Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 11/1 էջ 22–27
  • Կդիմանա՞ աշխատանքդ կրակին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կդիմանա՞ աշխատանքդ կրակին
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ հիմք դնել
  • Կառուցելիս ճիշտ հումքից օգտվել
  • Կդիմանա՞ աշխատանքդ կրակին
  • Ո՞վ է պատասխանատվություն կրողը
  • Օգնում ենք մարդկանց մոտենալ Եհովային
    1999 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 47. 2 Կորնթացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աստվածաշնչի գիրք համար 46. 1 Կորնթացիներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Աշխատե՛ք ձեր փրկության համար
    1998 Դիտարան
1998 Դիտարան
w98 11/1 էջ 22–27

Կդիմանա՞ աշխատանքդ կրակին

«Իւրաքանչիւր ոք թող զգոյշ լինի, թէ ինչպէս է կառուցում [հիմքի վրա]» (Ա Կորնթացիս 3։10)։

1. Ներկա կամ ապագա աշակերտների հետ ի՞նչ հույս են կապում հավատարիմ քրիստոնյաները։

ՔՐԻՍՏՈՆՅԱ ամուսինները, աչքերը հառած, նայում են իրենց նորածին մանուկին։ Աստծո Թագավորության քարոզիչն Աստվածաշունչն ուսումնասիրողի դեմքին ցանկություն և հետաքրքրվածություն է նկատում։ Ժողովի երեցը, ամբիոնից ելույթ ունենալիս, դահլիճում նկատում է նոր հետաքրքրված անհատի, որն, Աստվածաշունչն ագահաբար թերթելով, բաց է անում մեջբերված համարները։ Եհովայի այս հավատարիմ ծառաները մեծ հույսեր ունեն։ Բնականաբար, նրանցից յուրաքանչյուրի մոտ հարց է ծագում. «Կսիրի՞ այս մարդը Եհովային, կծառայի՞ ու... հավատարիմ կմնա՞ նրան»։ Ինչ խոսք, դա մեքենայաբար տեղի ունենալիք երևույթ չէ, դրա համար ջանքեր են պահանջվում։

2. Ինչպե՞ս Պողոս առաքյալը եբրայեցի քրիստոնյաներին հիշեցրեց ուսուցչական գործի կարևորության մասին, և ի՞նչ ոլորտներում պետք է այդ հիշեցումը մեզ ինքնաքննության մղի։

2 Հմուտ ուսուցիչ Պողոս առաքյալն անձամբ ընդգծեց ուսուցանելու և աշակերտներ պատրաստելու անհրաժեշտությունը։ «Դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պէտք է լինէիք»,⁠— գրեց նա (Եբրայեցիս 5։12)։ Այն քրիստոնյաները, որոնց ուղղված էին Պողոսի խոսքերը, հավատի եկած օրից ի վեր գրեթե չէին առաջադիմել։ Նրանք ոչ միայն պատրաստ չէին ուրիշներին ուսուցանելու, այլ նույնիսկ իրենց էր անձամբ հարկավոր ճշմարտության հիմնական երեսակները հիշեցնել։ Լավ է, երբ մենք ժամանակ առ ժամանակ աչքի ենք անցկացնում մեր ուսուցչական կարողությունները և մտածում, թե ինչպես կարող ենք կատարելագործվել։ Միլիոնավոր մարդկային կյանքեր վտանգի տակ են գտնվում։ Ի՞նչ կարելի է անել։

3. ա) Ինչի՞ հետ համեմատեց Պողոս առաքյալը քրիստոնյա աշակերտներ պատրաստելու գործը։ բ) Ինչպիսի՞ առանձնաշնորհում ունենք մենք՝ որպես քրիստոնյա «շինարարներ»։

3 Պողոսն ուսուցանելու ընթացքը մի ցայտուն օրինակով նմանեցրեց շինություն կառուցելուն։ «Աստծուն գործակից ենք,⁠— գրեց նա,⁠— Աստծու այգին էք, Աստծու կառոյցն էք» (Ա Կորնթացիս 3։9)։ Այսպիսով՝ մասնակցում ենք մի «շինարարության», որտեղ օգնում ենք մարդկանց Քրիստոսի աշակերտները դառնալ։ Մենք գործակիցներն ենք Նրա, «ով ամէն բան արարեց» (Եբրայեցիս 3։4)։ Իրոք որ մեծ առանձնաշնորհում է։ Այժմ տեսնենք, թե ինչպես կարող է Պողոսի՝ կորնթացիներին ուղղված, ներշնչված խորհուրդն օգնել մեզ հմտանալու մեր գործում։ Մեր ուշադրությունը հատկապես կկենտրոնացնենք «ուսուցանելու արվեստի» վրա (Բ Տիմոթէոս 4։2, ՆԱ)։

Ճիշտ հիմք դնել

4. ա) Ի՞նչ դեր ուներ Պողոսը քրիստոնեական «շինարարական» գործում։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը և նրա ունկնդիրները տեղյակ էին, թե ինչով է կարևոր ամուր հիմքը։

4 Որպեսզի կառույցն ամուր և հաստատուն լինի, պետք է նրա հիմքը ամուր դնել։ «Որպէս իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու այն շնորհի, որ տրուած է ինձ»,⁠— գրեց Պողոսը։ (Ա Կորնթացիս 3։10)։ Համանման օրինակից օգտվելով՝ Հիսուս Քրիստոսը պատմեց մի դեպք, որտեղ տունը փոթորկից հետո կանգուն էր մնացել, քանի որ կառուցողը տան համար ամուր հիմք էր ընտրել (Ղուկաս 6։47—49)։ Հիսուսին քաջ հայտնի էր, թե որքան կարևոր է, որ ամեն բան ամուր հիմք ունենա։ Նա ներկա էր, երբ Եհովան դնում էր Երկրի հիմքըa (Առակաց 8։29—31)։ Հիսուսի ունկնդիրները նույնպես ամուր հիմքի կարևորության մասին գիտեին։ Միայն կայուն հիմք ունեցող տներն էին կանգուն մնում Պաղեստինում երբեմն տեղի ունեցող երկրաշարժերից և հեղեղներից հետո։ Ի՞նչ հիմքի մասին էր, սակայն, ակնարկում Պողոսը։

5. Ո՞վ է քրիստոնեական ժողովի հիմքը, և ի՞նչ մարգարեություն էր այդ մասին տրվել։

5 «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է»,⁠— գրում է Պողոսը (Ա Կորնթացիս 3։11)։ Սա առաջին դեպքը չէր, երբ Քրիստոսը նմանեցվում էր հիմքի։ Եսայիա 28։16–ում կարդում ենք հետևյալ մարգարեությունը. «Այսպէս է ասում Եհովայ Տէրը. Ահա ես եմ որ Սիօնումը դրել եմ վէմը, ընտիր վէմ, պատուական անկիւն, հաստատահիմն հիմունք»։ Եհովան վաղուց արդեն մտադրվել էր, որ իր Որդին պետք դառնա քրիստոնեական ժողովի հիմքը (Սաղմոս 117։22; Եփեսացիս 2։19—22; Ա Պետրոս 2։4—6)։

6. Ինչպե՞ս Պողոսը ճիշտ հիմք դրեց կորնթացի քրիստոնյաների համար։

6 Իսկ ի՞նչն է հիմք հանդիսանում յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Ինչպես նշեց Պողոսը, ճշմարիտ քրիստոնյայի համար Աստծո Խոսքում հիշատակված հիմքից՝ Հիսուս Քրիստոսից բացի, ոչ մի ուրիշ հիմք գոյություն չունի։ Պողոսն, անշուշտ, հենց այդ հիմքն էր դրել։ Նա չփորձեց Կորնթոսում, որտեղ փիլիսոփայությունը մեծապես հարգված էր, մարդկանց տպավորել աշխարհիկ իմաստությամբ։ Պողոսը քարոզում էր «խաչուած Քրիստոսին», ինչը ազգերը «յիմարութիւն» էին համարում (Ա Կորնթացիս 1։23)։ Պողոսը սովորեցնում էր, որ Եհովայի նպատակների մեջ գլխավոր դերը պատկանում է Հիսուսին (Բ Կորնթացիս 1։20; Կողոսացիս 2։2, 3)։

7. Ի՞նչ դաս կարելի է քաղել Պողոսի խոսքերից, երբ իր մասին խոսեց «որպէս իմաստուն ճարտարապետի»։

7 Պողոսը նշեց, որ իր գործը կատարում էր «որպէս իմաստուն ճարտարապետ»։ Սա ինքնագոհ հայտարարություն չէր։ Նա պարզապես ընդունում էր Եհովայի տված հրաշալի պարգևը, որը կայանում էր ընթացող գործը կազմակերպելու, առաջնորդելու մեջ (Ա Կորնթացիս 12։28)։ Ճիշտ է, այսօր մենք չենք տիրապետում առաջին դարի քրիստոնյաներին շնորհված հրաշալի պարգևներին և ինքներս մեզ չենք համարում շնորհալի ուսուցիչներ։ Սակայն որոշ առումով դա այդպես է. չէ՞ որ Եհովան իր սուրբ հոգին է տալիս որպես օգնություն (համեմատեք Ղուկաս 12։11, 12)։ Մենք ունենք նաև Եհովայի սերը և նրա Խոսքի հիմնական ուսուցումները։ Սրանք, ինչ խոսք, հրաշալի պարգևներ են, որոնք կարելի է գործածել ուրիշներին սովորեցնելիս։ Եկեք որոշակի քայլեր ձեռնարկենք դրանք այնպես կիրառելու, որպեսզի կարողանանք ամուր հիմք դնել։

8. Ինչպե՞ս ենք Քրիստոսին որպես հիմք դնում ապագա աշակերտների հավատի համար։

8 Երբ Քրիստոսին որպես հիմք ենք դնում մեր հավատի համար, նրան չենք ներկայացնում մսուրում պառկած անօգնական մանուկի տեսքով, ոչ էլ որպես Եհովային հավասար, Երրորդության մի մաս։ Նման գաղափարները հիմնված չեն Աստվածաշնչի վրա և միայն կեղծ քրիստոնյաների հավատի հիմքն են հանդիսանում։ Իսկ մենք սովորեցնում ենք, որ նա երբևիցե ապրած մեծագույն մարդն է եղել, որ իր կատարյալ կյանքը տվել է հանուն մեզ և այժմ երկնքում Եհովայի կողմից նշանակված Թագավոր է (Հռովմայեցիս 5։8; Յայտնութիւն 11։15)։ Մենք նաև մեզ հետ միասին ուսումնասիրող անձանց հորդորում ենք քայլել Հիսուսի հետքերով և ընդօրինակել նրա հատկությունները (Ա Պետրոս 2։21)։ Ուզում ենք, որ այդ մարդկանց սրտին հասնեն ծառայության մեջ Հիսուսի ցուցաբերած եռանդը, խոնարհների ու հարստահարվողների հանդեպ նրա դրսևորած կարեկցանքը, ողորմածությունը՝ սեփական մեղքերի տակ հեծեծողների նկատմամբ և իրեն բաժին ընկած բոլոր փորձությունների ժամանակ դրսևորած խիզախությունը։ Անշուշտ, Հիսուսը հոյակապ հիմք է։ Սակայն ի՞նչն է հաջորդում հիմքին։

Կառուցելիս ճիշտ հումքից օգտվել

9. Չնայած Պողոսի հիմնական գործը ժողովներ հիմնադրելն էր, ինչպե՞ս էր նա վերաբերվում նրանց, ովքեր ժամանակին իրենից էին ընդունել ճշմարտությունը։

9 «Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի»,⁠— ասել է Պողոսը (Ա Կորնթացիս 3։12, 13)։ Ո՞րն է այս խոսքերի իմաստը։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչի՛ վրա էր նա հիմնվել։ Պողոսը հիմնականում «հիմք դնող» էր։ Իր միսիոներական ճանապարհորդությունների ընթացքում նա ուղևորվում էր քաղաքից քաղաք՝ քարոզելով մարդկանց, որոնք երբեք չէին լսել Քրիստոսի մասին (Հռովմայեցիս 15։20)։ Երբ մարդիկ ընդունում էին նրա մատուցած ճշմարտությունը, անմիջապես ժողովներ էին հիմնվում։ Պողոսին մեծապես մտահոգում էր այդ հավատարիմ անհատների որպիսությունը (Բ Կորնթացիս 11։28, 29)։ Սակայն գործը ստիպում էր նրան շարունակել իր ճանապարհը։ Ուստի, Կորնթոսում տասնութ ամիս անցկացնելուց և ժողով հիմնադրելուց հետո Պողոսն ուղևորվեց դեպի այլ քաղաքներ։ Այնուհանդերձ, նա առաջվա նման խորապես հետաքրքրված էր այն բանով, թե ինչպես են ուրիշները շարունակում իր կատարած աշխատանքը (Գործք 18։8—11; Ա Կորնթացիս 3։6)։

10, 11. ա) Ինչպե՞ս Պողոսը հակադրեց շինարարական երկու տարբեր տեսակի նյութերը։ բ) Ի՞նչ շինություններ հավանաբար գոյություն ունեին հին Կորնթոսում։ գ) Ո՞ր շինություններն են ավելի դիմացկուն կրակին, և ի՞նչ դաս են դրանից քաղում քրիստոնյա աշակերտներ պատրաստողները։

10 Ամենայն հավանականությամբ, Պողոսի դրած հիմքի վրա գործը շարունակողները նվազ աշխատանք էին կատարում։ Խնդիրը երևան հանելու համար Պողոսը հակադրեց շինարարական նյութերի երկու տեսակներ՝ ոսկին, արծաթը և թանկարժեք քարերը, փայտի, խոտի ու եղեգի հետ։ Որակով, ամուր և հրակայուն նյութից շինությունը կանգուն կմնա, իսկ ոմանք կարող են ժամանակավոր կայուն և արագ հրկիզվող նյութեր շուտափույթ օգտագործել շինարարության մեջ։ Կորնթոսի նման հսկայական քաղաքում, ինչ խոսք, առկա էին և՛ այսպիսի, և՛ այնպիսի շինություններ։ Պատկառազդու տաճարները թանկարժեք քարերի հսկայական բեկորներից էին կառուցված ու, թերևս, մասամբ ոսկով և արծաթով էին զարդարված։b Այդ դիմացկուն ապարանքները հավանաբար վեհաշուք տեսք ունեին կոպիտ փայտից հավաքած ու ծղոտով ծածկված խրճիթների, հյուղակների և առևտրի տաղավարների կողքին։

11 Ի՞նչ կարող էր պատահել այդ շինություններին։ Պողոսի օրերին պատասխանը նույնքան պարզ էր, որքան այսօր։ Դեռևս մ.թ.ա. 146 թ.–ին Կորնթոսը նվաճվել էր հռոմեացի զորավար Մումիոսի կողմից և կրակի մատնվել։ Փայտից, խոտից կամ էլ եղեգից պատրաստված բազմաթիվ շինություններ անշուշտ մոխրի էին վերածվել։ Իսկ ի՞նչ վիճակում էին մնացել ոսկով ու արծաթով պատված քարե ամուր կառույցները։ Անկասկած, չէին վնասվել։ Պողոսի կորնթացի աշակերտները գուցեև ամեն օր անցնում էին այդ քարե վեհ շինությունների կողքով, որոնք վերապրել էին իրենց թույլ «հարևաններին» վաղուց գետնին հավասարեցրած աղետները։ Որքա՜ն վառ օրինակ Պողոսն օգտագործեց իր ասելիքը ներկայացնելու համար։ Ուսուցանելիս՝ մեզ պետք է շինարարներ զգանք։ Պետք է աշխատենք ձեռքի տակ եղած նյութերից լավագույնով, ամենակայունով։ Այդ դեպքում, մեր կատարած աշխատանքը հավանորեն ավելի մնայուն կլինի։ Որո՞նք են այդ դիմացկուն նյութերը, և ինչո՞ւ է դրանք օգտագործելն այդքան կարևոր։

Կդիմանա՞ աշխատանքդ կրակին

12. Ի՞նչ առումով էին կորնթացի քրիստոնյաներից ոմանք անփույթ աշխատանք կատարում։

12 Պողոսը նկատել էր, որ կորնթացի քրիստոնյաներից ոմանք նվազ աշխատանք էին կատարում։ Ո՞րն էր նրանց սխալը։ Ինչպես երեվում է համատեքստից, ժողովում երկպառակություններ կային. ժողովի անդամները մեծարում էին մարդկանց՝ վտանգի տակ դնելով ժողովի միասնությունը։ Ոմանք ասում էին, թե՝ «ես Պօղոսեան եմ», ուրիշները, թե՝ «ես՝ Ապողոսեան»։ Նրանցից ոմանք, հավանաբար, պարծենում էին սեփական իմաստությամբ։ Եվ զարմանալի չէ, որ արդյունքում ժողովում մարդկային մտածելակերպով լի մթնոլորտ էր ստեղծվել՝ հոգևոր անհասուն վիճակ, ու «կռիւ եւ նախանձ» էր տարածվել (Ա Կորնթացիս 1։12; 3։1—4, 18)։ Նման վերաբերմունքն, անկասկած, արտացոլվում էր ժողովում տարվող ուսուցման և ընդհանրապես ծառայության մեջ։ Վերջի ի վերջո, աշակերտներ պատրաստելիս, նրանք անփույթ աշխատանք էին կատարում, որը կարելի էր համեմատել ցածրորակ նյութերով շինարարություն անելու հետ։ Նրանց գործը չէր դիմանա «կրակին»։ Ի՞նչ կրակի մասին էր խոսքը։

13. Ի՞նչ է իրենից ներկայացնում Պողոսի օրինակում հիշատակված կրակը, և ինչի՞ մասին պետք է տեղյակ լինեն բոլոր քրիստոնյաները։

13 «Կրակը», որին բոլորս էլ հանդիպում ենք մեր կյանքի ընթացքում, դա մեր հավատի փորձությունն է (Յովհաննէս 15։20; Յակոբոս 1։2, 3)։ Կորնթացի քրիստոնյաներին հարկավոր էր իմանալ, որ յուրաքանչյուր անհատ, որին նրանք սովորեցնում էին ճշմարտությունը, պետք է փորձվեր. այդ մասին չպետք է մոռանանք և մենք։ Եթե ճշմարտությունը խղճուկ կերպով ենք մատուցում, հետևանքները տխուր կլինեն։ Պողոսը նախազգուշացրեց. «Եթէ մէկի կառուցած գործը մնայ, նա վարձ պիտի ստանայ. եւ եթէ մէկի գործը այրուի, նա պիտի տուժի, թէեւ ինքը պիտի փրկուի, բայց նման մէկին, որ կարծես կրակի միջով անցած լինէր»c (Ա Կորնթացիս 3։14, 15)։

14. ա) Ո՞ր դեպքում քրիստոնյա աշակերտներ պատրաստողները կարող են կորուստ կրել, սակայն ինչպե՞ս կհասնեն փրկության՝ կարծես կրակի միջով անցնելով։ բ) Ինչպե՞ս կարելի է նվազեցնել կորուստներ կրելու վտանգը։

14 Ինչ խոսք, սթափեցնո՛ղ խոսքեր են։ Ցավալի է քրտնաջան աշխատանք թափելուց հետո տեսնել, թե ինչպես է ձեր կողմից ուսուցանված անհատը փորձության կամ հալածանքի ժամանակ հանձնվում՝ լքելով ճշմարտության ուղին։ Պողոսը հենց դա էլ ընդունում է՝ ասելով, որ նման պարագայում կորուստ ենք ունենում։ Այդպիսի կորուստն այնքան ցավալի կարող է լինել, որ մեր փրկությունը նկարագրվում է ‘կրակի միջով անցած լինելու’ հետ, ինչպես մի մարդ, որը հրդեհի պատճառով ամեն բան կորցնում է և միայն ինքն է հազիվ փրկվում։ Ինչ վերաբերվում է մեզ, ինչպե՞ս կարող ենք նվազեցնել նման կորստի վտանգը. դիմացկո՛ւն նյութերից կառուցելով։ Եթե ուսուցանելիս ձգտում ենք հասնել մարդկանց սրտերին, օգնելով նրանց գնահատել քրիստոնեական պատվական հատկությունները, ինչպիսիք են՝ իմաստությունը, խորաթափանցությունը, ակնածանքը դեպի Եհովան և անկեղծ հավատը, ապա կնշանակի, որ կառուցում ենք ամուր, հրակայուն նյութերից (Սաղմոս 19։9, 10; Առակաց 3։13—15; Ա Պետրոս 1։6, 7)։ Այս հատկությունները ձեռք բերողները կշարունակեն կատարել Աստծո կամքը և հավիտյան ապրելու անսասան հույսը կունենան (Ա Յովհաննէս 2։17)։ Իսկ ինչպե՞ս կարելի է գործնական օգուտ քաղել Պողոսի բերած այս օրինակից։ Քննարկենք մի քանի կերպեր։

15. Ո՞ր հարցերում է հարկավոր զգույշ լինել, որպեսզի Աստվածաշունչն ուսումնասիրողների հետ անփույթ աշխատանք չկատարենք։

15 Աստվածաշունչն ուսումնասիրելիս՝ երբեք չպետք է մարդկանց Եհովա Աստծուց վեր դասենք։ Մենք չենք ցանկանում, որ նրանք մեզ նայեն որպես իմաստության աղբյուրի, այլ կամենում ենք, որ ղեկավարության համար նայեն Եհովային, նրա Խոսքին և կազմակերպությանը։ Վերջապես նրանց հարցերին չենք պատասխանում՝ մեր սեփական տեսակետների վրա հիմնվելով։ Դրա փոխարեն՝ սովորեցնում ենք պատասխանները գտնել՝ օգտվելով Աստվածաշնչից ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» հայթայթած գրականությունից (Մատթէոս 24։45—47)։ Միևնույն պատճառով, ուշադիր ենք նաև այն հարցում, որպեսզի մեզ հետ ուսումնասիրող անհատներին չդարձնենք մեր սեփականությունը։ Երբ մյուսները հետաքրքրություն են հանդես բերում մեր աշակերտների հանդեպ, վրդովվելու փոխարեն, ընդհակառակը, պետք է քաջալերենք նրանց ‘լայնորեն բաց անելու իրենց սրտերը’՝ ծանոթանալով և մտերմանալով ժողովի անդամներից որքան կարելի է շատերի հետ (Բ Կորնթացիս 6։12, 13)։

16. Երեցներն ինչպե՞ս կարող են կառուցել հրակայուն նյութերից։

16 Ժողովի երեցները ևս աշակերտներ պատրաստելու գործում կարևոր դեր ունեն։ Ժողովում սովորեցնելիս՝ նրանք ջանում են հրակայուն նյութերից «կառուցել»։ Նրանց ուսուցողական ընդունակությունները, փորձառություններն ու խառնվածքը խիստ տարբերվում են իրարից, սակայն նրանք չեն օգտվում այդ տարբերություններից՝ իրենց համար հետևորդներ հավաքելու միտումով (համեմատեք Գործք 20։29, 30)։ Ստույգ չենք կարող ասել, թե ինչո՛ւ էին կորնթացիներից ոմանք ասում՝ «ես Պօղոսեան եմ», կամ՝ «ես՝ Ապողոսեան», սակայն կարող ենք վստահությամբ ասել, որ այնտեղի հավատարիմ երեցներից ոչ մեկը նման պառակտիչ մտածելակերպի չի հորդորել։ Պողոսը ոչ միայն չշոյվեց նրանց դրսևորած վերաբերմունքից, այլև խստորեն ժխտեց նրանց կարծիքները (Ա Կորնթացիս 3։5—7)։ Այսօր նույնպես երեցները շարունակ հիշում են այն մասին, որ ‘Աստծո հոտն’ են արածեցնում (Ա Պետրոս 5։2)։ Այն մարդկանցից ոչ մեկի սեփականությունը չէ։ Ուստի, երեցները հաստատակամ դիրք են բռնում, երբ նկատում են որևէ մեկի՝ ժողովում կամ էլ երեցների խորհրդում իշխել փորձելու հակումը։ Ժողովին խոնարհությամբ ծառայելով, մարդկանց սրտերին հասնելով և Եհովային ողջ սրտով ծառայելու գործում ժողովի անդամներին օգնելով՝ երեցները կառուցում են հրակայուն նյութերից։

17. Ի՞նչ կերպերով են քրիստոնյա ծնողները ջանում կառուցել հրակայուն նյութերով։

17 Այս հարցը հետաքրքրում է նաև քրիստոնյա ծնողներին։ Նրանց ցանկությունը՝ իրենց երեխաներին տեսնել հավիտյան ապրելիս, անչափ մեծ է։ Ահա թե ինչո՛ւ են իրենց զավակներին «կրկնում» Աստծո Խոսքում ամփոփված սկզբունքները, սերմանում դրանք նրանց սրտերում (Բ Օրինաց 6։6, 7)։ Նրանց նպատակն է, որ երեխաները ճշմարտությունը ճանաչեն որպես երջանիկ, պարգևատրող և լիարժեք կյանքի ուղի, և ոչ թե զուտ կանոնների շարան կամ անգիր արած փաստեր մտապահեն (Ա Տիմոթէոս 1։11)։ Որպեսզի իրենց երեխաներին օգնեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները դառնալ, հոգատար ծնողները ջանում են հրակայուն «շինարարական նյութեր» օգտագործել։ Նրանք համբերատարությամբ աշխատում են իրենց երեխաների հետ՝ օգնելով նրանց վերացնելու Եհովային տհաճ հատկությունները և զարգացնելու այնպիսի հատկություններ, որոնք հաճելի են Աստծուն (Գաղատացիս 5։22, 23)։

Ո՞վ է պատասխանատվություն կրողը

18. Երբ աշակերտը հրաժարվում է առողջ ուսուցումից, ինչո՞ւ չի կարելի անպայման ասել, որ դա ուսուցումն անցկացնողի մեղավորության արդյունքն է։

18 Մեր այս քննարկումը կարևոր հարց է բարձրացնում։ Եթե մեր հետաքրքրվողներից որևէ մեկը ետ է կանգնում ճշմարտությունից, արդյո՞ք դա նշանակում է, որ այդ մենք ենք որպես ուսուցիչներ թերացել՝ կառուցելով ցածրորակ նյութերից։ Միշտ չէ, որ դա այդպես է։ Պողոսի խոսքերը հիշեցնում են այն մասին, որ աշակերտներ պատրաստելու գործը մեծ պատասխանատվության հարց է։ Մենք պատրաստ ենք մեր ուժերից եկածն անելու։ Սակայն Աստծո Խոսքը չի պատվիրում մեզ վրա վերցնել ողջ պատասխանատվությունը և տանջվել մեղավորության զգացումից, երբ այդ մարդկանցից որևէ մեկը ետ կանգնի ճշմարտությունից։ Մեր կառուցելուց բացի, կան նաև այլ հանգամանքներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոսն ինչ է ասում թերի աշխատանք կատարած ուսուցչի մասին, որ «անիկա վնաս պիտի քաշէ, բայց ինք պիտի ազատի» (Ա Կորնթացիս 3։15, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Եթե այդ անհատը վերջիվերջո փրկություն պիտի ստանա, իսկ այն քրիստոնյա անձնավորությունը, որը նա ստեղծել էր իր աշակերտի մեջ, պիտի «այրուի» կրակի փորձության ժամանակ, ինչպես ներկայացված է վերոհիշյալ համարում, ի՞նչ կարելի է եզրակացնել։ Եհովան, վստահաբար, աշակերտին է պատասխանատու համարում իր սեփական որոշումների մեջ՝ այն հարցում՝ կմնա՞ արդյոք նա հավատարիմ, թե ոչ։

19. Ինչի՞ մասին է խոսվելու հաջորդ հոդվածում։

19 Անձնական կամ անհատական պատասխանատվություն կրելը լուրջ հարց է։ Այն վերաբերում է յուրաքանչյուրիս։ Թե ի՛նչ է ասվում Աստվածաշնչում այս հարցի շուրջ, կկարդանք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություններ]

a «Երկրի հիմունքը» կարելի է վերագրել Երկիրը և բոլոր երկնային մարմիններն իրենց տեղում ամուր պահող ֆիզիկական ուժերին։ Երկիրը նաև այնպես է կառուցված, որ երբեք «տեղիցը չ’շարժուի», այսինքն՝ այլևս երբեք չկործանվի (Սաղմոս 104։5)։

b Պողոսի հիշատակած «թանկարժէք քարերը» անպայման չէ հասկանալ որպես թանկարժեք ակնեղեն՝ ադամանդ կամ սուտակ։ Դրանք կարող էին լինել մարմարի, ալեբաստրի և գրանիտի քարեր։

c Պողոսը կասկածի է ենթարկում ոչ թե կառուցողի, այլ՝ նրա «գործի» փրկությունը։

Ինչպե՞ս կպատասխանեիք

◻ Ո՞րն է ճշմարիտ քրիստոնյայի հավատի «հիմքը», և ինչպե՞ս է այդ հիմքը դրվում։

◻ Ի՞նչ կարելի է սովորել շինարարական տարբեր տեսակի նյութերի օրինակից։

◻ Ի՞նչ է պատկերում «կրակը», և ինչպե՞ս կարող են ոմանք «տուժել» այդ կրակից։

◻ Աստվածաշունչ ուսուցանողները, երեցներն ու ծնողները ինչպե՞ս կարող են կառուցել հրակայուն նյութերով։

[նկար 23–րդ էջի վրա]

Բազմաթիվ հնագույն քաղաքներում քարե, հրակայուն շինությունները կանգնած են եղել ոչ դիմացկուն կառույցների կողքին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը