Փնտրեցե՛ք Եհովային և նրա զորությունը
«Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16։9)։
1. Ի՞նչ է զորությունը, և ինչպե՞ս են մարդիկ օգտվում դրանից։
ԶՈՐՈՒԹՅՈՒՆ ասելով շատ բան կարելի է հասկանալ։ Այն կարող է վերաբերվել իշխանություն, հեղինակություն կամ ազդեցություն ունենալուն, գործելու կամ արդյունքների հասնելու ունակությանը, ֆիզիկական ուժին, մտային կամ բարոյական կարողությանը։ Մարդիկ, ընհանուր առմամբ, ճիշտ ձևով չեն կիրառել իրենց զորությունը։ Պատմաբան լորդ Էկտոնը, խոսելով քաղաքագետների ձեռքում եղած զորության մասին, ասում է. «Զորությունը փչացնելու հակում ունի, իսկ բացարձակ զորությունը բացարձակապես է փչացնում»։ Ժամանակակից պատմությունը լի է օրինակներով, որոնք ցույց են տալիս լորդ Էկտոնի խոսքերի ճշմարտացիությունը։ 20–րդ դարում «մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Ժողովող 8։9)։ Կաշառակեր դիկտատորները դաժանորեն չարաշահում են իրենց իշխանությունը և միլիոնավոր մարդկանց զրկում կյանքից։ Սիրո, իմաստության ու արդարության հետ քայլ առ քայլ չընթացող զորությունը անչափ վտանգավոր է։
2. Բացատրեք, թե ինչ դեր են խաղում Աստծո մյուս հատկությունները իր զորությունը գործածելիս։
2 Ի տարբերություն մարդկանց՝ Աստված միշտ բարի նպատակներով է օգտագործում իր զորությունը։ «Տիրոջ աչքերը դիտում են բոլոր երկիրը, որ զօրացնէ նորանց, որոնց սիրտը ուղիղ է նորա հետ» (Բ Մնացորդաց 16։9)։ Եհովան հավասարակշռված ձևով է իր զորությունը գործի դնում։ Համբերությունը ետ է պահում նրան իր դատավճիռն իրագործելուց՝ դրանով ապաշխարելու հնարավորություն տալով չարերին։ Սերը մղում է նրան արևը ծագեցնել բոլոր մարդկանց վրա՝ թե՛ արդար, և թե՛ անարդար։ Իսկ արդարությունը, վերջիվերջո, կդրդի նրան կիրառելու իր անսահմանափակ զորությունը Բանսարկու Սատանային ոչնչացնելու համար, նրան, ով «մահուան իշխանութիւնն» ունի (Մատթէոս 5։44, 45; Եբրայեցիս 2։14; Բ Պետրոս 3։9)։
3. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստծո ամենակարող զորությունը նրան ապավինելու հիմք է տալիս։
3 Մեր երկնային Հոր ակնածանք ներշնչող զորությունը ամուր հիմք է տալիս՝ վստահելու թե՛ նրա խոստումներին, և թե՛ նրա պաշտպանությանը։ Փոքր երեխան օտար մարդկանց մեջ իրեն ապահով է զգում, երբ սեղմում է հոր ձեռքը, որովհետև գիտի, որ հայրը թույլ չի տա իրեն նեղացնեն։ Նմանապես մեր երկնային Հայրը՝ նա, ով ‘կարող է փրկելու’, կպաշտպանի մեզ մշտական վնասներից, եթե քայլենք նրա հետ (Եսայիա 63։1; Միքիա 6։8, Արևմտ. Աստ.)։ Եհովան, նաև, սիրող Հոր պես միշտ կատարում է իր խոստումները։ Նրա անսահման զորությունը երաշխիքն է այն բանի, որ ‘նրա բերանից դուրս եկած խոսքը պարապ ետ չի դառնա իր մոտ, այլ կկատարի այն, ինչի համար որ ուղարկվել է’ (Եսայիա 55։11; Տիտոս 1։2)։
4, 5. ա) Ի՞նչ պատահեց, երբ Ասան անսասան ապավինեց Եհովային։ բ) Ի՞նչ կարող է տեղի ունենալ, երբ մեր խնդիրների լուծման հարցում հույսը դնենք մարդկանց վրա։
4 Ինչո՞ւ է այդքան կարևոր վճռականորեն տրամադրվել, որպեսզի «տեսադաշտից չկորցնենք» մեր երկնային Հոր հայթայթած պաշտպանությունը։ Որոշ իրավիճակներում հանգամանքները կարող են այնպես դասավորվել, որ սկսենք մոռանալ, թե որտե՛ղ է իսկական ապահովությունը։ Դա երևում է Ասա թագավորի օրինակից։ Ասան մեծամասամբ ապավինում էր Եհովային։ Պատահեց այնպես, որ նրա թագավորության օրոք եթովպացիների միլիոնավոր բանակը հարձակվեց Հուդայի վրա։ Զգալով, որ ուժերի գերակշռությունը թշնամու կողմն է՝ Ասան աղոթեց. «Ով Տէր, քեզ համար մի բան չէ՝ թէ շատին թէ տկարին օգնելը. մեզ օգնիր, ով մեր Տէր Աստուածը. որովհետեւ մենք քեզ ենք ապաւինել, եւ քո անունովն ենք եկել այս բազմութեան վերայ, ով Տէր, դու ես մեր Աստուածը, թող մարդը քեզանից զօրաւոր չ’լինի» (Բ Մնացորդաց 14։11)։ Եհովան լսեց Ասայի խնդրանքն ու նրան հաղթանակ շնորհեց։
5 Երկար տարիներ Եհովային հավատարմորեն ծառայելուց հետո, սակայն, Ասայի վստահությունը առ այն, որ Եհովան փրկելու զորություն ունի, սկսեց տատանվել։ Իսրայելի հյուսիսային թագավորությունից իր կողմն ուղղված պատերազմի սպառնալիքը հեռացնելու նպատակով՝ նա օգնության համար դիմեց Ասորիքին (Բ Մնացորդաց 16։1—3)։ Թեև Ասորիքի թագավոր Բենադադին տված ընծաներն օգնեցին հեռացնել Իսրայելի կողմից Հուդայի գլխին սև ամպի նման կուտակված վտանգը, սակայն դա ցույց տվեց, որ նա բավականաչափ վստահ չէր Եհովայի վրա։ Անանի մարգարեն պարզ ասաց նրան. «Մի՞թէ Եթովպացիք եւ Լիբեացիք խիստ շատ կառքերով եւ ձիաւորներով բազմաթիվ զօրք չէին. բայց որովհետեւ դու Տիրոջն ապաւինեցիր, նորանց քո ձեռքը մատնեց» (Բ Մնացորդաց 16։7, 8)։ Բայց Ասան չընդունեց այդ խրատը (Բ Մնացորդաց 16։9—12)։ Խնդիրների հետ բախվելիս՝ եկեք դրանց լուծումները չփնտրենք մարդկանց մոտ, այլ ապավինենք Աստծուն, քանի որ մարդկանց հուսալը շատ շուտով հիասթափությունների տեղիք է տալիս (Սաղմոս 146։3—5)։
Զորություն փնտրեցեք Եհովայի մոտ
6. Ինչո՞ւ պետք է փնտրել Եհովային և նրա զորությունը։
6 Եհովան կարող է ուժ և պաշտպանություն հայթայթել իրեն ծառայողներին։ Աստվածաշունչը մեզ հորդորում է փնտրել Եհովային և նրա զորությունը (Սաղմոս 105։4, ՆԱ)։ Ինչո՞ւ. քանի որ Աստծո զորության օգնությամբ գործելով՝ մեր ուժն օգտագործում ենք ոչ թե ի վնաս, այլ հօգուտ ուրիշների։ Ոչ մի տեղ ավելի վառ օրինակ չենք գտնի, քան Հիսուս Քրիստոսինն է, քանի որ նա շատ հրաշքներ էր գործում «Եհովայի զորությամբ» (Ղուկաս 5։17, ՆԱ)։ Հիսուսը կարող էր հարստանալ, դառնալ հանրահայտ անձնավորություն կամ էլ նույնիսկ հզոր թագավոր (Ղուկաս 4։5—7)։ Բայց դրա փոխարեն նա իր աստվածատուր զորությունն օգտագործեց մարդկանց սովորեցնելու, նրանց օգնելու ու բժշկելու համար (Մարկոս 7։37; Յովհաննէս 7։46)։ Ինչպիսի՜ անզուգական օրինակ մեզ համար։
7. Ի՞նչ կարևոր հատկություն ենք մեր մեջ զարգացնում, երբ ամեն բան անում ենք ոչ թե մեր, այլ՝ Աստծո զորությամբ։
7 Բացի դրանից, եթե մենք որևէ գործ կատարենք ‘Աստծուց շնորհված զորությամբ’, դա կօգնի մեզ խոնարհ լինել (Ա Պետրոս 4։11)։ Սեփական շահերի համար իշխանության ձգտող մարդիկ դառնում են հանդուգն։ Տեղին է բերել Ասորեստանի թագավոր Ասորդանի օրինակը։ Այս թագավորը սնապարծորեն հայտարարել էր. «Հզոր եմ, ամենազոր, ես հերոս եմ, վիթխարի, հիասքա՜նչ եմ»։ Բայց Եհովան «ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին»։ Ուստի, ճշմարիտ քրիստոնյան եթե պարծենում է, ապա միայն Եհովայով, քանի որ գիտի՝ ինչի էլ որ հասել է, ոչ իր ուժերի շնորհիվ։ ‘Խոնարհվելով Աստծո հզոր ձեռքի տակ’՝ մենք իսկապես կբարձրացվենք (Ա Կորնթացիս 1։26—31; Ա Պետրոս 5։6)։
8. Նախ և առաջ ի՞նչ պետք է անենք Եհովայի զորությունը ստանալու համար։
8 Իսկ ինչպե՞ս կարող ենք Աստծուց ուժ առնել։ Նախ և առաջ, պետք է այդ մասին խնդրենք նրան աղոթքով։ Հիսուսն իր աշակերտներին հավաստիացրեց, որ Հայրը սուրբ ոգին կտա նրանց, ովքեր իրենից կխնդրեն (Ղուկաս 11։10—13, ԱԹ)։ Հիշենք, թե ինչպես Քրիստոսի աշակերտները զորությամբ լցվեցին, երբ նախընտրեցին հնազանդվել Աստծուն, և ոչ թե Հիսուսի մասին վկայությունն արգելող կրոնական առաջնորդներին։ Եհովային ուղղված նրանց անկեղծ աղոթքը իր պատասխանը ստացավ, և սուրբ ոգին զորացրեց նրանց, որպեսզի շարունակեին համարձակությամբ քարոզել բարի լուրը (Գործք 4։19, 20, 29—31, 33)։
9. Նշեցեք հոգևոր զորության երկրորդ աղբյուրը և Գրություններից բերեք մի օրինակ, որը ցույց է տալիս դրա ազդեցիկ լինելը։
9 Երկրորդ՝ հոգևոր զորություն կարելի է ստանալ Աստվածաշնչից (Եբրայեցիս 4։12)։ Աստծո Խոսքի զորությունն ակներև էր Հովսիա թագավորի օրոք։ Թեև Հուդայի այս թագավորը երկիրն արդեն մաքրել էր հեթանոսական կուռքերից, բայց տաճարում անսպասելի հայտնաբերելով Եհովայի Օրենքը, նա ավելի մեծ եռանդով շարունակեց մաքրման այդ գործը։a Երբ Հովսիան ժողովրդի առջև անձամբ կարդաց Օրենքը, ողջ ժողովուրդն ուխտ կապեց Եհովայի հետ, և կռապաշտության դեմ մի երկրորդ, ավելի ուժգին արշավ սկսվեց։ Հովսիայի արած բարեփոխության հիանալի արդյունքը եղավ այն, որ մարդիկ «նորա բոլոր օրերումը չ’խոտորուեցին իրանց հայրերի Տէր Աստուծոյ ետեւից» (Բ Մնացորդաց 34։33)։
10. Ո՞րն է Եհովայից զորություն ստանալու երրորդ հնարավորությունը, և ինչո՞ւ է դա այդքան կարևոր։
10 Երրորդ՝ Եհովայից զորություն ստանում ենք քրիստոնեական ընկերակցության միջոցով։ Պողոսը քրիստոնյաներին խրախուսեց կանոնավորաբար այցելել հանդիպումներին՝ ‘սիրո և բարի գործերի հորդորելու’ և միմյանց քաջալերելու համար (Եբրայեցիս 10։24, 25)։ Բանտից հրաշքով ազատվելուց հետո Պողոսը ցանկացավ հանդիպել իր եղբայրներին ու անմիջապես ուղևորվեց Հովհաննես Մարկոսի մոր տուն, որտեղ «հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում» (Գործք 12։12)։ Իհարկե, նրանք բոլորն էլ կարող էին մնալ իրենց տները և այնտեղ աղոթել, սակայն նախընտրել էին մեկտեղ հավաքվել ու այդ ծանր օրերին միմյանց խրախուսել։ Իր՝ Հռոմ կատարած երկար ու վտանգավոր ճամփորդության վերջում Պողոսը Պատիողոսում հանդիպեց մի քանի եղբայրների, իսկ մի փոքր ավելի ուշ՝ նրան ընդառաջ եկած ուրիշ եղբայրների։ Ինչպիսի՞ն էր Պողոսի արձագանքը... «Նրանց [իրեն ընդառաջ եկածներին] տեսնելով՝ [Պողոսը] գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց» (Գործք 28։13—15)։ Նրան զորացրեց այն, որ կրկին գտնվում էր իր հավատակիցների կողքին։ Մեզ նույնպես զորացնում է մեր հավատակիցների հետ ընկերակցելը։ Քանի դեռ ազատ կարող ենք շփվել միմյանց հետ, չպետք է փորձենք մենակ քայլել դեպի կյանք տանող նեղ ճանապարհով (Առակաց 18։1, ՆԱ; Մատթէոս 7։14)։
11. Ո՞ր հանգամանքներում է հատկապես զգացվում ‘զորության գերազանցության’ անհրաժեշտությունը։
11 Մեր կանոնավորաբար աղոթքների, Աստծո Խոսքի ուսումնասիրության և մեր հավատակիցների հետ ընկերակցելու միջոցով մենք զորություն ենք ստանում «Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ» (Եփեսացիս 6։10)։ Բոլորս էլ, անկասկած, Տիրոջ զորության կարիքն ունենք։ Ոմանց տառապանք են պատճառում հյուծող հիվանդությունները, ուրիշներին՝ ծերության բերած ցավերը, իսկ երրորդներին էլ երկար տարիներ համատեղ ապրելուց հետո իրենց կյանքի ընկերոջը կորցնելը (Սաղմոս 41։3)։ Կան քրիստոնյաներ, ովքեր ստիպված են դիմակայելու իրենց անհավատ կողակիցների հակառակությանը։ Ծնողները՝ հատկապես միայնակները, զգում են, որ լիաժամ աշխատելն ու միաժամանակ երեխաներ դաստիարակելն այնքան էլ հեշտ պատասխանատվություն չէ։ Երիտասարդ քրիստոնյաներին ուժ է հարկավոր, որպեսզի դիմադրեն իրենց հասակակիցների բանեցրած ճնշմանը, ինչպես նաև կարողանան ո՛չ ասել թմրադեղերին ու անբարոյականությանը։ Նման դժվարությունները հաղթահարելու համար ոչ ոք չպետք է վարանի Եհովայից խնդրել «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7)։
«Յոգնածին ոյժ տուողը»
12. Ինչպե՞ս է Եհովան մեզ օգնում քրիստոնեական ծառայության մեջ։
12 Եհովան ուժ է տալիս իր ծառաներին նաև իրենց ծառայությունը կատարելիս։ Եսայիայի մարգարեությունում կարդում ենք. «Նա է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում.... Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ» (Եսայիա 40։29—31)։ Պողոս առաքյալը զորություն էր ստացել իր ծառայությունն առաջ տանելու համար։ Որպես արդյունք՝ ծառայության մեջ նա մեծ հաջողությունների հասավ։ Թեսաղոնիկեի քրիստոնյաներին Պողոսը գրեց. «Մեր աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով» (Ա Թեսաղոնիկեցիս 1։5)։ Նրա քարոզչությունն ու ուսուցանումը ի զորու էր մեծ փոփոխություններ մտցնելու իրեն լսողների կյանքում։
13. Ի՞նչը զորություն տվեց Երեմիային կանգուն մնալու՝ չնայած իր դեմ ուղղված հակառակությանը։
13 Մեր տարածքներում քարոզելիս մարդկանց դրսևորած անտարբերության ոգին մեզ կարող է վհատեցնել. թերևս, արդեն մի քանի տարի է, ինչ քարոզում ենք, սակայն քիչ են արձագանքողները։ Ժամանակին Երեմիան նույնպես հուսալքվել էր իր դեմ ցույց տրված հակառակությունից, մարդկանց ծաղրուծանակից ու անտարբերությունից։ «[Եհովային] չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլ եւս նորա անունովը»,— որոշել էր նա։ Բայց չէր կարողացել լռել. նրա լուրը իր ‘ոսկորներում պահված’ «վառուած կրակի պէս» էր (Երեմիա 20։9)։ Ի՞նչը նրան նոր ուժ տվեց այդ ծանր դժվարությունների ժամանակ։ «Տէրն ինձ հետ էր որպէս պատերազմող»,— ասաց Երեմիան (Երեմիա 20։11)։ Գիտակցելով իր լուրի և աստվածատուր հանձնարարության կարևորությունը՝ Երեմիան ավելի էր ձգտում Եհովայի քաջալերանքը ստանալ։
Ցավ պատճառելու զորություն և բուժելու զորություն
14. ա) Որքանո՞վ է լեզուն հզոր «գործիք»։ բ) Բերե՛ք օրինակներ՝ ցույց տալու համար, թե ի՛նչ վնասներ կարող է հասցնել լեզուն։
14 Մեր տրամադրության տակ եղած ոչ ամեն զորություն է, որ գալիս է անմիջապես Աստծուց։ Լեզուն, օրինակ, և՛ վնասելու, և՛ դարմանելու զորություն ունի։ «Մահն ու կեանքը լեզուի ձեռքին է» (Առակաց 18։21)։ Եվայի հետ Սատանայի կարճ զրույցի արդյունքից երևում է, թե որքան մեծ ավերում կարող են բերել բառերը (Ծննդոց 3։1—5; Յակոբոս 3։5)։ Մենք էլ ապահովագրված չենք լեզվի միջոցով վնասներ հասցնելուց։ Երիտասարդ աղջկա գիրությանը վերաբերող նվաստացնող ակնարկները կարող են նրան անորեքսիայի (ախորժակի կորուստ) հասցնել։ Ասեկոսների անզգույշ կրկնությունը կարող է կործանել երկար տարիների ընկերությունը։ Այո՛, լեզուն հարկավոր է սանձել։
15. Ինչպե՞ս կարող ենք մեր լեզուն օգտագործել շինելու և բուժելու նպատակով։
15 Մինչդեռ, վնասելուց բացի, լեզուն կարող է և շինիչ լինել։ «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է»,— ասում է Աստվածաշնչի առակներից մեկը (Առակաց 12։18)։ Խելամիտ քրիստոնյաները լեզվի զորությունը գործի են դնում ընկճվածներին ու կորուստ ունեցած մարդկանց մխիթարելու համար։ Քաջալերանքի խոսքերը կարող են խրախուսել դեռահասներին, որոնք ամեն կերպ աշխատում են չտրվել իրենց հասակակիցների կործանարար ազդեցությանը։ Տարեց եղբայրների ու քույրերի հետ զրուցելիս նրանց հանդեպ դրսևորված ուշադրությունը մեկ անգամ ևս կարող է հավաստիացնել նրանց, որ առաջվա պես սիրված են և իրենց կարիքը դեռ զգացվում է։ Բարի խոսքերը ուրախությամբ կլցնեն հիվանդների սրտերը։ Բայց, որ ամենակարևորն է, մեր լեզուն կարող ենք օգտագործել Թագավորության լուրը մարդկանց պատմելու համար՝ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են այն լսել։ Եթե մեր սիրտը դնենք Աստծո Խոսքի մեջ, ապա այն ազդարարելը մեր ուժերի սահմաններում կլինի. «Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու»,— ասում է Աստվածաշունչը (Առակաց 3։27)։
Զորության ճիշտ գործածումը
16, 17. Աստծուց ստացած իշխանությունը գործի դնելիս ինչպե՞ս կարող են երեցները, ծնողները, ամուսիններն ու կանայք ընդօրինակել Եհովային։
16 Թեպետև Եհովան Ամենակարող է, բայց ժողովը ղեկավարում է սիրուց մղված (Ա Յովհաննէս 4։8)։ Ընդօրինակելով նրան՝ քրիստոնյա վերակացուները իրենց իշխանությունն օգտագործելիս չեն չարաշահում այն, այլ սիրով հոգ են տանում Աստծո հոտին։ Ճիշտ է, երբեմն հարկ է լինում, որ վերակացուները ‘հանդիմանեն, սաստեն ու հորդորեն’, սակայն նրանք դա անում են «երկայնամտութիւնով եւ վարդապետութիւնով» (Բ Տիմոթէոս 4։2, ԱԹ)։ Ուստի, երեցներին ուղղված Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերը շարունակ ուղեցույց պիտի լինեն ժողովում իշխանություն ունեցողների համար. «Արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ. ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին» (Ա Պետրոս 5։2, 3; Ա Թեսաղոնիկեցիս 2։7, 8)։
17 Ծնողները և ամուսնացած տղամարդիկ նույնպես Եհովայից շնորհված որոշակի իշխանություն ունեն, և այդ զորությունը պետք է գործի դրվի օգնելու, դաստիարակելու ու հոգ տանելու նպատակով (Եփեսացիս 5։22, 28—30; 6։4)։ Հիսուսի օրինակը ցույց է տալիս, որ իշխանությունը կարելի է արդյունավետ գործածել սիրո օգնությամբ։ Երեխաներին դաստիարակելիս հավասարակշռված և հետևողական դիրք բռնելը նրանց չի վհատեցնի (Կողոսացիս 3։21)։ Երբ քրիստոնյա ամուսինները սիրով են գործադրում իրենց գլխավորությունը, և կանայք իրենց հատկացված սահմաններն անցնելու և իրենց ուզած կերպով վարվելու փոխարեն խորապես հարգում են այն, ամուսնական կապն ավելի է ամրապնդվում (Եփեսացիս 5։28, 33; Ա Պետրոս 3։7)։
18. ա) Ինչպե՞ս կարելի է ընդօրինակել Եհովային բարկությունը զսպելու խնդրում։ բ) Իշխանություն ունեցողները ի՞նչ պետք է ջանան սերմանել իրենց հոգատարության տակ գտնվողների մեջ։
18 Ընտանիքում և ժողովում իշխանություն ունեցողները պետք է հատկապես զգույշ լինեն իրենց բարկությունը զսպելու խնդրում, քանի որ բարկությունը ոչ թե սեր է սերմանում, այլ՝ վախ։ Նաում մարգարեն գրել է. «Տէրը երկայնամիտ է եւ մեծազօր» (Նաում 1։3; Կողոսացիս 3։19)։ Բարկությունը զսպելու կարողությունը վկայում է մեծ ուժի մասին, մինչդեռ այն զսպելու անկարողությունը թուլության նշան է (Առակաց 16։32)։ Թե՛ ընտանիքում, և թե՛ ժողովում նպատակը մեկն է՝ սերմանել սեր Եհովայի, նրա արդար սկզբունքների և միմյանց հանդեպ։ Սերը միության կատարյալ կապն է և ճիշտն անելու ամենազորեղ դրդիչ ուժը (Ա Կորնթացիս 13։8, 13; Կողոսացիս 3։14, ՆԱ)։
19. Ի՞նչ մխիթարիչ հավաստիացում է տալիս Եհովան, և ինչպե՞ս կարող ենք պատասխան տալ նրա հոգատարությանը։
19 Ճանաչել Եհովային՝ նշանակում է ընդունել նրա իշխանությունը։ Եսայիայի միջոցով Եհովան ասում է. «Մի՞թէ չ’գիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ» (Եսայիա 40։28)։ Եհովան անսպառ զորություն ունի։ Եթե ինքներս մեզ վրա հույս դնելու փոխարեն նրան ապավինենք, նա մեզ չի լքի, քանզի վստահեցնում է. «Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերի, որովհետեւ ես քո Աստուածն եմ. ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը» (Եսայիա 41։10)։ Ինչպե՞ս պատասխանենք նրա սիրասուն հոգատարությանը։ Եկեք մենք էլ Հիսուսի նման Եհովայից ստացած ցանկացած իշխանություն օգտագործենք օգնելու և շինելու համար։ Եկեք իշխենք մեր լեզվին, որ, փոխանակ վնասելու, նրանով բժշկենք։ Եվ եկեք հոգևորապես միշտ արթուն մնանք, հավատում լինենք ամուր ու աճենք մեր Մեծ Արարիչ Եհովա Աստծո զորության մեջ (Ա Կորնթացիս 16։13)։
[ծանոթագրություն]
a Հրեաներն, ակներևաբար, հայտնաբերել էին Մովսիսական օրենքի բնագիրը, որը դեպքից դարեր առաջ պահպանության էր տրվել տաճարում։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս է Եհովան գործի դնում իր զորությունը։
• Ինչպե՞ս կարելի է Եհովայից զորություն ստանալ։
• Ինչպե՞ս է հարկավոր գործածել լեզվի զորությունը։
• Ինչպե՞ս կարող է աստվածատուր իշխանությունը օրհնություն լինել։
[նկար 29–րդ էջի վրա]
Հիսուսը Եհովայի զորությունն օգտագործում էր մարդկանց օգնելու նպատակով։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Եթե մեր սիրտը դնենք Աստծո Խոսքի մեջ, ապա այն ազդարարելը մեր ուժերի սահմաններում կլինի։