Եհովան հոգնածին ուժ է տալիս
«[Եհովան] է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում» (Եսայիա 40։29)։
1. Ինչպիսի՞ զորություն են պարփակում իրենց մեջ Աստծո ստեղծագործությունները։
ԵՀՈՎԱՅԻ զորությունն անսահմանափակ է։ Ինչպիսի՜ կարողությամբ են օժտված նրա ստեղծագործությունները։ Անտեսանելի ատոմը՝ բոլոր նյութերի «շինարարական աղյուսը», այնքան փոքր է, որ ջրի ընդամենը մեկ կաթիլում պարունակվում է հարյուր միլիարդ անգամ մեկ միլիարդ ատոմ։a Կյանքը երկրագնդի վրա կախված է արեգակի վրա տեղի ունեցող ատոմական ռեակցիաների հետևանքով առաջացող էներգիայից։ Բայց որքա՞ն արեգակնային էներգիա է հարկավոր երկրի վրա կյանքը պահպանելու համար։ Երկիրը ստանում է արեգակնային էներգիայի միայն մի քանի միլիարդերորդ մասը։ Այնուամենայնիվ, «թեև երկրին բաժին է ընկնում արեգակնային էներգիայի շատ չնչին քանակություն.... այն գրեթե հարյուր հազար անգամ գերազանցում է երկրագնդի արդյունաբերության մեջ օգտագործվող էներգիային»,— ասում է մաթեմատիկոս Սըր Ֆրեդ Հոյլը իր «Աստղագիտություն» գրքում («Astronomy»)։
2. Ի՞նչ է, ըստ էության, Եհովայի ուժի մասին ասվում Եսայիա 40։26–ում։
2 Խորհենք ատոմի մասին, թե մեր ուշադրությունը հառենք դեպի լայնարձակ Տիեզերքը, մենք տպավորվում ենք Եհովայի ակնածալի ուժից։ Զարմանալի չէ, որ նա կարող էր ասել. «Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. նորանց զօրքերը թիւով հանողը, որ նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը՝ մէկը չի կորչիլ» (Եսայիա 40։26)։ Այո՛, Եհովան ‘սաստիկ զորություն’ ունի, նա ‘մեծ իշխանության’ Աղբյուրն է, որը սկիզբ է տվել ողջ Տիեզերքի գոյությանը։
Ավելի մեծ ուժ է հարկավոր
3, 4. ա) Որո՞նք են այն գործոնները, որ կարող են մեզ հոգնեցնել։ բ) Ո՞ր հարցին է հարկավոր ուշադրություն դարձնել։
3 Ի հակադրություն Աստծո անսահման զորության՝ մարդկանց բնորոշ է հոգնելը։ Ուր էլ որ գնանք, ամենուրեք տեսնում ենք հոգնած մարդկանց։ Նրանք արթնանում են հոգնած, աշխատանքի կամ դպրոց են գնում հոգնած, տուն են վերադառնում հոգնած, իսկ երբ պառկում են քնելու, արդեն ոչ միայն պարզապես հոգնած են լինում, այլև՝ ուժասպառ։ Ոմանք ցանկություն ունեն մեկնելու մի այնպիսի տեղ, ուր հնարավոր կլիներ փոքր–ինչ հանգստանալ։ Մենք՝ Եհովայի ծառաներս, նույնպես հոգնում ենք, քանի որ մեր նվիրումը Աստծուն պահանջում է ուժերի լարում (Մարկոս 6։30, 31; Ղուկաս 13։24; Ա Տիմոթէոս 4։8)։ Եվ դեռ շատ ու շատ այլ գործոններ կան, որ նվազեցնում են մեր ուժերը։
4 Քրիստոնյա լինելն ինքնին չի ազատում մեզ պրոբլեմներից (Յոբ 14։1)։ Հիվանդությունը, ֆինանսական վայրիվերումները կամ հասարակական կյանքին բնորոշ այլ խնդիրներ կարող են մարդուն հուսահատության հասցնել՝ թուլացնելով նրա հոգեկան կորովը։ Ուրիշ դժվարություններ էլ կան, որոնց բախվում են նրանք, ովքեր հալածանքների են ենթարկվում արդարության հետևելու համար (Բ Տիմոթէոս 3։12; Ա Պետրոս 3։14)։ Քանի որ աշխարհը մեզ վրա ճնշում է բանեցնում և հակառակություն ցույց տալիս Թագավորության քարոզչության գործին, մեզանից ոմանք այնքան են ուժասպառ լինում, որ ցանկություն է առաջանում թուլացնել ծառայության տեմպը։ Դրան գումարած, Սատանան իր տրամադրության տակ եղած ամեն միջոց օգտագործում է, որպեսզի բիծ թողնի մեր անարատության վրա։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք հոգևոր զորություն ստանալ, որպեսզի չհոգնենք ու անձնատուր չլինենք։
5. Ինչո՞ւ սովորականից ավելի մեծ ուժ է հարկավոր քրիստոնեական ծառայությունը կատարելու համար։
5 Հոգևոր զորություն ստանալու համար մենք պետք է ապավինենք Եհովային՝ ամենազոր Ստեղծիչին։ Պողոս առաքյալը ընդգծեց, որ քրիստոնեական ծառայություն կատարելու համար ավելի մեծ ուժ է հարկավոր, քան կարող է ունենալ անկատար մարդը։ Նա գրել է. «Այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից» (Բ Կորնթացիս 4։7)։ Օծյալ քրիստոնյաները «հաշտութեան պաշտօնը» կատարում են երկրային հույս ունեցող իրենց ընկերակիցների աջակցությամբ (Բ Կորնթացիս 5։18; Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 7։9)։ Քանի որ մենք անկատար մարդիկ ենք և Աստծո հանձնարարությունը կատարելիս հալածանքներ ենք դիմագրավում, ապա չենք կարող այդ գործը կատարել զուտ մեր անձնական ուժերով։ Եհովան օգնում է մեզ իր սուրբ ոգու միջոցով, այնպես որ, մեր թույլ լինելու հետ մեկտեղ ակնհայտ է դառնում նրա զորեղ լինելը։ Ինչքա՜ն է մեզ մխիթարում այն, որ «արդարներին հաստատում է Տէրը» (Սաղմոս 37։17)։
‘Եհովան մեր զորությունն է’
6. Ինչպե՞ս են Գրությունները վստահեցնում, որ Եհովան է մեր զորության Աղբյուրը։
6 Մեր երկնային Հայրը ‘սաստիկ զորություն’ ունի, ուստի, կարող է զորացնել մեզ։ Աստվածաշունչն ասում է. «[Եհովան] է յոգնածին ոյժ տուողը. եւ նա կարողութիւն չ’ունեցողին զօրութիւն է շատացնում։ Եւ երիտասարդներն կ’յոգնեն եւ կ’վաստակեն եւ ընտիրները թուլութիւնով կ’թուլանան, բայց Տիրոջն ապաւինողները կ’նորոգուին ոյժով, թեւերով վեր կ’սլանան արծիւների պէս, կ’վազեն եւ չեն վաստակիլ, կ’գնան եւ չեն յոգնիլ» (Եսայիա 40։29–31)։ Ուժեղացող ճնշման պատճառով երբեմն կարող ենք մեզ զգալ ուժասպառ վազորդի պես, որը կարծես թե այլևս չի կարողանում ոտքի վրա մնալ։ Բայց կյանքի մրցավազքում մենք արդեն տեսնում ենք վերջնագիծը, հետևաբար, չպետք է անձնատուր լինենք (Բ Մնացորդաց 29։11)։ Մեր Ոսոխը՝ Բանսարկուն, շրջում է ‘մռնչող առյուծի պես’՝ ցանկանալով կանգնեցնել մեզ (Ա Պետրոս 5։8)։ Եկեք միշտ հիշենք, որ ‘Տերն է մեր զորությունը և մեր վահանը’ և նա բազմաթիվ միջոցներ է ձեռնարկել ‘հոգնածին ուժ տալու համար’ (Սաղմոս 28։7)։
7, 8. Ինչպիսի՞ ապացույցներ կան, որ Եհովան զորացրել է Դավիթին, Ամբակումին և Պողոսին։
7 Եհովան Դավիթին զորացրեց, որպեսզի նա կարողանար դիմանալ մեծ դժվարություններին։ Այդ իսկ պատճառով, լցված հավատով և վստահությամբ, Դավիթը գրեց. «Մենք Աստուծով զօրութիւն կ’գործենք. եւ նա կոխ կ’տայ մեր թշնամիներին» (Սաղմոս 60։12)։ Եհովան նաև զորացրեց Ամբակումին, որպեսզի նա կարողանար կատարել մարգարեի իր ծառայությունը։ Ամբակում 3։19–ում ասվում է. «Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում»։ Նաև ուշադրության է արժանի Պողոսի օրինակը, որ գրեց. «Ամէն ինչի կարող եմ [Աստծո] շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։13)։
8 Դավիթի, Ամբակումի ու Պողոսի պես հարկավոր է հավատ զարգացնել այն բանի հանդեպ, որ Աստված կարող է մեզ զորացնել ու այնքան ուժ ունի, որ կարող է մեզ փրկել։ Հասկանալով, որ Գերիշխան Տեր Եհովան մեր զորության Աղբյուրն է՝ եկեք քննարկենք, թե ինչպես կարելի է հոգևոր ուժ ստանալ Աստծո առատորեն տրամադրած միջոցներից։
Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ
9. Ի՞նչ դեր ունեն քրիստոնեական հրատակությունները հոգևորապես սնվելու մեջ։
9 Քրիստոնեական հրատարակությունների օգնությամբ Գրությունները ջանասիրաբար ուսումնասիրելը կարող է զորացնել ու հաստատել մեզ։ Սաղմոսերգուն երգում էր. «Երանելի է այն մարդը.... [որի] կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում։ Եվ նա ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս է, որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում, եւ ամեն ինչ որ անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։1–3)։ Ճիշտ ինչպես որ հարկավոր է ուտել՝ ֆիզիկական ուժը պահպանելու համար, այնպես էլ կարիք ունենք հոգևոր սննդի, որն Աստված տալիս է իր Խոսքի և քրիստոնեական հրատարակությունների միջոցով մեր հոգևոր ուժը պահպանելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է նպատակային ուսումնասիրություն կատարելու ու խորհրդածելու դերը։
10. Ե՞րբ կարելի է ժամանակ գտնել ուսումնասիրություն կատարելու և խորհրդածելու համար։
10 Արժե խորհրդածել ‘Աստծո խորունկ բաների’ շուրջ, քանի որ դա վարձատրվում է (Ա Կորնթացիս 2։10, Արևմտ. Աստ.)։ Սակայն ե՞րբ կարելի է ժամանակ գտնել խորհրդածելու համար։ Աբրահամի որդի Իսահակը «իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել մտածելու» (Ծննդոց 24։63–67)։ Սաղմոսերգու Դավիթը ‘գիշերվա պահերում Աստծո վրա էր մտածում’ (Սաղմոս 63։6)։ Մենք կարող ենք ուսումնասիրել Աստծո Խոսքն ու խորհրդածել առավոտյան, երեկոյան, գիշերը. այո՛, ցանկացած ժամանակ։ Այդպիսի ուսումնասիրությունն ու խորհրդածումները բերում են հոգևորապես զորանալու համար Եհովայի ընձեռած մեկ այլ միջոցի՝ աղոթքին։
11. Ինչո՞ւ է հարկավոր մեծ կարևորություն տալ կանոնավորաբար աղոթելուն։
11 Աստծուն կանոնավորաբար աղոթելը զորացնում է մեզ։ Ուստի, թող որ բոլորս ‘աղոթքում հարատևենք’ (Հռովմայեցիս 12։12, ԱԹ)։ Ժամանակ առ ժամանակ առանձնապես կարիք ենք զգում Աստծուց խնդրել իմաստություն ու զորություն՝ հաղթահարելու փորձությունները (Յակոբոս 1։5–8)։ Եկեք նաև շնորհակալություն հայտնենք Աստծուն ու գովաբանենք նրան, երբ տեսնում ենք, թե ինչպես են իրականանում նրա նպատակները կամ, երբ նրա տված զորությամբ մեզ հաջողվում է կատարել մեր ծառայությունը (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Եթե մենք աղոթքի միջոցով մոտիկ ենք մնում Եհովային, նա երբեք չի թողնի մեզ։ «Ահա,— երգում էր Դավիթը,— Աստուած իմ օգնականն է» (Սաղմոս 54։4)։
12. Ինչո՞ւ է հարկավոր Աստծուց խնդրել սուրբ ոգին։
12 Մեր երկնային Հայրը մեզ զորացնում և ուժ է տալիս իր սուրբ ոգու՝ գործուն ուժի միջոցով։ Պողոսը գրեց. «Ծնկի եմ գալիս.... Հօր առաջ.... որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս» (Եփեսացիս 3։14–16)։ Հարկավոր է աղոթքով խնդրել սուրբ ոգին՝ վստահ լինելով, որ Եհովան կօրհնի մեզ դրանով։ Հիսուսը տրամաբանական համեմատություն բերեց, որ եթե երեխան ձուկ խնդրի, մի՞թե նրա սիրառատ հայրը օձ կտա։ Իհարկե, ո՛չ։ Ապա նա եզրափակեց. «Իսկ եթէ դուք, որ [մեղավորներ, հետևաբար, քիչ, թե՝ շատ] չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ [Սուրբ Հոգին, ծան.] կը տայ նրանց, որոնք ուզում են իրենից» (Ղուկաս 11։11–13)։ Եկեք աղոթենք այսպիսի վստահությամբ ու միշտ հիշենք, որ Եհովայի հավատարիմ ծառաները կարող են ամրանալ նրա ոգու զորությամբ։
Ժողովը՝ զորացնող միջոց
13. Ինչպե՞ս պետք է դիտել քրիստոնեական հանդիպումները։
13 Եհովան զորացնում է մեզ քրիստոնեական ժողովի հանդիպումների միջոցով։ Հիսուսն ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթէոս 18։20)։ Հիսուսն այս խոստումը տվեց, երբ քննարկում էր հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնեին ժողովում առաջնորդություն վերցնողները (Մատթէոս 18։15–19)։ Այնուամենայնիվ, այդ խոսքերը սկզբունքորեն վերաբերում են մեր բոլոր ժողովներին ու համաժողովներին, որոնք սկսվում և ավարտվում են Հիսուսի անունով ասված աղոթքով (Յովհաննէս 14։14)։ Ուստի, քրիստոնեական հավաքույթներին հաճախելը առանձնաշնորհում է, անկախ նրանից, թե քանի մարդ է եկել հանդիպմանը։ Ուրեմն, արտահայտենք մեր երախտագիտությունը այսպիսի հնարավորությունների համար, որոնք նախատեսված են մեզ հոգևորապես զորացնելու և սիրո ու բարի գործերի հորդորելու համար (Եբրայեցիս 10։24, 25)։
14. Ինչպե՞ս է քրիստոնյա երեցների գործունեությունը ծառայում մեր օգտին։
14 Քրիստոնյա երեցները հոգևոր օգնության և քաջալերանքի աղբյուր են հանդիսանում (Ա Պետրոս 5։2, 3)։ Ինչպես որ ժամանակին Պողոսն էր օգնում և քաջալերում ժողովներին, նույնն այսօր անում են շրջագայող վերակացուները։ Փաստորեն, նա ձգտում էր հավատակիցների հետ լինել, որպեսզի կարողանային միմյանց ամրապնդել ու քաջալերել (Գործք 14։18–21; Հռովմայեցիս 1։11, 12)։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը գնահատի ժողովի երեցներին ու այլ քրիստոնյա վերակացուներին, որոնք մեծ ներդրում ունեն մեզ հոգևորապես զորացնելու մեջ։
15. Ինչպե՞ս են ժողովի հավատակիցները «մխիթարութիւն» հանդիսանում։
15 Մեր հավատակիցները, որոնցից էլ հենց կազմված է ժողովը, կարող են «մխիթարութիւն» հանդիսանալ (Կողոսացիս 4։10, 11)։ Որպես ‘բարեկամներ’՝ նրանք կարող են նեղ օրը օգնության հասնել (Առակաց 17։17)։ Օրինակ՝ 1945 թ.–ին, երբ Աստծո 220 ծառայողների Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբարից նացիստական պահակախմբի ուղեկցությամբ բաց թողեցին, նրանք պետք է հաղթահարեին 200 կմ ճանապարհ։ Նրանք խմբերով էին գնում, և քիչ թե շատ ուժ ունեցողները սայլակների միջոցով տանում էին ամենաթույլերին։ Արդյո՞ւնքը։ Այդ մահվան երթի ժամանակ, որին զոհ գնաց ավելի քան 10 000 կալանավոր, ոչ մի Եհովայի վկա չմահացավ։ Նման փաստերը, որոնք տպագրվում են «Դիտարան» ընկերության հրատարակություններում, ինչպես նաև «Եհովայի վկաների տարեգրքում» և «Եհովայի վկաները. Աստծո Թագավորության քարոզիչները» գրքում, ցույց են տալիս, որ Աստված զորացնում է իր ժողովրդին, այնպես որ նրանք անձնատուր չեն լինում (Գաղատացիս 6։9)։b
Զորություն՝ մեր ծառայությունից
16. Ծառայությանը կանոնավորաբար մասնակցելը ինչպե՞ս է հոգևորապես զորացնում։
16 Քարոզչական ծառայության մեջ կանոնավոր մասնակցությունը հոգևորապես զորացնում է։ Այդ գործունեությունն օգնում է, որպեսզի մեր ուշադրությունը կենտրոնացած պահենք Աստծո Թագավորության, հավիտենական կյանքի ու նրա սքանչելի հեռանկարների վրա (Յուդա 20, 21)։ Գրությունների խոստումները, որոնց մասին մենք խոսում ենք ծառայության ժամանակ, հույս են տալիս ու նույնպիսի վճռականություն հաղորդում, որպիսին ուներ Միքիա մարգարեն, որն ասաց. «Մենք մեր Տէր Աստուծոյ անունովը պիտի գնանք, յաւիտեանս յաւիտենից» (Միքիա 4։5)։
17. Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ ինչ կարելի է նկատի ունենալ։
17 Մեր փոխհարաբերությունները Եհովայի հետ ամրապնդվում են, երբ Աստվածաշունչն ավելի շատ ենք գործածում ուրիշներին ուսուցանելիս։ Օրինակ՝ երբ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն ենք անցկացնում «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքով, իմաստուն կլիներ, եթե նշված աստվածաշնչյան որոշ համարներ ընթերցվեին ու քննարկվեին։ Դա ոչ միայն օգնում է սովորողին, այլև ուժեղացնում է հոգևորի մեր ըմբռնումը։ Եթե սովորողը դժվարությամբ է ընկալում աստվածաշնչյան որոշ մտքեր ու մեկնաբանություններ, ապա նրա հետ կարելի է մեկի փոխարեն մի քանի անգամ հանդիպել՝ «Գիտություն» գրքի մեկ գլուխ անցնելու համար։ Որքա՜ն լավ է, երբ նախապատրաստվում ենք ուսումնասիրությանը ու լրացուցիչ ջանքեր գործադրում՝ մարդկանց օգնելու մոտենալ Աստծուն։
18. Բերեք «Գիտություն» գրքի արդյունավետ օգտագործման օրինակ։
18 Ամեն տարի «Գիտություն» գիրքը արդյունավետորեն օգտագործվում է՝ հազարավոր մարդկանց օգնելով դառնալ Եհովային նվիրված ծառայողներ, որոնց մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք երբևէ աստվածաշնչային դաստիարակություն չեն ստացել։ Օրինակ՝ Շրի Լանկայում ապրող մի հնդուական փոքր հասակում պատահաբար լսել էր, թե ինչպես է Վկան զրուցում Դրախտի մասին։ Տարիներ անց նա մոտեցավ այդ Վկա քրոջը, և շուտով նրա ամուսինն Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց այդ մարդու հետ։ Նա ամեն օր գալիս էր ուսումնասիրության, և «Գիտություն» գիրքը ավարտեցին բավականին կարճ ժամանակում։ Նա սկսեց հաճախել բոլոր հանդիպումներին, խզեց կապերը նախկին կրոնի հետ ու դարձավ Թագավորության քարոզիչ։ Երբ մկրտվեց՝ արդեն ուսումնասիրություն էր անցկացնում ծանոթներից մեկի հետ։
19. Եթե նախևառաջ փնտրում ենք Թագավորությունը, ապա ի՞նչ վստահություն կարող ենք ունենալ։
19 ‘Նախ արքայությունը փնտրելը’ սրտապնդող ուրախություն է բերում (Մատթէոս 6։33)։ Չնայած զանազան փորձություններին՝ մենք շարունակում ենք ուրախությամբ և նախանձախնդիր կերպով քարոզել բարի լուրը (Տիտոս 2։14)։ Մեզանից շատերը կարողանում են ռահվիրայական լիաժամ ծառայություն կատարել, մյուսները ծառայում են այնտեղ, որտեղ քարոզիչների խիստ կարիք է զգացվում։ Ինչպիսի ծառայության մեջ էլ որ լինենք՝ հանուն Թագավորության շահերի, մենք վստահ ենք, որ Եհովան չի մոռանա մեր գործերը և այն սերը, որ ցույց ենք տալիս հանուն իր անվան (Եբրայեցիս 6։10–12)։
Շարունակեցեք զորանալ Եհովայով
20. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Եհովայի զորությունն ենք հայցում։
20 Եկեք սրտանց և պատրաստակամորեն ցույց տանք, որ ապավինում ենք Եհովային ու նրանից զորություն ենք հայցում։ Մենք կարող ենք դա անել՝ հնարավորին չափ շատ օգուտներ քաղելով «հավատարիմ ծառայի» միջոցով նրա ընձեռած հնարավորություններից (Մատթէոս 24։45)։ Աստծո Խոսքի՝ քրիստոնեական հրատարակությունների միջոցով անձնական և ժողովքային ուսումնասիրությունը, սրտաբուխ աղոթքը, երեցների հոգևոր աջակցությունը, հավատարիմ հավատակիցների լավ օրինակը և ծառայությանը կանոնավոր մասնակցելը այն միջոցներն են, որոնք ամրապնդում են Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները և ուժ են տալիս շարունակելու մեր սուրբ ծառայությունը։
21. Ինչպե՞ս են Պետրոս և Պողոս առաքյալները արտահայտվել Աստծո զորության հանդեպ իրենց զգացած կարիքի մասին։
21 Թեև մենք թույլ ենք, սակայն Եհովան կզորացնի մեզ իր կամքը կատարելու համար, եթե ապավինենք նրան։ Գիտակցելով այդ օգնության կարիքը՝ Պետրոս առաքյալը գրեց. «Եթէ մէկը մատակարարի (‘ծառայի’, ՆԿ–ի ՆԱԹ), թող այդ լինի այն զօրութիւնից, որն Աստուած շնորհում է» (Ա Պետրոս 4։11)։ Պողոս առաքյալը նույնպես ցույց տվեց իր ապավինությունն Աստծո տված զորության հանդեպ՝ ասելով. «Գոհունակութեամբ համակերպւում եմ տկարութիւններին, նախատինքներին, վշտերին, հալածանքներին եւ նեղութիւններին՝ Քրիստոսի համար. որովհետեւ, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր» (Բ Կորընթացիս 12։10)։ Թող որ մենք նույն վստահությունն ունենանք ու փառք բերենք Գերիշխան Տեր Եհովային. նրան, որ ուժ է տալիս հոգնածին (Եսայիա 12։2)։
[ծանոթագրություններ]
a Այս թիվը հավասար է 1020–ի։
b Հրատարակված են «Դիտարան» ընկերության կողմից։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը սովորականից ավելի մեծ ուժի կարիք ունի։
• Ի՞նչ սուրբգրային հիմքեր կան այն մասին, որ Աստված ուժ է տալիս իր ծառաներին։
• Որո՞նք են այն հոգևոր միջոցները, որոնցով Եհովան մեզ զորացնում է։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Աստծո զորությունն ենք հայցում։
[նկար 12–րդ էջի վրա]
Եհովայի հետ մեր փոխհարաբերությունները կզորանան, եթե ուրիշներին ուսուցանելիս օգտագործենք Աստվածաշունչը։