Եհովան իրագործում է իր խոստումները հավատարիմ մարդկանց համար
«Հաւատարիմ է նա, ով խոստացաւ» (Եբրայեցիս 10։23)։
1, 2. Ինչո՞ւ կարող ենք կատարյալ վստահություն ցուցաբերել Եհովայի խոստումների նկատմամբ։
ԵՀՈՎԱՆ հրավիրում է իրեն ծառայողներին ամուր հավատ դրսևորել իր և իր խոստումների հանդեպ ու այն պահպանել։ Այդպիսի հավատ ունենալով՝ անհատը կարող է կատարելապես վստահել այն ամենին, ինչ որ Եհովան խոստացել է անել։ Նրա ներշնչյալ Խոսքն ազդարարում է. «Զօրաց Տէրը երդում է արել եւ ասել. Անշուշտ ինչպէս որ խորհել եմ՝ այնպէս կ’լինի, եւ ինչպէս որ որոշել եմ՝ նա կ’կատարուի» (Եսայիա 14։24)։
2 «Զօրաց Տէրը երդում է արել» արտահայտությունը ցույց է տալիս, որ Եհովան իր խոստումներն իրագործելու հանդիսավոր խոստում է տալիս։ Ահա թե ինչու է նրա Խոսքն ասում. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Եթե ապավինենք Եհովային և թույլ տանք, որ նա առաջնորդի մեզ իր իմաստությամբ, ապա մեր ճանապարհը բարեհաջող, անվնաս կերպով կտանի մեզ դեպի հավիտենական կյանք, որովհետև Աստծու իմաստությունը «կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան» (Առակաց 3։18; Յովհաննէս 17։3)։
Ճշմարիտ հավատն անցյալում
3. Նոյն ինչպե՞ս փաստեց իր հավատը Եհովայի հանդեպ։
3 Այն հանգամանքը, թե ինչպես է Եհովան առհասարակ վերաբերվում ճշմարիտ հավատ ունեցողներին, խոսում է նրա վստահելի անձ լինելու մասին։ Օրինակ՝ շուրջ 4 400 տարի առաջ Աստված հայտնեց Նոյին, որ այն ժամանակվա աշխարհը կործանվելու էր աշխարհածավալ ջրհեղեղով։ Նա Նոյին հրահանգեց կառուցել մի հսկայական տապան մարդկանց և կենդանիների կյանքը պահպանելու համար։ Իսկ Նոյն ինչպե՞ս վարվեց։ Եբրայեցիս 11։7–ը հայտնում է. «Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց»։ Ինչո՞ւ Նոյը հավատաց մի բանի, որը մինչ այդ երբեք տեղի չէր ունեցել և որը «դեռեւս անտեսանելի» էր իր համար։ Քանի որ նա լավատեղյակ էր, թե Աստված նախկինում ինչպես էր վարվել մարդկանց հետ և հասկանում էր, որ Աստծու բոլոր ասածներն իրականանալու են։ Ուստի Նոյը վստահ էր, որ ջրհեղեղը ևս տեղի կունենա (Ծննդոց 6։9—22)։
4, 5. Ինչո՞ւ Աբրահամը լիովին վստահեց Եհովային։
4 Ճշմարիտ հավատի մեկ ուրիշ օրինակ է Աբրահամը։ Մոտ 3 900 տարի առաջ Աստված նրան պատվիրել էր զոհաբերել Սարրայից ծնված իր միակ որդուն՝ Իսահակին (Ծննդոց 22։1—10)։ Աբրահամն ինչպե՞ս արձագանքեց այդ կարգադրությանը։ Եբրայեցիս 11։17–ը պատասխանում է. «Հաւատո՛վ է, որ Աբրահամը, իր փորձութեան մէջ, Իսահակին որպէս զոհ մատուցեց»։ Այնուամենայնիվ, վերջին պահին Եհովայի հրեշտակը կանգնեցրեց Աբրահամին (Ծննդոց 22։11, 12)։ Հարց է ծագում. Աբրահամն ինչո՞ւ նման ձևով վարվեց։ Պատասխանը գտնում ենք Եբրայեցիս 11։19–ում. «Աբրահամը իր մտքում մտածեց, թէ Աստուած կարո՛ղ է մեռելներից էլ յարութիւն տալ Իսահակին»։ Բայց ինչպե՞ս կարող էր Աբրահամը հավատալ հարությանը, երբ անձամբ հարության դեպքի երբեք ականատես չէր եղել, և նախնական ոչ մի արձանագրություն էլ չկար այդ մասին։
5 Հիշենք, որ Սարրան ութսունինը տարեկան էր, երբ Աստված նրանց որդի խոստացավ։ Սարրայի արգանդը որդեծնության համար փակ էր (Ծննդոց 18։9—14)։ Աստված վերադարձրեց Սարրային որդեծնության կարողությունը, և նա ունեցավ Իսահակին (Ծննդոց 21։1—3)։ Աբրահամը գիտեր, որ եթե Աստված կատարեց այս հրաշքը, ապա հարկ եղած դեպքում կարող էր նաև Իսահակին ետ կյանքի բերել։ Հռովմայեցիս 4։20, 21–ում Աբրահամի մասին ասվում է. «Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է»։
6. Հեսուն ինչպե՞ս արտահայտեց իր վստահությունը դեպի Եհովան։
6 Ավելի քան 3 400 տարի առաջ Հեսուն, որը հարյուր տարեկանից անց էր ու կյանքի ընթացքում ձեռք բերած փորձառությունից գիտեր, որ Աստված հավատարիմ է, իր ունեցած վստահությունն այսպես արտահայտեց. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տեր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկավ» (Յեսու 23։14)։
7, 8. Քրիստոնյաներն ի՞նչ փրկարար քայլի դիմեցին առաջին դարում և ինչո՞ւ։
7 Մոտավորապես 1 900 տարի առաջ բազմաթիվ խոնարհ անհատներ ճշմարիտ հավատ ցուցաբերեցին։ Նրանք Աստվածաշնչի՝ արդեն կատարված մարգարեություններից հասկացան, որ Հիսուսն էր Մեսիան և ընդունեցին նրա ուսուցումները։ Որպես ծանրակշիռ հիմք ընդունելով փաստերն ու Եբրայերեն գրությունները՝ նրանք հավատ ընծայեցին այն ամենին, ինչ որ սովորեցրեց Հիսուսը։ Հետևաբար, երբ Հիսուսն ասաց, որ Աստծու դատաստանը գալու է Հուդայի և Երուսաղեմի վրա իրենց անհավատության պատճառով, այդ խոնարհ անհատները հավատացին նրան։ Իսկ երբ ասաց, թե ինչ պիտի անեն փրկվելու համար, նրանք հնազանդվեցին։
8 Հիսուսը զգուշացրեց իր հետևորդներին, որ երբ Երուսաղեմը շրջապատվի զորքերով, նրանք պիտի փախչեն այնտեղից։ Մ.թ. 66–ին հռոմեական զորքերը հարձակվեցին Երուսաղեմի վրա, բայց հետո հեռացան անբացատրելի պատճառով։ Դա ազդանշան էր քրիստոնյաների համար, որ լքեն քաղաքը, քանի որ Հիսուսն ասել էր. «Երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղեմի մեջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն» (Ղուկաս 21։20, 21)։ Ճշմարիտ հավատ ունեցող մարդիկ հեռացան Երուսաղեմից և ապահովության համար փախուստի դիմեցին։
Թերահավատության արդյունքները
9, 10. ա) Կրոնական առաջնորդներն ինչպե՞ս ցույց տվեցին Հիսուսի նկատմամբ իրենց թերահավատությունը։ բ) Ինչպիսի՞ն էին թերահավատության արդյունքները։
9 Սակայն անկեղծ հավատ չունեցողներն ինչպե՞ս վարվեցին։ Նրանք չփախան, մինչդեռ ունեին այդ հնարավորությունը։ Նրանք կարծում էին, թե իրենց առաջնորդները կարող են փրկել իրենց։ Բայց չէ՞ որ այդ առաջնորդներն ու նրանց հետևորդները ևս ունեին Հիսուսի Մեսիա լինելու ապացույցները։ Ուստի ինչո՞ւ չընդունեցին նրա ասածները. որովհետև իրենց սրտերը չար էին։ Այդ չարությունն ավելի վաղ բացահայտվեց, երբ նրանք տեսան, թե ինչպես է հասարակ ժողովուրդը Ղազարոսի հարությունից հետո հետևում Հիսուսին։ Յովհաննէս 11։47, 48–ում ասվում է. «Քահանայապետներն ու փարիսեցիները ատեան գումարեցին եւ ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմայեցիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը» »։ Իսկ 53–րդ համարում կարդում ենք. «Ապա այն օրուանից խորհուրդ արեցին, որ նրան սպանեն»։
10 Ի՜նչ զարմանալի հրաշք էր կատարել Հիսուսը. Ղազարոսը գերեզմանից դո՜ւրս էր եկել։ Այդ առիթով կրոնական առաջնորդներն ուզում էին սպանել Հիսուսին։ Նրանց ակնհայտ չարամտությունը հետագայում բացահայտվեց, երբ «քահանայապետները խորհուրդ արեցին, որ Ղազարոսին էլ սպանեն, քանի որ շատերը հեռանում էին հրեաներից եւ հաւատում էին Յիսուսին» (Յովհաննէս 12։10, 11)։ Ղազարոսը դեռ նոր էր հարություն առել, իսկ նրանք ուզում էին դարձյալ մահացած տեսնել նրան։ Նրանց չէր հետաքրքրում Աստծու կամքը կամ էլ հասարակ ժողովրդի բարօրությունը։ Նրանք եսասեր էին, և նրանց հետաքրքրում էին միայն իրենց դիրքն ու շահը, «քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը» (Յովհաննէս 12։43)։ Բայց այդ կրոնական առաջնորդները թանկ վճարեցին իրենց թերահավատության համար։ Մ.թ. 70–ին հռոմեական բանակը վերադարձավ և կործանեց Երուսաղեմ քաղաքն ու ոչնչացրեց նրա ժողովրդին, ինչպես նաև կրոնական առաջնորդներից շատերին։
Մեր օրերում դրսևորված հավատ
11. Ճշմարիտ հավատն ինչպե՞ս ցուցաբերվեց այս դարասկզբին։
11 Մեր հարյուրամյակում շատերն են ճշմարիտ հավատ ունեցել։ Օրինակ՝ 1900–ական թվականների սկզբին ազգերն, ընդհանուր առմամբ, խաղաղ, ծաղկուն ապագա էին ակնկալում։ Միևնույն ժամանակ Եհովային վստահողներն ազդարարում էին, որ մարդկությունը թևակոխելու է պատմության ամենադժվարին ժամանակաշրջանը։ Այս մասին էր նախագուշակված Մատթէոս 24–րդ, Բ Տիմոթէոս 3–րդ գլուխներում, ինչպես նաև ուրիշ համարներում։ Երբ 1914–ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, հավատ ունեցողների ասածներն իսկապես կատարվեցին։ Աշխարհն իրոք մտավ նախագուշակված «վերջին օրերի չար ժամանակների» մեջ (Բ Տիմոթէոս 3։1)։ Ինչո՞ւ Եհովային ծառայողներն ավելի վաղ իմացան աշխարհի վիճակների մասին ճշմարտությունը, քան թե մյուսները։ Որովհետև Հեսուի նման նրանք հավատում էին, որ Եհովայի խոսքերից ոչ մեկը գետնին չի ընկնելու։
12. Եհովայի ո՞ր խոստումն է իր ծառաներին այսօր հույս ներշնչում։
12 Այսօր Եհովային ապավինողների թիվն ամբողջ աշխարհում մոտավորապես վեց միլիոնի է հասնում։ Աստծու մարգարեական խոսքի կատարման վկայությունից նրանք գիտեն, որ Աստված շուտով վերացնելու է իրերի այս վայրագ, անբարո համակարգը։ Այսպիսով՝ նրանք գիտեն, որ մոտ է այն ժամանակը, երբ կտեսնեն Ա Յովհաննէս 2։17–ում արձանագրված խոսքերի կատարումը, որտեղ ասվում է. «Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան»։ Նրա ծառաները լիովին վստահ են, որ Եհովան կիրագործի այս խոստումը։
13. Ի՞նչ աստիճանի վստահություն կարող եք ցուցաբերել Եհովայի նկատմամբ։
13 Ի՞նչ աստիճանի վստահություն կարող եք ունենալ Եհովայի հանդեպ։ Անշուշտ, դուք կարող եք ձեր կյանքը նրան վստահել։ Եթե նույնիսկ հիմա՝ Աստծուն ծառայելիս, կորցնեք ձեր կյանքը, հարության միջոցով նա ձեզ ավելի հոյակապ կյանք կպարգևի։ Հիսուսը մեզ երաշխավորում է. «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Ի վիճակի՞ է արդյոք որևէ բժիշկ, քաղաքական գործիչ, գիտնական, գործարար մարդ կամ ուրիշ մեկը այդպիսի բան անել մեզ համար։ Նրանց անցյալի արձանագրությունը ցույց է տալիս, որ ոչ։ Սակայն Եհովան կարող է դա անել և անելու էլ է։
Հրաշալի ապագա հավատարիմների համար
14. Ինչպիսի՞ հոյակապ ապագա է խոստանում Աստծու Խոսքը հավատարիմ մարդկանց։
14 Հիսուսն Աստծու երկնային Թագավորության ներքո ղեկավարվող նոր աշխարհի երաշխիքը տվեց, երբ ասաց. «Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն» (Մատթէոս 5։5)։ Սրանով շեշտվեց Սաղմոս 37։29–ում արձանագրված Աստծու խոստումը. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում»։ Հենց իր մահից առաջ, երբ մի հանցագործ արտահայտեց իր հավատը, Հիսուսն ասաց նրան. «Ինձ հետ դրախտում կը լինես» (Ղուկաս 23։43)։ Այո՛, Հիսուսը՝ որպես Աստծու Թագավորության Թագավոր, հոգ կտանի, որ այդ մարդը հարություն առնի երկրի վրա և հնարավորություն ունենա հավիտյան ապրելու Դրախտում։ Եհովայի Թագավորոթյանը հուսացող անհատները այսօր նույնպես կարող են Դրախտում ապրելու ակնկալությունն ունենալ, երբ Աստված «պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք» (Յայտնութիւն 21։4)։
15, 16. Ինչո՞ւ է կյանքն այդքան խաղաղարար լինելու նոր աշխարհում։
15 Եկեք փորձենք մի քանի րոպեով մտովի տեղափոխվել նոր աշխարհ և պատկերացնել այն։ Երևակայենք, որ արդեն այնտեղ ենք ապրում։ Անմիջապես մեր աչքերի առջև բացվում է խաղաղ ու երջանիկ, միասին ապրող մարդկանց մի տեսարան։ Նրանք Եսայիա 14։7–ում նկարագրված համանման կյանքն են վայելում. «Հանգստացել հանդարտել է բոլոր երկիրը. նորանք գոչում են ցնծութեամբ»։ Ինչո՞ւ են այդ մարդիկ այդքան ուրախ։ Պատճառներից մեկն այն է, որ նրանք կարիք չունեն իրենց դռները փակի տակ պահելու, քանի որ գողությունը, բռնությունն ու ոճիրն այլևս գոյություն չունեն։ Դա ճիշտ Աստծու Խոսքի նկարագրածի պես պիտի լինի. «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի» (Միքիա 4։4)։
16 Այլևս պատերազմներ չկան, որովհետև այս նոր աշխարհում դրանք տեղ չունեն։ Բոլոր տեսակի զենքերը փոխվել են խաղաղարար աշխատանքային գործիքների։ Եսայիա 2։4–ի խոսքերը բառի բուն իմաստով կատարվել են. «Նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ»։ Իսկ սա մեզ չի զարմացնում։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ նոր աշխարհի շատ բնակիչներ վարժվել էին այդ բաներն անելուն դեռևս հին համակարգում՝ Աստծուն ծառայելիս։
17. Ինչպիսի՞ պայմաններ են տիրելու Աստծո Թագավորության ներքո։
17 Դուք նկատում եք նաև, որ այնտեղ աղքատություն չկա։ Ոչ մեկն այլևս չի ապրում կեղտոտ հյուղակներում, ցնցոտիների մեջ և ոչ մեկն անտուն չի մնացել։ Յուրաքանչյուրն ունի իր հարմարավետ բնակարանն ու լավ մշակված սեփական հողակտորը՝ շրջապատված գեղեցիկ ծառերով ու ծաղիկներով (Եսայիա 35։1, 2; 65։21, 22; Եզեկիէլ 34։27)։ Չկան նաև քաղցած մարդիկ, քանի որ Աստված կատարել է իր խոստումը՝ ապահովելով բոլորին առատ սննդով. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։ Իրոք որ Աստծու Թագավորության կառավարման ներքո մի փառավոր դրախտ է տարածվում ողջ աշխարհում, որը ճիշտ Աստծու պատրաստած Եդեմի պարտեզին է նման (Ծննդոց 2։8)։
18. Նոր աշխարհում մարդիկ ինչպիսի՞ վտանգներից կազատվեն։
18 Ձեզ հիացմունք է պատճառում նաև մարդկանց կայտառությունն ու կորովը։ Պատճառն այն է, որ նրանք հիմա ֆիզիկապես ու մտավորապես կատարյալ են։ Գոյություն չունեն հիվանդություններ, ցավ ու մահ. չկան սայլակ–պատգարակներ կամ հիվանդանոցային անկողիններ։ Այդ ամենն արդեն անցյալի գիրկն են անցել (Եսայիա 33։24; 35։5, 6)։ Զարմանալի է, բայց կենդանիներից ոչ մեկը մարդկանց չի վնասում, որովհետև Աստծու զորությամբ նրանք խաղաղասեր են դարձել (Եսայիա 11։6—8; 65։25; Եզեկիէլ 34։25)։
19. Ինչո՞ւ ամեն օրն այդ նոր աշխարհում կատարյալ հաճույք է լինելու։
19 Ի՜նչ հրաշալի քաղաքակիրթ հասարակարգ են կազմում նոր աշխարհի հավատարիմ բնակիչները։ Նրանց եռանդն ու հմտությունները, ինչպես նաև երկրի արտադրանքն ուղղված են ոչ թե վնասարար, այլ օգտակար նպատակների իրագործմանը։ Յուրաքանչյուր պատահած մարդու կարող եք վստահել, քանի որ Աստծու խոստման համաձայն ‘բոլորը Տէրից ուսուած պիտի լինեն’ (Եսայիա 54։13)։ Աստծու օրենքներով առաջնորդվելու պատճառով է, որ ‘երկիրը լիքն է Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը’ (Եսայիա 11։9)։ Իսկապես որ, ամեն օրն այս նոր աշխարհում կատարյալ հաճույք է լինելու, ինչպես ասվում է Սաղմոս 37։11–ում։
Երջանիկ ապագան՝ երաշխավորված
20. Ի՞նչ պիտի անենք ապագայում խաղաղ կյանք վայելելու համար։
20 Իսկ ի՞նչ պիտի անենք այդ երջանիկ ապագայում լինելու համար։ Եսայիա 55։6–ում ասվում է. «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է»։ Բայց Աստծուն փնտրելիս, ինչպես գրված է Սաղմոս 143։10–ում, մենք պետք է պատրաստակամորեն ասենք. «Սովորեցրու ինձ կատարել քո կամքը, որովհետեւ դու ես իմ Աստուածը»։ Այսպես վարվողները Եհովայի առջև այս վերջին օրերում կարող են անարատությամբ քայլել և հոյակապ ապագայի ակնկալություն ունենալ։ «Արդարին մտիկ արա եւ ուղիղին տես. այսպիսի մարդի վերջը խաղաղութիւն է։ Բայց անիրաւներն իրար հետ մէկտեղ կ’սատակեն. ամբարիշտների վերջը կորուստ է» (Սաղմոս 37։37, 38)։
21, 22. Ի՞նչ է Աստված այսօր կազմավորում և ինչպե՞ս։
21 Ներկայումս Եհովան ամեն ազգերից կանչում է այն մարդկանց, ովքեր ցանկանում են կատարել իր կամքը։ Նա ձևավորում է նրանց որպես իր երկրային նոր հասարակության հիմք, ինչպես որ Աստվածաշնչի մարգարեությունն է նախագուշակում. «Օրերի վերջին [հիմա մեր ապրած ժամանակներում].... շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը [այն է՝ բարձրացված ճշմարիտ պաշտամունքը].... նա կսովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Եսայիա 2։2, 3)։
22 Յայտնութիւն 7։9–ը (ԱԹ) այդ մարդկանց նկարագրում է որպես «մի շատ ժողովուրդ.... ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից»։ Իսկ 14–րդ համարը հայտնում է. «Սորանք են որ գալիս են այն մեծ նեղութիւնիցը»՝ վերապրելով ներկա համակարգի վախճանը։ Նոր աշխարհի այս հիմքը բաղկացած է մոտ վեց միլիոն անհատներից, որոնց ամեն տարի շատերն են միանում։ Եհովայի բոլոր հավատարիմ ծառաները պատրաստվում են նոր աշխարհում ապրելու։ Նրանք հոգևոր կարողություններ և ուրիշ անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերում մեր երկիրը դրախտի վերածելու համար։ Նրանք լիովին վստահ են, որ այդ Դրախտն իրո՛ք լինելու է, որովհետև «հաւատարիմ է նա, ով խոստացաւ» (Եբրայեցիս 10:23)։
Կրկնության հարցեր
◻ Ինչպիսի՞ն էին թերահավատության հետևանքներն առաջին դարում
◻ Աստծու ծառաներն ի՞նչ չափով կարող են վստահել Եհովային
◻ Հավատարիմների համար ինչպիսի՞ ապագա է վերապահված
◻ Ի՞նչ պիտի անենք Աստծու նոր աշխարհում մեր երջանիկ ապագան ապահովելու համար
[նկար 16–րդ էջի վրա]
Հիմա է Եհովան ձևավորում նոր հասարակության հիմքը