Քրիստոնյա հովիվնե՛ր, «լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը»
«ՏԷՐՆ է իմ հովիւը. եւ կարօտութիւն չեմ ունենալ»։ Այս խոսքերն արտահայտում են Դավիթի անսահման վստահությունն իր Աստծո հանդեպ։ Եհովան, նրան «կանաչ տեղեր» և «հանդարտ ջրերի մօտ» էր տանում՝ առաջնորդելով «արդարութեան շաւիղներում»։ Հակառակորդներով շրջապատված Դավիթը աջակցություն և քաջալերանք էր ստանում, ինչից մղված նա ասաց Եհովային. «Չար բանից չեմ վախենալ. որովհետեւ դու ինձ հետ ես»։ Այս Մեծն Հովվի հետ Դավիթը պատրաստ էր նրա տանը բնակվել «շատ երկար ժամանակ» (Սաղմոս 23։1–6)։
Եհովայի սիրառատ հոգատարությունը իր վրա զգաց նաև Աստծո միածին Որդին, և երկրի վրա անցկացրած տարիների ընթացքում նա էլ կատարելապես դրսևորեց այդ հատկությունը իր աշակերտների հետ շփվելիս։ Ուստի, Գրությունները նրա մասին խոսում են որպես «լավ հովվի», «մեծ հովվի» և «հովվապետի» (Յովհաննէս 10։11; Եբրայեցիս 13։20; Ա Պետրոս 5։2–4)։
Եհովան և Հիսուս Քրիստոսը շարունակում են հովվել ու խնամել այն անձանց, ովքեր սիրում են իրենց։ Դա մասամբ դրսևորվում է նաև այն բանով, որ նրանք սիրով հոգ են տանում, որպեսզի ժողովում ծառայող հովիվներ նշանակվեն։ Նրանց են ուղղված Պողոսի հետևյալ խոսքերը. «Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ [«վերակացուներ», ԱԹ] կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց [«իր Որդու», ՆԱ] արիւնով» (Գործք 20։28)։
Հոտը հովվելը՝ հետևելով Եհովայի և Հիսուս Քրիստոսի տված օրինակին, հեշտ առաջադրանք չէ, բայց դա ներկայումս առավել կարևոր է, քան երբևէ։ Հիշենք, որ անցած երեք տարիների ընթացքում մկրտվել են ավելի քան մեկ միլիոն անհատներ։ Քրիստոնյա դարձած այս նորեկները դեռևս չունեն հոգևոր այն հասունությունը, որը սովորաբար ձեռք է բերվում երկար տարիների գործունեությամբ։ Չմոռանանք նաև այն Վկաներին, որոնք դեռ փոքր տարիքի են կամ չեն հասել չափահասության։ Նրանք բոլորն էլ ուշադրության կարիք են զգում ոչ միայն իրենց ծնողների կողմից, այլև՝ ժողովի հովիվների։
Ինչ խոսք, յուրաքանչյուր քրիստոնյայի համար էլ անխուսափելի են արտաքին ճնշումները՝ այդ թվում նաև հասակակիցների կողմից եկող։ Նրանցից ամեն մեկն իր հերթին պետք է հաղթահարի աշխարհի՝ դեպի իրեն ձգող ուժը. աշխարհ, որտեղ ապրում են միայն սեփական հաճույքները բավարարելու համար։ Որոշ երկրներում Թագավորության քարոզիչներին կարող է հուսահատեցնել այն իրողությունը, որ քչերն են արձագանքում իրենց հաղորդած լուրին։ Շատ քարոզիչներ առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն։ Ուրիշներին էլ ֆինանսական դժվարությունները կարող են խոչընդոտ հանդիսանալ Թագավորությունն իրենց կյանքում առաջին տեղը դնելու հարցում։ Այսպիսով, բոլորս՝ այդ թվում նաև նրանք, ովքեր արդեն վաղուց ճշմարտության մեջ են, արժանի են, ինչպես նաև կարիք ունեն հոգատար հովիվների։
Ճիշտ մղումներ
Առաջին դարի քրիստոնյաներին խորհուրդ էր տրվել ‘լայնորեն բաց անել իրենց սրտերը’ (Բ Կորնթացիս 6։11–13)։ Լավ կլինի, եթե քրիստոնյա երեցները իրենց հովվական պարտականությունները կատարելիս հետևեն այս խորհրդին։ Իսկ ինչպե՞ս կարող են նրանք դա անել, և ի՞նչ կարելի է ասել ծառայողական օգնականների մասին, որոնցից շատերը ապագա հովիվներ են։
Որպեսզի քրիստոնյա երեցները օրհնություն լինեն հոտի համար, բավարար չէ այդ գործում միայն պարտքի զգացումով առաջնորդվելը։ Երեցներին հետևյալ խորհուրդն է տրվում. «Արածեցրէ՛ք Աստծու այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծու. ոչ թէ շահախնդրութեամբ, այլ՝ յօժարութեամբ» (Ա Պետրոս 5։2)։ Ուստի, որպես հովիվ օգտակար լինելու համար անհրաժեշտ է ուրիշներին ծառայելու պատրաստակամություն և ցանկություն (Յովհաննէս 21։15–17)։ Դա նշանակում է՝ կարողանալ տեսնել ոչխարների կարիքները և պատրաստ լինել օգնություն ցույց տալու, ինչպես նաև դրսևորել այնպիսի քրիստոնեական հատկություններ, որոնք Աստծո ոգու պտուղն են (Գաղատացիս 5։22, 23)։
Հովվելն իր մեջ նաև ընդգրկում է եղբայրներին ժամանակ առ ժամանակ այցելություն կատարելը։a Սակայն իրենց ‘սրտերը լայնորեն բաց անող’ հովիվները պատրաստ են նման հովվական այցելություններ կատարելուց ավելին անել։ Նրանք աշխատում են ցանկացած հնարավորություն օգտագործել հոտի անդամներին հոգատար վերաբերմունք ցույց տալու համար։
Մյուսներին էլ պատրաստել՝ հովիվներ դառնալու
Անկախ տարիքից, եթե եղբայրը «եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի» (Ա Տիմոթէոս 3։1)։ Շատ ծառայողական օգնականներ լրացուցիչ առանձնաշնորհումներ ստանալու պատրաստակամություն են հանդես բերում։ Ելնելով դրանից՝ երեցներն ուրախությամբ օգնում են նրանց մոտենալու ‘եպիսկոպոսության բարի գործին’ և այդպիսով պատրաստում նրանց՝ արդյունավետ հովիվներ դառնալու։
Աստծո բարձր չափանիշներին հավատարիմ մնալու շնորհիվ Եհովայի քրիստոնեական ժողովը չի տրվել կեղծ հովիվների ազդեցությանը, ինչպես նկարագրվում է Եզեկիէլ 34։2–6-ում։ Այդ հովիվների արարքները գարշելի էին Եհովայի աչքին, և ոչ միայն Եհովայի։ Հոտին կերակրելու փոխարեն, նրանք իրենց էին կերակրում. տկարին չէին զորացնում, հիվանդին չէին բուժում, կոտրածին չէին կապում, մոլորվածին կամ կորածին ետ չէին բերում։ Նրանք ավելի շատ գայլերի էին նման, քան հովիվների, և բառի ուղղակի իմաստով իշխում էին ոչխարների վրա։ Անուշադրության մատնված ոչխարները՝ դեսուդեն ցրված, աննպատակ թափառում էին՝ չունենալով մեկը, որ հոգ տաներ իրենց մասին (Երեմիա 23։1, 2; Նաում 3։18; Մատթէոս 9։36)։
Ի տարբերություն այն օրերի անհավատ հովիվների՝ քրիստոնյա հովիվները հետևում են Եհովայի օրինակին։ Նրանք առաջնորդում են ոչխարներին հոգևոր առումով «կանաչ արոտների» ու «հանդարտ ջրերի մօտ»։ Նաև, օգնելով նրանց ճիշտ հասկանալ Եհովայի Խոսքը և կյանքում այն կիրառել, ջանում են ուղղել նրանց դեպի «արդարութեան շաւիղները»։ Եվ այդ գործը քրիստոնյա հովիվները հաջողությամբ են կարողանում կատարել, քանի որ «ուսուցանելու ընդունակ» են (Ա Տիմոթէոս 3։2)։
Երեցները հիմնականում ուսուցանում են իրենց ելույթների միջոցով, ինչպես նաև՝ անհատական զրույցների ընթացքում։ Ինչ խոսք, ոմանք կարող են ավելի մեծ հմտությամբ ուսուցանել բեմից, իսկ ոմանք էլ՝ անհատապես։ Սակայն, ուսուցանելու ասպարեզներից որևէ մեկում պակաս ընդունակություններ դրսևորելը ոչ անպայման նշանակում է, որ տվյալ երեցը չի կարող ուսուցանել։ Երեցները ուսուցանում են՝ օգտագործելով իրենց բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև հովվական այցելությունները։ Այդ աշխատանքի որոշ մասն արվում է պաշտոնապես, օրինակ՝ հովվական այցելությունների ժամանակ։ Սակայն հովվական աշխատանքի մեծ մասը կարելի է անել ոչ պաշտոնական ձևով՝ ինչը նույնպես մեծ օգուտներ է տալիս։
Հովիվներ և ուսուցիչներ ամեն ժամանակ
Հիվանդներին բուժելու համար բժշկին գիտելիքներ և աշխատանքային փորձ է հարկավոր, սակայն նա հիվանդների գնահատանքին է արժանանում միայն այն դեպքում, երբ բարեհամբույր, կարեկից, հոգատար վերաբերմունք և անկեղծ հետաքրքրություն է ցուցաբերում նրանց հանդեպ։ Այս հատկություններով պետք է օժտված լինի նա։ Նմանապես, դրանք նաև պետք է բնորոշեն լավ ուսուցչին և հովվին՝ կազմելով նրա էության մի մասը։ Իսկական ուսուցիչը նա է, ով միշտ պատրաստ է իրեն շրջապատողներին հարկ եղած դեպքում համապատասխան խորհուրդ տալ։ «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»,— ասում է Առակաց 15։23–ը։ Այստեղ «իր ժամանակ» արտահայտության մեջ կարող է ընդգրկվել թե՛ ամբիոնից ելույթ ունենալու ժամանակը, թե՛ տնից տուն ծառայության, և թե՛ Թագավորության սրահում կամ հեռախոսով զրուցելու։ Ուստի, օրինակելի հովիվը աշխատում է լավ հատկություններ դրսևորել ոչ միայն հովվական այցելություններ կատարելիս, այլև՝ ամեն ժամանակ։ ‘Սիրտը լայնորեն բաց անելով’՝ նա կօգտվի ստեղծված բոլոր հնարավորություններից, որպեսզի ճիշտ ժամանակին հոգ տանի իր ոչխարներին։ Հենց դա է պատճառը, որ ոչխարները սիրում են հովիվներին (Մարկոս 10։43)։
Վոլֆգանգը, որն այժմ ծառայում է որպես երեց, սիրով է հիշում այն օրը, երբ ժողովի ծառայողական օգնականներից մեկը կնոջ հետ միասին այցելել էր իր ընտանիքին։ «Երեխաներս ուրախությունից ուղղակի ցնծում էին իրենց հանդեպ դրսևորված ուշադրության և այն հաճելի ժամերի համար, որ միասին անցկացրինք։ Հիմա էլ նրանք հաճախ են հիշում այդ օրը»,— պատմում է նա։ Այդ ծառայողական օգնականը ‘լայնորեն բաց էր արել իր սիրտը’՝ նրանց հանդեպ իր ուշադիր վերաբերմունքով։
Հոտի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցույց տալու միջոցներից է նաև հիվանդներին այցելելը, նրանց մեկ–երկու տող քաջալերանքի խոսքեր գրելը, զանգահարելը, և այն ամենը, ինչը կարող է վկայել այն մասին, որ հետաքրքրվում եք իրենցով։ Անհրաժեշտության դեպքում օգնություն առաջարկեք։ Եթե ցանկանում են ձեզ հետ կիսվել, աշխատեք ուշադրությամբ լսել։ Քաջալերող, հետաքրքիր դեպքեր պատմեք տեղի կամ այլ վայրերի ժողովների աստվածապետական գործունեությունից։ Փորձեք նրանց ուշադրությունն ուղղել դեպի այն փառահեղ ապագան, որը սպասվում է Եհովային սիրողներին (Բ Կորնթացիս 4։16–18)։
Հովվական այցելություններից բացի
Նկատի ունենալով հովվական գործունեության հիմնական նպատակը՝ պարզ է դառնում, որ այն չի սահմանափակվում եղբայրներին միայն պաշտոնական հովվական այցելություններ կատարելով։ Սիրառատ հովվի կողմից ‘սիրտը լայնորեն բաց անել’ նշանակում է նաև ցանկացած հանգամանքների ներքո և ցանկացած ժամանակ մատչելի լինել բոլորին։ Եղբայրների հետ ջերմ փոխհարաբերությունը կամրապնդի իրենց վստահությունն այն բանում, որ վտանգի դեպքում նրանք վախենալու կարիք չեն ունենա, քանզի քրիստոնյա երեցը հոգ կտանի իրենց (Սաղմոս 23։4)։
Քրիստոնյա՛ երեցներ, լայնորեն բա՛ց արեք ձեր սրտերը՝ անկեղծ սեր ցուցաբերելով ձեր եղբայրների հանդեպ. պատրաստ եղեք միշտ քաջալերելու, հոգևորապես թարմացնելու և բարերար ազդեցություն գործելու նրանց վրա։ Օգնեք, որ հաստատ լինեն հավատի մեջ (Կողոսացիս 1։23)։ Այսպիսի քրիստոնյա երեցներին որպես օրհնություն ունենալով՝ ոչխարները ոչ մի բանի պակաս չեն զգա։ Դավիթի նման նրանք էլ վճռականությամբ լի կլինեն Եհովայի տանը մնալու երկա՜ր, շա՜տ երկար (Սաղմոս 23։1, 6)։ Ուրիշ էլ ի՞նչ կարող է ցանկանալ սիրող հովիվը։
[ծանոթագրություն]
a Հովվական այցելություններ կատարելու վերաբերյալ խորհուրդներ կարելի է գտնել «Դիտարանի» 1993 թ. սեպտեմբերի 15–ի (էջ 20–23) և 1996 թ. մարտի 15–ի (էջ 24–27) համարներում (ռուս.)։
[շրջանակ 30–րդ էջի վրա]
Քրիստոնյա հովիվները
• Ծառայում են հոժարակամորեն ու եռանդով
• Սնում և հոգ են տանում հոտին
• Օգնում են մյուսներին հովիվ դառնալ
• Այցելում և հոգ են տանում հիվանդներին
• Ամեն ժամ պատրաստ են օգնելու եղբայրներին
[նկարներ 31–րդ էջի վրա]
Լինի դա ծառայության մեջ, ժողովներում, թե ընկերական հանդիպումներին, երեցները միշտ մնում են հովիվներ։