Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 3/1 էջ 3–4
  • Աղոթքի ուժը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղոթքի ուժը
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ոչ բոլոր խնդրանքներն են կատարվում
  • Հոգևորապես ապաքինվելու ժամանակ
  • Ռեբեկան ուզում էր ուրախացնել Եհովային
    Սովորեցրեք ձեր երեխաներին
  • Ռեբեկան ուզում էր արժանանալ Եհովայի հաճությանը
    2010 Դիտարան
  • «Կգնա՛մ»
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ռեբեկա. վճռական կին, որ վախենում էր Աստծուց
    2004 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 3/1 էջ 3–4

Աղոթքի ուժը

Միջին Արևելքում գտնվող Նաքովրի քաղաքում արևն արդեն մայր էր մտնում։ Եղիազար անունով մի սիրիացի տասը ուղտերից բաղկացած քարավանով հասնում և կանգ է առնում քաղաքից դուրս գտնվող մի ջրհորի մոտ։ Չնայած հոգնածությանն ու ծարավին՝ Եղիազարն առաջին հերթին մտահոգվում է ուրիշների կարիքներով։ Նա եկել էր օտար երկրից, որպեսզի իր տիրոջ որդու համար կին գտներ. դեռ ավելին, այդ կնոջը նա պետք է փնտրեր տիրոջ ազգականների միջից։ Ինչպե՞ս էր նա կատարելու այս դժվարին հանձնարարությունը։

ԵՂԻԱԶԱՐԸ վստահում է աղոթքի ուժին։ Հավատով լի, երեխային հատուկ անկեղծությամբ նա ներկայացնում է իր խոնարհ խնդիրքը. «Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած, հանդիպեցրու իմ առաջին այսօր, եւ իմ տիրոջ Աբրահամին բարերարութիւն արա. Ահա ես ջրի աղբիւրի մօտ կ’կանգնեմ. եւ այս քաղաքի մարդկանց աղջկերքը դուրս են գալիս ջուր հանելու։ Եւ լինի՝ այն աղջիկը որին որ ես ասեմ, Սափորդ ցածացրու որ խմեմ, եւ նա ասէ թէ Խմիր, եւ քո ուղտերին էլ կ’խմեցնեմ, նա լինի քո ծառայ Իսահակի համար սահմանածդ. եւ սորանով գիտենամ որ իմ տիրոջը բարերարութիւն արիր» (Ծննդոց 24։12—14)։

Եղիազարի վստահությունն աղոթքի ուժի նկատմամբ իզուր չէր, քանի որ ջրհորին մոտեցող հենց առաջին աղջիկը Աբրահամի եղբորորդու դուստրն էր՝ Ռեբեկա անունով պարկեշտ ու գեղեցիկ մի կույս։ Զարմանալիորեն, այդ աղջիկը ոչ միայն ջուր է տալիս Եղիազարին, այլև բարյացակամորեն առաջարկում է նրա բոլոր ուղտերին էլ խմեցնել։ Հետագայում՝ ընտանեկան խորհրդակցությունից հետո, Ռեբեկան իր հոժար կամքով համաձայնվում է նրա հետ մեկնել հեռավոր երկիր՝ Աբրահամի որդի Իսահակի կինը դառնալու։ Ինչպիսի՜ տպավորիչ ու հստակ պատասխան է տրվում Եղիազարի աղոթքին այն օրերում, երբ դեռ Աստված ժամանակ առ ժամանակ հրաշքով միջամտում էր իրադարձություններին։

Եղիազարի աղոթքից շատ բան կարող ենք սովորել։ Այն ցույց տվեց նրա մեծ հավատը, խոնարհությունն ու ուրիշների կարիքների նկատմամբ անշահախնդիր վերաբերմունքը։ Եղիազարի աղոթքը ցույց տվեց նաև իր հնազանդությունը մարդկանց հանդեպ Աստծո վարվելակերպին։ Անկասկած, նա տեղյակ էր Աբրահամի նկատմամբ Աստծո ցուցաբերած նվիրվածությանը, ինչպես նաև նրա այն խոստմանը, որ ապագայում ամբողջ մարդկությունը Աբրահամի միջոցով պիտի օրհնվեր (Ծննդոց 12։3)։ Ուստի, Եղիազարն իր աղոթքն այսպես սկսեց. «Ով Եհովայ՝ իմ տիրոջ Աբրահամի Աստուած»։

Հիսուս Քրիստոսը Աբրահամի այն հետնորդն էր, որի միջոցով բոլոր հնազանդ մարդիկ պետք է օրհնվեին (Ծննդոց 22։18)։ Եթե ուզում ենք, որ մեր աղոթքներն անպատասխան չմնան, պետք է խոնարհաբար ընդունենք, որ Աստված առնչվում է մարդկանց հետ իր որդու միջոցով։ Հիսուս Քրիստոսն ասաց. «Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի» (Յովհաննէս 15։7)։

Քրիստոսի հետևորդներից մեկը, որը համոզվել էր Հիսուսի այս խոսքերի ճշմարտացիության մեջ, Պողոս առաքյալն էր։ Աղոթքի ուժի նկատմամբ ունեցած նրա վստահությունն էլ, անտարակույս, իզուր չէր։ Նա իր հավատակիցներին խրախուսեց բոլոր անհանգստությունների մասին աղոթքով հայտնել Աստծուն և ավելացրեց. «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։6, 7, 13)։ Այս բառերից կարելի՞ է եզրակացնել, թե Պողոսի՝ աղոթքով Աստծուն մատուցած բոլոր խնդրանքները կատարվեցին։ Տեսնենք։

Ոչ բոլոր խնդրանքներն են կատարվում

Իր անշահախնդիր ծառայության ընթացքում Պողոսին անհանգստացնում էր այն, ինչը նա անվանեց «մարմնի խայթ» (Բ Կորնթացիս 12։7)։ Սա, գուցե, հակառակորդների և «սուտ եղբայրների» պատճառած մտային կամ զգացական «հարվածներն» էին (Բ Կորնթացիս 11։26; Գաղատացիս 2։3)։ Կամ էլ դա կարող էր լինել աչքի խրոնիկական հիվանդության թողած հետևանքը (Գաղատացիս 4։15)։ Ամեն դեպքում, այս «մարմնի խայթ» կոչվածը տկարացնում էր Պողոսին։ «Դրա համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի»,— գրում է նա։ Սակայն Պողոսի խնդրանքը չկատարվեց։ Նրան բացատրվեց, որ Աստծո կողմից ստացած շնորհները, ինչպես օրինակ՝ փորձություններին դիմանալու ուժը, արդեն բավական էր։ Դեռ ավելին, Աստված ասաց. «Իմ զօրութիւնը տկարութեան մէջ է ամբողջական դառնում» (Բ Կորնթացիս 12։8, 9)։

Ի՞նչ ենք սովորում Եղիազարի և Պողոսի օրինակներից։ Աստված իրոք լսում է նրանց աղոթքները, ովքեր խոնարհաբար ձգտում են իրեն ծառայել։ Բայց միշտ չէ, որ կատարում է նրանց խնդրանքները, որովհետև նա ավելի հեռուն է տեսնում։ Աստված մեզանից ավելի լավ գիտի, թե որն է մեզ համար ամենից օգտակարը։ Եվ, որ ավելի կարևոր է, նա միշտ գործում է Աստվածաշնչի էջերում արձանագրված իր նպատակի հետ ներդաշնակ։

Հոգևորապես ապաքինվելու ժամանակ

Աստված խոստանում է իր Որդու՝ երկրի վրա հաստատվելիք Հազարամյա թագավորության ընթացքում բժշկել մարդկության բոլոր ֆիզիկական, մտային ու զգացական տկարությունները (Յայտնութիւն 20։1—3; 21։3—5)։ Անկեղծ քրիստոնյաները մեծ փափագով սպասում են այս խոստացված ապագային և լիովին վստահում այն իրականացնելու Աստծո զորությանը։ Եվ, նույնիսկ եթե հիմա չեն ակնկալում հրաշքով ապաքինվել, գոնե կարող են Աստծուց խնդրել մխիթարություն և ուժ՝ փորձություններին դիմանալու համար (Սաղմոս 55։22)։ Հիվանդանալիս՝ նրանք կարող են աղոթել Աստծուն նաև առաջնորդության համար, որպեսզի իրենց ֆինանսական միջոցների սահմաններում լավագույն բուժումը ստանան։

Որոշ կրոններ հիվանդներին խրախուսում են աղոթել, ֆիզիկապես առողջանալու համար՝ մարդկանց ուշադրությունն ուղղելով Հիսուսի և իր առաքյալների հրաշքով կատարած բուժումներին։ Սակայն այս հրաշքները հատուկ նպատակով էին արվում։ Դրանց նպատակն էր ապացուցել, որ Հիսուս Քրիստոսն էր ճշմարիտ Մեսիան. այդ բուժումները նաև ցույց էին տալիս, որ Աստծո հաճությունը հրեա ազգից փոխանցվել էր երիտասարդ քրիստոնյա ժողովին։ Այն օրերում հրաշքներ գործելու շնորհներն անհրաժեշտ էին նորահաստատ քրիստոնեական ժողովի հավատը զորացնելու համար։ Իսկ երբ մանուկ ժողովը, այսպես ասած, ոտքի կանգնեց և հասունացավ, հրաշքներ գործելու շնորհներն ‘անցան’ (Ա Կորնթացիս 13։8, 11)։

Մեր այս կրիտիկական ժամանակներում Եհովա Աստված իր երկրպագուներին ավելի կարևոր աշխատանք է տալիս՝ հոգևոր ապաքինման հանձնարարություն։ Քանի դեռ ժամանակ կա, անհրաժեշտ է, որ մարդիկ անհապաղ արձագանքեն հետևյալ կոչին. «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։ Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կ’ողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է» (Եսայիա 55։6, 7)։

Զղջացող մեղավորների հոգևոր այս ապաքինումը իրագործվում է Աստծո Թագավորության բարի լուրի քարոզչության միջոցով (Մատթէոս 24։14)։ Լիազորելով իր ծառաներին այս փրկարար աշխատանքը կատարելու՝ Եհովա Աստված օգնում է, որ բոլոր ազգերից միլիոնավոր մարդիկ զղջան իրենց գործած մեղքերի համար և, մինչ այս չար համակարգի ավարտը, իր հետ բարեկամական փոխհարաբերություններ հաստատեն։ Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն աղոթում են հոգևորապես ապաքինվելու համար, և բոլոր նրանք, ովքեր աղոթքով օգնություն են խնդրում այդ գործը կատարելու համար, անշուշտ ստանում են իրենց աղոթքի պատասխանը։

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Եղիազարն ու Ռեբեկան/The Doré Bible Illustrations/Dover Publications

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը