«Նա է յոգնածին ոյժ տուողը»
1 Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հոգնում ենք։ Պատճառը կարող է լինել ոչ միայն աշխատանքը կամ այլ գործեր, այլ նաև այն խնդիրները, որոնք դիմագրավում ենք այս «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Ինչպե՞ս ենք մենք՝ Եհովայի ծառաներս, ստանում մեզ անհրաժեշտ հոգևոր ուժը, որպեսզի չթուլանանք ծառայության մեջ։ Մենք դա անում ենք՝ ապավինելով Եհովային՝ նրան, ով «սաստիկ զօրութիւն» ունի (Ես. 40։26)։ Նա գիտի մեր կարիքները և անկեղծորեն ցանկանում է օգնել մեզ (1 Պետ. 5։7)։
2 Եհովայի ձեռնարկած միջոցները։ Եհովան մեզ զորացնում է իր սուրբ ոգու միջոցով՝ այն նույն հզոր ուժի, որը նա օգտագործել է տիեզերքը ստեղծելիս։ Աստծու ոգին օգնում է մեզ նորոգվել ուժով, երբ թուլանում ենք (Ես. 40։31)։ Հարցրու ինքդ քեզ. «Ե՞րբ եմ վերջին անգամ աղոթքով խնդրել սուրբ ոգու զորությունը, որ կարողանամ կատարել իմ քրիստոնեական պարտականությունները» (Ղուկ. 11։11–13)։
3 Ամեն օր կարդալով Աստծու ներշնչյալ Խոսքը և խորհրդածելով նրա շուրջ, ինչպես նաև հոգևորապես սնվելով, ինչն անում ենք՝ կանոնավորաբար ուսումնասիրելով քրիստոնեական հրատարակությունները՝ մենք ամուր կլինենք «ջրերի գնացքումը տնկուած ծառերի պէս...., որ իր պտուղը տալիս է իրան ժամանակին, եւ նորա տերեւը չէ թափվում» (Սաղ. 1։2, 3)։
4 Եհովան նաև մեզ զորացնում է մեր հավատակիցների միջոցով, որոնք կարող են «զորավիգ լինել մեզ» (Կող. 4։10, 11)։ Նրանք կարող են զորացնել մեզ իրենց ոգևորիչ զրույցներով, ժողովի հանդիպումների ժամանակ տրված մեկնաբանություններով և ելույթներով (Գործեր 15։32)։ Հոգևոր օգնություն ու քաջալերություն են տալիս հատկապես քրիստոնյա երեցները (Ես. 32։1, 2)։
5 Ծառայությունը։ Եթե զգում ես, որ սկսում ես հոգնել, մի դադարիր քարոզելուց։ Ի տարբերություն շատ ուրիշ գործերի՝ ծառայությանը կանոնավորաբար մասնակցելը իսկապես թարմացնում է (Մատթ. 11։28–30)։ Բարի լուրի քարոզչությունը օգնում է մեզ կենտրոնանալ Աստծու Թագավորության վրա և մտքում վառ պահել հավիտենական կյանքի հույսը և այդ Թագավորության բերած օրհնությունները։
6 Դեռ շատ գործ ունենք անելու մինչ այս չար համակարգի կործանումը։ Մենք բոլոր պատճառներն ունենք շարունակելու մեր ծառայությունը և «ապավինելու Աստծու տված ուժին» (1 Պետ. 4։11)։ Եհովայի օգնությամբ մենք կկարողանանք մեր գործը ավարտել, քանի որ նա «յոգնածին ոյժ» է տալիս (Ես. 40։29)։