական թվականներին Համալսարանի մի պրոֆեսոր այն միտքը հայտնեց, որ, հավանաբար, պատերազմ այլևս չի լինի, քանի որ «մարդիկ բավականին քաղաքակրթված են»։ Բրիտանացի նախկին մի վարչապետ դարասկզբում մարդկանց ունեցած տեսակետի մասին հետևյալ կերպ արտահայտվեց. «Կյանքը գնալով ավելի ու ավելի պիտի բարելավվեր։ Այդպիսին էր աշխարհը, երբ ես ծնվեցի»։ Ապա ավելացրեց. «Հանկարծակի, 1914 թ. մի առավոտյան այդ ամենը վերջ գտավ»։

5 Չնայած որ այն ժամանակ գոյություն ուներ ավելի լավ ապագայի հույսը, բայց նոր հարյուրամյակը սկսվելուն պես աշխարհը մխրճվեց մարդու ձեռքով կատարված սարսափելի մի աղետի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ Պարզելու համար, թե դա ինչպիսի աղետ էր, քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ 1916–ին՝ մի կռվի ժամանակ, երբ բրիտանական զորքերը գրոհեցին Ֆրանսիայի Սոմ գետի մոտակայքում տեղավորված գերմանական ճակատի վրա։ Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բրիտանացիները 20 000 զինվորի կորուստ ունեցան, շատ զոհեր տվեցին նաև գերմանացիները։ Չորս տարվա կոտորածները համարյա 10 միլիոն զինվորների ու բազում խաղաղ բնակիչների կյանք խլեցին։ Այդ ժամանակահատվածում մարդկանց այդչափ մահացության պատճառով Ֆրանսիայի բնակչության թիվը խիստ նվազեց։ Ժողովրդական տնտեսությունը քայքայվեց, որի հետևանքը եղավ 1930–ական թվականների Տնտեսական մեծ ճգնաժամը։ Եվ բոլորովին էլ զարմանալի չեն հնչում որոշ մարդկանց այն խոսքերը, թե Առաջին համաշխարհայինը սկսվելուն պես աշխարհը խենթացավ։

6. Արդյո՞ք կյանքն ավելի լավացավ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

6 Մի՞թե դա էր այն սերնդի հուսացած ապագան։ Անշուշտ, ո՛չ։ Նրանց սպասելիքները լիովին ձախողվեցին, իսկ պատերազմը ոչ մի լավ բան չբերեց։ Սակայն դրանից 21 տարի անց՝ 1939–ին, սկսվեց մարդու ձեռքով կատարված առաջինից ավելի սարսափելի մի աղետ՝ Համաշխարհային երկրորդ պատերազմը։ Այն մոտ 50 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների կյանք խլեց։ Զանգվածային ռմբակոծությունները շատ քաղաքներ հողին հավասարեցրին։ Մինչ Առաջին համաշխարհային պատերազմի միայն մի կռվի ժամանակ՝ ընդամենը մի քանի ժամում, հազարավոր զինվորներ սպանվեցին, Երկրորդ համաշխարհայինին ատոմային միայն երկու ռումբեր մի քանի վայրկյանում ավելի քան 100 000 անհատների կյանք խլեցին։ Ոմանց կարծիքով նացիստական համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր մարդկանց սիստեմատիկ կոտորածը էլ ավելի սարսափելի էր։

7. Ինչպիսի՞ն է այս հարյուրամյակի իրական պատկերը։

7 Ըստ որոշ աղբյուրների՝ եթե հաշվենք ազգամիջյան պատերազմներում, քաղաքացիական ընդհարումների ժամանակ և իրենց կառավարությունների ձեռքով զոհված մարդկանց թիվը, ապա այս հարյուրամյակում այն կհասնի մոտավորապես 200 միլիոնի։ Մի աղբյուր տեղեկացնում է, որ զոհվածների թիվը նույնիսկ 360 միլիոնի է հասել։ Փորձեք պատկերացնել այդ սարսափելի տեսարանը՝ վիշտ, արցունքներ, տառապանք և խորտակված կյանքեր։ Բացի այդ, ամեն օր միջին հաշվով 40 000 մարդ՝ մեծ մասամբ երեխաներ, մահանում է աղքատությունից առաջ եկած հետևանքներից։ Այդ թվի եռապատիկն ամեն օր մահանում է արհեստական վիժումից։ Նաև, մոտավորապես մեկ միլիարդ մարդ այնքան աղքատ է ապրում, որ չի կարողանում անգամ իր աշխատանքով ամենօրյա սնունդն ապահովել։ Այս բոլոր վիճակներն ապացուցում են Աստվածաշնչում նախագուշակված այն մարգարեությունը, որ մենք ապրում ենք իրերի այս չար համակարգի «վերջին օրերի» մեջ (Բ Տիմոթէոս 3։1—5, 13; Մատթէոս 24։3—12; Ղուկաս 21։10, 11; Յայտնութիւն 6։3—8)։

Մարդիկ ելք չեն գտնում

8. Ինչո՞ւ մարդկային ղեկավարները չեն կարողանում լուծել աշխարհի պրոբլեմները։

8 Քանի որ 20–րդ դարն իր ավարտին է մոտենում, անցած դարերի պատմությանը կարող ենք ավելացնել նաև մեր դարի ընթացքում տեղի ունեցած դեպքերը։ Այս ողջ եղելությունն ի՞նչ է հայտնում մեզ. այն ցույց է տալիս, որ մարդկային առաջնորդները բնավ չեն կարողացել վերջ դնել աշխարհում գոյություն ունեցող մեծ պրոբլեմներին, նրանք ի վիճակի չեն լուծելու դրանք հիմա և չեն էլ կարողանա անել դա ապագայում։ Պարզապես իրենց ուժերից վեր է ապահովել մեզ այնպիսի ապագայով, որը մենք ուզում ենք, թեև նրանք փորձում են դա անել բարի միտումներով։ Հեղինակություն ունեցողներից ոմանք այդ բարի միտումն էլ չունեն։ Նրանք դիրքի և իշխանության են ձգտում եսասիրական, նյութապաշտական նպատակներով, և ոչ թե ուրիշների բարօրության համար։

9. Կասկածելու ի՞նչ հիմքեր ունենք, թե գիտությունը կտա մարդկային պրոբլեմների պատասխանները։

9 Միգուցե գիտությո՞ւնն ունի այս ամենի պատասխանը։ Եթե քննարկենք անցյալի դեպքերը, կտեսնեք, որ չունի։ Գիտությունը հսկայական գումարներ, ժամանակ ու ջանքեր է վատնել քիմիական, բակտերիոլոգիական և զենքերի այլ տեսակներ արտադրելու համար։ Ազգերը, այդ թվում նաև ցածր կենսամակարդակ ունեցող ազգերը, սպառազինվելու նպատակով տարեկան 700 միլիարդ ամերիկյան դոլլար են ծախսում։ «Գիտական առաջխաղացումը» նաև մասամբ պատասխանատու է այն բանի համար, որ օդը, ջուրը, հողը և սնունդն աղտոտված են քիմիական նյութերով։

10. Ինչո՞ւ նույնիսկ կրթությունը ավելի լավ ապագա չի կարողանում ապահովել։

10 Կարո՞ղ ենք արդյոք հուսալ, որ աշխարհի կրթական հաստատությունները կնպաստեն ավելի լավ ապագա բերելուն՝ բարոյական բարձր չափանիշներ, ուրիշների նկատմամբ նրբանկատություն և փոխադարձ սեր սովորեցնելով։ Ոչ, դրա փոխարեն նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացնում են կարիերայի, դրամ շահելու վրա։ Նրանք հանդես են բերում ոչ թե համագործակցող, այլ մրցակցական ոգի. ոչ էլ դպրոցներն են բարոյագիտություն սովորեցնում։ Դեռ ավելին, նրանք աչք են փակում սեռային ազատության վրա, որի հետևանքով պատանեկան հղիությունների և սեռային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների շատ բարձր աճ է նկատվում։

11. Խոշոր առևտրական ձեռնարկությունների մասին եղած տվյալներն ինչպիսի՞ կասկածներ են հարուցում ապագայի մասին։

11 Արդյո՞ք աշխարհի խոշոր առևտրական ձեռնարկություններն ապականելու փոխարեն անսպասելիորեն կսկսեն հոգ տանել մեր մոլորակին։ Արդյո՞ք ուրիշների հանդեպ սեր ցույց կտան՝ հիմա արտադրելով ոչ միայն շահավետ, այլ նաև իսկապես օգտակար ապրանքներ։ Սա անհավանական է թվում։ Կդադարե՞ն բռնությամբ ու անբարոյությամբ հագեցած այնպիսի հեռուստահաղորդումներ ցույց տալուց, որոնք ապականում են մարդկանց՝ հատկապես երիտասարդության մտածելակերպը։ Վերջին տարիների դեպքերը քաջալերական չեն, որովհետև մեծամասնության համար հեռուստացույցը բռնության և անբարոյության մի որջ է դարձել։

12. Մարդիկ հիվանդության և մահվան հետ կապված ի՞նչ պրոբլեմների առաջ են կանգնում։

12 Բացի այդ, որքան էլ սրտացավ լինեն բժիշկները, միևնույն է, ի վիճակի չեն հաղթելու հիվանդությանն ու մահին։ Օրինակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի վերջում նրանք չկարողացան կասեցնել իսպանական գրիպի տարածումը, որը ողջ աշխարհում քսան միլիոն մարդու կյանք խլեց։ Այսօր էլ մեծ տարածում են գտել սրտային հիվանդությունները, քաղցկեղը և ուրիշ մահաբեր ախտեր։ Բժշկությունը դեռ չի կարողանում հաղթել ՁԻՊՀ–ի («ՍՊԻԴ») վիրուսին։ 1997–ին Միացյալ ազգերի մի հաղորդագրություն եզրակացրեց, որ ՁԻՊՀ–ի վիրուսը, նախորդ տվյալների հետ համեմատած, կրկնապատկվում է։ Արդեն միլիոնավոր մարդիկ են մահացել դրանից, իսկ երկու տարի առաջ դարձյալ վարակվեցին երեք միլիոն անհատներ։

Ապագան՝ Եհովայի վկաների աչքերով

13, 14. ա) Ի՞նչ տեսակետ ունեն Եհովայի վկաներն ապագայի մասին։ բ) Ինչո՞ւ մարդիկ ավելի լավ ապագա չեն կարող ստեղծել։

13 Այնուամենայնիվ, Եհովայի վկաները հավատում են, որ մարդկությանը փայլուն ու խոստումնալից ապագա է սպասվում։ Բայց նրանք չեն ակնկալում, որ դա կստեղծվի մարդկանց ջանքերով։ Դրա փոխարեն, նրանք իրենց հույսը դնում են Ստեղծչի՝ Եհովա Աստծու վրա։ Նա լավ գիտի, թե ապագան ինչպիսին է լինելու, և որ այն իրոք հոյակապ է լինելու։ Նա գիտի նաև, որ մարդիկ ի վիճակի չեն այդպիսի ապագա կառուցել։ Լինելով նրանց Ստեղծիչը՝ ինքն ավելի լավ գիտի նրանց սահմանափակումները, քան որևէ մեկը։ Իր ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով նա հայտնում է, որ մարդկանց չի ստեղծել իրենք իրենց, առանց Աստծու կողմից ղեկավարվելու կարողությամբ։ Թույլատրելով, որ մարդկային կառավարություններն իրենից անկախ, բավականին երկար ժամանակաշրջան գոյատևեն՝ Աստված անվիճելիորեն ապացուցել է նրանց անզորությունը։ Մի հեղինակ ընդունեց, որ մարդկանց կողմից փորձված ինքնիշխանության բոլոր հնարավոր ջանքերն ապարդյուն են անցել։

14 Երեմիա 10։23–ում մենք կարդում ենք ներշնչված մարգարեի խոսքերը. «Գիտեմ, ո՛վ Տէր, թէ մարդուն ճամբան իր ձեռքը չէ, Քալող մարդը իր քալուածքը շտկելու կարող չէ» (Արևմտահայերեն թարգմանություն)։ Նաև, Սաղմոս 146։3–ում ասվում է. «Մի յուսաք իշխաններին՝ մարդի որդիին, որի մօտ փրկութիւն չ’կայ»։ Իրոք դա այդպես է, որովհետև մենք անկատար ենք ծնվում, ինչպես ցույց են տալիս Հռովմայեցիս 5։12–ի խոսքերը։ Հետևաբար, Աստծու Խոսքը մեզ զգուշացնում է, որ չվստահենք ինքներս մեզ։ Երեմիա 17։9–ում ասվում է. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի»։ Իսկ Առակաց 28։26–ը զգուշացնում է. «Իր սրտին ապաւինողը յիմար է, բայց իմաստութեան մէջ վարուողը կ‘պրծնի»։

15. Որտե՞ղ կարող ենք գտնել մեզ առաջնորդող իմաստությունը։

15 Որտե՞ղ կարող ենք գտնել այս իմաստությունը։ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, եւ Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9։10)։ Միայն Եհովան ունի այն իմաստությունը, որը կարող է առաջնորդել մեզ այս սարսափելի ժամանակներում։ Նա հնարավորություն է տալիս այն ձեռք բերել Սուրբ գրություններից, որոնք նրա ներշնչմամբ են գրվել մեզ առաջնորդելու համար (Առակաց 2։1—9; 3։1—6; Բ Տիմոթէոս 3։16, 17)։

Մարդկային կառավարությունների ապագան

16. Ո՞վ է վճռել մեր ապագան։

16 Այսպիսով՝ Աստծու Խոսքն ի՞նչ է հայտնում մեզ ապագայի մասին։ Այն ասում է, որ ապագան բոլորովին էլ չի արտացոլելու մարդկանց՝ անցյալում գործած արարքները։ Ուրեմն, Պատրիկ Հենրիի տեսակետը սխալ էր։ Այս երկրի և մարդկանց ապագան որոշվելու է Եհովա Աստծու, և ոչ թե մարդկանց կողմից։ Շուտով նրա, և ոչ թե որևէ մարդու կամ որևիցե ազգի կամքը պիտի կատարվի երկրի վրա։ «Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կ’մնայ հաստատ» (Առակաց 19։21)։

17, 18. Ո՞րն է Աստծու կամքը մեր օրերի համար։

17 Ո՞րն է Աստծու կամքը մեր օրերի համար։ Նա մտադրվել է վերջ դնել ներկայիս վայրագ ու անբարո աշխարհին։ Դարեր շարունակ գոյություն ունեցող մարդկային անկատար իշխանությունը պիտի փոխարինվի Աստծու կառավարությամբ։ Այս կապակցությամբ Դանիէլ 2։44–ում կարդում ենք. «Եւ այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Թագավորությունը վերացնելու է նաև Բանսարկու Սատանայի չար ազդեցությունը, մի բան, որը մարդիկ երբեք չեն կարող անել (Հռովմայեցիս 16։20; Բ Կորնթացիս 4։4; Ա Յովհաննէս 5։19)։

18 Նկատի առեք, որ երկնային կառավարությունը ջախջախելու է գոյություն ունեցող մարդկային կառավարության բոլոր տեսակները։ Երկրի կառավարման գործը մարդկանց չի թողնվելու։ Երկնային ներկայացուցիչներից կազմված Աստծու Թագավորությունը ղեկավարելու է ամբողջ երկրի գործերն ի օգուտ մարդկության (Յայտնութիւն 5։10; 20։4—6)։ Երկրի վրա հավատարիմ մարդիկ Աստծու Թագավորության հրահանգներին պիտի հետևեն։ Այս կառավարության մասին էր, որ Հիսուսը սովորեցրեց մեզ աղոթել, երբ ասաց. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10)։

19, 20. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում Թագավորության նախապատրաստումը։ բ) Նրա կառավարությունը մարդկության համար ի՞նչ է բերելու։

19 Եհովայի վկաները Աստծու Թագավորության վրա են դնում իրենց հույսը։ Դա «նոր երկինքն» է, որի մասին Պետրոս առաքյալը գրեց. «Մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում» (Բ Պետրոս 3։13)։ «Նոր երկիրը» մարդկային նոր հասարակությունն է, որը կառավարվելու է նոր երկնքից՝ Աստծո Թագավորությունից։ Այս կարգադրության մասին Աստված տեսիլքով հայտնեց Հովհաննես առաքյալին, որն էլ գրեց. «Տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին.... եւ [Աստված] պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլևս մահ չկա. ոչ սուգ, աղաղակ, ոչ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։1, 4)։

20 Նկատի առեք, որ նոր երկիրն արդար է լինելու։ Աստծու միջամտությամբ անարդարության բոլոր հետևանքները կոչնչացվեն Արմագեդոն պատերազմում (Յայտնութիւն 16։14, 16)։ Առակաց 2։21, 22–ի մարգարեությունը դա հետևյալ ձևով է բացատրում. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կը մնան նորանում։ Իսկ անզգամները բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։ Իսկ Սաղմոս 37։9–ը խոստանում է. «Չարերը կ’սատկեն, բայց Տիրոջն սպասողները երկիրը կ’ժառանգեն»։ Չէի՞ք ցանկանա ապրել այսպիսի նոր աշխարհում։

Հավատ ընծայեք Եհովայի խոստումներին

21. Ինչո՞ւ կարող ենք հավատ ընծայել Եհովայի խոստումներին։

21 Կարո՞ղ ենք վստահել Եհովայի խոստումներին։ Տեսնենք, թե ինչ է նա հայտնում Եսայիա մարգարեի միջոցով. «Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ. Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը»։ Իսկ 11–րդ խոսքի վերջում ասվում է. «Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ» (Եսայիա 46։9—11)։ Այո՛, մենք կարող ենք վստահել Եհովային և իր խոստումներն այնքան հաստատ նկատել, որ կարծես թե դրանք արդեն կատարվել են։ Աստվածաշունչը հետևյալ բացատրությունն է տալիս. «Ի՞նչ է հաւատը, եթէ ոչ՝ յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում» (Եբրայեցիս 11:1)։

22. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Եհովան կիրագործի իր խոստումները։

22 Հեզ անհատներն այսպիսի հավատ են դրսևորում, որովհետև համոզված են, որ Աստված իրագործելու է իր նպատակները։ Սաղմոս 37։29–ում կարդում ենք. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Հնարավո՞ր է հավատալ այս խոսքերին։ Այո՛, քանի որ Եբրայեցիս 6։18–ում (ԱԹ) ասվում է. «Անկարելի է որ Աստուած սուտ խօսի»։ Նա երկրի սեփականատե՞րն է, որ կարողանա տալ այն հնազանդ մարդկանց։ Ի պատասխան՝ Յայտնութիւն 4։11–ը հայտարարում է. «Դո՛ւ ստեղծեցիր բոլորը, եւ քո կամենալո՛վ ստեղծուեցին ու գոյութիւն ունեն»։ Ուստի, Սաղմոս 24։1–ն ասում է. «Տիրոջն է երկիրը եւ նորա լիութիւնը»։ Լինելով երկրի սեփականատերը և ստեղծիչը՝ Եհովան երկիրը հանձնելու է նրանց, ովքեր հավատ են ընծայում իրեն։ Այս ամենում մեզ հավաստիացնելու նպատակով հաջորդ հոդվածը մեզ ցույց կտա Եհովայի խոստումների իրականացումն՝ ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս. և թե ինչու կարող ենք կատարելապես վստահել, որ նույնը կանի նաև ապագայում։

Կրկնության հարցեր

◻ Պատմության ընթացքում մարդկանց հույսերն ինչո՞ւ չիրականացան

◻ Ինչո՞ւ չպիտի մեր հույսը դնենք մարդկանց վրա ավելի լավ ապագա ստեղծելու համար

◻ Ո՞րն է Աստծու կամքն ապագայի վերաբերյալ

◻ Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստված իրագործելու է իր խոստումները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը