Ողջամիտ լինենք մեր ակնկալիքներում. ինչո՞ւ
ՄԵՆՔ բավականության զգացում ենք ապրում, երբ իրականանում են մեր հույսերն ու ձգտումները։ Սակայն, բոլորիս հայտնի է, որ շատ հաճախ երազանքներն ու սպասումները չեն իրականանում հենց այն ձևով, ինչպես կցանկանայինք։ Կյանքում ունենում ենք հուսախաբություններ, որոնց պատճառով երբեմն բարկանում ենք ինքներս մեր, կամ՝ նույնիսկ ուրիշների վրա։ Մի իմաստուն մարդ լավ է ասել. «Ուշացած հոյսը սիրտը կ’հիւանդացնէ» (Առակաց 13։12)։
Ի՞նչը կարող է մարդուն հասցնել հիասթափության։ Ինչպե՞ս կարող ենք ողջամտություն հանդես բերել մեր ակնկալիքներում։ Եվ դեռ ավելին, ինչո՞ւմ է կայանում այդպես վարվելու օգտակարությունը։
Ակնկալիքներ և հիասթափություններ
Ինչքան շատ ենք փորձում կյանքի արագ տեմպին համընթաց շարժվել, այնքան ավելի է թվում, թե ետ ենք ընկնում։ Միշտ ավելի ու ավելի շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում, և երբ այդքանից հետո դարձյալ չի հաջողվում իրականացնել մեր մտադրությունները՝ հակված ենք դատապարտել ինքներս մեզ։ Նույնիսկ հնարավոր է սկսենք մտածել, որ ուրիշներին հիասթափություն ենք պատճառում։ Սինթիան, որը որպես կին և մայր գիտի ծնող լինելու դժվարությունները, ասում է. «Ես ինձ վատ եմ զգում՝ տեսնելով իմ անհետևողականությունը երեխաներին համապատասխան ձևով դաստիարակելու մեջ»։ Իսկ 14–ամյա Ստեֆանին իր կրթության մասին հետևյալն է ասում. «Ես բավարար չափով ժամանակ չեմ ունենում անելու այն, ինչ կցանկանայի, և դա ինձ ջղագրգիռ է դարձնում»։
Չափազանց մեծ սպասելիքներ ունեցող մարդը հեշտությամբ կարող է դառնալ պահանջկոտ թե՛ իր և թե՛ մյուսների հանդեպ, որն իր հերթին կարող է հանգեցնել ավելի մեծ հուսահատության։ Բեն անունով մի ամուսնացած երիտասարդ խոստովանում է. «Երբ քննում եմ իմ արարքները, մտքերը կամ զգացմունքները, միշտ տեսնում եմ, որ դրանք կարելի էր լավացնել։ Ես անընդհատ կատարելության եմ ձգտում, որն իր հերթին տանում է անհանդուրժողականության, վհատության և հիասթափության»։ Գեյլը՝ քրիստոնյա մի կին, ասում է. «Կատարելության ձգտող մարդը չի կարող հաշտվել անհաջողության մտքի հետ։ Մենք ուզում ենք լինել գերմայրեր և գերկանայք։ Որպեսզի երջանիկ լինես, պետք է արդյունավետ գործել, բայց երբ տեսնում ես, որ ջանքերդ ի զուր են՝ սկսում ես նյարդայնանալ»։
Թույլ առողջական վիճակն ու մեծ տարիքը նույնպես կարող են հուսահատության զգացում պատճառել։ Շարժունակության և ուժերի նվազմանը զուգընթաց շատանում են սահմանափակումները՝ խորացնելով վհատության զգացումը։ «Ես ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այլևս չպիտի կարողանամ անել այն ամենը, ինչ այնքան հեշտ ու սովորական էր ինձ համար մինչև հիվանդանալս»,— խոստովանում է Էլիզաբեթը։
Վերոհիշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչը կարող է մարդուն հուսահատության մեջ գցել։ Եթե այդպիսի զգացումները չվերահսկվեն, ապա հնարավոր է, որ նույնիսկ սկսենք մտածել, թե ուրիշները մեզ չեն գնահատում։ Եվ այսպես, ի՞նչ միջոցներ կարելի է ձեռնարկել, որպեսզի հուսահատության վիճակից դուրս գանք և ողջամտություն դրսևորենք ակնկալիքներ ունենալու մեջ։
Ինչպես կարելի է ողջամիտ վերաբերմունք մշակել
Ամենից առաջ հարկ է հիշել, որ Եհովա Աստծուն բնորոշ են ողջախոհությունն ու նրբազգացությունը։ Սաղմոս 103։14–ը հիշեցնում է մեզ. «Նա գիտէ մեր կազմուածքը. յիշում է որ հող ենք մենք»։ Հաշվի առնելով մեր հնարավորությունների սահմանափակությունը՝ Եհովան մեզանից չի ակնկալում ավելին, քան կարող ենք անել։ Նա պահանջում է պարզապես «խոնարհութիւնով [մեր] Աստուծոյ հետ քալել» (Միքիա 6։8, Արևմտ. Աստ.)։
Եհովան նաև հորդորում է դիմել իրեն՝ աղոթքի միջոցով (Հռովմայեցիս 12։12; Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։ Ինչպե՞ս է աղոթքը մեզ օգնում. այն կարգավորում և հավասարակշռում է մեր մտածողությունը։ Մեր ջերմեռանդ աղոթքները վկայում են, որ Եհովայի օգնության կարիքն ունենք՝ դառնալով համեստության ու խոնարհության արտահայտություն։ Եհովան պատրաստ է սիրով պատասխանել մեր աղոթքներին՝ տալով իր սուրբ ոգին, որի պտուղն է սերը, քաղցրությունը, բարությունը և ժուժկալությունը (Ղուկաս 11։13; Գաղատացիս 5։22, 23)։ Աղոթքի օգնությամբ նաև թեթևանում ենք մտահոգությունից ու վհատությունից։ Աղոթքը «մի այնպիսի սփոփանք է բերում, որը ուրիշ ոչ մի տեղ չես կարող գտնել»,— ասում է Էլիզաբեթը։ Քեվինը նույնպես միանում է նրա կարծիքին. «Ես աղոթքով խնդրում եմ սրտի խաղաղություն և մտքի պարզություն, և դա ինձ օգնում է հաղթահարել դժվարությունները։ Եհովան երբեք ինձ չի լքում»։ Իմանալով աղոթքի անգնահատելի արժեքը՝ Պողոս առաքյալը հետևյալ խորհուրդը տվեց. «Ձեր խնդրանքները.... յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Այո՛, Եհովայի հետ հաղորդակցությունը կօգնի մեզ ողջամտություն հանդես բերել ակնկալիքներ ունենալիս. դա լինի՝ ինքներս մեզանից, թե՝ ուրիշներից։
Սակայն, ժամանակ առ ժամանակ մենք շատ ենք զգում որևէ մեկի մխիթարական խոսքերի կարիքը։ Ինչքան օգտակար է ժամանակին ասված խոսքը։ Վստահելի և հասուն ընկերոջ հետ զրույցը կարող է մեզ օգնել նոր տեսակետ ձեռք բերել մտահոգություն կամ հիասթափություն պատճառող հարցերի վերաբերյալ (Առակաց 15։23; 17։17; 27։9)։ Վհատության դեմ պայքարող պատանիները զգում են, որ ծնողի տված խորհուրդներին հետևելը օգնում է հոգեկան հավասարակշռություն գտնել։ Քանդին բարձր է գնահատում իր ծնողների աջակցությունը. «Նրանց սիրառատ խորհուրդներն ինձ օգնել են դառնալ ավելի ողջամիտ և հավասարակշռված, նաև՝ լինել ավելի հաճելի ընկերակից»։ Առակաց գրքի 1։8, 9 համարներում, իրոք, շատ տեղին է ասված. «Լսիր, որդեակս, քո հօր խրատը, եւ մի մերժիր քո մօր հրահանգը։ Որովհետեւ դորանք շնորհքի պսակ են քո գլխին, եւ մանեակներ՝ քո պարանոցին»։
Կա մի ասացվածք, որից լավ երևում են կատարելության ձգտման մեջ ծայրահեղության հասնելու հետևանքները. «Կյանքից սպասել միայն սրտի ցանկացածը, նշանակում է հրավիրել վհատությանը»։ Սրանից խուսափելու համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել մտածելակերպի մեջ։ Խոնարհությունն ու համեստությունը, որ օգնում են մեր սահմանափակումների հանդեպ իրական պատկերացում ունենալ, անկասկած, լավագույն կերպով կնպաստեն մեր սպասելիքների մեջ հավասարակշռված և ողջամիտ լինելուն։ Հռովմայեցիս 12։3–ը միանգամայն տեղին նախազգուշացնում է մեզ. «Դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը»։ Իսկ Փիլիպպեցիս 2։3–ը խրախուսում է մտքով խոնարհ լինել և դիմացինին ավելի լավ համարել, քան՝ ինքներս մեզ։
Վերևում հիշատակված Էլիզաբեթը մտահոգված էր իր հիվանդության պատճառով։ Ժամանակ էր պետք, որպեսզի նա սկսեր իրերին Եհովայի աչքերով նայել ու մխիթարվեր այն բանի գիտությամբ, որ Աստված չի մոռանում իրեն մատուցած մեր ծառայությունը։ Իսկ Քոլինը, որը հյուծիչ հիվանդության հետևանքով զրկվել էր շարժվելու ունակությունից, սկզբում մտածում էր, թե իր ծառայությունը գրեթե ոչ մի արժեք չունի՝ համեմատած մինչ այդ կատարած ծառայության հետ։ Խորհրդածելով Աստվածաշնչում արձանագրված Բ Կորնթացիս 8։12 խոսքի վրա՝ նա կարողացավ ազատվել այդպիսի զգացումներից։ Այնտեղ ասվում է. «Եթէ առաջուց յօժարութիւնը կայ, տրուածը ընդունելի է ըստ տուողի ունեցածի եւ ոչ թէ ըստ չունեցածի»։ «Չնայած ես տալու քիչ բան ունեմ,— ասում է Քոլինը,— այնուամենայնիվ, դեռ կարող եմ տալ, և դա ընդունելի է Եհովային»։ Եբրայեցիս 6։10–ը (ԱԹ) մեզ հիշեցնում է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք»։
Ինչպե՞ս կարող ենք որոշել՝ ակնկալիքներ ունենալիս հանդես բերո՞ւմ ենք ողջամիտ վերաբերմունք, թե՝ ոչ։ Հարցրու ինքդ քեզ. «Արդյո՞ք իմ սպասելիքները համապատասխանում են Աստծո սպասելիքներին»։ Գաղատացիս 6։4–ում ասվում է. «Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով»։ Հիշիր, թե Հիսուսն ինչ ասաց. «Իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ»։ Այո, որպես քրիստոնյաներ՝ մենք լուծ ունենք կրելու, բայց այն քաղցր է ու թեթև։ Ինչպես խոստացավ Հիսուսը, եթե սովորենք մեր լուծը ճիշտ ձևով կրել, ապա հանգստություն կգտնենք (Մատթէոս 11։28–30)։
Ակնկալիքների մեջ ողջամիտ լինելու օգուտները
Եթե շարունակ աշխատում ենք ճիշտ մոտեցում ունենալ մեր ակնկալիքների հանդեպ, ապա Աստծո Խոսքի խորհուրդները լսելն ու կիրառելը արագ և տևական օգուտների կառաջնորդի մեզ։ Օգուտներից մեկը ֆիզիկական բարերար ազդեցությունն է։ Ջենիֆերը, որին օգնել են Եհովայի հիշեցումները, համաձայնվում է. «Ես ավելի շատ էներգիա և խանդավառություն ունեմ»։ Նրա խոսքերը համահունչ են Առակաց 4։21, 22 համարներին, որոնք հորդորում են մեզ սրտում պահել և տեսադաշտից չկորցնել Եհովայի խոսքերը, քանի որ «նորանք կեանք են նորանց գտնողներին եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն»։
Մյուս օգուտը՝ անհատի մտավոր և էմոցիոնալ վիճակի բարելավումն է։ «Երբ միտքս հայտնում եմ Աստծուն և սիրտս բացում նրա առաջ, ավելի երջանիկ եմ ինձ զգում»,— ասում է Թերեզան։ Ճիշտ է, հիասթափությունը շարունակում է մեր կյանքի բաղկացուցիչ մասը մնալ, սակայն, կարող ենք ավելի հեշտությամբ տանել այն։ «Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կը մերձենայ ձեզ»,— վստահեցնում է Հակոբոսը (Յակոբոս 4։8)։ Իսկ Սաղմոս 29։11–ում Եհովան նաև խոստանում է օրհնել իր ժողովրդին խաղաղությամբ ու զորացնել, որպեսզի կարողանանք դիմագրավել կյանքի դժվարությունները։
Ակնկալիքների հանդեպ ողջամիտ վերաբերմունք ունենալը հնարավորություն է տալիս հոգևոր կայունություն պահպանել։ Սա նույնպես օրհնություն է։ Շնորհիվ դրա կարողանում ենք մեր ուշադրությունը կենտրոնացած պահել կյանքի ավելի կարևոր բաների վրա (Փիլիպպեցիս 1։10)։ Նման մոտեցումը կօգնի այնպիսի հասանելի նպատակներ դնել, որոնք վերածվելով իրականության՝ մեծ ուրախություն և գոհունակություն կբերեն։ Մենք ավելի մեծ հոժարակամությամբ կվստահենք Եհովային՝ գիտենալով, որ նա լավագույնը կանի մեզ համար։ «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի»,— ասում է Պետրոսը (Ա Պետրոս 5։6)։ Ի՞նչը կարող է ավելի գնահատելի լինել, քան՝ Եհովայի կողմից պատվի արժանանալը։
[նկարներ 31–րդ էջի վրա]
Ակնկալիքներում ողջամտություն դրսևորելը օգնում է հաղթահարել վհատությունն ու հուսահատությունը։