Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 8/1 էջ 4–6
  • Անհավասարությունն Աստծո կամքո՞վ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անհավասարությունն Աստծո կամքո՞վ
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անհավասարության պատճառը
  • Երբևէ կփոխվի՞ իրավիճակը
  • Անհավասարությունը ներկայիս հասարակության պատուհասն է
    1999 Դիտարան
  • Ինչպես թեթևացնել անհավասարության ճնշումը
    1999 Դիտարան
  • Տնտեսական խնդիրներ. ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը
    Այլ նյութեր
  • Հնարավո՞ր է արդյոք անդասակարգ հասարակություն
    2002 Դիտարան
Ավելին
1999 Դիտարան
w99 8/1 էջ 4–6

Անհավասարությունն Աստծո կամքո՞վ

Այս հարցին կարելի է պատասխանել մեկ բառով՝ ո՛չ։ Եկեք տեսնենք, թե ինչո՛ւ։

ԱՍՏՎԱԾ նախատեսել էր, որ բոլոր մարդիկ հավասարապես վայելեին կյանքը և երջանիկ լինեին։ Մարդու արարման մասին կարդում ենք. «Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ»։ Երկրային բոլոր բաները ստեղծելուց հետո «Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր» (Ծննդոց 1։26, 31)։

Կարո՞ղ է Աստված, ներկայումս տիրող անհավասարության տխուր պատկերը տեսնելով, ասել՝ «շատ բարի» է։ Դժվար թե, չէ՞ որ «Աստուած սէր է» (Ա Յովհաննէս 4։8)։ Գրություններում ասվում է, որ նա «աչառութիւն չի անիլ», և որ նրա «գործը կատարեալ է.... նորա ամեն ճանապարհները իրաւունք են [«արդար են», Արևմտ. Աստ.]. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չ’ունի. արդար եւ ուղիղ է նա» (Բ Օրինաց 10։17; 32։4; համեմատեք Յոբ 34։19)։ Իսկ Պետրոս առաքյալը եզրակացրեց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։

Մի՞թե տրամաբանական է, որ սիրող, անաչառ, արդար, ուղիղ Աստվածը մարդկանց ստեղծեր այնպես, որ նրանք չկարողանային հավասարապես օգտվել երջանիկ լինելու իրավունքից։ Եթե նա մարդկային հասարակության մեջ թույլատրեր խտրականությունը և մարդկանց բնակեցներ այդպիսի աշխարհում, ապա հեռու կլիներ այն անձնավորությունը լինելուց, որին մենք ճանաչում ենք։ Նրա կամքն էր, որ բոլոր մարդիկ «ծնվեին ազատ և իրավահավասար իրենց արժանապատվության և իրավունքների մեջ»։ Մինչդեռ այսօր հակառակ պատկերն ենք տեսնում։ Ինչո՞ւ։

Անհավասարության պատճառը

Աստված մարդկանց ստեղծել է հավասար, սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլոր հարցերում պետք է լինեին հավասար։ Յուրաքանչյուր ոք իր անհատական խառնվածքը, ճաշակն ունի, և, ինչ խոսք, մարդիկ իրարից տարբերվում են իրենց ընդունակություններով։ Նրանք կարող են տարբերվել նաև հասարակության մեջ իրենց գրաված դիրքով, ունեցած պատասխանատվություններով։ Օրինակ՝ տղամարդն ու կինը բոլոր առումներով չէ, որ հավասար են, քանի որ Աստված կնոջը ստեղծել է որպես «օգնական» «իրան [տղամարդուն] յարմար» (Ծննդոց 2։18)։ Անշուշտ, ծնողների ու երեխաների ունեցած իրավունքները նույնպես միանման չեն։ Այնուամենայնիվ, չնայած այս տարբերություններին, բոլորը՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք և թե՛ երեխաները, պետք է միևնույն չափով օգտվեին երջանիկ լինելու իրավունքից. նշանակում է Աստված նրանց ա՛յդ առումով է իրավահավասար ստեղծել։ Բոլոր մարդիկ նրա առջև հավասար դիրք են գրավում և հավասարապես թանկ են նրա համար։

Նույնը կարելի է ասել մարդու արարումից առաջ ստեղծված Աստծո հոգեղեն որդիների մասին, որոնք բոլորն էլ տարբեր հանձնարարություններ և պարտականություններ են ստացել (Ծննդոց 3։24; 16։7—11; Եսայիա 6։6; Յուդա 9)։ Անկախ այս հանգամանքից՝ Աստծո դրած որոշակի սահմանների ներսում նրանք կարող էին հավասարապես վայելել այն ամենը, ինչ Աստված տվել էր նրանց կյանքի և երջանկության համար։ Սա Աստծո հատկություններից մեկի՝ արդարության վառ վկայությունն է։

Ցավոք, Աստծո երկնային որդիներից մեկին դուր չեկավ Աստծո սահմանած արդար կարգ ու կանոնը։ Նա չբավարարվեց Աստծուց ստացած դիրքով, այլ սկսեց ձգտել ավելի բարձր և պատվավոր դիրքի։ Իր մեջ փայփայելով այս ցանկությունը՝ նա ոտք մեկնեց բարձրագույն դիրքի միակ իրավունքը ունեցող Արարչի՝ Եհովայի հետ։ Ավելի ուշ այս անհնազանդ երկնային որդին մարդկանց դրդեց, որ, չբավարարվելով իրենց ունեցածով, Աստծուց ավելին պահանջեն (Ծննդոց 3։1—6; համեմատեք Եսայիա 14։12—14)։ Այդ ըմբոստ արարքը խախտեց Եհովայի սահմանած կարգ ու կանոնը, որի շնորհիվ միայն կարող էին մարդիկ երջանիկ ապրել։ Յայտնութիւն 20։2–ում «Բանսարկու եւ Սատանա» անվանված այդ անհնազանդ ոգին մարդկային հասարակության մեջ անհավասարության հիմքը դրեց։

Երբևէ կփոխվի՞ իրավիճակը

Այս հարցին ևս կարելի է պատասխանել ընդամենը մեկ բառով՝ այո՛։

Իսկ ումի՞ց է կախված իրավիճակի փոփոխությունը։ Դարեր շարունակ աշխարհի քաղաքագետները՝ հաճախ ամենաանկեղծ մղումներով, փորձել են լուծել անհավասարության խնդիրը։ Նրանց ջանքերը հաճախ անարդյունք են եղել, որի հետևանքով շատերը եկել են այն եզրակացության, թե անհնարին է այն արմատախիլ անել։ Սակայն Եսայիա 55։10, 11 խոսքերը, ծանոթացնելով մեզ Աստծո տեսակետին, հակառակն են հուշում. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի»։

Որքա՜ն մխիթարիչ է իմանալ, որ Եհովա Աստված խոստացել է ի կատար ածել իր նախնական նպատակը և բոլոր մարդկանց կյանքի ու երջանկության միանման հնարավորություն ընձեռել։ Եհովան ճշմարտության Աստված է, ուստի պարտավորվել է կատարել իր խոստումը։ Ի ուրախություն մեզ, Աստված և՛ ցանկանում է, և՛ ի վիճակի է այդ անելու։ Սակայն հարց է ծագում՝ ինչպե՞ս։

Աստված իր խոստումն ի կատար է ածելու այն Թագավորության միջոցով, որի մասին Հիսուս Քրիստոսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել. «Հա՛յր մեր, որ երկնքում ես.... քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է» (Մատթէոս 6։9, 10)։ Այդ Թագավորության միջոցով Եհովան «պիտի փշրէ եւ վերջացնէ [այժմ գոյություն ունեցող] այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը [Աստծո Թագավորությունը] կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։

Երկնային Թագավորության իշխանության ներքո կստեղծվի մարդկային նոր հասարակություն։ Այդ մասին իմանում ենք Աստվածաշնչի վերջին գրքից՝ «Յայտնութիւնից», որտեղ Հովհաննես առաքյալը գրում է. «Տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին» (Յայտնութիւն 21։1)։ Անհավասարության պատճառած դառը պտուղները՝ չքավորությունը, հիվանդությունները, անգրագիտությունը, խտրականությունը և մարդկությանը դժբախտություններ բերող այլ երևույթներ անցյալի գիրկը կանցնեն։a

Արդեն հարյուր տարուց ավելի է, որ Եհովայի վկաները պատմում են Աստծո Թագավորության մասին (Մատթէոս 24։14)։ Աստվածաշնչյան գրականություն տարածելով և մարդկանց անհատական օգնություն ցույց տալով՝ նրանք ամեն բան անում են, որպեսզի յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա Աստվածաշնչից իմանալ Աստծո նպատակները։ Այս աշխարհածավալ լուսավորչական գործունեության շնորհիվ մարդիկ ոչ միայն ձեռք են բերում ապագայում լիարժեք հավասարության պայմաններում և երջանիկ ապրելու հույսը, այլև այսօր արդեն որոշ առումով հաղթանակ են տանում անհավասարության դեմ։ Եկեք տեսնենք, թե ինչպե՛ս։

[ծանոթագրություն]

a Թե ինչպես է Աստծո Թագավորությունը շուտով վերացնելու համընդհանուր անհավասարության խնդիրը, ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքից՝ գլուխ 10, 11. հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։

[նկար 5–րդ էջի վրա]

Աստծո կամքն էր, որ բոլոր մարդիկ հավասարապես վայելեին կյանքը և երջանիկ լինեին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը