Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 1/1 էջ 2–5
  • Հավատը կարող է վերափոխել ձեր կյանքը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հավատը կարող է վերափոխել ձեր կյանքը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատը կարող է փոխել ընտանեկան կյանքը
  • Հավատը օգնում է արհամարհվածներին
  • Ճշմարիտ հավատ
  • Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ավելացրու մեր հավատը»
    2015 Դիտարան
  • Հավատ. ամուր մնալու գրավական
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին
    2003 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 1/1 էջ 2–5

Հավատը կարող է վերափոխել ձեր կյանքը

«ԱՌԱՆՑ Աստծո էլ հնարավոր է բարոյական արժեքներ ունենալ»։ Այսպես է արտահայտվել ագնոստիցիզմի կողմնակից մի կին։ Նա նաև նշել է, որ իր երեխաներին մեծացրել է բարոյական բարձր չափանիշներով, իր երեխաներն էլ իրենց երեխաներին են նույն ձևով դաստիարակել, և իրենցից ոչ մեկն էլ չի հավատացել Աստծուն։

Արդյո՞ք սա նշանակում է, թե հավատն առ Աստված ավելորդ է։ Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ կինն այս կարծիքին է։ Իհարկե, չի կարելի ասել, որ Աստծուն չհավատացող բոլոր մարդիկ անպայմանորեն վատն են։ Պողոս առաքյալը խոսեց ‘հեթանոսների’ մասին, ովքեր չէին ճանաչում Աստծուն, բայց ‘բնությամբ էին օրենքի գործերն անում’ (Հռովմայեցիս 2։14, ԱԹ)։ Բոլորը, այդ թվում նաև ագնոստիկները, ծնված օրից օժտված են խղճի զգացումով։ Շատերն են փորձում առաջնորդվել նրանով, նույնիսկ եթե չեն հավատում Աստծուն՝ ճիշտն ու սխալը տարբերելու բնածին ունակությունը տվողին։

Սակայն Աստծո նկատմամբ աստվածաշնչյան հիմք ունեցող հավատն ավելի զորեղ ուժ է հանդիսանում բարին գործելու համար, քան պարզապես խղճի առաջնորդությունը։ Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա հիմնված հավատը սնում է խիղճը, դարձնում այն ավելի զգայուն ճիշտը սխալից զատորոշելու համար (Եբրայեցիս 5։14)։ Դեռ ավելին, հավատը ուժ է տալիս մարդուն կառչած մնալու իր բարձր չափանիշներին, երբ նա սարսափելի ճնշումների տակ է գտնվում։ Օրինակ՝ 20–րդ դարի ընթացքում, շատ երկրներում տիրում էր քաղաքական այնպիսի վարչակարգ, որտեղ տարածված էր կաշառակերությունը, որը և բարեպաշտ մարդկանց հայտնապես մղում էր հանցագործության։ Այնուամենայնիվ, Աստծո նկատմամբ ճշմարիտ հավատ ունեցողները, նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելով, մերժել են իրենց սկզբունքներին դեմ գնալ։ Ի հավելումն այս ամենի, Աստվածաշնչի վրա հիմնված հավատը կարող է նաև վերափոխել մարդկանց։ Այն կարող է փրկել կորած համարվող կյանքերը և օգնել՝ խուսափելու լուրջ սխալներ գործելուց։ Նկատի առնենք մի քանի օրինակներ։

Հավատը կարող է փոխել ընտանեկան կյանքը

«Ձեր հավատի միջոցով դուք հասաք անհնարինին»։ Այսպես ասաց անգլիացի մի դատավոր Ջոն և Տանյա անունով ամուսինների երեխաների խնամակալության հարցի շուրջ որոշում կայացնելիս։ Նրանց ընտանիքը քայքայման եզրին էր. ամուսնությունը օրենքով գրանցված չէր, իսկ ընտանեկան վիճակն ուղղակի սարսափելի էր։ Թմրադեղերի ու մոլեխաղերի նկատմամբ իր հակումը բավարարելու համար Ջոնը կապ էր հաստատել հանցագործ աշխարհի հետ՝ բոլորովին անուշադրության մատնելով կնոջն ու երեխաներին։ Ուստի, այդ ի՞նչ «հրաշք» էր տեղի ունեցել։

Մի օր, Ջոնը լսում է, թե ինչպես է իր եղբորորդին պատմում դրախտի մասին։ Հետաքրքրությունից դրդված նա սկսում է հարցուփորձ անել տղայի ծնողներին։ Ծնողները Եհովայի վկաներ են և օգնում են Ջոնին դրախտի մասին տեղեկանալ Աստվածաշնչից։ Աստիճանաբար, Ջոնն ու Տանյան Աստվածաշնչի վրա հիմնված հավատ են մշակում, որն էլ վերափոխում է նրանց կյանքը։ Նրանք օրինականացնում են իրենց ամուսնությունը և ազատվում վատ սովորություններից։ Իրավասու անձինք, ովքեր զբաղվում էին այդ ընտանիքի հարցով, նկատում են մի բան, որը կարճ ժամանակ առաջ թվում էր անհնարին՝ երջանիկ ընտանիք, մաքուր տուն, երեխաներ դաստիարակելու համար նպաստավոր վայր։ Դատավորն իրավացի էր, նշելով, որ այս հրաշքը Ջոնի և Տանյայի ձեռք բերած հավատի շնորհիվ էր։

Անգլիայից հազարավոր կիլոմետրեր այն կողմ՝ Մերձավոր Արևելքում ապրող մի երիտասարդ կին գրեթե պատրաստ էր մտնելու տխուր վիճակագրության ցուցակը։ Նա էլ միանալու էր այն միլիոնավոր անհատների շարքերին, որոնց ամուսնությունն ավարտվում է ապահարզանով։ Այդ կինն ուներ մի երեխա։ Ամուսինն իրենից բավականին տարիքով մեծ էր, և այդ պատճառով բարեկամները համոզում էին ամուսնալուծվել։ Նա սկսել էր քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և միևնույն ժամանակ ուսումնասիրում էր Աստվածաշունչը Եհովայի վկաներից մեկի հետ։ Իմանալով իրավիճակը, այդ Վկան բացատրում է, որ ըստ Աստվածաշնչի ամուսնությունը Աստծո կողմից պարգև է և, որ չի կարելի թեթևամտորեն կործանել այն (Մատթէոս 19։4—6, 9)։ Կինը սկսում է խորհել. «Տարօրինակ է, որ օտար մարդը փորձում է փրկել մեր ընտանիքը, մինչդեռ իմ հարազատներն ուզում են այն քանդել»։ Իր ձեռք բերած հավատը օգնում է նրան պահպանել ամուսնությունը։

Ընտանեկան կյանքին վերաբերող վիճակագրության սև էջերն են լցնում արհեստական վիժումները։ Ըստ ՄԱԿ–ի հաշվետվության՝ տարեկան ամենաքիչը 45 միլիոն չծնված երեխաներ արհեստական վիժումների զոհն են դառնում։ Այս դեպքերից յուրաքանչյուրը ողբերգություն է։ Աստվածաշնչի գիտությունը Ֆիլիպիններում ապրող մի կնոջ օգնել է խուսափել վիճակագրական այդ տվյալներում «իր լուման դնելուց»։

Այս կինը հանդիպում է Եհովայի վկաներին, վերցնում առաջարկված «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում»a գրքույկը և սկսում ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ամիսներ անց նա բացատրում է, թե ինչո՞ւ է համաձայնվել ուսումնասիրության. երբ Վկաներն առաջին անգամ այցելել են, նա հղի է եղել, սակայն ամուսնու հետ միասին որոշել են արհեստական վիժումի դիմել։ Այնուամենայնիվ, գրքույկի 24–րդ էջում պատկերված չծնված երեխայի նկարը շարժել է կնոջ սիրտը։ Նկարի կողքին գտնվող բացատրությունը, որտեղ ասվում է, որ կյանքը սուրբ է, քանի որ կյանքի աղբյուրը Աստված է, համոզել է նրան պահպանել երեխայի կյանքը (Սաղմոս 36։9)։ Հիմա նա մի հիասքանչ, առողջ մանկիկի մայր է։

Հավատը օգնում է արհամարհվածներին

Եթովպիայում, աղքատիկ հագնված երկու մարդ այցելում են Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը։ Հանդիպման ավարտին Վկաներից մեկը մոտենում է նրանց և բարեկամաբար ողջունում։ Տղամարդիկ ողորմություն են խնդրում։ Սակայն այդ Վկան նրանց դրամից ավելի թանկ բան է տալիս։ Նա քաջալերում է նրանց Աստծո նկատմամբ հավատ զարգացնել, որը «առաւել արժէքաւոր է, քան.... ոսկին» (Ա Պետրոս 1։7)։ Նրանցից մեկը հետաքրքրություն է ցուցաբերում և սկսում Աստվածաշունչն ուսումնասիրել։ Դա արմատապես վերափոխում է իր կյանքը։ Աճելով հավատի մեջ, նա թողնում է ծխելը, խմելը, անառակ կյանք վարելը և խատի (հակում առաջացնող գրգռիչ նյութի) գործածումը։ Մուրալու փոխարեն, սովորում է, թե ինչպես կարելի է հոգալ սեփական կարիքները։ Այժմ նա ապրում է մաքուր կյանքով, և նրան կարելի է կոչել հասարակության պիտանի անդամ։

Իտալիայում 47–ամյա մի մարդ դատապարտվել էր տաս տարի ազատազրկման և գտնվում էր բանտի հոգեբուժական հիվանդանոցում։ Մի Եհովայի վկա, որը հատուկ թույլտվությամբ այցելում էր բանտ, որպեսզի հոգևոր օգնություն ցույց տա բանտարկյալներին, նրա հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է սկսում։ Այդ մարդն արագ առաջխաղացում է ունենում։ Հավատն այնպես է փոխում նրա կյանքը, որ մյուս բանտարկյալներն իրենց խնդիրների լուծման համար նրանից են խորհուրդ հարցնում։ Աստվածաշնչի վրա հիմնված իր հավատի շնորհիվ նա նվաճում է նաև բանտի աշխատողների հարգանքն ու վստահությունը։

Վերջին տարիներին լրագրերը հայտնում են Աֆրիկայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմների մասին։ Հատկապես սարսափելի են որպես զինվոր մարզված պատանիների մասին հաղորդագրությունները։ Այս երեխաներին դարձնում են թմրամոլ, նրանց հետ վարվում են դաժանորեն և ստիպում անմարդկայնորեն վերաբերվել իրենց ազգականների նկատմամբ, որպեսզի ապացուցվի իրենց բացառիկ հավատարմությունը այն խմբավորման նկատմամբ, որի համար կռվում են։ Արդյո՞ք Աստվածաշնչի վրա հիմնված հավատը բավականին զորեղ է վերափոխելու այսպիսի պատանիների կյանքը։ Ահա երկու դեպք։

Լիբերիայում, Ալեքս անունով մի տղա կաթոլիկական եկեղեցում, զոհասեղանի մոտ սպասավորություն էր անում։ Սակայն 13 տարեկան հասակում, թողնելով այն, նա միանում է մի խմբավորման և դառնում տխրահռչակ պատանի զինվոր։ Կռիվներում քաջություն ունենալու համար նա սկսում է կախարդությամբ զբաղվել։ Ընկերներից շատերը սպանվում են այդ մարտերում, իսկ նա մնում է կենդանի։ 1997 թ.–ին Ալեքսը ծանոթանում է Եհովայի վկաների հետ ու նկատում է, որ նրանք իրեն չեն արհամարհում։ Վկաներն օգնում են նրան իմանալ Աստվածաշնչի տեսակետը բռնության վերաբերյալ։ Ալեքսը հեռանում է բանակից։ Երբ հավատը նրա մեջ սկսում է զորանալ, նա հետևում է Աստվածաշնչի հրահանգին. «Թող ետ քաշուի չարից եւ բարին անի, թող խաղաղութիւն փնտռի եւ գնայ նրա ետեւից» (Ա Պետրոս 3։11)։

Միևնույն ժամանակ, նախկինում զինվոր եղած մի երիտասարդ, որի անունը Սեմսըն է, գալիս է այն քաղաքը, որտեղ Ալեքսն է ապրում։ Մինչ զորագրվելը, նա երգել էր եկեղեցու երգչախմբում։ 1993 թ.–ին զինվորագրվել էր ու սկսել թմրադեղեր օգտագործել, զբաղվել՝ ոգեհարցությամբ և անբարոյականությամբ։ 1997 թ.–ին նա զորացրվում է։ Սեմսընը մտադրվում է մեկնել Մոնրովիա՝ մտնելու հատուկ նշանակման զորքերը, երբ ընկերներից մեկը համոզում է նրան Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Արդյունքում, նա ձեռք է բերում Աստվածաշնչի վրա հիմնված հավատ։ Դա նրան համարձակություն է տալիս թողնելու իր ռազմատենչ ոգով լեցուն ապրելակերպը։ Այժմ, Ալեքսն ու Սեմսընը խաղաղ և բարեպաշտ կյանք են վարում։ Կարո՞ղ էր Աստվածաշնչի վրա հիմնված հավատից բացի մեկ այլ բան այսպիսի փոփոխություններ մտցնել վայրագացած մարդկանց կյանքերում։

Ճշմարիտ հավատ

Սրանք ընդամենը մի քանիսն են այն բազում դեպքերից, որոնք նկարագրում են իսկական հավատի զորությունը։ Իհարկե, Աստծուն հավատացողներից ոչ բոլորն են ապրում Աստվածաշնչի բարձր չափանիշների համաձայն։ Իրականում կան աթեիստներ, որոնք ավելի բարոյական կյանք են վարում, քան իրենց քրիստոնյա համարող որոշ մարդիկ։ Պատճառն այն է, որ Աստվածաշնչի վրա հիմնված հավատ ունենալն իր մեջ ավելին է ընդգրկում, քան լոկ պնդումը, թե հավատում են Աստծուն։

Պողոս առաքյալը հավատն անվանեց «յուսացուած բաների հաստատումը եւ ապացոյցն այն բաների, որոնք չեն երեւում» (Եբրայեցիս 11։1)։ Ուստի, հավատն իր մեջ բովանդակում է ամուր համոզվածություն անտեսանելի բաների նկատմամբ, որոնք հիմնված են անհերքելի փաստերի վրա։ Այդպիսի հավատ ունենալու համար անհրաժեշտ է լիովին վստահ լինել, որ Աստված գոյություն ունի, որ նա անտարբեր չէ մեր նկատմամբ, և որ օրհնելու է բոլոր իր կամքը կատարողներին։ Առաքյալը նաև ասաց. «Նա, ով մօտենում է Աստծուն, պէտք է հաւատայ, որ Աստուած կայ եւ վարձահատոյց է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն» (Եբրայեցիս 11։6)։

Հենց այսպիսի՛ հավատն էր, որ վերափոխեց Ջոնի, Տանյայի և այս հոդվածում հիշատակված մյուսների կյանքը։ Հավատի շնորհիվ նրանք լիակատար վստահություն ձեռք բերեցին դեպի Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը՝ գիրք, որը հիանալի առաջնորդություն կարող է ծառայել որոշումներ կայացնելիս։ Այն օգնեց նրանց ժամանակավոր զոհողությունների գնալ հանուն կյանքի՝ հեռանալով սխալ ճանապարհից։ Ինչքան էլ որ միմյանցից տարբեր են այս դեպքերը, այնուամենայնիվ, բոլորն էլ ունեցել են միևնույն սկիզբը. այս անհատներից յուրաքանչյուրը սկսել է ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ և համոզվել հետևյալ խոսքերի ճշմարտացիության մեջ. «Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր» (Եբրայեցիս 4։12, ԱԹ)։ Աստծո Խոսքը ամեն մեկին անհատապես օգնել է ամուր հավատ կառուցել, ինչը և բարեփոխել է նրանց կյանքը։

Եհովայի վկաները գործում են ավելի քան 230 երկրներում և կղզիներում։ Նրանք ձեզ սիրով առաջարկում են Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Ինչո՞ւ։ Որովհետև համոզված են, որ Աստվածաշնչի վրա հիմնված հավատը կարող է արմատապես բարեփոխել ձեր կյանքը։

[ծանոթագրություն]

a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։

[նկար 3–րդ էջի վրա]

Աստվածաշնչի վրա հիմնված հավատը բարեփոխում է մարդկանց կյանքը։

[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Title card of Biblia nieświeska by Szymon Budny, 1572

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը