Մենք հավատ ունեցողներից ենք
Թայվանի բրնձի դաշտերում քարոզվում է բարի լուրը
ԹԱՅՎԱՆՈՒՄ սովորաբար տեղատարափ անձրևներ են լինում, որի շնորհիվ հնարավորություն կա տարին երկու անգամ բրնձի առատ բերք ստանալ։ Սակայն, երբեմն պատահում է, որ անձրևներ չեն տեղում ճիշտ ժամանակին, և բրնձի սածիլները շարքից դուրս են գալիս։ Նման դեպքում գյուղացին արդյոք համարո՞ւմ է իր աշխատանքը վերջնականապես ձախողված. ամենևին էլ ո՛չ։ Գիտենալով, թե որքան կարևոր է այս գործում հաստատակամ լինելը, նա նորից սերմ է ցանում իր արտում, և ապա՝ սածիլում։ Հետագայում, երբ եղանակները դարձյալ կարգավորվում են՝ ստացվում է առատ բերք։ Երբեմն նման երևույթներ տեղի են ունենում նաև հոգևոր վարուցանքի ու բերքահավաքի ժամանակ։
Հաստատակամ՝ հոգևոր բերքահավաքում
Տարիներ շարունակ Եհովայի վկաները Թայվանի «անպտղաբեր» որոշ վայրերում մեծ ջանքեր են գործադրել Աստվածաշնչի ճշմարտության սերմերը ցանելու և հնձելու գործում։ Այդպիսի մի վայր էր համարվում Միաոլի գավառը։ Այդ տարածքում վկայության նպատակով ժամանակ առ ժամանակ գործադրվող ջանքերը նկատելի արդյունք չէին տալիս։ Ուստի 1973 թ.–ին մի ամուսնական զույգ՝ հատուկ ռահվիրաներ, նշանակվեցին այնտեղ՝ որպես Թագավորության լիաժամ քարոզիչներ։ Սկզբնական շրջանում ոմանք հետաքրքրություն ցուցաբերեցին բարի լուրի հանդեպ։ Սակայն շուտով այդ հետաքրքրությունն անհետացավ, իսկ հատուկ ռահվիրաները ուղարկվեցին մեկ այլ տարածք։
Այնուհետև, 1991 թ.–ին ևս երկու հատուկ ռահվիրաներ եկան այստեղ։ Բայց այս անգամ էլ հանգամանքների բերումով պարզ դարձավ, որ հոգևոր աճի համար «կլիման» դեռևս անբարենպաստ էր։ Մի քանի տարի անց այս հատուկ ռահվիրաները նույնպես նշանակվեցին ծառայելու մեկ ուրիշ՝ ավելի բերրի «հողատարածքում», իսկ այս տարածքը միառժամանակ թողնվեց «անմշակ»։
Նոր ջանքերի պտուղները
1998–ի սեպտեմբերին որոշվեց վերսկսել Թայվանի դեռ չմշակված շատ տարածքներում բարեբեր «հողեր» փնտրելու փորձերը։ Այս անգամ դա պետք է իրականացվեր փոքր–ինչ այլ տարբերակով. բնակչության խտությամբ աչքի ընկնող շրջաններում ժամանակավորապես նշանակվեցին 40 հատուկ ռահվիրաներ։
Քարոզչական արշավի համար ընտրված տեղանքի մեջ մտնում էին նաև Միաոլի գավառի երկու իրար սահմանակից քաղաքներ, ուր փորձնականորեն՝ երեք ամսով, ուղարկվեցին չորս ամուրի քույրեր։ Շուտով այնտեղից փայլուն հաշվետվություն ստացվեց հետաքրքրվող անձանց վերաբերյալ։ Ընդամենը երեք ամիս տևողությամբ նրանց ռահվիրայական ծառայության ընթացքում սկսվել էին Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ, և նույնիսկ հաստատվել էր Գրքի ուսումնասիրության խումբ՝ մոտակա վայրում գտնվող ժողովի երեցի օգնությամբ։
Այս քույրերից երեքը ցանկություն հայտնեցին շարունակել հոգ տանել այդ նորածիլ, սակայն լավ աճող «սածիլներին»։ Այսպիսով, նրանք շարունակեցին իրենց ծառայությունն այդ տարածքում. երկուսը՝ որպես հատուկ ռահվիրա, իսկ երրորդը՝ ընդհանուր ռահվիրա։ Մոտակա ժողովի երեցը նույնպես տեղափոխվեց այնտեղ՝ նրանց օգնելու։ Այնտեղ կայացած առաջին հանրային ելույթին ներկա գտնվեցին ավելի քան 60 հոգի։ Այժմ, մոտակա ժողովն օգնում է այս նորահաստատ խմբին, որպեսզի կանոնավորապես անցկացվեն կիրակնօրյա հադիպումները, ինչպես նաև Գրքի մի քանի ուսումնասիրություններ։ Շուտով այնտեղ նոր ժողով կկազմավորվի։
Հաստատակամության շնորհիվ օրհնություններ են հնձում նաև Թայվանի այլ մասերում
Նույնպիսի արձագանքներ ստացվեցին նաև կղզու այլ մասերից։ Կղզու հյուսիս–արևելքում գտնվող Իլան գավառում, որտեղ ևս ժամանակավորապես ծառայում էին հատուկ ռահվիրաներ, հաստատվեց ժողովի Գրքի ուսումնասիրության նոր խումբ։
Մի անգամ երեկոյան տնետուն ծառայության ժամանակ հատուկ ռահվիրաներից մեկը հանդիպում է մի երիտասարդի և ժողովի հանդիպման վերաբերյալ տեղեկատվական թերթիկ ցույց տալիս նրան։ Երիտասարդն անմիջապես հարցնում է. «Եթե կարելի է, կուզեի հենց վաղը երեկոյան գալ այդ հանդիպմանը։ Ինչպիսի՞ հագուստով պետք է ներկայանալ»։ Այս ռահվիրան շաբաթական ութ ուսումնասիրություն էր անցկացնում հետաքրքրվող անձանց հետ, որոնցից ոմանք շուտով որոշեցին բարի լուրի քարոզիչներ դառնալ՝ առջևում ունենալով նաև մկրտվելու նպատակ։
Այս քաղաքի մեկ ուրիշ բնակչուհի տարիներ շարունակ կանոնավորաբար եկեղեցի էր հաճախել, բայց այնտեղ նրան չէր հաջողվել գտնել որևէ մեկին, որ իրեն Աստվածաշնչից օգտվելու ձևը սովորեցներ։ Ուստի, Եհովայի վկաների կողմից նման առաջարկություն ստանալուն պես՝ նա տվեց իր համաձայնությունը։ Նրան նաև խրախուսեցին, որ նախապես փորձի որոշ չափով ծանոթանալ ուսումնասիրվելիք թեմային։ Երբ հատուկ ռահվիրան հաջորդ անգամ եկավ, որպեսզի անցկացնի ուսումնասիրությունը, նրան սպասում էր հաճելի անակնկալ. այդ կինը կատարել էր «իր տնային հանձնարարությունը»՝ գնել էր հատուկ տետր և այնտեղ դուրս էր գրել թեմայի վերաբերյալ հարցերը։ Այնուհետև յուրաքանչյուր հարցի համար գրել էր իր անհատական պատասխանը, ինչպես նաև՝ արտագրել դասում մեջբերված աստվածաշնչյան բոլոր խոսքերը։ Այնպես որ, թեև քույրը եկել էր սկսելու առաջին դասը, սակայն այդ կինն արդեն պատրաստել էր առաջին երեքը։
Նման արդյունքներ ձեռք բերվեցին նաև Թայվանի կենտրոնական մասում գտնվող Դոնշի քաղաքում։ Հատուկ ռահվիրաներն այստեղ իրենց ծառայության երեք ամիսների ընթացքում հասցրել էին տարածել ավելի քան 2 000 գրքույկ, և արդեն անցկացնում էին Աստվածաշնչի առնվազն տասնվեց տնային ուսումնասիրություն։ 1999 թ. սեպտեմբերի 21–ին Թայվանում տեղի ունեցած երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց այս քաղաքին։ Սակայն որոշ հետաքրքրվողներ շարունակեցին հոգևորապես առաջադիմել, չնայած որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ամենամոտ Թագավորության սրահ հասնում էին մոտ մեկ ժամ ճանապարհ անցնելուց հետո։ Այո, լավ բերք ստանալու համար՝ լինի դա հոգևոր իմաստով, թե նյութական, շատ կարևոր դեր ունի հաստատակամությունը։
[քարտեզ 8–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ՉԻՆԱՍՏԱՆ
Թայվանի նեղուց
ԹԱՅՎԱՆ
[թույլտվությամբ]
Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.