Հովիվներ, որոնք ‘օրինակ’ են ծառայում հոտին
«Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, .... յօժար կամքով, .... յօժարութիւնով. .... հօտին օրինակներ լինելով» (Ա ՊԵՏՐՈՍ 5։2, 3)։
1, 2. ա) Ի՞նչ առանձնաշնորհում վստահեց Հիսուսը Պետրոսին, և ինչո՞ւ նրա վստահությունը իզուր չէր։ բ) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում քրիստոնյա հովիվներին։
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 33 թ. Պենտեկոստեից կարճ ժամանակ առաջ Պետրոսը և վեց ուրիշ աշակերտներ ուտում էին այն նախաճաշը, որ Հիսուսն էր պատրաստել Գալիլեայի ծովի ափին։ Դա առաջին անգամը չէր, որ Պետրոսը տեսնում էր հարություն առած Հիսուսին, և անկասկած, նա անչափ ուրախ էր, որ Հիսուսը կենդանի է։ Սակայն հնարավոր է Պետրոսը նաև հուզված էր։ Չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ նա բոլորի առջև ուրացել էր, որ երբևէ ճանաչել է Հիսուսին (Ղուկաս 22։55–60; 24։34; Յովհաննէս 18։25–27; 21։1–14)։ Հանդիմանե՞ց Հիսուսը Պետրոսին նրա թերահավատության համար. իհարկե, ո՛չ։ Փոխարենը՝ նա Պետրոսին վստահեց իր ‘գառներին’ կերակրելու և հովվելու առանձնաշնորհումը (Յովհաննէս 21։15–17)։ Ինչպես առաջին դարի քրիստոնեական ժողովի մասին Աստվածաշնչի արձանագրությունն է ցույց տալիս, իզուր չէր, որ Հիսուսը այդպիսի վստահություն դրսևորեց Պետրոսի հանդեպ։ Դրանից կարճ ժամանակ անց Երուսաղեմում եղող մյուս առաքյալների և երեցների հետ միասին Պետրոս առաքյալը իրոք հովվեց քրիստոնեական ժողովը՝ չնայած խիստ հալածանքներին և քրիստոնեական ժողովի մեծ աճին (Գործք 1։15–26; 2։14; 15։6–9)։
2 Մեր օրերում նույնպես Եհովան Հիսուս Քրիստոսի միջոցով համապատասխան որակներ ունեցող տղամարդկանց է նշանակում, որ ծառայելով որպես հոգևոր հովիվներ՝ նրանք առաջնորդություն տան Իր գառներին մարդկության պատմության այս ամենադժվար ժամանակներում (Եփեսացիս 4։11, 12; Բ Տիմոթէոս 3։1)։ Իզո՞ւր է արդյոք Եհովան նրանց հանդեպ նման վստահություն ցուցաբերում։ Այժմ ողջ աշխարհում գոյություն ունեցող քրիստոնեական խաղաղ եղբայրությունը փաստում է, որ՝ ոչ։ Ճիշտ է, այս հովիվները նույնպես Պետրոսի նման սխալներ են գործում (Գաղատացիս 2։11–14; Յակոբոս 3։2)։ Այնուհանդերձ, Եհովան վստահել է նրանց իր գառների մասին հոգ տանելու գործը, որոնց նա իր Որդու արյունով է գնել (Գործք 20։28)։ Եհովան շատ է սիրում այս հովիվներին և նրանց «երկուպատիկ պատիւի արժանի» է համարում (Ա Տիմոթէոս 5։17)։
3. Ինչպե՞ս են հոգևոր հովիվները պատրաստակամ և ջանասեր ոգի պահպանում։
3 Ինչպե՞ս են հոգևոր հովիվները պատրաստակամ և ջանասեր ոգի պահպանում՝ այդպիսով օրինակ լինելով հոտին։ Պետրոսի և առաջին դարի մյուս հովիվների նման՝ նրանք ապավինում են Աստծու սուրբ ոգուն, որն էլ նրանց տալիս է հարկ եղած ուժը, որպեսզի նրանք կատարեն իրենց բաժին ընկած պատասխանատվությունը (Բ Կորնթացիս 4։7)։ Նաև սուրբ ոգին նրանց մեջ առաջ է բերում ոգու պտուղը, այսինքն՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, բարություն, բարեգործություն, հավատ, հեզություն և ինքնատիրապետում (Գաղատացիս 5։22, 23 ՆԱ)։ Այժմ եկեք քննարկենք մի քանի կերպեր, որոնցով հովիվները կարող են օրինակ լինել ոգու պտուղը դրսևորելու մեջ իրենց հոգածությանը հանձնված Աստծու հոտը հովվելիս։
Սիրիր թե՛ հոտին և թե՛ յուրաքանչյուր գառնուկին
4, 5. ա) Ինչպե՞ս են Եհովան և Հիսուսը սեր ցուցաբերում հոտի հանդեպ։ բ) Որո՞նք են այն կերպերից մի քանիսը, որոնք ցույց են տալիս, որ հոգևոր հովիվները սիրում են հոտին։
4 Աստծու սուրբ ոգու առաջ բերած ամենակարևոր հատկությունը սերն է։ Եհովան ամբողջ հոտի հանդեպ իր սերը դրսևորում է նրանով, որ առատ հոգևոր սնունդ է տալիս (Եսայիա 65։13, 14; Մատթէոս 24։45–47)։ Սակայն նա ավելին է անում, քան միայն հոտին կերակրելը։ Նա սիրալիր հոգատարություն է ցույց տալիս յուրաքանչյուր գառնուկի հանդեպ (Ա Պետրոս 5։6, 7)։ Հիսուսը նույնպես սիրում է հոտին։ Նա իր կյա՛նքը տվեց նրանց համար և ճանաչում է յուրաքանչյուր գառնուկի անհատապես՝ ‘անունով’ (Յովհաննէս 10։3, 14–16)։
5 Հոգևոր հովիվները ընդօրինակում են Եհովային և Հիսուսին։ Նրանք Աստծու ամբողջ հոտի հանդեպ իրենց սերը ցույց են տալիս՝ իրենց անձերը տրամադրելով ժողովին սովորեցնելու գործին։ Աստվածաշնչի վրա հիմնված ելույթների միջոցով նրանք կերակրում և պաշտպանում են հոտին, և այս բնագավառում նրանց կատարած ծանր աշխատանքը տեսանելի է բոլորին (Ա Տիմոթէոս 4։13, 16)։ Սակայն տեսանելի չէ այն, որ նրանք շատ ժամանակ են տրամադրում պահելու ժողովի հաշվետվությունները, նամակագրական կապը, կազմելու գրաֆիկները, ինչպես նաև հետևելու, որ ժողովի բոլոր հանդիպումներն ու մյուս գործունեությունները տեղի ունենան «պարկեշտութեամբ եւ կարգով» (Ա Կորնթացիս 14։40)։ Այս գործերի մեծ մասը արվում է մարդկանց աչքից հեռու և գուցե այնքան էլ չգնահատվի։ Ուստի դա իրոք որ սիրով կատարված ծառայություն է (Գաղատացիս 5։13)։
6, 7. ա) Ո՞րն է կերպերից մեկը, որով հովիվները ավելի մոտիկից են ծանոթանում գառների հետ։ բ) Ինչո՞ւ է երբեմն մեզ համար օգտակար ազատ արտահայտել մեր զգացումները երեցներից որևէ մեկին։
6 Սիրառատ քրիստոնյա հովիվները ջանք են թափում, որ անհատական հետաքրքրություն ցույց տան ժողովի ամեն մի գառնուկի հանդեպ (Փիլիպպեցիս 2։4)։ Կերպերից մեկը, որով հովիվները ավելի մոտիկից են ծանոթանում յուրաքանչյուր անհատի հետ, այն է, որ նրանց հետ ուս–ուսի մասնակցում են քարոզչական ծառայությանը։ Հիսուսը հաճախ էր իր աշակերտների հետ գնում ծառայության և այդ առիթները օգտագործում էր նրանց քաջալերելու համար (Ղուկաս 8։1)։ Մի փորձառու քրիստոնյա հովիվ հետևյալն է ասում. «Իմ կարծիքով՝ որևէ եղբոր կամ քրոջ ճանաչելու և քաջալերելու լավագույն կերպը նրա հետ քարոզչական ծառայության գնալն է»։ Եթե վերջերս հնարավորություն չես ունեցել երեցներից որևէ մեկի հետ ծառայելու, ապա կարող ես մոտակա ժամանակներում պայմանավորվել նրանցից մեկի հետ։
7 Սերը մղում էր Հիսուսին ուրախանալ և տխրել իր աշակերտների հետ նրանց ուրախ և տխուր օրերին։ Օրինակ՝ երբ նրա 70 աշակերտները ուրախ վերադարձան քարոզչությունից, Հիսուսը «ցնծաց» նրանց հետ (Ղուկաս 10։17–21)։ Իսկ երբ տեսավ, թե Ղազարոսի մահը ինչ մեծ ցավ է պատճառել Մարիամին, նրա ընտանիքին ու բարեկամներին, «Յիսուսը արտասուեց» (Յովհաննէս 11։33–35)։ Նմանապես, մեր օրերում հոգատար հովիվները անտարբեր չեն գառների զգացմունքների նկատմամբ։ Սերը մղում է նրանց ուրախանալ «ուրախացողների հետ» և լաց լինել «լացողների հետ» (Հռովմայեցիս 12։15)։ Եթե քո կյանքում ինչ–որ պատճառով ուրախ լինես կամ տխրես, ազատ եղիր արտահայտելու զգացումներդ քրիստոնյա հովիվներին։ Քո ուրախությունը տեսնելը կքաջալերի նրանց (Հռովմայեցիս 1։11, 12)։ Իսկ երբ իմանան, որ դու փորձություններ ես դիմագրավում, նրանք կզորացնեն ու կմխիթարեն քեզ (Ա Թեսաղոնիկեցիս 1։6; 3։1–3)։
8, 9. ա) Ինչպե՞ս էր մի երեց սեր ցուցաբերում իր կնոջ հանդեպ։ բ) Որքա՞ն կարևոր է, որ հովիվը սիրի իր ընտանիքին։
8 Այն սերը, որ հովիվը դրսևորում է հոտի հանդեպ, հատկապես երևում այն բանից, թե ինչպես է նա վերաբերվում իր սեփական ընտանիքին (Ա Տիմոթէոս 3։1, 4)։ Եթե նա ամուսնացած է, իր կնոջ հանդեպ ցուցաբերած սերն ու հարգանքը օրինակ է հանդիսանում մյուս ամուսնացած տղամարդկանց համար (Եփեսացիս 5։25; Ա Պետրոս 3։7)։ Ահա թե ինչ է ասում Լինդա անունով քրիստոնյա մի կին, որի ամուսինը նախքան մահանալը 20 տարուց ավելի ծառայել էր որպես վերակացու. «Ամուսինս գրեթե միշտ շատ զբաղված էր ժողովի գործերով։ Չնայած դրան՝ նա այնպես էր անում, որ մենք միշտ միասին լինենք։ Նա հաճախ էր իր գնահատանքն արտահայտում իմ աջակցության համար, և իր ազատ ժամանակը ինձ հետ էր անցկացնում։ Դրա շնորհիվ ես ինձ սիրված էի զգում և չէի նախանձում, որ նա իր ժամանակը ժողովի գործերին էր տրամադրում»։
9 Եթե քրիստոնյա հովիվը երեխաներ ունի, այն, որ նա սիրով դաստիարակում իր փոքրիկներին և կանոնավորաբար գովում նրանց, օրինակ է հանդիսանում մյուս ծնողների համար (Եփեսացիս 6։4)։ Եվ իրոք, այն սերը, որ նա ցուցաբերում է իր ընտանիքի հանդեպ, մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ նա սուրբ ոգով է նշանակվել որպես հովիվ (Ա Տիմոթէոս 3։4, 5)։
Նպաստիր ուրախությանն ու խաղաղությանը՝ հաղորդակցվելով
10. ա) Ի՞նչը կարող է խոչընդոտել ժողովի ուրախությանն ու խաղաղությանը։ բ) Ո՞ր խնդիրն էր սպառնում առաջին դարի քրիստոնեական ժողովի խաղաղությանը, և ինչպե՞ս լուծվեց այն։
10 Սուրբ ոգին կարող է ուրախություն և խաղաղություն առաջ բերել յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում, երեցների խորհրդի անդամների միջև, ինչպես նաև ամբողջ ժողովում։ Բայց անկեղծ հաղորդակցության պակասը կարող է խոչընդոտել այդպիսի ուրախությանն ու խաղաղությանը։ Հնում ապրած Սողոմոն թագավորը գրում է. «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս» (Առակաց 15։22)։ Մինչդեռ հարգալից և անմիջական հաղորդակցությունը ուրախություն և խաղաղություն է առաջ բերում։ Օրինակ՝ երբ թլփատության խնդիրը սպառնում էր առաջին դարի քրիստոնեական ժողովի խաղաղությանը, Երուսաղեմի կառավարիչ մարմինը սուրբ ոգու առաջնորդությունը փնտրեց։ Այդ երեցները բարձրացած հարցի վերաբերյալ արտահայտեցին իրենց կարծիքները, որոնք տարբերվում էին միմյանցից։ Երկար ու բուռն քննարկումից հետո նրանք վերջնական որոշման եկան։ Երբ նրանք ժողովներին հաղորդեցին իրենց միաձայն որոշման մասին, եղբայրները «այդ մխիթարութեան համար ուրախացան» (Գործք 15։6–23, 25, 31; 16։4, 5)։ Եվ դա նպաստեց ժողովների ուրախությանն ու խաղաղությանը։
11. Ինչպե՞ս կարող են հովիվները նպաստել ժողովի ուրախությանն ու խաղաղությանը։
11 Նմանապես և այսօր ազատորեն հաղորդակցվելով՝ հովիվները նպաստում են ժողովի ուրախությանն ու խաղաղությանը։ Երբ խնդիրները սպառնում են ժողովի խաղաղությանը, երեցները հանդիպում են և ազատորեն արտահայտում իրենց կարծիքները։ Նախ նրանք հարգանքով լսում են իրենց ծառայակիցների տեսակետները (Առակաց 13։10; 18։13)։ Ապա աղոթքով սուրբ ոգին խնդրելուց հետո նրանք իրենց որոշումները հիմնում են Աստվածաշնչի սկզբունքների ու հավատարիմ և իմաստուն ծառայի կողմից տպագրված հրահանգների վրա (Մատթէոս 24։45–47; Ա Կորնթացիս 4։6)։ Երբ երեցների խորհուրդը Գրությունների վրա հիմնված ողջախոհ որոշում է կայացնում, դրանից հետո յուրաքանչյուր երեց հնազանդվում է սուրբ ոգու տված առաջնորդությանը՝ թիկունք կանգնելով այդ որոշմանը, նույնիսկ եթե իր կարծիքը չի ընդունվել մեծամասնության կողմից։ Այդպիսի համեստությունը նպաստում է ուրախությանն ու խաղաղությանը և լավ օրինակ է հոտի անդամների համար այն հարցում, թե ինչպես պետք է քայլել Աստծու հետ (Միքիա 6։8)։ Համեստորեն համագործակցո՞ւմ ես ժողովի հովիվների հետ՝ ընդունելով Աստվածաշնչի վրա հիմնված նրանց որոշումները։
Եղիր երկայնամիտ և բարի
12. Ինչո՞ւ Հիսուսը պետք է երկայնամիտ և բարի լիներ իր առաքյալների հանդեպ։
12 Հիսուսը միշտ երկայնամիտ և բարի էր իր առաքյալների հանդեպ, չնայած որ նրանք հաճախ էին թերանում։ Օրինակ՝ նա կրկին ու կրկին շեշտեց, թե որքան կարևոր է խոնարհ լինել (Մատթէոս 18։1–4; 20։25–27)։ Սակայն իր երկրային կյանքի վերջին գիշերը, երբ նրանց ոտքերը լվանալով՝ նոր էր նրանց խոնարհության դաս սովորեցրել, «նորանց միջումը մի վէճ.... եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի» (Ղուկաս 22։24; Յովհաննէս 13։1–5)։ Հանդիմանե՞ց արդյոք Հիսուսը իր առաքյալներին։ Ո՛չ, նա, բարություն դրսևորելով, տրամաբանեց նրանց հետ՝ ասելով. «Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը թե ծառայողը. չէ՞ որ սեղան նստողը. բայց ես ձեր միջումը ծառայողի պէս եմ» (Ղուկաս 22։27)։ Հիսուսի երկայնամտությունը և բարությունը, նաև նրա լավ օրինակը ի վերջո հասան առաքյալների սրտին։
13, 14. Հատկապես ե՞րբ պետք է հովիվները բարություն դրսևորեն։
13 Նմանապես, հնարավոր է հարկ լինի, որ հոգևոր հովիվը շարունակաբար խորհուրդ տա քարոզիչներից որևէ մեկին նրա դրսևորած ինչ–որ թերության համար։ Քարոզչի այդ պահվածքը գուցե զայրացնի հովվին։ Սակայն եթե ‘անկարգներին խրատելիս’ հովիվը հիշի, որ ինքն էլ թերություններ ունի, ապա նա կկարողանա երկայնամտություն և բարություն ցուցաբերել իր այդ եղբոր հանդեպ։ Այդպես նա ընդօրինակում է Հիսուսին ու Եհովային, որոնք այդ հատկությունները ցուցաբերում են բոլոր քրիստոնյաների հանդեպ, այդ թվում նաև հովիվների (Ա Թեսաղոնիկեցիս 5։14; Յակոբոս 2։13)։
14 Ժամանակ առ ժամանակ գուցե անհրաժեշտ լինի, որ հովիվները խիստ խորհուրդ տան լուրջ մեղք գործած անհատին։ Եթե մեղսագործը չի զղջում, ապա հովիվները պետք է հեռացնեն նրան ժողովից (Ա Կորնթացիս 5։11–13)։ Սակայն նույնիսկ այդ դեպքում այդ անհատին խորհուրդ տալու ձևը պետք է ցույց տա, որ նրանք ատում են մեղքը և ոչ թե մեղք գործած անհատին (Յուդա 23)։ Հովիվների դրսևորած բարության շնորհիվ մոլորված անհատի համար ավելի հեշտ կլինի ի վերջո ետ գալ դեպի հոտը (Ղուկաս 15։11–24)։
Բարեգործություն, որ մղված է հավատից
15. Ո՞րն է կերպերից մեկը, որով հովիվները ընդօրինակում են Եհովայի բարեգործությունը, և ի՞նչն է մղում նրանց անել դա։
15 «Բարի է Տէրը» բոլորի հանդեպ, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր չեն գնահատում այն գործերը, որ նա անում է իրենց համար (Սաղմոս 145։9; Մատթէոս 5։45)։ Եհովայի բարի գործերը, կամ՝ բարեգործությունը, հատկապես ակնհայտ է այն բանում, որ նա ուղարկում է իր ծառաներին քարոզելու Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Հովիվները արտացոլում են Աստծու բարեգործությունը՝ առաջնորդություն վերցնելով քարոզչական գործում։ Իսկ ի՞նչն է մղում նրանց այդքան մեծ ջանքեր ներդնել այդ գործում։ Եհովայի և նրա խոստումների հանդեպ նրանց ունեցած հավատը (Հռովմայեցիս 10։10, 13, 14)։
16. Ինչպե՞ս կարող են հովիվները ‘բարին գործել’ հոտի հանդեպ։
16 Բացի այն, որ հովիվները ‘բարի են գործում ամենի’ հանդեպ, նրանք նաև պատասխանատվություն ունեն բարին գործելու հատկապես ‘հավատի ընտանիների’, այսինքն՝ իրենց հավատակիցների հանդեպ (Գաղատացիս 6։10)։ Եվ դա անելու կերպերից մեկը քաջալերական հովվական այցելություններ կատարելն է։ «Ես շատ եմ սիրում հովվական այցելություններ անել,— ասում է մի երեց։— Դրանք հնարավորություն են տալիս ինձ գովելու եղբայրներին և քույրերին իրենց գործադրած ջանքերի համար, ինչպես նաև օգնելու նրանց հասկանալ, որ իրենց կատարած գործը թանկ է գնահատվում»։ Երբեմն հնարավոր է հովիվները խորհուրդներ տան քրիստոնյային, թե ինչ կերպերով նա կարող է բարելավել Եհովային մատուցած իր ծառայությունը։ Այդպես վարվելով՝ իմաստուն երեցները ընդօրինակում են Պողոս առաքյալին։ Ահա թե ինչպես է Պողոսը դիմում Թեսաղոնիկեի իր եղբայրներին. «Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ» (Բ Թեսաղոնիկեցիս 3։4)։ Նման վստահությունը հաճելի է հոտի անդամներին, և նրանց համար ավելի հեշտ է լինում ‘ականջ դնել իրենց առաջնորդներին’ (Եբրայեցիս 13։17)։ Երբ երեցները քաջալերող հովվական այցելություն անեն քեզ, արտահայտի՛ր գնահատանքդ դրա համար։
Հեզություն, որ ինքնատիրապետում է պահանջում
17. Պետրոսը ի՞նչ դաս սովորեց Հիսուսից։
17 Հիսուսը հեզություն էր դրսևորում նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն բարկացնում էին (Մատթէոս 11։29)։ Երբ նա մատնվեց ու ձերբակալվեց, մեծ հեզություն և ինքնատիրապետում ցուցաբերեց։ Իսկ երբ Պետրոսը, անհամբերություն դրսևորելով, հանեց իր սուրը և վրեժ լուծեց, Հիսուսը հիշեցրեց նրան. «Կարծո՞ւմ ես թէ չեմ կարող հիմա իմ Հօրն աղաչել, որ հասցնէ ինձ աւելի քան տասնեւերկու գունդ հրեշտակներ» (Մատթէոս 26։51–53; Յովհաննէս 18։10)։ Այս դեպքից Պետրոսը լավ դաս քաղեց և հետագայում ի՛նքը հիշեցրեց քրիստոնյաներին. «Քրիստոս էլ չարչարուեցաւ եւ ձեզ էլ օրինակ թողեց որ նորա հետքերին հետեւիք. .... Որ նախատուելիս՝ փոխարէնը չէր նախատում. չարչարուելիս՝ չէր սպառնում, բայց դատաստանը յանձնում էր արդար դատաւորին» (Ա Պետրոս 2։21–23)։
18, 19. ա) Հատկապես ե՞րբ պետք է հովիվները հեզություն և ինքնատիրապետում ցուցաբերեն։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
18 Նույնպես էլ հմուտ հովիվներն են հեզություն ցուցաբերում նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց հետ անարդար են վարվում։ Օրինակ՝ այն անհատներից ոմանք, որոնց նրանք փորձում են օգնել, հնարավոր է բացասաբար արձագանքեն։ Եթե օգնության կարիք ունեցող անհատը հոգևորապես «վիրավոր» է, կամ՝ հիվանդ, թերևս իր օգտին տրված խորհրդի դիմաց նա ‘անմիտ խոսքերով սրի պես խոցոտի’ (Առակաց 12։18, ԱԱ)։ Այնուհանդերձ, նմանվելով Հիսուսին՝ հովիվները նրանց չեն պատասխանում կծու խոսքերով կամ վրիժառու արարքներով։ Փոխարենը՝ նրանք տիրապետում են իրենք իրենց և շարունակում են կարեկցանք ցույց տալ օգնության մեջ եղողի հանդեպ, ինչը կարող է մեծ օրհնություն լինել նրա համար (Ա Պետրոս 3։8, 9)։ Իսկ երբ քեզ են խորհուրդ տալիս, սովորո՞ւմ ես արդյոք երեցների օրինակից և դրսևորո՞ւմ ես հեզություն և ինքնատիրապետում։
19 Կասկած չկա, որ Եհովան և Հիսուսը մեծապես գնահատում են հազարավոր հովիվների կատարած ծանր աշխատանքը, որոնք սիրահոժար կերպով հոգ են տանում համաշխարհային հոտին։ Եհովան և իր Որդին նաև խորապես սիրում են հազարավոր ծառայող օգնականներին, որոնք թիկունք են կանգնում երեցներին ‘սրբերին ծառայելու’ գործում (Եբրայեցիս 6։10)։ Այդ դեպքում ինչո՞ւ են որոշ մկրտված եղբայրներ վարանում ձգտել այս ‘բարի գործին’ (Ա Տիմոթէոս 3։1)։ Եվ ինչպե՞ս է Եհովան կրթում այն անհատներին, որոնց նշանակում է ծառայելու որպես հովիվներ։ Այս հարցերը կքննարկվեն հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Որո՞նք են կերպերից մի քանիսը, որոնցով հովիվները սեր են ցուցաբերում հոտի հանդեպ։
• Ինչպե՞ս կարող են ժողովում բոլորը նպաստել ուրախությանը և խաղաղությանը։
• Ինչո՞ւ են հովիվները երկայնամտություն և բարություն դրսևորում խորհուրդներ տալիս։
• Ինչպե՞ս են երեցները բարեգործություն և հավատ ցուցաբերում։
[նկար 18-րդ էջի վրա]
Սիրուց մղված՝ երեցները ծառայում են ժողովին
[նկարներ 18-րդ էջի վրա]
Նրանք նաև ժամանակ են հատկացնում իրենց ընտանիքի հետ հանգստանալու համար...
...և ծառայությանը մասնակցելու
[նկար 20-րդ էջի վրա]
Երեցների միջև լավ հաղորդակցությունը նպաստում է ժողովի ուրախությանն ու խաղաղությանը