Հասնել սրտերին՝ համոզելու մեջ հմտանալով
ՇԱՏԵՐԸ «համոզել» բառին կասկածանքով են վերաբերվում։ Դա կարող է ագրեսիվ վաճառող կամ գնորդին մոլորեցնող ու կեղծող գովազդ հիշեցնել։ Համոզման հասկացողությունը երբեմն նույնիսկ Աստվածաշնչում է բացասական երանգ կրում՝ արտահայտելով այլասերելու կամ մոլորության առաջնորդելու իմաստը։ Օրինակ՝ Քրիստոսի առաքյալ Պողոսը գաղատացիներին գրեց. «Լաւ էիք վազում, ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չ’հնազանդիք ճշմարտութեանը։ Այդ համոզումը նորանից չէ որ կանչեց ձեզ» (Գաղատացիս 5։7, 8, ԱԹ)։ Պողոսը նաև կողոսացիներին հորդորեց զգույշ լինել, որպեսզի ‘ոչ ոք չմոլորեցնի նրանց պատիր խօսքերով’ (Կողոսացիս 2։4)։ Այսպիսի համոզումն առաջ է գալիս կեղծ հիմունքներով խորամանկ փաստարկներից։
Սակայն Տիմոթեոսին ուղղված իր երկրորդ նամակում Պողոս առաքյալն ուրիշ իմաստով գործածեց համոզման գաղափարը՝ գրելով. «Հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար [«համոզվեցիր հավատալ», ՆԱ]. գիտես, թէ ումից ես սովորել» (Բ Տիմոթէոս 3։14)։ ‘Հավատալու համար համոզվելիս’ Տիմոթեոսն իր մոր և տատի կողմից չէր մոլորվում՝ կրթվելով Սուրբ գրային ճշմարտություններով (Բ Տիմոթէոս 1։5)։a
Հռոմում, տնային կալանքի տակ գտնվելով, Պողոսը շատերին վկայություն տվեց. նա «առաւօտից մինչեւ երեկոյ.... նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայություն բերելով Մովսէսի Օրէնքից եւ մարգարէներից» (Գործք 28։23)։ Պողոսը մոլորեցնո՞ւմ էր արդյոք իր ունկնդիրներին։ Իհարկե, ո՛չ։ Պարզ է, որ համոզելը միշտ չէ, որ սխալ իմաստ է կրում։
«Համոզել» թարգմանված հունարեն բառի արմատը դրական իմաստով գործածվելիս՝ հիմնականում նշանակում է հավաստիացնել, առողջ, տրամաբանական դատողության միջոցով համոզմունքը փոխել տալ։ Այսպիսով՝ ուսուցանողը կարող է հոգևոր գիտության հիմքը կազմել՝ հավաստիացնելով ուրիշներին, որպեսզի համոզվեն Աստվածաշնչի ճշմարտության մեջ (Բ Տիմոթէոս 2։15)։ Իրոք, համոզելը Պողոսի ծառայության բնորոշ գիծն էր։ Նույնիսկ արծաթագործ Դեմետրիոսը, որը քրիստոնեական ուսուցումները կեղծ էր համարում, նշեց. «Ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն» (Գործք 19։26)։
Համոզելը և մեր ծառայությունը
Հիսուս Քրիստոսը հրահանգեց իր հետևորդներին. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 28։19, 20)։ Ավելի քան 230 երկրներում Եհովայի վկաները հնազանդվում են այս պատգամին։ 1997 թ. իրենց ծառայողական տարվա յուրաքանչյուր ամսում միջին հաշվով նրանք 4 552 589 Աստվածաշնչի տնային ուսուցումներ են անցկացրել ամբողջ աշխարհում։
Եթե արդեն Աստվածաշնչի տնային ուսուցում անցկացնելու առանձնաշնորհում ունեք, կարող եք ուսուցման ընթացքում որոշ դժվարին պահեր նախատեսել, երբ համոզելու մեջ հմուտ լինելու անհրաժեշտություն կզգացվի։ Օրինակ՝ ենթադրենք, որ ձեր հաջորդ ուսուցման ժամանակ Երրորդությանը վերաբերող հարց է ծագելու։ Ի՞նչ կարող եք անել, եթե իմանաք, որ ուսումնասիրող անհատն այդ ուսմունքին է հավատում. կարող եք այդ նյութի վերաբերյալ գրականություն առաջարկել։ Կարդալուց հետո գուցե նկատեք, որ նա համոզվել է այն բանում, որ Աստված ու Հիսուսը տարբեր անձեր են։ Սակայն, եթե անհասկանալի հարցեր մնան, այդ դեպքում ինչպե՞ս կվարվեք։
Ուշադրությամբ լսեք։ Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ուսումնասիրող անհատը տվյալ նյութի մասին ինչ պատկերացում ունի։ Օրինակ՝ եթե նա ասում է. «Ես հավատում եմ Երրորդությանը», գուցե Սուրբ գրային շտապ քննարկում նախաձեռնեք՝ այդ ուսմունքը հերքելու նպատակով։ Բայց գոյություն ունեն Երրորդությանը վերաբերող մի շարք կարծիքներ։ Հնարավոր է, որ, Երրորդություն ասելով, դուք հասկանում եք մի բան, իսկ ուսումնասիրող անհատը՝ բոլորովին այլ բան։ Նույնը կարելի է ասել ուրիշ հավատալիքների մասին, ինչպիսիք են՝ վերամարմնավորումը, հոգու անմահության կամ փրկության գաղափարները։ Այսպիսով՝ խոսելուց առաջ ուշադրությամբ լսեք։ Ուսումնասիրող անհատի հավատալիքների մասին մի շտապեք ենթադրություններ անել (Առակաց 18։13)։
Հարցեր տվեք։ Հարցը կարող է լինել այսպիսին. «Դուք մի՞շտ եք հավատացել Երրորդությանը։ Երբևիցե Աստվածաշնչի տեսանկյունից հիմնովին ուսումնասիրե՞լ եք այդ նյութը։ Եթե Աստված իրոք ինչ–որ երրորդության մեկ մասն է, իր Խոսքը՝ Աստվածաշունչը, հստակ և ուղղակի կերպով չէ՞ր հայտնի մեզ այդ մասին»։ Ուսուցման ընթացքում ժամանակ առ ժամանակ կանգ առեք և նմանատիպ հարցեր ուղղեք. «Այն, ինչ որ քննարկեցինք, տրամաբանական համարո՞ւմ եք։ Համամի՞տ եք այդ մեկնաբանության հետ»։ Հարցերի ճկուն գործածությամբ անհատին ներգրավում եք ուսուցման մեջ։ Որևէ նյութ մեկնաբանելու ժամանակ նա չպետք է լոկ լսողի դերում լինի։
Առողջ դատողություն կիրառեցեք։ Օրինակ՝ Երրորդության ուսմունքի քննարկման ժամանակ կարող եք ասել նրան. «Երբ Հիսուսը մկրտվեց, երկնքից ձայն լսվեց, թե՝ «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին»։ Եթե Աստված մկրտվելիս իրո՛ք երկրի վրա էր, միթե՞ նա իր ձայնը նախ՝ կուղարկեր երկինք, ապա՝ երկնքից՝ երկիր, որպեսզի լսելի լիներ։ Արդյոք դա մոլորեցուցիչ չէ՞ր լինի։ Կարո՞ղ էր «անսուտն Աստված» այդպես խաբել (Ղուկաս 3։21, 22; Տիտոս 1։1, 2)։
Նրբազգացորեն ներկայացված առողջ դատողությունը հաճախ է արդյունավետ լինում։ Դիտարկենք մի կնոջ օրինակ, որին կանվանենք Բարբարա։ Իր ողջ կյանքում նա հավատացել էր, որ Հիսուսն Աստված է և ինչ–որ երրորդության մեկ մաս է կազմում, որն իր մեջ բովանդակում է նաև սուրբ հոգուն։b Բայց մի օր Եհովայի վկաներից մեկը պատմեց նրան, որ Աստված ու Հիսուսը առանձին անձիք են և իր ասածը հիմնավորեց Աստվածաշնչից մեջբերված խոսքերով։ Բարբարան չէր կարող հերքել Աստվածաշունչը, բայց, միևնույն ժամանակ, շփոթված էր, և, վերջապես, Երրորդությունը հարազատ էր իր սրտին։
Վկան համբերատարությամբ կշռադատեց այդ թեման Բարբարայի հետ։ Նա հարցրեց. «Ընտանիքում երկու անձանց հավասարությունը բացատրելու համար ի՞նչ համեմատելի օրինակ կբերեիք»։ Մի պահ խորհելուց հետո Բարբարան պատասխանեց. «Երկու եղբոր պարագան»։ «Իրո՛ք,— իսկույն պատասխանեց Վկան,— գուցե, նույնիսկ երկվորյակ եղբայրների։ Ուսուցանելիս, Աստծուն որպես իր Հայրը ներկայացնելով, իսկ իրեն՝ որպես Որդին, Հիսուսն ի՞նչ էր ուզում ասել»։ Բարբարան, աչքերը լայն բաց անելով, բացականչեց. «Հասկանում եմ. նա ավելի մեծ ու ավելի բարձր հեղինակություն ունեցող մեկին էր ակնարկում»։
«Այո՛,— պատասխանեց Վկան,— և նման եզրակացության կգային հատկապես Հիսուսի հրեա ունկնդիրները, որոնք ապրում էին մի հասարակարգում, որտեղ հայրիշխանություն էր տիրում»։ Իր միտքը շեշտելով՝ Վկան եզրափակեց. «Եթե մենք հավասարության գաղափարը կարողացանք բացատրել եղբայրների կամ երկվորյակների այս տեղին օրինակով, անկասկած, Հիսուսը՝ Մեծ Ուսուցիչը, նույնպես կարող էր այդպես վարվել։ Իր և Աստծո միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունը նկարագրելու համար նա «հայր» և «որդի» տերմիններն օգտագործեց»։
Վերջապես, Բարբարան հասկացավ հարցի բուն էությունը և ընդունեց այն։ Համոզելու հմտության շնորհիվ Վկան կարողացավ նրա սրտին հասնել։
Հաշվի առնել զգացմունքները
Հաճախ անհատի մեջ խորապես արմատացած կրոնական հավատալիքները ուղեկցվում են զգացմունքներով։ Դիտարկենք նվիրված կաթոլիկ Էնդայի օրինակը։ Մի առիթով նրա դեռահաս թոռները Սուրբ գրային ապացույցներ ներկայացրեցին ցույց տալու համար, որ Աստված ու Հիսուսը նույն անձը չեն։ Թեպետև Էնդան ըմբռնեց այդ ամենը, սակայն սիրալիր կերպով, բայց, միևնույն ժամանակ, հաստատակամորեն ասաց. «Ես սուրբ Երրորդությանն եմ հավատում»։
Միգուցե ձեզ հետ էլ է նման դեպք պատահել։ Շատերը կրոնական ուսմունքներն իրենց էության անբաժան մասն են համարում։ Աստվածաշունչն ուսումնասիրող այդպիսի անհատներին համոզելու համար ավելին է պահանջվում, քան պարզապես սառը տրամաբանությունը կամ նույնիսկ մի շարք աստվածաշնչային ապացույցների օգնությամբ վերջինիս տեսակետը հերքելը։ Նման իրավիճակներից դուրս գալու համար անհրաժեշտ է համոզելու հմտությունը ներդաշնակեցնել կարեկցության հետ (համեմատեք Հռովմայեցիս 12։15; Կողոսացիս 3։12, ՆԱ)։ Ինչ խոսք, որպեսզի ուսուցումն արդյունավետ լինի, ուսուցանողը պետք է ամուր համոզվածություն ցուցաբերի։ Օրինակ՝ Պողոսը նման արտահայտություններ օգտագործեց՝ «վստահ եմ», «գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով» (Հռովմայեցիս 8։38; 14։14)։ Այնուամենայնիվ, մեր համոզմունքների մասին խոսելիս չպետք է կտրուկ ու ինքնավստահ լինենք, ոչ էլ Աստվածաշնչի ճշմարտությունները ներկայացնելիս հեգնական կամ ստորացնող ակնարկներ անենք։ Իհարկե, մենք չենք ցանկանում վիրավորել կամ նույնիսկ անպատվել ուսումնասիրողին (Առակաց 12։18)։
Առավել արդյունավետ կլինի, եթե ուսումնասիրողի հավատալիքների հանդեպ հարգանք ցուցաբերենք և ճանաչենք այդ հավատալիքներին հավատալու նրանց իրավունքը, որի բանալին խոնարհությունն է։ Խոնարհամիտ ուսուցանողը չի կարծի, որ նա ի ծնե վերադաս է ուսումնասիրողից (Ղուկաս 18։9—14; Փիլիպպեցիս 2։3, 4)։ Աստվածային համոզվածությունն իր մեջ խոնարհություն է պարունակում, իսկ այդ խոնարհությունն իրականում ասում է. «Եհովան հրաշալի կերպով օգնել է ինձ հասկանալ այդ հարցը. թույլ տվեք դա հաղորդել նաև ձեզ»։
Պողոսը Կորնթոսի իր քրիստոնյա եղբայրներին գրեց. «Պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ՝ Աստծու կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները. քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին» (Բ Կորնթացիս 10։4, 5)։ Այսօր Եհովայի վկաներն Աստծո Խոսքն են գործածում խոր արմատներ գցած կեղծ ուսմունքները, ինչպես նաև Աստծուն տհաճություն պատճառող սովորություններն ու բնավորության գծերն արմատախիլ անելու համար (Ա Կորնթացիս 6։9—11)։ Միևնույն ժամանակ, Վկաները չեն մոռանում, որ Եհովան իրենց նկատմամբ սիրալիր համբերատարություն է ցուցաբերել։ Ի՜նչ երջանիկ են նրանք, որ ունեն Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, և որ այդ հզոր գործիքի օգնությամբ կարող են արմատախիլ անել կեղծ ուսմունքները և համոզելու հմտությամբ մարդկանց սրտերին հասնել։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Դիտարանի» սույն համարի 7—9 էջերի «Եվնիկեն և Լավոդեան՝ օրինակելի դաստիարակողներ» հոդվածը (ռուս.)։
b Կարդացեք Յովհաննէս 14։28; Փիլիպպեցիս 2։5, 6; Կողոսացիս 1։13—15 համարները։ Լրացուցիչ տեղեկության համար նայեցեք «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը» բրոշյուրը՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։
[շրջանակ 31–րդ էջի վրա]
Ուսումնասիրող անհատի սրտին հասնել
◻ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատի սրտին հասնելու համար խնդրեցեք Եհովայի առաջնորդությունը (Նէեմիա 2։4, 5; Եսայիա 50։4)։
◻ Փորձեք հասկանալ, թե ինչի՛ն է հավատում ուսումնասիրողը և ի՛նչ պատճառով է կեղծ հավատալիքի ձգտում (Գործք 17։22, 23)։
◻ Բարեհամբույր, համբերատար կերպով տրամաբանական, Սուրբ գրային փաստարկ ներկայացրեք՝ չշեղվելով ընդհանուր հենակետից (Գործք 17։24—34)։
◻ Հնարավորության դեպքում Աստվածաշնչի ճշմարտություններն ամրացրեք ազդեցիկ նկարագրությունների միջոցով (Մարկոս 4։33, 34)։
◻ Ուսումնասիրող անհատին ցույց տվեք Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունն ընդունելու օգուտները (Ա Տիմոթէոս 2։3, 4; Բ Տիմոթէոս 3։14, 15)։